ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
1977 թուականից ի վեր ապրելով Սփիւռքում՝ սկզբում Միջին Արեւելք, Սիրիա-Հալէպ, եւ վերջին տարիներին՝ Լոս-Անջելես, ներկայ եմ եղել հանդիսութիւնների, ուր մեծարուել են անձինք, եւ միշտ մտածել եմ. «Իսկ որքա՜ն մարդիկ ունենք մենք հայրենիքում, որոնք մի ողջ կեանք են նուիրել իրենց ասպարէզին՝ առանց դոյզն անգամ մտածելու, որ կարող են գնահատուել, եւ անցել-գնացել են լուռ ու մունջ»:
Միւս կողմից՝ օտար ափերում ինչքա՜ն եմ հանդիպում մարդկանց, ովքեր հայրենիքում քիչ թէ շատ յայտնի էին, ինչեր ասես չեն անում փաստելու համար իրենց անունը կամ դիրքը, եւ որեւէ կարգավիճակ չունեն ու տառապում են: Քչերը՝ կանխատեսելով այդ տագնապը նախընտրեցին ապրել հայրենիքում՝ ոչ թէ մեծարուելու, այլ չունենալու համար իրենք իրենց փնտռելու հոգեկան ալեկոծումը:
Ընդհանրապէս մեծարւում է մշակոյթի երախտաւորը, քանզի մանաւանդ հայկական մշակոյթին նուիրուողները ընդհանրապէս դրանից դրամ չեն շահում, եւ ժողովրդի գնահատանքը լինում է ոչ նիւթական, այլ՝ բարոյական: Նուիրուել միայն Մաշտոցի լեզուին, որ կը սահմանափակի քեզ հայութեան մէջ, պէտք չես ուրիշ ոչ մէկ ազգի: Դրա համար հարկաւոր է համոզում, նուիրում: Հենց սրա համար են ստեղծուել մեր մեծարանքները, ուր մենք մեծարում ենք մեզ:
Պատիւ արժանաւորին:
Բայց ո՞ւմ մեծարենք. մարդիկ կան, որ յայտնի են ոչ այնքան որ շատ մեծ են, այլ ուղղակի իրենց գործի բնոյթն է այնպէս, որ լինեն ճանաչուած, այսինքն աշխատանքի բերումով առնչւում են շատ մարդկանց հետ, հաղորդակցւում են շատերի հետ: Ուրեմն մեծարենք ճանաչուա՞ծ եղողին, շատ աշխատա՞նք տանողին, կեանքի երկար տարիների բերումով հաւաքուած վաստա՞կ ունեցողին, թէ՞ տաղանդաւորին: Չենք կարող սահմանել:
Մենք մեծարում ենք մեզ՝ մեր համար, մեր պատեանի մէջ, մեր իսկ ստեղծած մեդալներով…
Գուցէ եւ արժէ՞… Մի օր այդպիսիք էլ կարող ենք չգտնել: