ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Իմ գիրկն է նա մտել պարտէզի ծաղկունքով,
Վարդագոյն այտերով մի աղջիկ.
Գարուն է անունը, բուրում է արբունքով,
Հագել է կուրծքը բաց մի շապիկ:
Ծոցի տաք լոյսը իմ աչքերն է ծակծակում,
Շուրթերը հասուն են դեղձի պէս.
Սրտագին իր սէրը վարդի հետ է ծաղկում,
Ասում է՝ քաղիր թէ ուզում ես:
Հիւթեղ է… ու հիւթը խմում եմ մեղուի պէս.
Ասում է՝ մի՛ խմիր, դա թոյն է.
Չգիտեմ՝ դա մա՞հ է, դա կեա՞նք է, թէ հանդէ՞ս,
Որի մէջ գլուխս դառնում է:
Անունը գարուն է, թափուել է իմ կրծքին,
Բուրաւէտ է, որպէս վարդիթեր.
Իմ շունչը կտրում է, փուշեր կան ձեռքերին,
Երբեմն էլ խայթում է խստամբեր:
Բայց յանկարծ դառնում է ուլունքի մի շարոց,
Կախւում է վզիցս, պսպղում,
Իմ ամբողջ հոգսերը դարձնում է մի հոգոց,
Հովին է տալիս ու քրքջում…
Շշնջում է մեղմիւ ականջիս ու ասում,
Գարնան ե՜րգ է ասում իմ համար.
Վարդագոյն այտերով աղջիկ է նա հասուն,
Հագինը՝ մի շապիկ ծաղկավառ: