ԱՐՏԱԿ ՕՎՍԷՓԵԱՆ
Ես քո աշնան ոսկէ առաւօտն եմ,
Շաղից քրտնած թաց հողիդ հոտն եմ:
Աչքերը յառած Մասիսի լանջին՝
Ամէն մի հայի սրտի կարօտն եմ:
Թոնրի մէջ պարող կրակիդ հուրն եմ,
Դարբնիդ ձեռքերի կոշտուկն ու մուրն եմ:
Մանկան պէս ժիր, պարզ ու անարատ
Սարերից իջնող սառնորակ ջուրն եմ:
Խենթ սիրահարիդ շուրթերի երգն եմ,
Սէր կորցրածի սրտի խոր վէրքն եմ,
Ձեռքերն անվերջ արեւին ձգտող ծառերիդ,
Ջրից ջրալի, շաքարից քաղցր եւ համեղ բերքն եմ:
Նոր ծնուած մանկան առաջին լացն եմ,
Ազնիւ քրտինքով վաստակած հացն եմ:
Եւ այս էլ մի դար սրտիս մէջ վառուող,
Աշխարհին տրուած Հայկական հարցն եմ:
Ես ուր էլ գնամ, որտեղ էլ լինեմ,
Մի բան հաստա՛տ է, ես Հայաստանն եմ: