ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
«Ջանբազեան» պարի ակադեմիայի
տէր ու տնօրէն, գլխաւոր պարուսոյց,
բեմադրիչ արուեստագիտուհի
Աննա Ջամբազեանին
Լազուարթ երազից իր հեւքը առած
Մարմնական երգ է պարը ակնաշոյ,
Որ վերծանում է մի վեհ առեղծուած
Նրբին հասակով մի չքնաղ դշխոյ:
Մեղմ ելեւէջը պոկւում է ամպից
Եւ ճայթում ընդոստ ամպրոպի նման,
Փրթում է անզուսպ, ու հրով է լից,
Որ վառում է յոյզ ու սէր խելահան…
Խոնջ ելեւէջը սահում է կրկին
Եւ ողոքում է գուրգուրանք փայող,
Փարւում է կրծքիս խանդով անմեկին
Ու սպառւում է տարփով անսքօղ…
Առինքնող թափով նորից հեստանում,
Սեթեւեթում է նազանքով հլու,
Բայց զօրութեամբ է գերում, հմայում,
Դարձնում իր բագնին մոլի խնկարկու:
Եւ շուռ է գալիս ճկուն սլացքով,
Կախւում վզիցս՝ թեւերիս բանտում.
Իր արբունքի մէջ վսեմ, հոգեթով,
Մակընթացութեամբ շուրջս է դեգերում:
Գրկում է հոգիս սոյրով ահարկու,
Խոր յորձանուտում, ռիթմով անձանձիր,
Ու շաղ է տալիս չքնաղ դշխուհու
Փէշերի վրայ՝ հանց լոյս կաթնծիր…