Ռ. ԿՈՐԻՒՆ
Պարսկաստանին սահմանակից Հայաստանից ահաւոր բռնագաղթը՝ 1603թ. Սեֆեւեան հարստութեան Շահ Աբբասի միջոցով, հայ ժողովրդի պատմութեան ողբալի էջերից է կազմում. ըստ Առաքել Դաւրիժեցու մեզ հասած պատմագրքի վկայագրութիւններին՝ բազմաթիւ գիւղեր, աւաններ, տներ, ցանքսեր ու արտեր, այգիներ ու պարտէզներ հրի են քաշւում, իսկ բնակչութիւնը ահ ու սարսափի տակ բռնագաղթեցւում է դէպի Պարսկաստան, մեծաթիւ հայ մարդկանց զոհերով: Բռնագաղթւում էր մի անպաշտպան ժողովուրդ… Օսմանցի թուրքի եւ Պարսկաստանի աքցանի մէջ գտնուող Հայաստան երկրի ժողովուրդը։ Իսկապէ՛ս ողբամ զքեզ հայ ժողովուրդ, որ այս վիճակին չմատնուէիր. ի՜նչ արած, որ մեր պապերը անհեռատես, կրօնական նախապաշարումներին դիւրահաւատ, ստրկամիտ հոգեբանութեամբ, յոյսները դնելով օտարի վրայ, օտարի պաշտպանութիւնը աղերսելով, սակայն շարունա՛կ խաբուել են՝ մեծ կորուստների պատճառ դառնալով. ստիպուած ապահով ու խաղաղ կեանքի հետամուտ արտագաղթել են՝ երկիրը անպաշտպան թողնելով եւ թշնամու բո՛ւն նպատակը իրականացնելով:
Ահա՛ մեր պապերի «քաղաքականութիւնը»՝ երկիրը պարպել եւ յանձնել թշնամուն, փոխանակ կազմակերպուել եւ ինքնապաշտպանութեան ու պայքարի ճամբով երկիրն ազատել զաֆթիչների ձեռքից, նոյնիսկ մի թիզ հող չթողնելով թշնամու գրաւման տակ:
Գրքի անունը իր բովանդակութեամբ մեզ տեղեկացնում է Իրանի Բուրվարի գաւառի անցեալի պատմութեան մասին։ Շահ Աբբասի բռնագաղթը՝ համաձայն գրքի գրութեան՝ «յայտնի է որպէս Մեծ բռնագաղթ, որի ընթացքում քանդւում են հարիւրաւոր գիւղեր ու քաղաքներ, ամայանում են գաւառներ՝ բնակիչները քշուելով դէպի Պարսկաստան… Նրանցից միայն կէսին է յաջողւում մահից ազատուել եւ հանգրուանել»:
Գրքի մի այլ հատուածում կարդում ենք հայ գիւղացիների տառապանքների մասին. «Պէտք է նշել, որ ժողովրդի մեծամասնութիւնը գտնւում էր մշտապէս ահ ու սարսափի մէջ: Չկար գոյքի, պատուի եւ նոյնիսկ կեանքի ապահովութիւն… Լինելով քրիստոնեայ՝ ենթակայ էին կրկնակի եւ եռակի ճնշումների… Շահ Աբբասի «հայասիրութեան» ամենացայտուն օրինակներից է՝ 1620 թուականի կրօնական հալածանքները եւ բռնի թլփատութիւնները, որի պատճառով հայ գիւղացին ենթարկուեց անասելի չարչարանքների… Դիմադրութեան փորձեր են տեղի ունենում, որոնց մէջ նշանակալի է Բուրվարի գաւառի Փահրա գիւղի Նուրիջանի դէպքը», Ջանխոշցի Ազիզի քաջագործութիւնները, Փարմիշանի յայտնի դէպքը՝ 1760թ., երբ հայ հարսի առեւանգումը գիւղատիրոջ Ալիխանի հրահանգով, պատճառ է դառնում, որ փարմիշանցիք սաստիկ զայրանան. նրանք գիշերով յարձակւում են գիւղատիրոջ Ալիխանի ամրոցի վրայ, սպանում են Ալիխանին եւ նոքեարներին, ազատում են աղջկան, հէնց գիշերով էլ քոչում են դէպի Հայաստան…։ Այս դէպքը Հայկ Յովսէփեանի գրչով հրաշալի պոէմի է վերածուել՝ «Հարսի Կոնդը» անունով, եւ մրցանակ շահել: Ահա՛ այս դիմադրողական դէպքերը կատարւում էին յանուն հայ մնալու, հայ կրօնը եւ հայ մշակոյթը պահելու՝ մեծ զոհողութիւնների ու զրկանքների շնորհիւ:
Բռնագաղթից մինչեւ ներգաղթը, երեք դարերի տեւողութեամբ պանդխտացած հայութիւնը, օտար երկրում՝ օտար արեւ, օտար կրօն, օտար մշակոյթ, օտար իշխողներ… պահել ու պաշտպանել է իր հայութիւնը եւ ապրել քաղցր յոյսերով ու ոգեւորութեամբ, թէ՝ ե՛րբ կը գայ այն օրը, որ հայրենի «աւետեաց» երկիր վերադառնայ։ Այս հոգեբանութեամբ ապրեց բռնի տեղահանուած մեր հայութիւնը, եւ ինչպիսի խանդավառութիւն տիրեց նրանց հոգիներում, երբ 1945ի Հայրենադարձութեան կանչը պաշտօնապէս հնչեց Հայաստանից: Այստեղ անդրադառնանք գրքին՝ ներգաղթին առնչուող հատուածին պատառիկով. «Նրանք հայրենիքի սիրով բռնկուած թողեցին իրենց տունն ու տեղը, կալն ու կալսը, խոտն ու տաւարը, քչերը յաջողեցին աննշան գներով ծախել իրենց որոշ ունեցուածքը: Հայկական այդ գիւղերը լցւում են լոռերով, ձրի ապրանքի բուրմունքը բոլորին քաշել էր դէպի հայերը: Նրանք օր առաջ սպասում էին հայերի մեկնելուն, որպէսզի տիրանային նրանց ունեցուածքին: Մի խօսքով՝ այդ օրերը ալան եւ թալանի օրեր էին, միայն այն տարբերութեամբ, որ այս անգամ հայ գիւղացու համար դա իր դարերի տառապանքների վերջակէտն էր՝ մղձաւանջային անցեալի հետ կապող ամէն ինչից…»:
Բուրվարի գաւառը խանդավառութեամբ պատրաստւում է հայրենադարձելու. մի որոշ գիւղերի բնակչութեան ներգաղթը տեղի է ունենում, որոնք մեծ ոգեւորութեամբ հայրենիք մեկնելու ցանկութիւններով տոգորուն, չնչին արժէքներով եւ նոյնիսկ ձրիաբար, հապճեպ մեկնելու արձագանգներին ունկդիր՝ վաճառել էին ինչքերը իրենց փոխարինող պարսիկներին, որոնք ակնդէտ սպասում էին հայերի մեկնումին, սակայն անսպասելիօրէն ներգաղթը կանգ է առնում, որը մեծ յուսախափութիւններ է առաջացնում մեկնելու պատրաստ գիւղացիների շարքերում:
Հայադաւ, հայատեաց եւ չարակամ որոշումներ արգելք եղան ներգաղթի շարունակմանը… չէին ցանկանում Հայաստանը հայերով լցուի. հիմա էլ նո՛յն քաղաքականութիւնը առաջ է տարւում, որին աչալուրջ ու զգօն պիտի արգելք լինեն իսկակա՛ն հայրենասէրները: Հայ գիւղացին ամէն ինչ ձեռքից տուած՝ անկարող էր մնալ ու շարունակել հողագործական կեանքը, ուստի՝ բարեգործական օգնութիւններով հոսք է սկսւում դէպի Թեհրան: Ապրուստի նեղութիւններով լի կեանքը Թեհրանում աստիճանաբար յաղթահարւում է՝ աշխատանքի անցնելով: Թեհրանի տարբեր շրջաններում քաղաքամասեր են կազմւում եւ հայկական կեանքը հետզհետէ կազմաւորւում է հայապահպանման օջախներով՝ օժտուելով հանգանակութիւնների եւ նուիրատուութիւնների միջոցով հերթական բարեխնամ կառավարութիւնների արտօնութիւններով:
Գրքի հեղինակ Շուշան Սիմոնեանը գտնւում է բաւական յառաջացած տարիքում։ Նա իր անցեալի երկար տարիների նօտագրութիւնները, յուշերը եւ տեղեկութիւնները ի մի հաւաքագրելով՝ այս գիրքն է հրատարակել իր որդու՝ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանի խմբագրութեամբ եւ աջակցութեամբ (գրքում նշուած չէ խմբագրի անունը՝ առ ի համեստութիւն)։ Շնորհակա՛լ աշխատանք՝ նորութիւններով օժտելով Բուրվարի գաւառի եւ իրանահայութեան պատմագրութեան: Այն ինչ յայտնի է, մի քանի գրքեր են հրատարակուել Բուրվարի գաւառի մասին՝ համաձայն մեր տեղեկութեան, ինչպէս՝ Աբրահամ Յովասափեանի, Ամիր Շահբազեանի, Արշամ Տէր Պետրոսեանի, Բազիկի, Մինաս Յովսէփեանի եւ «Պատմութիւն Բերիոյ Հայերի» գրքում՝ Լեւոն Մինասեանի հեղինակութեամբ:
Այս գրքում «Ծանօթութիւն» վերնագրի ներքոյ, հեղինակը նշել է, թէ ինք օգտուել է գաւառի մասին տեղեակ անձնաւորութիւններից եւ Լեւոն Մինասեանի ու Աբրահամ Յովասափեանի գրքերից: Գիրքը ներկայացնում է Բուրվարի գաւառի ներքին, միջին եւ վերին գիւղերի հայութեան պատմութիւնը է՛ն բռնագաղթից սկսած մինչեւ ներգաղթը, այնուհետեւ յուսախափ հայերի հանգրուանումը Թեհրանում՝ իր դժուարութիւններով, ապա նրանց կեանքի հոսանքի մէջ մտնելու նեղութիւնները, ծառայութիւնները ու պատուաբեր աշխատանքները:
Գիրքը բովանդակալից է՝ ընդգրկելով գիւղաբնակ հայ համայնքի կրօնական, ուսումնական, ընտանեկան, բժշկական, աշխատանքի, արհեստների, նախապաշարումների, ապրելակերպի սովորութիւնները եւ աւանդութիւնները, միով բանիւ՝ կենցաղային մշակոյթի տարբեր երեսները՝ ենթավերնագրերի ներքոյ: Գրքում տեղ են գտել նաեւ տաղեր ու հեքիաթներ: Տաղեր՝ հեղինակից, Նովշադ Ծատուրեանից եւ Սամսոն Քէշիշեանից (յօդուածագրի հայրը):
Հեղինակը գիրքը նուիրել է ծնողներին (Խանում ու Իսմայիլ Զամանեաններ), հօրեղբօրը (Սիմոն Զամանեան) ու ամուսնոյն (Թադէոս Սիմոնեան): Գիրքը բաղկացած է 312 էջերից եւ հրատարակուել է Հայկ Խուդաղուլեանի ծախսով, որի համար հեղինակը շնորհակա՛լ է:
Ողջունելի պատմական ու նաեւ կարելի է որակել մշակութայի՛ն գիրք՝ արժանի գնահատանքի: Մեր մաղթանքն է հեղինակին ու խմբագրին՝ քաջառողջութիւն, թող որ այս աշխատանքը շարունակուի Բուրվարի գաւառի անցեալի յիշարժան եւ ներկայ ապրող երեւելի դէմքերի մասին գրքոյկով, նկատի առնելով նրանց նկարն ու կենսագրութիւնը… Երախտագիտական անմոռանալի աշխատանք կը լինի՝ ի քաջալերանք սերունդներին:
Օգոստոսի 2, 2017
Սանլանդ, Լոս Անջելես