ԹԱԳՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
Աւանդոյթ է դարձել «Լարք»ում, տարին մէկ անգամ կազմակերպել հայ երաժշտութեան երեկոյ՝ նպատակ ունենալով մէկ անգամ եւս ուսանողներին հնարաւորութիւն տալ ճանաչելու իրենց ինքնութիւնը, նաեւ ապրելու հպարտութիւնը հայ ծնուած լինելու եւ հայ ժողովրդի արժանի զաւակը լինելու համար: Ինքս լինելով այդ հպարտութիւնը իրապէս վայելողներից մէկը՝ միշտ ջանացել եմ լոյս վառել մատղաշ հոգիներում, այսօրուայ հայ մանուկին մէջ կերտելով ազնիւ նկարագրի տէր՝ վաղուայ մարդը, իր անցեալին հաւատարիմ ճշմարիտ հայը:
Եւ այսօր հոգիս տանջւում է այն մտածումից, որ աշխարհասփիւռ մեր զաւակները, թոռները, ծոռները, կարող են մի ահաւոր օր իրենց աչքերը փակել մայրենի լեզուից ճառագայթող գեղեցկութեան առջեւ: Այս առաքինութեամբ է, որ տարիներ շարունակ հայրենիքից հեռու ապրող հայ մանուկների՝ «Լարք»ի ուսանողներին մօտ, հայ խօսքի, հայ բանաստեղծութեան միջոցաւ ջանում եմ վառ պահել հայի վեհապանծ ոգին, հայ մնալու կամքն ու վճռականութիւնը:
«Մաշտոցեանք» խորագրով հայ երաժշտութեան երեկոյին մասնակցում էին «Լարք»ի ուսանողները՝ դաշնամուրային եւ ջութակի կատարումներով, ներկայացնելով հայ յօրինողների ստեղծագործութիւններ, նաեւ «Լարք»ի «Ծիածան» մանկապատանեկան երգչախմբի երկու ենթախմբերը՝ դոկտ. Կարինէ Աւագեանի ղեկավարութեամբ, եւ 19 ուսանողներից կազմուած ասմունքի խումբը, որոնք փառաբանեցին եւ արժեւորեցին մեր ոսկեղնիկ լեզուն, այն լեզուն, որ ինչպէս Տէրեանն է ասում՝ մեր ազգի հոգին է: Կենդանի է այդ հոգին, կենդանի է եւ ազգը: Կենսունակ է առաջինը, կենսունակ է նաեւ երկրորդը:
Այո՛, 16 դար առաջ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը աստուածային շնորհով երկնեց հայոց տառերը եւ իր հանճարեղ մտքի զարթօնքով լուսազարդեց 5րդ դարը հայոց պատմութեան: Լեզուն մեր ինքնութեան աղն ու էութեան խորհուրդն է մեծ: Այն դարձել է լոյսի եւ յոյսի կանթեղ, դարձել է դրօշ եւ մեզ բիւր դարեր հայ է պահել: Այն առաջին կանչն է եղել դիւցազնական մեր Հայկ նախահօր, եղել է հայ պանդուխտի վէրքի ու վշտի արտայայտիչը, հայ մանկան թոթովանքն ու օրօրոցային երգը: Դրա համար էլ մեր լեզուն ճկուն է եւ առնական ու պայծար է, ինչպէս մշտաբորբոք փարոս:
Յուզուած էին ներկաները, ծնողները, մանկավարժները, քանի որ 6-12 տարեկան մանուկները իրենց իսկ շուրթերով հպարտանում էին մեր արքայական խօսքով, որը Չարենցի արեւահամ , հեզաճկուն եւ դիւցազնական լեզուն է, Մեծարենցի եւ Տէրեանի տաղերով՝ քնարական եւ քնքուշ լեզուն:
Աւարտուեց երեկոն, բայց այն դեռ երկար ժամանակ կ՛ապրի ներկաների սրտերում, իսկ մանուկների, պարման պատանիների երակներում անվերջ կը մռնչայ արեան կանչը եւ կը յիշեցնի նրանց մեր նախնեաց մասին, նրանց մասին, որոնք մեծ ժառանգութիւն են թողել իրենց նուաճուած բարձրութեան, որին պէտք է ընդառաջ գնալ:
Ողջ երեկոյին ընթացքում մեզ հետ էր Ս. Մեսրոպ Մաշտոցը՝ Աստուածատրեալ հանճարը, որ իր ստեղծածի նման անսասան ու բարի հայեացքով շոյում էր լարքականներին, նրանց, որոնք մէկ անգամ եւս հաստատեցին, որ քանի հայոց լեզուն կայ, հայը կ՛ապրի ու կ՛ապացուցի աշխարհին, թէ ո՛չ մէկ Մսրամելիքի, ո՛չ մէկ Երիտթուրքի, ո՛չ մէկ Բելի չի յաջողուի կործանել մեզ, քանզի մենք գիտենք սրի դէմ գրչով պայքարել, դժուարութիւնների դէմ՝ յամառութեամբ: