Մայր
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Աստուածածին Սուրբ Մարիամ,
Մարդորդու մայր սրբազան,
Տիեզերքի տուչութեամբ
Եւ բիւրեղեայ մաքրութեամբ,
Դու մարմին ես պարգեւում
Ծիլ կեանքի հուր հեքիաթին,
Քո ծայրալիր նշխարով,
Մեր հոգուն ու արեւին:
Սերունդի սերմը հասուն,
Վեհ մայրութեամբ հեզասուն,
Դիեցնում ես սիրութեամբ,
Եւ ընծայում աշխարհին
Նոր կեանք ու յոյս անվախճան,
Պարգեւում ես լոյս բարին,
Նուիրում անդաւաճան:
Աստուածային Սուրբ Մարիամ,
Որդիական վէսութեամբ
Իմ խաչն եմ բարձրացնում
Քո հարսնութեան սրբութեամբ:
Աստուածամայր ես օծուել
Մայր սրբազան մայրութեամբ:
Մայրիկիս
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Բիւրաւոր հեղ գովուած ես աշխարհում արար
Արեւ, լուսին ընծայուած ու մեծարուած, մայր:
Երկնի աստղաց համրանքով քեզ երգ է ձօնուած,
Թոթով երգն էլ այս անպերճ ինձնից նուէր, մայր:
Հայրենիքի, աշխարհքի հետ են չափում քեզ,
Ես մեծ չափեր չգիտեմ, դու օրոցք ես, մայր:
Տիեզերքի գիրկը խոր անհուն է թէեւ,
Բայց քո գիրկն է հանգիստն իմ, գորովագութ մայր:
Կեանքի այս մեծ համերգում այսքան նուագներ՝
Ես քո նանիկն եմ սիրում, դու օրօրերգ, մայր:
Ծովերից ծով կամարուած կամուրջներ երկաթ,
Դու առաջին քայլփոխիս վտիտ սիւնը, մայր:
Արարատը, թէեւ դեռ չեմ գգուել նրան,
Դու ես սրտիս մէջ դրել Արարատը, մայր:
Այս բառերս էլ, որ ահա ես ձօնում եմ քեզ,
Քեզնից առած հիւթն է՝ թող քեզ մեղր դառնայ, մայր: