Հայրենատուր
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Դու եղել ես մերը արեան իրաւունքով,
Ոչ այն արեան, որ մենք հեղել ենք քո համար,
Այլ այն արեան, որ դու լցրել ես մեր սիրտը,
Դարձրել մեր սիրտը անօթը քո արեան:
Մենք եղել ենք քոնը արեան իրաւունքով,
Ոչ այն արեան, որ դու զեղել ես մեր սիրտը,
Այլ այն արեան, որ մենք վայթել ենք քո համար,
Դարձրել սուրբ հողդ սկիհը մեր արեան:
Դու եղել ես մերը սիրոյ իրաւունքով,
Ոչ այն սիրոյ, որ մենք տածել ենք քո հանդէպ,
Այլ այն սիրոյ, որով հունցել ես մեր սիրտը,
Դարձրել մեր սիրտը խաղողը քո սիրոյ:
Մենք եղել ենք քոնը սիրոյ իրաւունքով,
Ոչ այն սիրոյ, որով շաղել ես մեր սիրտը,
Այլ այն սիրոյ, որ մենք թեղել ենք քո հանդէպ,
Դարձրել սուրբ հողդ հնձանը մեր սիրոյ:
Դու եղել ես մերը լեզուի իրաւունքով,
Ոչ այն լեզուի, որ մենք բարբառել ենք հպարտ,
Այլ այն լեզուի, որ դու դրել ես մեր լեզուին,
Դարձրել մեր լեզուն քնարը քո լեզուի:
Մենք եղել ենք քոնը լեզուի իրաւունքով,
Հէնց այն լեզուի, որ դու դրել ես մեր լեզուին,
Եւ այն լեզուի, որ մենք սաղմոսել ենք մաքուր,
Դարձրել սուրբ հողդ աղօթքը մեր լեզուի:
Դու եղել ես մերը արեան իրաւունքով,
Սիրոյ իրաւունքով, լեզուի իրաւունքով,
Եւ այն իրաւունքով, որ ընտրել ես դու մեզ,
Եւ այն իրաւունքով, որ ընտրել ենք մենք քեզ:
Ու այդ իրաւունքը՝ հայրենատուր պարգեւ,
Իրաւունքն է՝ հողի, պորտի ու պատմութեան,
Իրաւունքն է՝ մարդու, որդու եւ զարմութեան,
Արեան, սիրոյ, լեզուի զօրեղ հրիտակով:
Բռնկուած Ամառ
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Իմ տաք սիրուց է շոգում ամառը,
Յոյզերիս բովից թէժ է ու բորբոք.
Արեւն ընկել է սրտիս անտառը,
Սիրոյ հրդեհ է գցել անողոք:
Աչքերդ արեւից չի լինում ջոկել,
Այնպէս շողում են սիրոյ հրատով.
Այդ իմ սիրուց են խարոյկներ վառուել
Աչքերիդ խորքում, ամառուայ տապով:
Ամառը շոգ է իմ սիրոյ բարկով,
Ջերմ է գգուանքդ, ու գիրկդ տաք է.
Սիրտս բացուել է երկնքի լայնքով,
Սիրուս կրակը ամրանը շատ է:
Սիրուս վառքից է ամառը շոգում,
Տարերքիս եռքով ալիք է տալիս.
Ծովը գրկիս մէջ խորքից է յորդում,
Կապոյտ հեքիաթով հեղեղում հոգիս:
Ամառն ընկել է սիրուս կրակը,
Քո սիրուց է, որ կարմիր է կտրել.
Էլ ես չեմ զգում ամառուայ տաքը,
Սրտիս քուրան է ամբողջ բռնկուել…
Գլենդել, Կալիֆորնիա
Արեամբ Եւ Պողպատով 1918 Մայիս 28
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս՝ պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում յոյսերի հսկան:
Պահերը հապճեպ խուսափում էին,
Հրանօթները՝ ոռնում մահերգանք,
Լեռների վրայ թափով անմեկին
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ:
Եւ քարէ մարդիկ, քարէ սրտերով,
Քարէ սրտերով ու կամքով քարէ,
Հայոց լեռներում կռանում էին
Կեանքի ու մահուան երգը մետաղէ…
Աշխարհանցում էր անծիր քաոսում,
Տարերքն էր փրթում անդունդ ու գագաթ,
Ընդերքից ժայթքած լաւա էր հոսուն,
Դարեր կուտակուած հրաբուխ համակ…
Բախումը լաւի ու վատի զարզանդ
Անտեղիտալի վերջին գուպարում.
Ժողովուրդ ու հող ձուլուած անվկանդ
Յաղթական թափով էին վարարում…
Արարում էին ապրելու կորով,
Նուաճում էին ուժ ու իրաւունք.
Արեան, պողպատի, քարի շաղախով
Կեանքն էր կարկառւում բարձունքից բարձունք:
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ,
Մետաղէ մի երգ հայոց լեռներում.
—Մե՛րն է յաղթանակ, մե՛րն է յաղթանակ…
Հզօր Մասիսն էր ահեղ գոռերգում:
Շառագունուել էր ո՜ղջ հորիզոնը,
Արեւը ամպից դժուար էր ջոկւում.
Բայց լոյսն էր կոխում հայ երկնի զոնը,
Հայոց աշխարհին նարօտ էր կապում:
Մեր ոթած արեան կարմիրը շատ էր
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կարմիրը շատ է,
Մեր նուիրումի արիւնը սրբեղ:
Մեր կոփած երկնի կապոյտը շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կապոյտը շատ է,
Մեր խորունկ հոգու երկինքը բիւրեղ:
Մեր հուր երկունքի ծիրանին շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի նարնջին շատ է,
Մեր յաւէրժութեան ծիրանին շքեղ:
Մենք նոյն ազգն ենք ու նոյն հայրենին,
Հայկից սերածը: