Մի իմաստուն երկինք համբառնեց:
– Ինչպէ՞ս ապրեցիր քո կեանքը,- հարցրեց նրան հրեշտակը:
– Ես ճշմարտութիւն էի որոնում,- ասաց իմաստունը:
– Լաւ է,- խրախուսեց հրեշտակը: – Ասա, ի՞նչ էիր անում, որ գտնէիր ճշմարտութիւնը:
– Ես գիտէի, որ մարդկանց կուտակած իմաստնութիւնը ամփոփուած է գրքերում եւ շատ էի կարդում:
Հրեշտակը լսեց ու ժպտաց:
– Ես շատ էի ճամբորդում,- շարունակեց իմաստունը:
Հրեշտակը գլխով հաւանութեան նշան տուեց:
– Ես սիրում էի զրուցել ու բանավիճել ուրիշ իմաստունների հետ եւ մեր վէճերից ծնւում էր ճշմարտութիւնը,- յաւելեց իմաստունը եւ լռեց:
Հրեշտակի դէմքին ստուեր իջաւ:
– Միթէ՞ ես ինչ-որ բան սխալ եմ արել,- զարմացաւ իմաստունը:
– Ամէն բան ճիշդ ես արել: Բայց դու ոչինչ չասացիր սիրոյ մասին:
– Ես սիրոյ համար ժամանակ չունէի: Ես ճշմարտութիւնն էի որոնում,- դառնացած խօսեց իմաստունը:
Եւ հրեշտակը նրան ասաց.
– Այնտեղ, որտեղ չկայ սէր, չի լինում ճշմարտութիւն: Մեծագոյն ճշմարտութիւնները ծնւում են մեծ սիրուց:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ ՊԼՈԿԷՆ