Image may be NSFW.
Clik here to view.
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Հայրենիքն է գոյութեան մեր հիմնաքարը,
Որ սնում է սփիւռքեան ողջ գաղթաշխարհը.
Ոչ թէ նրանով, որ նա ձեռքն է բռնում մեր,
Չի բռնում էլ մինչ հիմա, չի բռնել դարեր…
Ոչ էլ նրանով, որ չենք իր քաղաքացին,
Քաղաքացին այլևայլ պետութիւնների…
Այդպէս է եղել երբ մենք անզօր ենք եղել,
Չենք ունեցել Արարատ եւ մի ուժ վայել:
Հայրենիքը գոյութեան մեր հիմնաքարն է
Նրանով, որ ոգեկան ներշնչարան է.
Նրանով, որ գիտակից ազգային ոգով,
Արարչութեան սկզբից հայ ենք կերտուածքով.
Հայ ենք մեր իսկ գոյութեամբ, ծնունդից մինչ մահ,
Մեր արմատով, պատմութեամբ, նուիրմամբ վստահ.
Դա է, որ չենք կորցրել, ու պիտ պինդ պահենք,
Սփիւռքի մէջ չձուլուենք, հայրենիք ձգտենք.
Գիտակցութեամբ ընտրել ենք՝ հայ ենք, մնանք հայ,
Ու ժառանգենք մեսրոպեան աւանդը ոսկեայ:
Մենք երբ դարեր հիմնախախտ սփիւռք ենք եղել,
Հայրենիքն էլ համաբախտ ցրիւ է եղել.
Եղել է նաեւ պարսկա, թուրքա՛ ու ռուսա՛,
Չի ունեցել պետական ազգային բազա:
Նուաճել էր մեր հողը պարսերի շահը,
Թուրքերի բիրտ սուլթանը, ռուսների ցարը…
Եւ մեր երկրի հետ մենք էլ նուաճուած էինք,
Համայնք էինք լոկ դարձել, ու միլլեթ էինք.
Մեր իսկ տանը չունէինք տիրոջ իրաւունք,
Հալւում, կործանւում էինք, կորցնում ունկ ու բունկ:
Եւ դա տեւեց վեց դարեր սեւ ստրկութեան,
Եղաւ նաեւ Մեծ Եղեռն ցեղասպանութեան.
Հայը ապրեց պատմական դժխեմ փորձութիւն,
Մինչեւ կերտեց Մայիսեան սխրագործութիւն.
Վերանուաճեց իր սուրբ երկիրն հայրենի,
Դարձրեց անխորտակ մի թումբ վերայառնումի:
Սարդարապատեան յաղթով յառնեց հայ ազգը,
Կառուցեց իր կուռ բազկով հայկեան աշխարհքը:
Նետեց հայն իր վրայից համայնքի քուրջը,
Միլլեթի պիղծ մեղսալից ռայա խխունջը:
Վեր ճառագեց Մեսրոպեան գիրը ու լեզուն,
Մշակոյթը հայկական, երգը հայասուն:
Բայց կարմիր մուրճ-մանգաղի երկար շուաքը
Ճեղք էր պահում հայրենիք-սփիւռք արանքը,
Ու չէր թողնում որ հայը միաձոյլ դատի,
Իր ազգային շահերը ճիշդ հետապնդի:
Այդ շուաքն էլ խափանուեց մեծ երկրաշարժով,
Բիւր-բիւրաւոր զոհերով, Արցախեան շարժով,
Խորհրդային կայսրութեան ողջ փլուզումով:
Հանրապետութիւնը մեր վերստին յառնեց,
Զինանշան ու դրոշ կրկին ծածանեց.
Հնչեցրեց «Մեր հայրենիք» հիմնը ազգային,
Համայն հայութեան սրտի զարկը սիրային.
Հայաստանից մինչ սփիւռք, մինչեւ տիեզեր,
Տիեզերից էլ խորունկ մինչեւ սիրտը մեր…
Հայաստանը նորից նոր հայրենիք դարձաւ,
Ու հայ ազգը աշխարհում յոյսով թարմացաւ:
Արդ, նոր յոյսի սուրբ ոգով սփիւռքն է շնչում,
Ներշնչւում է Հայ Դատով, սխրանքի թռչում,
Ծաւալում է պայքարը յանուն Հայ Դատի,
Պնդում է հիմնաքարը մեր մեծ երազի.
Պայքարում է ձեռք բերի մեր իրաւունքը,
Բռնագրաւ հողերի վերգրաւումը,
Որ միանայ հայրենի ազգին ու երկրին,
Արարատին տուն բերի յաղթութեամբ նորին:
Ո՜վ հայկազունք քաջարի, հայ աշխարհազօր,
Լցուէք հաւատքով արի լոյսի ջահաւոր.
Պայքարի այս թէժ պահին չպիտի գժտուել,
Ազգային սուրբ ճակատը պիտի պինդ պահել.
Գռփողներն էլ մեր միջի պիտի ուղղուեն,
Հայրենիքի ու ազգի շահը վեր դասեն:
Կղողանջեն զանգերը նոր յաղթանակի
Երբ պայքարի մեր երգը փոխարձագանգի
Հայրենիքից մինչ սփիւռք վեհ ու միակամ,
Որպէս երկու զանգերը սուրբ զանգագատան.
Երբ հայրենիքը թիկունք կանգնած սփիւռքին,
Տէր կը կանգնի…
Տեր է կանգնում Հայ Դատին ու մեր երկունքին: