1915թ. աշնանամուտին Էջմիածնից Թիֆլիս վերադարձող Թումանեանը դեռ չգիտէր, որ այսուհետ վիշտն ու դժբախտութիւնը պիտի կրնկակոխ հետապնդէին իրեն: Դեռ նոր էր տեղ հասել, երբ բօթը ծեծեց տան դուռը. Սեպտեմբերի 16ի կէսօրին թաքստոցից արձակուած կրակոցներից սպանուել էր հարազատ եղբայրը‘ Մարցի վանքապետական կալուածքների կառավարիչ Ռոստոմ Թումանեանը: Անմիջապէս Դսեղ մեկնեց, իր ձեռքով հողին յանձնեց եղբօրը: Մի քանի օրից տուն վերադարձաւ տխուր, ինքնամփոփ: Ոչ մէկին չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում: Երեկոները խօսում էր եղբօրից, յիշում Լոռիում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում յաղթահարել վիշտը:
Բայց դեռ Ռոստոմի կորստի վէրքը չէր սպիացել, երբ նրա մահից երեք ամիս անց մի նոր գուժաբեր հեռագիր ստացաւ այն մասին, որ ռազմաճակատում‘ Բաթումի մօտ, Արխաւա գետի ափին սպանուել էր միւս եղբայրը՝ 23- ամեայ սպայ Արտաշէսը… «Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կեանքում: Առաջ Վան, յետոյ ամռանը‘ Էջմիածին, նրանից յետոյ մի եղբօրս սպանութիւնը, ապա միւսի սպանութիւնը, տունը կատարեալ անտէր է- միայն շփոթուած սգաւոր կանայք ու երեխաներ, միւս եղբայրներս հեռաւոր ֆրոնտներում կամ հիւանդանոցներում, տղերքս դէսուդեն ցրուած ու վտանգի տակ…», գրում էր յուսալքուած բանաստեղծը:
1918թ. Դեկտեմբերի 3ի առաւօտեան Թումանեանը սովորականի պէս վերցրեց օրուայ լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, եւ այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պէս շանթահարեց նրան. «Բեջարից դէպի Համադան տանող ճանապարհի վրայ քիւրդերից սպանուել են դոկտոր Վարդանեան Միքայէլը, Թումանեան Արտաւազդն ու օրիորդ Սահակեանը՝ Քաղաքների միութեան ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորոյս հայրը հեկեկում էր, եւ աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարէր նրան:
Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հօր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրուած էր ճարտարապետութեամբ ու գեղանկարչութեամբ եւ երազում էր Եւրոպայում կրթութիւն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինուորագրուեց, ու հիմա յաւէրժ փակել էր աչքերը՝ խոցուած դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանեանին: Առանձնանում էր սենեակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մօտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կ՛անցնէր մի կարճ ժամանակ եւ նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կը խարանուէր անկրելի ցաւից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբօր՝ Արշաւիրի մահուան բօթը: Որտե՞ղ էր աւարտը: Միթէ՞ վերջ չէր ունենալու դժբախտութիւնների այդ շղթան, որ խեղդալար դարձած՝ սեղմում ու սեղմում էր կեանքի պարանոցը՝ ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետէ մեր տունն աւերակ է դառնում մեր հայրենիքում: Իհարկէ, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարուածներին», գրում էր նա իր զաւակներին:
Կեանքը գունաթափուել ու իմաստազրկուել էր:
ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆԻ ՊԼՈԿԷՆ