ԱՐԹՈՒՐ ՅԱԿՈԲԵԱՆ
Թարգմանեց՝ ԱՐԵՒԻԿ ՍԱՐԳՍԵԱՆ
Հայաստանում քրիստոնէութեան մուտքը եւ ընդունումը որպէս պետական կրօն անզուգական հնարաւորութիւն տուեց վերածնելու գեղարուեստական կիրքը նորադարձների շրջանում, որի արդիւնքում ստեղծուեցին երկրի արուեստի մի քանի ամենաբարդ գործերը, յատկապէս մանրանկարչութեան նկարազարդման ոլորտում:
Նկարիչները նախաձեռնում են իրենց ուրախ աշխատանքն անբռնազբօսիկ կերպով, որն ակնյայտ է գլուխ գործոցներում, որոնք մեզ են աւանդուել դարերով: Նրանց վրձինները ոչ միայն զննում են աւետարանների էջերը, այլեւ բազմակողմանի քննում ոչ աստուածաշնչեան ոլորտը, նոյն թւում եւ պարականոն գրքերը։
Տարբեր ազգերի գիտնականներ խորամուխ են եղել հարուստ ժառանգութեան մէջ, սակայն փնտռտուքները դեռեւս շարունակւում են, ինչպէս առաջատար գիտնական հանգուցեալ դոկտոր Նիրա Սթոուն է ցոյց տալիս վերջերս լոյս ընծայուած հատորում՝ «Ուսումնասիրութիւններ Հայկական Արուեստում», որը հրատարակել է Նիդերլանդիայի Լէյդեն քաղաքի Բրիլ տպագրատունը՝ ներառելով «հաւաքուած յօդուածները», որոնք գրուել են աւելի վաղ:
Երկու հարիւր վաթսուներկու էջից բաղկացած կոշտ կազմով գիրքը, որը խմբագրել են Նիրայի ամուսին, առաջատար հայագէտ Միքայէլ Սթոունը եւ միջնադարագէտ Ասիա Բերեզնեակը, առատօրէն յագեցած է ձեռագրերի էջերի եւ նկարների պատճէններով, որոնցից մեծ մասն ամբողջական գոյներով է, իսկ մի քանիսը, դժբախտաբար, զրկուած են իրենց ինքնօրինակ շքեղ գունեղութիւնից:
Հանգամանալից այբբենական ցանկն օգնում է հեշտացնելու որոնումները, իսկ սպառիչ մատենագիտութիւնը ցոյց է տալիս յետագայ ուսումնասիրութեան ուղղութիւնը:
«Թաֆթս» համալսարանի արուեստի պատմութեան պրոֆեսոր Քրիսթինա Մարանցին նկատում է. «Այստեղ ակնարկները դրսեւորում են նրա հետաքրքրութիւնների եւ փորձաքննութեան մեծ սահմանը: Նրանցում նա ներկայացնում է նոր բացայայտումներ եւ նորովի լոյս սփռում անտեսուած գեղարուեստական աւանդոյթների վրայ»:
Նա աւելացնում է. «Նրա ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս շեղումները նկատելու սուր թափանցող հայեացք, պատկերագրական սովորոյթներից եւ նրանց հնարաւոր կապից մինչեւ ոչ աստուածաշնչեան տեքստային աւանդոյթներ»:
Հայկական արուեստի պատմաբան Աննա Լէյլոյեան-Եկմալեանի խօսքերով, Սթոունի աշխատանքը երեւան է հանել եւ լուսաւորել հետազօտութեան շատ լայն դաշտ, որտեղ Նիրայի անխոնջ ջանքերը հաստատել են կայուն հիմքեր: Նրան գրաւել է Ղրիմի Կաֆա քաղաքում գրուած մի առանձնայատուկ ձեռագիր, որը կոչւում է «Եգիպտոսի Անապատի Հայրերը», եւ ոչ միայն այն պատճառով, որ դա միակ ընդօրինակուած ձեռագիրն է միւս ձեռագրերի շարքերում, բայց նաեւ, որ այն յայտնի է մեզ տասնհինգերորդ դարի վանական եւ մանրանկարիչ Թադէոս Աւրամենցի նկարազարդած աւելի քան հինգ հարիւր փոքր մանրանկարներով:
Ըստ նրա, հարուստ եւ գեղարուեստական մանրանկարները խիստ իւրօրինակ են եւ ստեղծագործական. մի փաստ, որն այնուամենայնիւ, առաջադրում է խնդիրներ գիտնականների համար:
Սթոունը նշում է. «Մանրանկարների իւրօրինակութիւնը 1430 թուականի ձեռագրում մեծացնում է ձեռագրին բնորոշ արժէքը միեւնոյն ժամանակ՝ ստեղծելով այդ խնդիրները, որոնք, ընդհանրապէս, ուղեկցում են այդպիսի եզակի ձեռագրին»:
«Մենք յաճախ ինչ-որ անյարմարութիւն ենք զգում, երբ անսպասելիօրէն դէմ առ դէմ հանդիպում ենք մի գեղարուեստական գործի, որը, առաջին հայեացքից, չի պատկանում որեւէ ճանաչելի դպրոցի, ոճի, արհեստանոցի կամ այլ կատեգորիաների (դասակարգերու-Խմբ.)»:
Նա պնդում է, որ սա երաշխաւորում է յետագայ ուսումնասիրութիւնը:
Չնայած ոսկին մնում է պատկերազարդ մանրանկարչութեան գլխաւոր միջոցը, սակայն մենք նկատի ենք առնում անօրինակ «Անապատի Հայրերը», որտեղ սպիտակ գոյնը, գեղարուեստական ոճով, ցայտուն կերպով գործածուել է. մի արտացոլում, միգուցէ գոյնի խորհրդանշական կարեւորութեամբ «վանական հոգեւորականութեան համատեքստում»:
Ձեռագիրը գրուել է տարամէտ քաղաքական տեղաշարժերի եւ անկայութեան ընթացքում: Մաքուր ու անխառն սպիտակ գոյնով պատկերման միջոցը, ըստ երեւոյթին, նախատեսուած է արտացոլելու փրկութեան դառը որոնումները այդ ալեկոծ ժամանակներում:
Լէյլոյեան-Եկմալեանը նկատում է. «Պարականոն տեքստերից Սթոունի հաւաքած տեղեկութիւնները թոյլ են տուել նրան առաջարկելու մի նոր մօտեցում Աւետարանի կամ աստուածաշնչեան այլ պատկերների պատկերազարդման ուսումնասիրութեան եւ պատկերագրական ընթերցանութեան մէջ, որոնք հարստացուած են նոր տարրերով:
Նա աւելացնում է. «Պարականոն տեքստերի սփռած լոյսի միջոցով Նիրան կարողացաւ ցոյց տալ անսովոր պատկերների եւ այլ տարրերի օրինականութիւնն ու աւելի խորը խորհրդանշական նշանակութիւնը, որոնք նախկինում սխալ են ընկալուել կամ պարզապէս անտեսուել են»:
Իր ողջ կեանքի ընթացքում տեւող փնտռտուքների մէջ, Սթոունն առիթ է ունեցել այցելելու Սուրբ Երկրի շատ վայրեր, որտեղ յայտնաբերուել են խճանկարներ, իսկ Նիրայի այս վայրերի վերլուծութիւնը, յատկապէս Գազային մօտ գտնուող Շելլալի վերլուծութիւնը կատարուել է առանձնապէս պատեհ ժամանակին Երուսաղէմի մօտ գտնուող 1500 տարուայ հին բիւզանդական եկեղեցու բացայայտման նոր յայտարարութեամբ, որը պարունակում է «մի քանի ցնցող» խճանկարներ, ինչպէս դրանք նկարագրւում են «Հնութիւնների հեղինակաւոր աղբիւրներ»ի կողմից:
Նա նկատում է դա մեծ կարեւորութեամբ, որ խճանկարներում պատկերուած կենդանիները, որոնք նա ուսումնասիրել է, նման են Հին Քաղաքի պարիսպներից դուրս գտնուող Մուսրարայում պատկերուած կենդանիներին՝ պատկերուած ամենանատուրալիստական (ամէնէն բնապաշտական-Խմբ.) ձեւով:
(Բացառութիւն է համարւում Մուսրարա վայրի մօտ գտուող վեցերորդ դարի մեդալիոնը՝ պատրաստուած Հեւսդաթի եւ Հուստաթիուս քահանայի կողմից, որը չի պարունակել որեւէ մարդկային կամ կենդանական պատկերներ, այնուամենայնիւ տեքստերի շարքերը լիովին պահպանուած են:)
Սթոունը մանրամասն կանգ է առնում տեքստի եւ պատկերազարդման յարաբերութեան վրայ: Որոշ պատկերներ, ինչպէս օրինակ զանազան սաղմոսներում են, կապուած են տեքստի հետ, որը գրուած է պատկերների կողքին եւ, փաստօրէն, պատկերներն իրենք կազմում են տեքստի մասը:
Երբեմն պատկերը հանուած է տեքստից եւ դրուած է լուսանցքում: Մի պալատական ձեռագրում, որը կոչւում է «Թագաւոր Հեթում Երկրորդի Ճաշոց»՝ ընդօրինակուած 1286 թուականին, մասնաւորապէս Հովնաթանի եւ կէտի փայլուն մեկնաբանութիւնում այդ մեծ ձուկը ցոյց է տրւում իր զոհին փսխելիս այնպիսի ուժով, որ այն շրջանակից դուրս է գցւում՝ շրջապատելով ծովը եւ ներխուժելով յիշատակարանի մէջ, տեքստից հեռանում է, ինչպէս ռահվիրայ հայ արուեստաբան Սիրարփի Տէր Ներսիսեանն է մատնանշում իր վերջնական «Հայկական Արուեստ» աշխատանքում: Շրջանակը, որը պատնէշ էր, կոտրուել էր, որպէսզի ստեղծուէր շարժման եւ դրամայի զգացում:
Ձեռագրերում որոշ նկարներ նաեւ բնորոշւում են ե՛ւ ոճի, ե՛ւ պատկերագրութեան պարզութեամբ: Նա գրում է. «Չնայած գոյնի առատութեանը, նատուրալիզմի, անգամ ոճաւորուած նատուրալիզմի, ոչ մի փորձ չկայ: Խորութիւն կամ ընկալում հաղորդելու ոչ մի փորձ չկայ, չնայած սա բնորոշ է վաղ ժամանկաշրջանների հայերէն ձեռագրերի մանրանկարներին»:
Սակայն կատարման (վարպետութեան) պարզութիւնը եւ ոճը հակադրւում են այս մանրանկարների հարստութեանը:
«Անապատի Հայրեր»ի նկարները վեր են հանում ե՛ւ արեւելեան, ե՛ւ արեւմտեան ազդեցութիւնը, ինչպէս երեւում է կերպարների դէմքերից, որոնք երկարացուած են, մազերը խարտեաշ, եւ, երբեմն, անգամ բաց գոյնի աչքերով:
Սթոունի բացայայտումները, յայտ-նաբերումներն ու խորաթափանցութիւնը հարստացրել են մեր գիտելիքը, բարձր գնահատականը եւ կապը հայ մարդկանց ազգային գանձերի հետ: Ձեռքբերում, որը հազուագիւտ է մեր գիտութեան մէջ:
Նրա մահը մեծ կորուստ է հայագիտութեան համար, սակայն նրա անունն ու ջանքերը, որպէս սրբութիւն, կը պահպանուեն հայկական մշակոյթում՝ որպէս վկայ այս մարդկանց եզակի, ստեղծագործական ինքնութեան: Իսկ հայ գիտականները մխիթարւում են այն մտքով, որ նրա ամուսինը՝ Միքայէլ Սթոունը, կը լինի այնտեղ այս աշխատանքը շարունակելու համար: