ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ
Դեկտեմբերի 21-23ը Քարվաճառի լեռները բացայայտելու ու երեք գագաթ նուաճելու նպատակով Explorers ակումբի, «Կանաչ ճամբար» կրթական հասարակական կազմակերպութեան, «Արցախի զարգացման ծրագրեր» երիտասարդական հասարակական կազմակերպութեան համագործակցութեամբ Քարվաճառում էին մի խումբ երիտասարդներ: Նախաձեռնութիւնն իրականացւում էր Կովկասի ինստիտուտի դրամաշնորհով:
Ինչպէս աւելի վաղ մեզ հետ զրոյցում նշել էին արշաւի նախաձեռնողներ ու համակարգողներ «Արցախի զարգացման ծրագրեր» երիտասարդական հասարակական կազմակերպութեան նախագահ Արտաւազդ Բոյաջեանն ու Explorers ակումբի եւ «Կանաչ ճամբար» ՀԿի հիմնադիր Էդուարդ Մկրտչեանը՝ արշաւը նպատակ ունէր բացայայտել Արցախում լեռնագնացութեան հնարաւորութիւններն ու հնարաւորինս աջակցել տեղում լեռնագնացային զբօսաշրջութեան զարգացմանը:
«Explorers Արցախ՝ բացահատում ենք Քարվաճառը» նախագծի շրջանակներում կազմակերպուած ու իրականացուած արշաւի հիմնական խոչընդոտներից են եղել տեղեկատուութեան պակասն ու քարտէզի վրայ եղած ու իրական ճանապարհների որոշակի անհամապատասխանութիւնը: Եւ քանի որ արշաւը հետազօտական բնոյթի էր, արշաւորդները նպատակ ունէին հնարաւորինս տեղեկատուութիւն հաւաքել ու հանրայնացնել այն՝ այդպիսով աջակցելով այլ զբօսաշրջիկների ու արշաւորդների: Որպէս առաջին քայլ արդէն պատրաստ է Քարվաճառում նուաճուած երկու գագաթների՝ Հայաձորի (2415 մ.) եւ Հարաւասար (2551 մ.) լեռների երթուղիները, որոնք կարելի է օգտագործել Viewranger յաւելուածի միջոցով: Ինչպէս մեզ հետ զրոյցում նշեց Էդուարդ Մկրտչեանը՝ տուեալ ծրագիրը հնարաւորութիւն չի տալիս հետեւելու, թէ քանի օգտատէր է օգտուել երթուղուց, սակայն հեղինակները յոյս ունեն, որ այն օգտակար կը լինի Քարվաճառ այցելող արշաւորդների համար:
«Առաջիկայում ծրագիր ունենք կրկին գալու Քարվաճառ, նախորդ արշաւի ժամանակ չհասցրինք նուաճել Սեւ ժայռի գագաթը, ուզում ենք վերադառնալ ու բարձրանալ այդ գագաթը եւս: Արշաւից յետոյ կրկին կը կազմենք երթուղին ու ազատ օգտագործման հնարաւորութեամբ կը տրամադրենք հանրութեանը», ընդգծեց Էդուարդ Մկրտչեանը:
Յիշեցնենք, որ «Explorer Արցախ՝ բացայայտում ենք Քարվաճառը» նախաձեռնութեանն աջակցել են Արցախի մշակոյթի, երիտասարդութեան հարցերի եւ զբօսաշրջութեան նախարարութիւնը, Քարվաճառի դպրոցը, որն ապահովել է արշաւորդների գիշերակացը Քարվաճառում, Հայաստանի ալպինիզմի (լեռնագնացութեան-Խմբ.) եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիան (զբօսաշրջութեան դաշնակցութիւնը-Խմբ.) եւ Camp.am խանութը:
«Ասպարէզ» օրաթերթի համար, «Արարատ» հիմնադրամի կողմից