Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Շունն Էլ Սիրել Գիտի

$
0
0

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 2001ի Փետրուարին, Պոլսոյ «Սայաթ Նովա» երգչախումբի հրաւէրով մեկնեցի Պոլիս: Նպատակը՝ 3-4 ամսում երգչախումբի եւ սիմֆոնիկ նուագախումբի համադրութեամբ իմ հեղինակային համերգների իրականացումն էր:

Քաղաքի մեծաթիւ բարեկամներից ամենաշատը «նազս կ՛անցնէր» Արտաշէս Հիւսիւմեանի մօտ: Նրա հետ իմ մտերմական կապը սկիզբ էր առել Հայաստանի խորհրդային շրջանից՝ 1969ից: Երեք ամսուայ ընթացքում, երգչախումբի փորձերին գնալիս, շաբաթը մէկ-երկու անգամ այցելում էի Պանգալտը թաղում գտնուող նրա հիանալի բնակարանը: Դէպքը կատարուել է առաջին այցելութեան ժամանակ:

Մեր սիրելի բարեկամ Արտաշէսը, ինձ ներս հրաւիրելու համար դեռ դուռը չէր լիովին բացել, երբ լսուեց շան հաչոց, որն ինձ սթափեցրեց մի քանի օր ի վեր միտքս տանջող մտածումներից:

– Մի՜ վախնար, Հենրիկ, հիմա Արտաշը քովի սենեակը կը տանի շունին, հարեց միջանցքում կանգնած Արտաշէսի կինը՝ Հայկուհին:

– Լաքի՜, շուտ սենեակդ անցիր: Բան չեմ հասկնար Հենրիկ, ի՞նչ եղաւ այս շանը: Ուրիշ ատեն, երբ հիւր մը գալու ըլլայ՝ շէնքին բոլոր ապրողները կը գիտնան, որովհետեւ հիւրին առաջին իսկ յարկ մտնալուն պէս ան կը սկսի հաչել:

– Ես հազիւ հաչոցի ձայն լսեցի Արտաշ, նոյնիսկ հիմա լուռ է եւ շղթան ձգելուդ կը սպասէ, որպէսզի ինծմէ հոտ առնէ…

– Ի՞նչ կ՛ըսես Հենրիկ, Լաքիին որեւէ մէկը չի կրնար մօտենալ, ոչ ալ ինքը կը մօտենայ անծանօթ մէկու մը, երբ հիւր մը գայ, իրեն քովի սենեակը կը տանինք:

– Լաքի, ինչ լա՜ւ, գեղեցիկ անուն է, երջանիկ շուն, երջանիկ ընտանիքի հոգածութեան ներքոյ: Հանգիստ ձգէ Լաքիին, ան զիս չի խածներ, ան գիտէ, որ ես իր բարեկամն եմ եւ իրմէ չեմ վախնար? մարդոցմէ կը վախնամ, որոնք ճիշդ է, միս չեն փրցնէր մարմնէդ, սակայն յաւիտեանս կոտտացող վէրք մը կը ձգեն հոգւոյդ մէջ:

– Ի՞նչ կը խօսիս, Հենրիկ, ի՞նչպէս չի խածներ, մենք ատոր փորձառութիւնը ունինք, կեցիր քովի սենեակը տանիմ:

– Ո՛չ, մի տանիր, հանգիստ ձգէ իրեն, ես որ չեմ վախնար, դո՞ւն ինչու կը վախնաս: Ան գիտէ, որ ես իր բարեկամն եմ, անոնք միշտ գիտեն, թէ որու պիտի խածնեն:

Այս ասելուց յետոյ, դռնից դուրս գալու ձեւ արեցի: Լաքին սկսեց կատաղօրէն հաչել:

Վերադարձայ նախկին դիրքիս, Լաքին ձայնը կտրեց եւ սկսեց խոշոր պոչը թափահարել:

– Տեսա՞ր պարոնս, յաղթականօրէն դիմեցի Արտաշին, հիմա շղթան թուլցուր, որ

Լաքին քովս գայ, շղթան ձիգ բռնէ, չձգես: Ինչպէս ժողովուրդը կ՛ըսէ՝ «Շունին հաւատ ընծայէ, բայց պարանը ձեռքէդ մի հանէր»:

Արտաշը պարանը թուլացրեց այնքան որ, շունը մօտենայ տաբատիս: Ես՝ քարացած վիճակով, մի քիչ էլ ահը սրտումս, սպասեցի:

Երկուսս էլ լարուած ուշադրութեամբ հետեւում ենք Լաքիի շարժումներին, մինչ վերջինս մի քանի անգամ դանդաղօրէն շուրջս պտտուելով եւ հոտոտելով, վերջապէս կանգնեց առջեւս: Հսկայ գլուխը վեր ցցած, վագրագոյն աչքերը դէմքիս ուղղած, պոչը համեստօրէն շարժելով, յստակ էր, որ իմ շարժումներին էր սպասում:

– Արտաշ, ամբողջովին թուլցուր շղթան…, այո՜, այո, այդպէս:

Լաքին կամաց-կամաց սկսեց փաթաթուել ոտքերիս: Ես էլ վերջ տուի քարացած վիճակիս եւ սկսեցի մեղմօրէն շոյել շան գլուխը:

– Վե՜րջ, Արտաշ, մենք յաղթեցինք, հանէ շղթան շան վիզէն:

– Ծօ՜, խենթեցա՞ր ինչ է…

– Հանէ՛ ըսի, Արտաշ, մի վախնար։

– Հանէ կ՛ըսէ նէ՝ հանէ, իրաւ ալ՝ Լաքին արդէն բարեկամի աչքով կը նայի Մաեստրոյին, այս էլ Հայկուհին է, որ մինչ այդ լուռ ու մունջ հետեւում էր այս պայքարին:

– Յայտէ պապա՜մ, հանեցինք, բամբ ձայնով գոչեց Արտաշէսը եւ մէկ կողմ նետեց շան վզից հանած շղթան:

Լաքին ինձ մոռացած, սկսեց վազել սենեակից-սենեակ, խոհանոց, ննջարան: Այդքան երկար վազքից յետոյ, շունը եկաւ, կանգնեց առջեւս եւ մի ոստիւնով, առջեւի թաթերով հարուածեց կրծքիս, լեզուն դուրս նետած, ջանաց քիթը բերանը մօտեցնել դէմքիս: Բարեկամութիււնը կնքուած էր:

Հրաժեշտ տուի մեր բարեկամներին ու շանը: Վերջինս ուրախ-զուարթ թռչկոտելով, չորս բոլորս պտտուելով, սրտաճմլիկ հաչոցով` Արտաշէսի խստագոյն ցուցմունքից յետոյ, իր խուցը քաշուեց:

– Այս տասը տարուան ընթացքին ասանկ բան չէ եղած Հենրիկ: Զարմանալի է, առաջին իսկ վայրկեանէն Լաքին սիրեց եւ կապուեցաւ քեզի:

– Շուները մարդէն աւելի զգայուն են Արտաշ, Լաքին առաջին իսկ վայրկեանին հասկցաւ, որ ես շուն շատ կը սիրեմ: Ձեր տուն եկող-գացողներէն ոչ մէկը շուն սիրած է եւ կամ ալ պճլիկ, գիրկ առնուելիք շուն պահող եղած է: Լաքիին պէս յաղթանդամ, 20-25 քիլոնոց շուն սիրելը տղամարդու գործ է, բարեկամս…

Յաջորդ այցելութեանս, հազիւ ոտքս բնակարանից ներս դրած, Լաքին դէմս ցցուեց:

– Յայտէ՜, շունիդ տէր եղիր հաճիս, խաղալ կ՛ուզէ հետդ:

Իսկապէս էլ, Լաքին չորս կողմս պտտուելով ու այս ու այն կողմ ցատկռտելով ինձ առաջնորդում էր հիւրասենեակ, որի մեծ գորգի վրայ կէս ժամի չափ գզվրտուեցինք:

Յաջորդող ամիսների ընթացքին Լաքիին այցելելիս ամէն անգամ խորոված հաւ էի տանում իմ սիրելի շանը, որը մի քանի վայրկեանում այն լափելուց յետոյ, պարտադրաբար մի քանի վայրկեան ինձ հետ պիտի թաւալուէր խոշոր գորգի վրայ:

…Առաջին շունը, որ յայտնուեց մեր ընտանիքում Համաշխարհային երկրորդ պատերազմից յետոյ էր: Հայրիկս նոր էր վերադարձել Ռումինիայից ու անմիջապէս մայրիկիս հանել էր տուել աշխատանքից, յուսալով վերադառնալ իր նախկին աշխատանքին: Խեղճ, միամիտ հայրիկս չգիտէր, որ իր ռազմագերի լինելու պատճառով ոչ ոք իրեն աշխատանք չէր տալու: Դա արդէն առանձին պատմութիւն է:

Նրա վերադարձի առաջին իսկ ձմռանը, փողոցում, մի պատի տակ կծկուած փոքրիկ շնիկ տեսայ: Ես, որ հազիւ եօթ տարեկան էի, ի՞նչ կարող էի անել, եթէ ոչ շնիկին գրկել ու տանել տուն:

– Տղաս, ի՞նչ պիտի անենք այս շնիկը, մենք ինքներս անօթի, ի՞նչպէս պիտի կերակրենք այս շանը: Ախր նա հովիւի շան ցեղից է, հաչել էլ չի կարող:

– Վնաս չունի, Յակո՜բ, ասաց մայրիկս, նա էլ մեզ հետ եոլայ կը գնայ, ի՞նչ անենք, խեղճ հայվանին փողո՞ց նետենք:

Վճիռն արձակուած էր. շնիկը մեզ հետ էր ապրելու, մեզ հետ պիտի բաժաներ մեր խեղճուկրակ ուտելիքը: Ժոլին (առաջին իսկ վայրկեանին մայրիկս կնքեց նրա անունը, որ ֆրանսերէն է եւ նշանակում է գեղեցիկ) ինձ հետ մեծացաւ, ինձ հետ բաժանեց մանկութիւնս ու պատանեկութեան առաջին տարիները:

1956ին ինձ տարան խորհրդային բանակ՝ երեք տարուայ ծառայութեան, բայց ես ճիշդ եւ ճիշդ չորս ամիս յետոյ Երեւանում էի: (Սա էլ այլ պատմութիւն է):

Անակնկալ անելու մտադրութեամբ մերոնց տեղեակ չէի պահել իմ վերադարձի մասին: Երեւանի երկաթուղային կայարանից հանրակառք վերցրի մեր տուն հասնելու համար:

Կանգառից մինչեւ մեր տուն հազիւ 500 մետր է: Մինչ ես քայլում եմ, մայրս նկատում է, որ ծերութեան հասած Ժոլին անհանգիստ շարժումներ է անում եւ աշխատում է շղթազերծ լինել: Շան կատաղութիւնն այնքան է բորբոքւում, որ վերջինս կարողանում է ազատուել շղթայից ու իրեն փողոց նետել՝ ինձ դիմաւորելու համար:

Ահագին հեռաւորութիւնից մեր Ժոլին հոտառութեամբ զգացել էր, որ տանն է մօտենում իր տէրը: Կորած հարազատին գտած լինելու պէս առաջինը նա էր, որ փաթաթուեց ինձ ու առատ թքով լուաց դէմքս:

Դրանից յետոյ երկար չ՛ապրեց մեր Ժոլին եւ որպէսզի իր վախճանը չտեսնեմ, մարդ կանչել տուինք յատուկ ընկերութիւնից, իսկ մինչ նրա գալը ես արդէն երկու օր բացակայել էի տնից, որպէսզի չտեսնեմ անխուսափելի բաժանման պահը:

 

* * *

 

Յաջորդ շունը, որ ունեցանք, 1990ին էր, Ամերիկայում:

Մի օր, որդիս՝ Արամը, ընկերոջ հետ, ֆրանսիական «Պուդլ» շունը գրկին մեր

տան բակից ներս մտաւ.

– Հայրիկ, այս շունիկը 2-3 ամիս մեզ մօտ պիտի մնայ: Ընկերս Նիւ Եորք պիտի գնայ եւ մտերիմ մէկը չունի, որպէսզի նրա մօտ կարողանայ թողնել Սենդիին (այդ էր շան անունը):

Կինս՝ Մարիետան, առարկեց, որովհետեւ շատ էր վախենում շներից: Ի վերջոյ համոզեցինք, եւ այդ գործում մեծ դեր խաղաց մայրիկս՝ տիկին Վերժինէն, ատապազարցի այդ գիտուն եւ շէնշող կինը:

Կարճ ժամանակ անց, առանց Սենտիի հնարաւոր չէր պատկերացնել մեր գոյութիւնը: Բոլորս խենթի պէս կապուել էինք շան հետ, մանաւանդ՝ կինս:

Երեք ամիս անց, ըստ պայմանաւորուածութեան, մեր տուն եկաւ Արամիս ընկերը: Մենք արդէն գիտէինք, որ նրա գալու ժամանակն էր եւ ծանր էինք տանելու Սենդիից բաժանուելու պահը: Բայց հակառակ մեր սպասածի, երիտասարդը եկել էր խնդրելու, որ մէկ-երկու ամիս եւս հոգ տանենք Սենդիին, որովհետեւ իր վարձած յարկաբաժնում արգելուած էր շուն պահելը: Երկու ամիսն էլ անցաւ, բայց շնատէրը մէջտեղ չկար: Մի օր, դիմեցի Արամին.

– Արամ, տղաս, նայիր, հաւանաբար այս օրերին բարեկամդ կը գայ Սենդիին տանելու, բայց մենք Սենդիին չենք տալու, հասկացա՞ր…

Կարծես բոլորի սրտից էի խօսել: Նոյնը կրկնեցին թէ՛ մայրս, եւ թէ՛ Մարիետան:

– Արդէն ընտանիքի անդամ է դարձել Սենդին, մենք չենք կարող բաժանուել նրանից, հարեց Մարիետան: Իսկապէս էլ, Սենդին դարձել էր յոյժ անհրաժեշտութիւն: Առանց նրա անկարելի էր երեւակայել մեր կեանքը, մանաւանդ մայրիկիս կեանքը: Իր ընկերն էր Սենդին, խօսակիցը:

Մի օր Արամն ասաց, որ ընկերը գալու է շանը տանելու: Մի քանի օր յետոյ տղան երեւաց մեր բակում: Իր նախկին տիրոջը տեսնելուն պէս, Սենդին վազեց դէպի նա: Տղան գիրկն առաւ շնիկին եւ համբոյրներով ողողեց շուարած կենդանուն: Վերջինս տիրոջ գրկից իջնելուց յետոյ, չէր իմանում անելիքը, մէկ ինձ մօտ էր գալիս, մէկ՝ մայրիկիս, մէկ Արամին:

– Տղաս, դու Սենդիին չես կարող տանել, նախահարձակ ոճով ասացի ես:

– Ինչպէ՞ս…

– Ճիշդ այդպէս, դու գրեթէ վեց ամիս Սենդիին թողեցիր մեզ մօտ եւ մենք վարժուեցինք նրան եւ առանց նրա չենք կարող պատկերացնել մեր կեանքը:

– Ո՛չ, ո՛չ, չենք կարող տալ, աւելացրեց Մարիետան:

– Ի՞նչպէս կարելի է, ես առանց Սենդիի չեմ կարող ապրել, դուք գիտէ՞ք, թէ ինչ խելացի շուն է նա, ասաց խեղճացած երիտասարդն ու սկսեց հեկեկալ:

Երիտասարդի հեկեկոցը խախտեց նաեւ մեր հաւասարակշռութիւնը եւ` կարծես ձեն-ձենի տուած, մենք էլ սկսեցինք լաց լինել: Մթնոլորտը խաղաղ վիճակի բերելու մտահոգութեամբ, սկսեցի իմ «ճառը».

– Ինձ լսիր, տղաս, ճիշդ է, այս շունը ինձ համար համր մարդ է, խելքը տեղին եւ աւելի հաւատարիմ, քան շատ յաճախ մարդը մարդուն: Քոնն է Սենդին, բարեկամս, այո, բայց մի քիչ էլ մերն է եւ մենք վարժուեցինք նրան ու նա էլ մեզ: Որքան որ գիտեմ, մենակ տղայ ես, դու պիտի աշխատես կամ ուսանես, ո՞վ է հոգ տանելու Սենդիին: Այնպէս որ, տղաս, դու Սենդիին թող մեզ մօտ եւ երբ ցանկանաս, կարող ես գալ ու սիրել շունիկիդ:

Տղան, ի հարկէ դժուարութեամբ, համաձայնուեց եւ արցունքով ողողուն համբոյրներ դրոշմեց շան քթին, բերնին ու առանց մի բառ ասելու, հեռացաւ:

Դրանից յետոյ միայն երեք տարի կարողացանք վայելել Սենդիին: Մայրիկիս մահուան օրը, 1993ի Նոյեմբերի 23ին, Սենդին անյայտացաւ տնից: Փնտռեցինք, ամբողջ Հոլիվուդը տակնուվրայ արեցինք, ոստիկանութեանը լուր տուինք, բայց՝ անօգուտ:

Փորձառու մարդիկ ասում են, որ երբ տանը մէկը մահանում է, շները չեն դիմանում այդ ցաւին եւ գնում, մի ծածուկ տեղ, աչքից հեռու աւանդում են հոգին: Թերեւս այդպէս եղաւ մեր Սենդիի պարագայում: Ո՞վ գիտի, գուցէ ճիշդ է, թէ շներն էլ մարդկանց նման սիրել գիտեն:

– Սովորելու բան ունենք նրանցից, հը՞… թերեւս…


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles