Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ- Դիսիդենտական* Հայաստան. ԱՄԿ Հիմնադիր, Քաղբանտարկեալ՝ Ստեփան Զատիկեան

$
0
0

«Փարոս» թերթի առաջին էջի ճակատային մասը

Ծնուել է 1946թ. Յունիսի 20ին Երեւանում, արհեստաւորի ընտանիքում: Ծնողները ներգաղթել են Արեւմտեան Հայաստանից 1915թ.: Զատիկեանը սովորել է Երեւանի Մ. Նալբանդեանի անվ. միջնակարգ դպրոցում, որն աւարտել է 1963թ.: Նոյն տարի ընդունուել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետ: 1965թ. Ապրիլի 24ին պատահաբար յայտնուել է ամբոխի մէջ, որն իշխանութիւններից պահանջում էր ճանաչել 1915թ. Հայոց Ցեղասպանութիւնը: Տոգորուելով այդ գաղափարով՝ յաջորդ օրը Զատիկեանը գնում է քաղաքային պանթէոն, որպէսզի ծաղիկներ դնի հայ մեծանուն կոմպոզիտոր Կոմիտասի գերեզմանին: Գերեզմանի մօտ նա ձերբակալւում է միլիցիայի կողմից եւ 15 օր պահւում նախնական կալանքի տակ: Այնտեղ ծանօթանում է Հայկազ Խաչատրեանի հետ, ով եւս ձերբակալուել էր Կոմիտասի գերեզմանի մօտ:

Ստեփան Զատիկեան
Ընդհանուր գաղափարական հիմքի վրայ Զատիկեանն ու Խաչատրեանը պայմանաւորւում են համատեղ գործունէութիւն ծաւալել: Որոշ ժամանակ անց նրանց է միանում նաեւ ուսանող Շահէն Յարութիւնեանը, ում հետ միասին նրանք 1966թ.ին հիմնում են Ազգային միացեալ կուսակցութիւնը (ԱՄԿ): Շուտով ԱՄԿին են միանում ընդյատակեայ երիտասարդական մի շարք կազմակերպութիւններ, որոնք մինչ այդ առանձին էին գործում: Որպէս տարիքով ամենամեծը՝ կազմակերպութիւնը ղեկավարում է Խաչատրեանը: Կուսակցութեան ղեկավար մարմին հռչակւում է Գլխաւոր խորհուրդը, որի անդամներից մէկը Զատիկեանն էր: ԱՄԿն մշակում է կանոնադրութիւն ու գործողութիւնների պլան, որոնց տեքստերը գրում է Զատիկեանը: Կազմակերպութեան առաջին անդամները կուսակցութեան գաղափարներին հաւատարիմ մնալու մասին Ազգային Սուրբ երդում էին տալիս Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում: ԱՄԿի իւրաքանչիւր անդամ պարտաւոր էր սրբօրէն հետեւել կուսակցութեան ծրագրին՝ «յանուն Ազգի եւ Հայրենիքի»: Կուսակցութեան անդամներ կարող էին դառնալ 16 տարեկանից բարձր անձինք, ովքեր ընդունում էին ծրագիրը, կանոնադրութիւնն ու Ազգային Սուրբ երդումը: Կուսակցութեանը դաւաճանելը դիտարկւում էր որպէս Ազգի եւ Հայրենիքի դաւաճանութիւն:
Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուան էր նուիրուած «Փարոս» ընդյատակեայ թերթի առաջին համարը, որը եւս խմբագրել էր Զատիկեանը: Նա հեղինակել էր նաեւ մի քանի նիւթեր («Այլեւս չի կարելի լռել», «Լենինը՝ հայ ժողովրդի դահիճ» եւ այլն): Թերթի մի քանի հարիւր օրինակներ տարածուեցին քաղաքի կենտրոնում: Գրեթէ նոյնքան օրինակ յայտնուեց հայ մտաւորականութեան ներկայացուցիչների փոստարկղերում: «Փարոսը» յայտնի դարձաւ ոչ միայն Հայաստանում եւ ԽՍՀՄում, այլեւ արտասահմանում: ԱՄԿի գոյութեան մասին իմացան ամէնուր, որտեղ հակախորհրդային շարժումը սկսում էր թափ հաւաքել: Թերթն արգելուեց եւ ճանաչուեց հակասովետական: Հալածանքների էին ենթարկւում ոչ միայն «Փարոս»ի հեղինակները, այլեւ ընթերցողները: ԱՄԿականներին յաջողուեց հրատարակել թերթի ընդամէնը 2 համար:

«Փարոս» թերթի առաջին էջի ճակատային մասը
1968թ. Յունիսին, երբ Զատիկեանը սովորում էր ինստիտուտի 5րդ կուրսում, ԱՄԿի այլ ղեկավարների հետ միասին նա ձերբակալուեց անվտանգութեան մարմինների կողմից: Նրան մեղադրանք ներկայացուեց ՀԽՍՀ ՔՕ 65.1 եւ 67 յօդուածներով (հակախորհրդային ագիտացիա (քարոզչութիւն-Խմբ.), մասնակցութիւն հակախորհրդային կազմակերպութեանը): ՀԽՍՀ Գերագոյն դատարանը հակապետական գործունէութեան, հակապետական բովանդակութիւն պարունակող գրականութեան տարածման եւ ընդյատակեայ գործունէութեան կազմակերպման համար Զատիկեանին դատապարտեց 4 տարուայ ազատազրկման ուղղիչ աշխատանքային գաղութում:
Ազատազրկման առաջին տարիներն ընթանում էին Մորդովիայի քաղաքական ճամբարում (385/19): Այնտեղ Զատիկեանը շարունակում էր ակտիւ քաղաքական գործունէութիւնը: 1970թ. Յուլիսի սկզբին նա 20 երիտասարդ քաղբանտարկեալների հետ միասին մասնակցեց խստացուած ռեժիմի դէմ բողոքի 6օրեայ հացադուլին: Այդ ակցիայի համար Զատիկեանը, Վ. Կուլինինը, Ն. Դրագոշը եւ Ն. Տարնովսկին ուղարկւում են Վլադիմիրի բանտ: Այդ առիթով բողոքի հացադուլ է յայտարարւում երկու կալանավայրերում, որտեղ ընթերցւում է նրանց՝ Վլադիմիր տեղափոխելու մասին հրամանը: 1971թ. Նոյեմբերին այլ քաղբանտարկեալների հետ Զատիկեանը մասնակցում է հացադուլի Վլադիմիրի բանտում: Նրանք բողոքում են քաղբանտարկեալների մասին տեղեկութիւններ տրամադրողներին հաւաքագրելու ՊԱԿի պրակտիկայի, ինչպէս նաեւ բանտարկեալների յայտարարութիւնները պետական մարմիններում որպէս հակախորհրդային փաստաթղթեր ներկայացնելու, դրանք քրէականացնելու եւ շանտաժի (սպառնալիքի-Խմբ.) դէմ:
1972թ. Յուլիսին Զատիկեանը դուրս է գալիս Վլադիմիրի բանտից եւ վերադառնում Երեւան: Ազատ արձակումից յետոյ գտնւում է ոստիկանութեան վերահսկողութեան տակ: 2 տարի շարունակ նրան թոյլ չեն տալիս տնից դուրս գալ ժամը 17.00ից յետոյ, ամէն օր նա պարտաւոր էր գնալ ՆԳ բաժին եւ ստորագրել յատուկ գրանցամատեանում: Զատիկեանին թոյլ չտուեցին աւարտել ուսումը (իշխանութիւնները վախենում էին ուսանողների շրջանում նրա ներկայութիւնից), եւ նա ստիպուած էր աշխատանքի անցնել Երեւանի կիսահաղորդիչների գործարանում: Սակայն Զատիկեանին յաջողւում է կապ հաստատել ԱՄԿի իր համախոհների, նախ եւ առաջ Հայրիկեանի, Նաւասարդեանի եւ Արշակեանի հետ, ովքեր այդ ժամանակ գլխաւոր դեր էին կատարում կազմակերպութիւնում: Իսկ 1974թ. Զատիկեանն ամուսնանում է Պարոյր Հայրիկեանի քրոջ՝ Սոնայի հետ: Նրանք ունենում են երկու երեխայ՝ դուստրը՝ Յասմիկը եւ որդին՝ Վրէժը: 1975թ.ին Զատիկեանը հրաժարւում է քաղաքացիութիւնից եւ ԽՍՀՄից հեռանալու յայտ ներկայացնում, բայց իշխանութիւնները նրան մերժում են:
1977թ. Յունուարի 8ին Մոսկուայի մետրոյում տեղի է ունենում պայթիւն, որը մարդկային կեանքեր է խլում: («Իզվեստիա» թերթը միայն 2 տարի անց՝ 1979թ. Փետրուարի 8ին է յայտնում, որ պայթիւնի հետեւանքով զոհուել է 7 եւ վիրաւորուել 44 մարդ): 1977թ. Հոկտեմբերի 28ին պայթիւնը կազմակերպելու կասկածանքով ձերբակալւում է Զատիկեանի ընկերը եւ հարեւանը՝ ԱՄԿ ակտիւ անդամ Յակոբ Ստեփանեանը: Նկատելով անծանօթ մարդկանց ներկայութիւնը՝ Զատիկեանը որոշում է մտնել ընկերոջ մօտ: Երբ Զատիկեանը ներկայանում է, Մոսկուայից ժամանած քննիչը զարմացած հարցնում է. «Միթէ՞ Դուք ողջ էք»: Այդ դէպքից յետոյ Զատիկեանը հարազատներին յայտնում է, որ իր դէմ դաւադրութիւն է նիւթւում: Եւ իսկապէս, 1977թ. Նոյեմբերի 2ին ՊԱԿի աշխատակիցները Զատիկեանին առեւանգում են հացի խանութից: Նրան են վերագրւում Մոսկուայի ահաբեկչութեան կազմակերպումն ու

ղեկավարումը: Բացի Զատիկեանից, ահաբեկչութիւն իրականացնելու մեղադրանք է ներկայացւում Յակոբ Ստեփանեանին եւ նկարիչ Զաւէն Բաղդասարեանին, որին Զատիկեանը գրեթէ չէր ճանաչում:
Միայն 1978թ. գարնանը հարցաքննութիւններից պարզ է դառնում, որ այդ երեքին մեղադրում են ահաբեկչութեան համար: Հարցաքննութիւններից կարելի էր ենթադրել, որ նախաքննութիւնը ձգտում է իրար կապել ԱՄԿն, Հայաստանի Հելսինկեան խումբը եւ պայթիւնների մասին գործը: Նախաքննութիւնը շարունակւում է աւելի քան երկու տարի: Այդ ամբողջ ժամանակահատուածում մեղադրեալները գտնւում են Մոսկուայում: Զատիկեանի գործով Հայաստանում անցկացուած բազմաթիւ հարցաքննութիւնները տարակարծութիւններ են առաջացնում ԱՄԿի համախոհների շրջանում՝ Զատիկեանն իսկապէ՞ս մասնակցութիւն ունի պայթիւնների գործին: Նրան ճանաչողները կտրականապէս բացառում էին դրա հնարաւորութիւնը: Նոյնիսկ նրանք, ովքեր հաւատում էին նրա մեղաւորութեանը, չէին կասկածում, որ ԱՄԿն բացարձակ անմասն է ահաբեկչութեանը:
Յայտնի է, որ Զատիկեանը հրաժարուել է ցուցմունք տալ: Սկզբում նա հրաժարուել է նաեւ փաստաբանից: Դատը կայացել է Մոսկուայում 1979թ. Յունուարին եւ այնքան գաղտնի է անցկացուել, որ դրա ստոյգ օրը յայտնի չէ (ենթադրւում է՝ Յունուարի 20ին):
Ամբաստանեալների հարազատներից ոչ ոք չի տեղեկացուել դատավարութեան մասին եւ ներկայ չի գտնուել դրան, թէեւ նրանց խոստացել էին տեղեկացնել: Նրանց փոխարէն դահլիճում ներկայ են եղել տուժածների հարազատներն ու ՊԱԿի ներկայացուցիչները: Իր վերջին խօսքում Զատիկեանը յայտարարել է, որ իշխանութիւններին չի յաջողուի արեան մէջ թաղել հայ ազգային շարժումը, եւ վաղ թէ ուշ Հայաստանը կ՛անկախանայ: Մեղադրեալներն իրենց մեղաւոր չեն ճանաչել (թէեւ «Իզվեստիա» թերթը հակառակն էր պնդում):
Դատավարութիւնը նկարահանւում էր տեսախցիկով: Դատավճիռը կայացւում է 1979թ. Յունուարի 24ին: Երեքին էլ դատապարտում են մահապատժի: Դատավճռի մասին հարազատներն իմանում են միայն դատից յետոյ կայացած հանդիպման ընթացքում՝ Յունուարի 27ին: «Մեզ դատապարտեցին 10 րոպէում, դատարկ դահլիճում», հարազատներին յայտնում է Ստեփանեանը: «Ամբողջ 15 ամսուայ ընթացքում ես նրանց բառ անգամ չեմ ասել», հարազատներին ասում է Զատիկեանը: Եղբօր հարցին՝ «Ասա՛, դու իսկապէ՞ս մասնակցել ես այդ յանցագործութեանը», Զատիկեանը պատասխանում է. «Իմ միակ մեղքն այն է, որ ես այս աշխարհում երկու երեխայ եմ թողել: Այլ մեղք ես չունեմ»:
Նոյն օրը Զատիկեանի մայրը դիմում է ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդին՝ գործը վերանայելու խնդրանքով: Սակայն 1979թ. Յունուարի 29ին՝ մինչեւ բողոքարկման ժամկէտի լրանալը, դատավճիռն ի կատար է ածւում: Հարազատներին այդպէս էլ չեն յայտնում, թէ որտեղ են թաղուել գնդակահարուածները:
Մահապատժից յետոյ ակադեմիկոս Սախարովը եւ Մոսկուայի Հելսինկեան խումբը բողոքներով են հանդէս գալիս դատավարութեան հրապարակայնութեան սկզբունքների խախտման դէմ:
«Հնարաւոր չէ հասկանալ, իրենց ուղերձում գրում են Մոսկուայի Հելսինկեան խմբի անդամները, այդպիսի մեղադրանք պարունակող գործընթացն ինչո՞ւ պէտք է անցկացուէր կատարեալ գաղտնիութեան պայմաններում… Չէ՞ որ մետրոյի պայթիւնն առաջացրել էր համընդհանուր վրդովմունք, եւ մեղադրեալների մեղքի համոզիչ ապացուցումը, եթէ միայն մեղադրող կողմն ունէր այդպիսի ապացոյցներ, կը նպաստէր յանցագործների համընդհանուր դատապարտմանը: Հրապարակայնութեան բացակայութիւնը եւ գաղտնիութեան մթնոլորտը հիմք են տալիս կասկածելու մեղադրանքների անհիմն լինելու, օբյեկտիւութեան (անկողմնակալութեան-Խմբ.) եւ դատարանի անաչառութեան հարցում»:
Մետրոյի պայթիւնից անմիջապէս յետոյ Սախարովը յայտարարութիւն էր արել, որ, հնարաւոր է, դա ՊԱԿի կողմից քաղաքական նպատակներով կազմակերպուած սադրանք էր: Այդ միտքը հիմնուած էր, մասնաւորապէս, այն արտասովոր արագութեան վրայ, որով պաշտօնատար անձինք դրա մասին յայտնել էին արեւմտեան թղթակիցներին, թէեւ սովորաբար նման իրադարձութիւնները թաքցւում էին արեւմտեան մամուլից, իսկ եթէ դրանց մասին նոյնիսկ յայտնում էին, ապա երկար «համաձայնեցումներից» յետոյ: Այս դէպքում տեղեկատուութեան օպերատիւ (ազդու-Խմբ.) հաղորդումը յանգեցնում էր այն մտքին, որ «համաձայնեցումը» եղել է նախօրօք: Իսկ եթէ դա ՊԱԿի սադրանքը չէր, ապա պայթիւնի իրական մեղաւորները կամ չեն յայտնաբերուել, կամ «ձեռնտու» չեն եղել քաղաքական տեսանկիւնից: Մոսկուայում լուրեր էին պտտւում, որ հետաքննութիւնը տարել է դէպի մերձմոսկովեան Ալեքսանդրով

Յակոբ Ստեփանեան, Ստեփան Զատիկեան, Զաւէն Բաղդասարեան

քաղաքի ռադիօգործարան, եւ որ պայթիւնի մեղաւորները եղել են ռուս աշխատաւորներ, որոնց գործունէութեան հիմքը հանդիսացել է դժգոհութիւնը ապրանքների սակաւութիւնից: ՊԱԿի տեսանկիւնից շատ ողջամիտ էր ընտրել հայ ազգային շարժումը, քանի որ Հայաստանը ԽՍՀՄ միակ պետութիւնն էր, որտեղ կար կուսակցութիւն, որն իր առջեւ նպատակ էր դրել դուրս գալ ԽՍՀՄ կազմից: Դա հեշտացնում էր հայ ազգային շարժման վարկաբեկումը ԽՍՀՄ ներսում եւ դրա սահմաններից դուրս՝ այն որպէս ահաբեկչութեան մեթոդներից օգտուող ուժ ներկայացնելու եղանակով: ՊԱԿի այդ ծրագիրը յաջողւում է: 1980-1982թթ. ձերբակալւում եւ դատապարտւում են ԱՄԿի այլ ակտիւիստներ, հասարակական կարծիքն ուղղւում է նրանց դէմ:
Միայն «պերեստրոյկայից» յետոյ հնչեցին Զատիկեանի արդարացման մասին կոչեր: Իսկ 90ականների վերջին ռուսաստանեան «Օռտ» հեռուստաալիքով ցուցադրուեց «Ռումբ» վաւերագրական ֆիլմը, որը պատմում էր 1977թ. մետրոյի պայթիւնի գործի քննութեան մասին:
Մետրոյի պայթիւնի մասին ճշմարտութիւնը մինչ օրս էլ թաքցուած է ՊԱԿի գաղտնի արխիւներում, եւ պարզ չէ՝ մենք այն երբեւէ կ՛իմանանք, թէ ոչ:
Զատիկեանի ընտանիքը՝ կինը եւ երեխաները, մշտական բնակութեան են տեղափոխուել ԱՄՆ: Ինքը՝ Զատիկեանը, մինչ օրս չի արդարացուել, այսինքն՝ «դէ իւրէ» յանցագործ է հանդիսանում, թէեւ վաղուց արդէն Հայաստանում իշխում է Հանրապետական կուսակցութիւնը, որն իրեն հռչակում է ԱՄԿ գաղափարական յետնորդ:

* Դիսիդենտական-այլախոհական (Խմբ.)

«Փարոս» թերթի առաջին էջի ճակատային մասը


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles