Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Անտիպ Նամակներ Ս. Թադէի Արխիւէն, Առ Ի Պատրաստութիւն Տարեկան Ուխտագնացութեան

$
0
0

ԴԷՊՔԵՐ ՎԱՆՔԻ ԱՌՕՐԵԱՅԷՆ՝ ՄԷԿ ԴԱՐ ՀԵՌԱՒՈՐՈՒԹԵԱՄԲ

4-6 Յուլիս, 2013ին տեղի պիտի ունենայ Սուրբ Թադէի վանքի տարեկան ուխտագնացութիւնը: Այս առիթով, ստորեւ հանրութեան սեփականութիւնը կը դարձնենք Ատրպատականի Հայոց թեմի արխիւէն տասնմէկ նամակներ, որոնք գրուած են հարիւր տարի առաջ եւ կը վերաբերին Սուրբ Թադէի վանական առօրեային: Դար մը առաջ ի՞նչ մտահոգութիւններ ունէին վանահայր կամ վանաբնակ եկեղեցականներ ու գիւղացիք՝ կարելի է կարդալ սոյն նամակներուն մէջ: Անոնցմէ ինը հատը տարբեր հարցերով դիմումներ են Ատրպատականի Հայոց թեմի օրուան առաջնորդ՝ Ներսէս վարդապետ Մելիք-Թանգեանին (ապա՝ արքեպիսկոպոս, առաջնորդ՝ 1913-1948) ուղղուած, որուն առաջնորդական առաջին տարին է 1913ը: Մնացեալ երկու նամակները գրուած են առաջնորդին կողմէ:
Մինչեւ 19րդ դարու կէսերը Ս. Թադէն առաջնորդանիստ վանք էր: Թաւրիզ փոխադրութենէն ետք, Մակու եւ Խոյ գաւառներու հայ բնակչութեան հոգեւոր եւ վարչական կեանքը Թադէի վանահայրութիւնը կը ղեկավարէր: Վանքը գիւղեր ու կալուածներ ունէր (մասամբ նաեւ այժմ ունի) այս գաւառներուն մէջ:
Թեմակալ առաջնորդը, Մակուի սարդարը (շրջանի կառավարիչ եւ դատաւոր), վանքի վանահայրն ու գիւղացի ժողովուրդը՝ ահաւասիկ չորս գլխաւոր դերակատար կողմերը նամակներուն մէջ: Թերեւս մանրուք թուող վէճեր ու հակառակութիւններ երբեմն մեծ բարդութեանց ու մինչեւ իսկ սպաննութեանց պատճառ դարձած են:
Նամակներուն բովանդակութիւնը առաւել հասկնալի դարձնելու նպատակով կատարուած են տողատակի յաւելեալ ծանօթագրութիւնները: Աւելի դիւրին ընթերցումի մը նպատակով ալ, տեղ-տեղ մեր կողմէ աւելցուած կէտադրական միջամտութիւնները զետեղուած են ուղղանկիւն փակագիծերու մէջ: Բնօրինակի լեզուն եւ ուղղագրութիւնը, գլխագրումներն ու կէտադրութիւնը նոյնութեամբ պահպանուած են, առանց սրբագրութիւններ մուծելու: Ի հարկին զետեղուած հարցման նշանը [?] ցոյց կու տայ անյստակութիւն մը, անհասկնալիութիւն մը, որ թերեւս հետագային լուծուի:
Նամակները կը գտնուին «Ս. Թադէի Վանք, Կալուածական, 1909-1910, 1912-1914» թղթապանակին մէջ: Երկու հանգրուանով հրատարակութեան կը յանձնենք սոյն 11 նամակները, նախ 6 հատը եւ ապա 5 հատը:

ՏԵՍՉՈՒԹԻՒՆ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՐԽԻՒԱՏԱՆ

Ա. ՆԱՄԱԿ

Գրող՝ Մելքոն Մկրտչեան: Ստացող՝ Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան: Վայր՝ Խոյ: Թուական՝ 3 Մայիս 1913: Ձեռագիր՝ շեղագիր: Էջաչափ՝ 20×13: Ծանօթութիւն՝ 1 թուղթ, որուն երկու երեսները օգտագործուած են: Առաջին երեսին վերը աւելցուած է՝ «No 210 Մայիս 8», որ առաջնորդարանի քարտուղարութեան արձանագրութիւնն է, նամակին ստացման թուականը եւ համարակալումը նշող: Առաջին էջին կեդրոնը կարելի է կարդալ գործարանի մը տպագրեալ անունը՝ «SUPER-FEIN PERSIAN/MILL», որուն պատկանող թուղթ մը ըլլալու է նամակաթուղթը:

Նորին Գերապատւութեան Տէր Ներսէս Վարդապետ Մելիք-Թանգեանին Առաջնորդ Թեմին Հայոց Ատրպատականի.
Գերապատիւ Հայր, ես ապրիլի 30-ին հասայ Սէյդաւար(1) եւ Մայիս 1-ին գնացի քաղաք(2) եւ ինչ տեսնեմ, նորից Վանքից մի ընտանիք մեր ազգականներից եկել են Խոյ: Իմ բացակայութեան ժամանակ գնում է Սարդարի(3) մօտ եւ մի մամուռ բերել տալիս իմ վերայ(4), որի ինչու գալը չգիտեմ: Տէր Արսէնը(5) հալածել է իմ ազգականներին, որոնցից մի ընտանիք ինչպէս վերն յիշեցի արդէն եկել է. իսկ վեց ընտանիք էլ նորից պիտի գաղթեն Խոյ:
Ես այժմ Խոյումն եմ եւ կասկածում եմ Վանք գնալուց մի գուցէ նորից բռնեն ինձ:
Դուք պատուիրեցիք ինձ ընդհարումների տեղիք չտալ. բայց ես դեռ Խոյում տեսնում եմ ընդհարման նշաններ: Կխնդրէի իրեն սաստէք, որ գոնէ մեզ հանգիստ թողնէր մինչեւ Ձեր գալը: Նա ինքն տէր հայրը իր ուժով չի անում, որ հնարաւոր լինի առաջն առնել, այլ ամէն բան կատարում է Սարդարի միջոցաւ, որին ընդիմանալ մեր ուժերից վեր է:
Ես էլ Խոյում սպասում եմ Ձերդ Գերապատւութեան կարգադրութեան:

Համբուրելով Ձեր Ս. Աջը խոնարհ
ծառայ Մելքոն Մկրտչեան.(6)
Խոյ, 1913 3/Մայիս [?]

Բ. ՆԱՄԱԿ

Գրող՝ Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան: Ստացող՝ Արսէն քհնյ. Թադէոսեան: Վայր՝ [Թաւրիզ]: Թուական՝ 6 Մայիս 1913: Ձեռագիր՝ շեղագիր: Էջաչափ՝ 28×24: Ծանօթութիւն՝ առաջնորդարանի պատճէն: 1 բարակ թուղթ, որուն միայն մէկ երեսը օգտագործուած է: Գրուած է առաջնորդարանի քարտուղար Յովհաննիսեանի կողմէ ու առաջնորդին կողմէ ստորագրուած:

3037
6 Մայիսի [191]3

Արժ. Տ. Արսէն Քհնյ. Թադէոսեան Ժամ[անակաւոր] հսկիչ Ս. Թադէի վանուց

Ստացանք Ապրիլ 20-ի Ձեր գրութիւնները. պատգամաւորի ընտրութեան(8) համար գրում էք, որ ոչ ոքի չենք ճանաչում թաւրիզաբնակ հայերից.(9) ինչպէս կարող է լինել, որ գէթ միքանի հոգի չը ճանաչւեն Մակւի(10) շրջանում. ուստի շտապեցէք շուտով հանդիսականի ձեւով մէկ պատգամաւոր ու մէկ անձնափոխանորդ ընտրել, ինչպէս հրահանգել ենք նախորդիւ, ու թուղթը ուղարկել մեզ:
Թովմաս Երէցեանը(11) Խոյից դիմել է մեզ եւ յայտնելով, որ հանգ. Տ. Թադիկ աբեղայի(12) ընտանիքը դուք բռնութեամբ դուրս գցելով վանքից՝ չէք պատսպարել նոցա, որով այժմ դառն վիճ[ա]կի մէջ են ընկել: Այժմ պատւիրում ենք կրկին վանքում ընդունել եւ առժամանակ պատսպարել նոցա, մինչեւ մեր գալը, որ եւ կը գանք եւ անձամբ կը կարգադրենք ըստ արժանւոյն:
Առաջնորդ Հայոց Ատրպատականի՝ Ն[երսէս]Վ[արդապետ] Մ[ելիք]Թանգեան

Քարտուղար՝ Յ. [?] Յովհաննիսեան(13)

Գ. ՆԱՄԱԿ

Գրող՝ Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան: Ստացող՝ Արսէն քհնյ. Թադէոսեան: Վայր՝ [Թաւրիզ]: Թուական՝ 9 Մայիս 1913: Ձեռագիր՝ շեղագիր: Էջաչափ՝ 28×22: Ծանօթութիւն՝ առաջնորդարանի պատճէն: 1 բարակ թուղթ, որուն միայն մէկ երեսը օգտագործուած է: Գրուած է առաջնորդարանի քարտուղար Յովհաննիսեանի կողմէ ու առաջնորդին կողմէ ստորագրուած:

217(14)
9 Մայիսի [191]3

Արժանապատիւ Տ. Արսէն Քհնյ. Թադէոսեան Ժամ[անակաւոր] հսկիչ Ս. Թադէի առաքելոյ Վանուց

Ամսոյս 6-ին արդէն մի նամակ գրել ենք Ձեզ Տ. Թադիկ աբեղայի ընտանիքը վանքում պատսպարելու համար: Դրանից յետոյ նամակ ստացանք Մելքոն Մկրտչեանից(15), որ գանգատում է թէ սարդարից մէմուր էք բերել տւել իւր տան վրայ, հալածել էք իւր ազգականներին, որոնցից մէկ ընտանիք արդէն գաղթել է Խոյ եւ վեց ընտանիք էլ մտադիր են գաղթել: Ինքն էլ մնացել է Խոյում վախենալով մի գուցէ Մակու գայ եւ բռնւի: Այսու խստիւ պատուիրում ենք քաղցրութեամբ ու սիրով վարուել ժողովրդեան հետ, չը նեղել ու չը զրկել ոչ ոքի, երբէք սարդարով կամ նրա մարդկանցով չ’սպառնալ ոչ ոքի, մինչեւ որ մենք այդտեղ գալով ամեն բան կը քննենք ու անձամբ կը կարգադրենք: Յոյս ունենք այլեւս նոր գանգատ չենք ստանայ Ձեր դէմ, հակառակ դէպքում, նկատի ունեցէք, որ Ձեր գործած ապօրինութիւնների համար խիստ պատժի կենթարկւէք:

Առաջնորդ Հայոց Ատրպատականի՝ Ն[երսէս]Վ[արդապետ]Մ[ելիք] Թանգեան

Քարտ. [?] Յովհաննիսեան

Դ. ՆԱՄԱԿ

Գրող՝ Արսէն քհնյ. Թադէոսեան: Ստացող՝ Ներսէս Վրդ. Մելիք-Թանգեան: Վայր՝ [Թադէի Վանք]: Թուական՝ 25 Մայիս 1913: Ձեռագիր՝ շեղագիր: Էջաչափ՝ 26×21: Ծանօթութիւն՝ 1 էջ, որուն երկու երեսները օգտագործուած են: Առաջին երեսին վերը աւելցուած է՝ «No 272 / 4 մայիս», որ ջնջուած եւ «յունիս» եղած է. առաջնորդարանի քարտուղարութեան կողմէ կատարուած արձանագրութիւններ են, որոնք նամակին ստացման թուականը եւ համարակալումը կը նշեն: Կայ նաեւ այլ յաւելեալ արձանագրութիւն մը, հաւանաբար առաջնորդին իսկ կողմէ, նոյն երեսին ձախ վերեւը՝ «կցել գործին»:

Բարձրապատիւ Տ. Ներսէս Վարդապետ Մելիք Թանգեան Առաջնոր[դ] Թեմին Հայոց Ատրպատական[ի] Թավրիզ,

Ստացանք ձեր Մայի[ս] 6ի եւ Մայիս 9ի. գրութիւնները[:] Մայիս 6ի գրութեան համեմատ պատգամաւորի ընտրութեան թերթերը պատրաստեցինք եւ ուղարկեցինք առաջնորդարան, Քիշմիշթափայում(16) եւ Վանքի գիւղում(17) կանոնաւոր ժողով եղաւ ընտրվածների համար: Իսկ Մակւում ոչ, երեք օր մնացինք Մակու ոչոք ժողովի չեկան[,] գործը չ՛ուշանալու համար ստիպուած ուսիցիչը(18) եւ Բէդէլեանն ստորագրեցին:
Իսկ Մայի[ս] 9ի գրութեան համար որ գրել էիք մեզ Մելքոն Մկրտիչեանի եւ իր ազգականների մասին[,] այդ բոլորովին զ[ր]պարտութիւն է, եթէ ո եւ է մի այդպիսի քայլ արած լինենք մենք ես պատասխանատու եմ եւ խիստ պատժի էլ արժանի արդէն կստանաք վանքի գիւղի հայ հասարակութեան ներկահացուցիչների(19) ստորագրութե[ա]մբ թերթը. բոլոր գիւղացիներին կանչել [ենք] հանդերձ Մելքոնի ազգականներով. երես առ երես հաստատեցին որ դա բոլորովին զուր է[.] եթէ տեղս շնորհք բերէք, կրկին անձամբ կքննէք եւ կիմանաք ճշմարտախօսը եւ ստախօսը.
Տ. Թադիկ Աբեղայի ընտանիքը վերադարձան վանք[.] վանքումն են[.] նրանց մասին էլ հոյս ունեմ կուգաք տեղս կքննէք կիմանաք. նրանց ես երբէք բռնի կերպով չեմ հառացրել(20) վանքից[,] այդ էլ արդէն զ[ս՞]ուտ է. նրանք եկել էին առաւօտուն պիտի անցնէին իրանց տղայի մօտ տղան էլ առաւօտ[ու]անից վերադարձել է տեսել են որ չպիտի կարողանան աբրել[,] սկսել են մեզանից բողոքել[,] վնաս չունի այդ կհաստատուի. այս անգամ վերադառնալուց աւելի վատ վերաբերմունք են ցոյց տալիս. եթէ ձեր շնորհք բերելը տեղս ուշ լինի պարզ ասեմ ես Մելքոնի եւ Տ. Թադիկ Աբեղայի ընտանիքի ձեռքից պիտի փախնեմ այս զ[ր]պարտութիւնների առաջն ով կդիմանայ, հոյսով եմ որ տեղս կգաք կ[ք]ննէք ամէն ոք իր արժանի վարձը կստանայ.

Արսէն Քհնյ. Թադէոսեան Ժ[ա]մ[անա]կ[աւոր] հսկիչ Ս. Թադէի վանուց
1913 Թիւ 25 Մայի[ս]

Ե. ՆԱՄԱԿ

Գրողներ՝ Թ. Բօլօեան եւ Ս. Տէր Թադէոսեան: Ստացող՝ Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան: Վայր՝ [?]: Թուական՝ 25 Մայիս 1913: Ձեռագիր՝ շեղագիր: Էջաչափ՝ 26×21: Ծանօթութիւն՝ 1 էջ, որուն մէկ երեսը օգտագործուած է: Առաջին երեսին վերը աւելցուած է՝ «No 273 / 4 մայիս», որ ջնջուած եւ «յունիս» եղած է. առաջնորդարանի քարտուղարութեան կողմէ կատարուած արձանագրութիւններ են, որոնք նամակին ստացման թուականը եւ համարակալումը կը նշեն: Կայ նաեւ այլ յաւելեալ արձանագրութիւն մը, նոյն երեսին ձախ վերեւը՝ «կցել գործին»:

Բարձրապատիւ Տ. Ներսէս Վարդապետ Մելիք Թանգեան Առաջնորդ Թեմին Հայոց Ատրպատականի

Հայր Սո՛ւրբ, Մայիս 9-ինին մի գրութիւն էիք գրել Տ. Արսէնին որով գրել էիք իբրթէ Տ. Արսէնը Սարդարից մամուռ է բերել Մէլքօյի(21) եւ իր ազգականների տան վրայ[,] հալածել է տալիս նրանց Վանքի Գիւղից,
Ա՛րդ, մենք բոլոր Վանքի Գիւղացիներս վկայում ենք որ այդ ասածները բոլորովին զուր են, որ Տ. Արսէնի հասցէին գրել է:
Այն մի տունը որ գիւղից գաղթել է. մենք վկայում ենք որ իր աբրուստի համար գաղդել է, որպէսզի կառաւարուի:
Վանքի հայ հասարակութեան ներկայացուչիցներս(22)

Թօթօ Բօլօե[ա]ն
Սողոմոն Տ. Թադէոսեան(23)
[1]913 Մայիս 25.

Զ. ՆԱՄԱԿ

Գրող՝ Արսէն քհնյ. Թադէոսեան: Ստացող՝ Ներսէս վրդ. Մելիք-Թանգեան: Վայր՝ [Թադէի Վանք]: Թուական՝ 18 Յունիս 1913: Էջաչափ՝ 26×21: Ծանօթութիւն՝ 1 էջ, որ ծալլուելով վերածուած է երկու փոքր էջերու, որոնց երկու երեսներն ալ օգտագործուած են: Առաջին երեսին վերը աւելցուած է՝ «No 419 / 2 յուլ[իս]». առաջնորդարանի քարտուղարութեան կողմէ կատարուած արձանագրութիւններ են, որոնք նամակին ստացման թուականը եւ համարակալումը կը նշեն: Կայ նաեւ այլ յաւելեալ արձանագրութիւն մը, նոյն երեսին ձախ կողմի վերեւը՝ «կցել գործին/չգնալ.»:

Բարձրապատիւ Տ. Ներսէս Վարդապետ Մելիք Թանգեան Առաջնորդ Թեմին Հայոց Ատրպատականի[,] Թաւրիզ

Հայր Սուրբ[,] պատգամաւորի ընտրութեան թերթերը Մայիս 22ին հղել եմ առաջնորդարան. մի նամակ էլ եւս Վանքի գիւղի հայ հասարակութեան ներկայացուցիչների կողմից գրած Մելքոնի զ[ր]պարտութիւնի համար որ մեզ վրայ գրել էր.
Հայր Սուրբ[,] մենք անհամբեր սպասում էինք ձեր շնորհք բերելուն որ կգայիք անձամբ կքննէիք ըստ արժանւոյն կդատէիք եւ մեր միջի վէճերը կվերջանար[:]
Մե[լ]քոնը որ մեզանից բողոքում է գլխաւոր պատճառը այն է որ մեր [?] Վանքի երկու կտոր հողը իր ձեռքին ուղղակի գրաւել է[,] ոյժ է արել Վանքին, երկու կտոր հողն էլ իր հօր եղբօր տղաներն են գրաւել, հողերն էլ Վանքի մօտն են եւ ջրային հողեր, Վանքի սեպական խոտանոցներն են. Մելքոնի գրաւածները շատ որ լինի 4-5 տարի է որ գրավել է[,] բոլոր գիւղացիները վկայում են, որ նրանց ձեռքի հողերը Վանքինն է[:] այդ առթիւ ես սարդարին կողմնակի կերպով խօսեցի որ վանքի գիւղացիները վանքի հողերից գրավել են: սարդարը մէկ հրաման տուեց ինձ որ որ գիւղացու մօտ Վանքի հող կա ետ տան. ես էլ նրա տուած հրամանը ամբողջ հասարակութեան հայտենեցի որ, Վանքի հողերը հետ պէտք է տաք. մէկ անգամ եմ հայտնել իրանց դեռ այնպէս էլ մնում է խնդիրը. ձեր տեղս շնորհք բերելը լսելով ես էլ էլ հարց չդրի սպասեցի ձեր գալուն[.] այդ առթիւ մեզանից բողոքում են[,] ձեզ սուտ զ[ր]պարտութիւններ գրում, այժմ էլ գնացել է տաճկաստան բողոքելու մեզանից. երբեք խաղաղ չի նստում[,] ուզում է գիւղը նորից խառնել[,] սպանութիւն[ն]եր առաջ բերել[,] հազիւ հազ խաղաղացրել ենք[,] ինչ նեղութիւն իր հետ ենք քաշել[,] երկու տարի որ վանքումն ենք ուրիշի մեղքերն ենք, քաւում եւ ուրիշի պա[ր]տքերը վճարում, գարի հաց էլ կուշտ չենք ուտում[,] այդ էլ մեր քաշած նեղութիւնների փոխարէնն է որ հատուցանում են մեզ[.] ամէն բան թողել եկել ենք Վանքը եւ Մելքոնենց պաշտպանել մինչեւ վերջ.
Վանից էլ պոռբէնի [?] հրամանատարութեամբ ինձանից պահանջում են երկու հրացան կամ երկուսի փողը. երկու հարիւր հիսուն թուման փող. հրացանները որ այժմ գտնըւում են Հովսէփեան[ն]երի(24) մօտն է[,] մէկն առաջուց նրանց մօտն էր որ անցեալ տարւոյ տեղիս սպանութիւնների միջոցին Տ. Թադիկ աբեղայի ձեռքից են տարել, լաւ ես ինչ մեղաւոր եմ, անցեալ տարի Կարապետ Սրբազանի(25) ժամանակ էլ գրեցին, առաջնորդարան գրեցի, սրբազանը գրեց որ այդ հաշիւը թող վանքից չպահանջեն[,] մենք գիտենք[,] մենք կկարգադրենք[,] այն ժամանակ ես իրենց գրեցի ձայն չհանեցին, իսկ այս վերջերս խիստ պահանջում են մեզանից եւ շատ խիստ էլ սպառնակական նամակներ գրում.
Խնդրում ենք որ շուտով մի կարգադրութիւն անէք եւ վանահայր ճանբէք վանք[,] ես գնում եմ քահանայագործութեան. իմ կեանքն չեմ զոհելու զուր տեղ[,] ես որ վանքի իրավունքը չեմ կարողանալու պաշտպանել էլ ինչու[՞] համար եմ, սպասում եմ Հայր Սուր[բ] նամակի պատասխանին[.] էլ ես վանքին [մէջ] չեմ կարող մնալ[,] ստիպուած եմ[,] պիտի գնամ իմ տեղը շուտով[,] տիրութիւն արէք ձեր վանքին.

Արսէն Քհնյ. Թադէոսեան
Ս[.] Թադէի Առքլ[.] Վանք
1913.
18. յունիսի

(1) Խոյ գաւառին մէջ գտնուող զուտ հայաբնակ գիւղ մը, որ 20րդ դարու սկիզբը ունէր 86 տուն հայ բնակչութիւն: Խոյի միւս բոլոր գիւղերուն մէջ հայերը թուրք բնակչութեանց հետ խառն կ՛ապրէին (տես Երուանդ Ֆրանգեան, Ատրպատական, Թիֆլիս, 1905, էջ 52):
(2) «Քաղաք» ըսելով կը հասկնայ Խոյ գաւառի կեդրոն՝ Խոյ համանուն քաղաքը: Պատմական Խոյ գաւառը կը գտնուի Ատրպատականի հիւսիս-արեւմտեան կողմը, Սալմաստի հիւսիսը: Գաւառին բնակչութիւնը կազմուած էր թուրքերէ, քիւրտերէ եւ հայերէ: Խոյ գաւառին մէջ քսաներորդ դարու սկիզբը 258 տուն հայ կ՛ապրէր (հմմտ. նոյն, անդ, էջ 43-48):
(3) Խօսքը կը վերաբերի Մակուի սարդարին (պարս.՝ նահանգի կառավարիչ եւ զօրապետ), որ կը կոչուէր Ալի Ղուլի Մուրթուզա խան: Ան գահընկէց եղաւ 1925ին (հմմտ. Արմէն Հախնազարեան, Արտազի երեք վանքերը, Երեւան, 2012, էջ 17): Քսաներորդ դարու սկիզբը, պարսկական կեդրոնական կառավարութենէն հեռու եւ գրեթէ ինքնագլուխ վիճակ մը ունէր Մակուի մարզը, որուն ամբողջական տէրն էր սարդարը իր խաներով: Սարդարին սեփականութիւնը կը կազմէր երեք հարիւրէ աւելի գիւղ (հմմտ. Խ. Լ. Ավդալբեգեան, «Գիւղացիական շարժումը իրանական Ադրբեջանի Մակուայ մարզում 1907 թ.», Պատմա-բանասիրական հանդէս, 1968, թիւ 2, էջ 176):
(4) «Մամուր»ը (պարս.՝ պաշտօնեայ) կառավարական պաշտօնեան է, որ վէճերու միջամտութիւն կը կատարէր եւ պատիժ կամ տուգանք կը սահմանէր վիճող կողմերուն (հմմտ. Ֆրանգեան, նոյն, անդ, էջ 16):
(5) Արսէն քհնյ. Թադէոսեան, Մակուի քահանաներէն, որ ժամանակաւոր հսկիչ նշանակուած է Ս. Թադէի վանքին, Թադիկ աբեղայի սպաննութենէն ետք՝ 1911ին (հմմտ. Հախնազարեան, նոյն, անդ, էջ 100-101):
(6) Յեղափոխական գործիչ՝ Ռուբէն, Թադէի վանքին մէջ իր 1904 թուականի կեցութեան մասին պատմած էջերուն մէջ, Ս. Թադէի վանահօր՝ Գէորգ Ծ. վրդ. Նալբանդեանի իբրեւ զինեալ ուղեկից կը յիշէ Յովհաննէս մը ու Մելքոն մը, որ կրնայ Մելքոն Մկրտչեանը ըլլալ: Այս երկու զինեալներու ուղեկցութեամբ է, որ վանահայրը տօնական օրերուն պաշտօնական այցելութիւն կու տայ Մակուի սարդարին (հմմտ. Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Ա. հատոր, Լոս Անճելըս, 1952, էջ 319): Այս երկուքը «վարդապետի հաւատարմատարները, սարբազները եւ փոխանորդներն էին: Վանք եկողները նախ անոնց կը դիմէին եւ յետոյ վանք մտնելու իրաւունք կը ստանային» (նոյն, անդ, էջ 322): Անոնք կը բնակէին Վանքի գիւղին մէջ: Մելքոնին տունը կ՛այցելէին բարեկամ քիւրտեր, որոնք շրջակայքի անցուդարձերուն մասին տեղեկութիւններ կը փոխանցէին, որպէսզի վանահայրն ու տեղւոյն հայերը իրենց մեկուսացած վիճակին մէջ տեղեակ ըլլային շրջապատի անցքերուն մասին: Քիւրտ տեղեկաբերները նախ կը հանդիպէին Յովհաննէսին ու Մելքոնին: Եթէ կարեւոր մարդիկ ըլլային՝ վարդապետը կ՛ընդունէր զիրենք, իսկ անկարեւորները Յովհաննէսն ու Մելքոնը իրենք կը ճամբէին (հմմտ. նոյն, անդ, էջ 322-323):
(7) Առաջնորդարանին կողմէ կատարուած համարակալում:
(8) Խօսքը կը վերաբերի հաւանաբար Թեմական ժողով կազմելու համար կատարուելիք պատգամաւորներու ընտրութեան, որ կը կատարուէր թեմի ժողովուրդին կողմէ չորս տարուան ժամանակի մը համար (հմմտ. Ատրպատականի հայոց հիմնական եւ Հայաստանեայց եկեղեցու ծխական կանոնադրութիւն, Թաւրիզ, 1903, էջ 7):
(9) Գաւառացիք իրաւունք ունէին թաւրիզաբնակ կամ դրսեցի անձեր պատգամաւոր ընտրելու (հմմտ. նոյն, անդ, էջ 8):
(10) Մակու գաւառին մէջ, ուր կը գտնուի Թադէի վանքը, բնակչութեան մեծամասնութիւնը հայերը կազմած են մինչեւ պարսկահայոց մեծ գաղթականութիւնը, ռուս-պարսկական պատերազմին, 1827-28: Քսաներորդ դարու սկիզբը Մակու գաւառին մէջ մնացած էր միայն շուրջ 180 տուն հայ: Իսկ Մակու քաղաքին մէջ կար, նոյն տարիներուն, 78 տուն հայ (հմմտ. Ֆրանգեան, անդ, էջ 21-24):
(11) Այս անունը կ՛երեւի թիւ Է. նամակը ստորագրողներու ցանկին մէջ:
(12) Թադիկ աբեղայ (աշխարհական անունով՝ Վահրամ Երիցեան), վանքի ժամանակաւոր տեսուչ (1909-1911), Աղթամարի միաբան: Առաջնորդ Կարապետ եպս. Տէր Մկրտչեանի կարգադրութեամբ կը նշանակուի տեսուչ Ս. Թադէի վանքին ու 1910ին Սալմաստի Հաֆթվան գիւղի Սուրբ Գէորգ եկեղեցիին մէջ կուսակրօն քահանայ կը ձեռնադրուի առաջնորդին կողմէ: Յովսէփեան եղբայրներ՝ Վանք գիւղի բնակիչներ, որոնք ազգական են նախկին վանահօր՝ Եսայի վարդապետ Յովսէփեանին, վայելելով Մակուի սարդարին հովանաւորութիւնը, նեղութիւն ու հալածանք կը կազմակերպեն Թադիկին դէմ 1911ին: Առաջնորդ Տէր Մկրտ-չեան այս հարցին մասին նամակ մը կը յղէ Էջմիածնի կաթողիկոսական տեղապահ Գէորգ արքեպիսկոպոսին, բացատրելով, որ Յովսէփեան եղբայրներուն նպատակն է Թադիկ Աբեղան փախցնել վանքէն ու վերստին տէր դառնալ վանքին: Հակառակութիւնը կը սրի, Մակուի սարդարին միջոցաւ ճնշում կը բանեցուի ոչ միայն Թադիկի այլեւ առաջնորդարանին վրայ: Թադիկ գաղտնի կը հեռանայ վանքէն, աւելի ուշ, առաջնորդին հրահանգով կը վերադառնայ ու հանգանակութեան կը ձեռնարկէ, մօտակայ գիւղերը շրջելով: Թադիկ 1911ին կը սպաննուի, ըստ տեղեկութեան մը՝ քիւրտերու ձեռքով (հմմտ. Հախնազարեան, անդ, էջ 100): Այստեղ խօսքը կը վերաբերի, շատ հաւանաբար, Թադիկի սպաննութենէն ետք անոր ընտանիքի անդամներուն հետագայ ճակատագիրին:
(13) Հաւանաբար՝ Յովսէփ Յովհաննիսեան (Յ. Էլմար, 1891-1975), իրանահայ լրագրութեան վաստակաշատ գործիչը:
(14) Առաջնորդարանին կողմէ կատարուած համարակալում:
(15) Խօսքը կը վերաբերի թիւ Ա. նամակին:
(16) Քիշմիշթափա (քիշմիշը խաղողի տեսակ մըն է) հայաբնակ գիւղը կը գտնուի Մակու քաղաքի հիւսիս-արեւմուտքը, 16 քմ. հեռաւորութեան վրայ (հմմտ. Խ. Լ. Ավդալբեգեան, նոյն, անդ, էջ 178), որ 20րդ դարու սկիզբը ունէր 67 տուն բնակչութիւն, որ երկրագործութեամբ կը զբաղէր (հմմտ. Ֆրանգեան, նոյն, անդ, էջ 24):
(17) Ս. Թադէի վանքին հարաւը գտնուող Վանքի գիւղը կամ Ղարաքիլիսան, 30 տուն հայերով, այդ տարիներուն կը պատկանէր Մակուի խաներէն մէկուն՝ Իզօ խանին (հմմտ. Ֆրանգեան, նոյն, անդ, էջ 28):
(18) Իմա՝ ուսուցիչ:
(19) Իմա՝ ներկայացուցիչ:
(20) Իմա՝ հեռացրել:
(21) Պէտք է ըլլայ՝ «Մէլքօնի», որ Մելքոն Մկրտչեանն է:
(22) Պէտք է ըլլայ՝ «ներկայացուցիչներս»:
(23) Քիշմիշթափա գիւղի երէցփոխ (տես Հախնազարեան, նոյն, անդ, էջ 79):
(24) Յովսէփեան եղբայրներու մասին տես վերը՝ թիւ Բ. նամակ, թիւ 12 ծան.:
(25) Կարապետ եպս. Տէր Մկրտչեան, առաջնորդ Ատրպատականի Հայոց թեմի (1907-1912).

Այս Էջը Կը Հովանաւորէ
ԱԼԻՍ ՆԱՒԱՍԱՐԳԵԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles