Շաչիր իմ երգ, գնա հեռո՜ւն,
Ու կարկաչիր աղբիւրի պէս,
Հայրենիքիս հողն համբուրիր,
Մօրն համբուրող զաւակի պէս:
***
Գետը ծովին կը հասնի,
Ծովն էլ իր մեծ երազին,
Միայն ես եմ որ կը մնամ,
Անվերջ կարօտ իմ հողին:
***
Իմ հայրենի հովիտներից,
Քար եմ բերել խաչը վրան,
Որպէս աղօթք սրբատաշուած,
Հաւատամքի շողը վրան:
***
Իմ հայրենի հովիտներից,
Հող եմ բերել անմահական,
Որպէս մասունք եւ ոգու ուժ,
Յաղթանակի բոյրը վրան:
***
Գարնան օրը միայն գիտի,
Ուժը ծաղկող վառ արեւի,
Մէկ էլ պանդուխտ հայը գիտի,
Քաղցրութիւնը իր մայր հողի:
***
Մէկը յուսահատ ողբում է ցաւից,
Միւսը երգում է շոյուած իր բախտից,
Մէկը լալիս է թախծից ու դարդից,
Միւսը խենթանում՝ զուարճութիւնից:
***
Յոգնել եմ ես՝ այս աշխարհի,
Ժպտահայեաց կեղծութիւնից,
Յոգնել եմ ես՝ այս նոր դարի,
Կեղծապատիր ժպիտներից:
ՅՈՒՍՈՅ ԱՅՆ ԱՓԸ
ԼՈՅՍԵՐՈՎ ՎԱՌՄԱՆ…
Խաղաղ իջնում է
Տրտում երեկոն,
Ննջելու ժամն է գալիս բնութեան,
Երկինքն է հագնում
Գիշերազգեստ,
Մուրացիկ ծոցում՝ ականակուր մթան…
Երկնքում ապրող
Աստղերի ներքոյ,
Զարթնում է գունատ դիմակը լուսնի,
Հոգուս վշտաթոյր
Ծովի վրայով,
Սահում է դանդաղ՝ մակոյկն իմ թախծի…
Համբերութիւնս
Տնքում է նորից,
Բախւում եմ անվերջ ծովահողմերին,
Ժայռեր հարուածող
Ալիքի նման,
Միտքս զարկւում է հոգուս պատերին…
Սիրտս աստղերի
Կայծերով լեցուն,
Սէր եմ ես փնտռում՝ ցաւս մեղմելու,
Եւ իմ հոգու մէջ
Հազար յղացում,
Յոյս եմ ես փնտռում՝ վիշտս խեղդելու…
Ու մի օր կ՛իջնի
Խաղաղ երեկոն,
Ցնծութեան ժամը կը գայ բնութեան,
Ու ես կը գրկեմ
Երգիս ձեռքերով,
Յուսոյ այն ափը՝ լոյսերով վառման…
ՀԱՒԱՏՈՎ…
Փա՜ռք այսօր նրանց,
Որ դեռ հաւատով,
Ողջամտօրէն հեռուն են տեսնում,
Նրանց, որ մռայլ
Գիշերուայ վիհում,
Արեւալոյսի խորհուրդն են ըմպում:
Փա՜ռք այսօր նրանց,
Որ դեռ հաւատով,
Լոյսի եւ յոյսի դռներն են բախում,
Նրանց, որ խոհուն,
Կամքով անկոտրում,
Անհաւատ յոյսից՝ հաւատ են քամում:
ԲԱԽՏԻ ԹԱԽԾԱՆՔՈՎ…
Իմ սիրտն է դողում
Ցրտից իմ բախտի,
Ինչպէ՞ս ես մեղմեմ ցաւս անմեկին,
Երբ իմ հայրենի
Մեղմանուշ գետը,
Ոսկէ շողերս է՝ տանում ծովերին…
Իմ սիրտն է մրսում
Վշտից իմ բախտի,
Ինչպէ՞ս ես գտնեմ փրկութեան ուղին,
Երբ իմ հայրենի
Քաղցրանուշ գետը,
Իմ երազներն է՝ տանում ծովերին:
Ինչպէ՞ս ես փակեմ
Հոգուս աչքերը,
Ո՞ր ցաւս չափեմ եւ ի՞նչ մեծութեամբ,
Թախծալի բեռն է
Իմ սրտի վրայ,
Նստել ու բազմել, իր լուռ ծանրութեամբ…
ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՋՆԵԱՆ
ԲՈՍԴՈՆ