Զարմանալի «Գալ» Բառը
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ
Ինչո՞ւ է զարմանալի այս բառը, ինչե՞ր է թաքցնում իր մէջ, որ առաջին հայեացքից չեն երեւում: Եկէք միասին գնանք «գալ»ի հետեւից, բացայայտենք նրա գաղտնիքները: Դրա համար, ըստ ժամանակակից բառարանների, տանք երեք բառի բացատրութիւն:
Գալ.- ոտքով կամ փոխադրանու միջոցով շարժուել դէպի խօսողի կողմը, ժամանել, տեղ հասնել, յաճախել եւ այլն: «Արդի հայերէնի բացատրական բառարան»ը 33 նշանակութիւն է տուել «գալ» բառի համար:
Զգալ.- զգայարանով ընկալել, հոգեպէս ապրել, գիտակցել, գնահատել, կռահել եւ այլն:
Զեկուցել.- պաշտօնական տեղեկութիւն ներկայացնել, տեղեկացնել, հաղորդել եւ այլն:
Ինչպէս տեսնում ենք, այս բառերի նշանակութիւնները միմեանցից բաւական հեռու են, եթէ չասենք, որ բոլորովին կապ չունեն իրար հետ:
Բայց պարզւում է, որ գալ, զգալ, զեկոյց բառերն իրար հետ ստուգաբանօրէն սերտ առնչութիւն ունեն: Ինչպէ՞ս: «Գալ» բառի հրամայականն է արի կամ եկ: «Եկ» արմատից բաւականաչափ շատ բառեր են կազմուել հայերէնում, որոնք առաջին հայեացքից իրար հետ կապ չունեն: Օրինակ՝ եկամուտ՝ շահոյթ, իրազեկ՝ իրողութիւններին տեղեակ, լուրը իմացած, զեկուցում՝ գիտական կամ պաշտօնական հաղորդում, հաշուետուութիւն, անեկ՝ չհասունացած խմոր եւ այլն:
Իսկ զգալ բառը կազմուած է «գալ» բառից՝ «զ» նախդիրով: Զգայարաններով, մտքով դէպի իրեն եկող ամէն ինչ զգացողութիւն է, այսինքն՝ եթէ գալիս է, զգում ես: Զեկոյց բառի մէջ, ինչպէս նշեցինք, «գալ» բառի փոխարէն նրա կատարեալն է՝ «եկի» (զգալ բայի հին կատարեալն էր զեկի, որից կազմուել են զեկուցանել կամ զեկուցել՝ լուր տալ, իմացնել, պատմել):
Այսինքն՝ զգացում, զգայուն, անզգամ, զգաստ, զգօն, քաջազեկ, զեկուցագիր եւ այլ զգայացունց բառերը նոյն «գալ» արմատից են սերում:
Այսինքն՝ եթէ ուզում ենք լուսաւոր ապագայ (որը նոյն «գալ» բառից է), ամէն պարագայում (նոյնպէս՝ «գալ» բառից) պէտք է խնկարկենք հայոց լեզուին, որը բանալին է անցեալի ու ապագայի: