Բանտարկեալների Լեզու, Որն Անցնում Է Հաստ Պատերի Միջով
ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ
Հայ բանտարկեալը պէտք է հայերէն խօսի (Վռամշապուհ արքայի հրովարտակներից):
Աշխարհի բանտարկեալները յօրինել են իրենց լեզուն՝ բանտում գտնուելու ժամանակ պատերին թխկթխկացնելով իրար հետ հաղորդակցուելու համար: Իւրաքանչիւր ազգութեան բանտարկեալներ դրանք արել են իրենց լեզուի այբուբենի միջոցով: Քանի որ մինչեւ հիմա մենք ազգային բանտ չենք ունեցել, եւ մեր բանտարկեալները հաղորդակցուել են ռուսերէնով, իսկ այժմ ունենք, ապա ազգային բանտալեզու ստեղծելու խնդիր է առաջանում, որն էլ անում ենք: Չէ՞ որ ամէն ինչ հիմա ազգային է. ազգային գրադարան, ազգային դպրոց, ազգային հեռուստատեսութիւն, ազգային ստանդարտ, ազգային ռադիօ, ազգային ջոջեր, ազգային պոռնիկներ, ազգային հայրենիք, ազգային ժողովուրդ, ազգային հայ եւ այլային այլ:
Այսպէս, հայոց այբուբենի 36 տառը (չենք հաշւում եւ, օ, ֆ տառերը, դրանք կարելի է արտայայտել եւ, ո, փ տառերով) բաժանում ենք վեց խմբի, իւրաքանչիւրում՝ 6 տառ (տե՛ս նկարը):
1. Ա Բ Գ Դ Ե Զ
2. Է Ը Թ Ժ Ի Լ
3. Խ Ծ Կ Հ Ձ Ղ
4. Ճ Մ Յ Ն Շ Ո
5. Չ Պ æ Ռ Ս Վ
6. Տ Ր Ց ՈՒ Փ Ք
Այս խմբերը պէտք է անգիր յիշել, այսինքն պէտք է յիշել խմբի համարը եւ խմբում եղած տառերը:
Բանտի պատերի միջով հաղորդակցուելու համար սկզբում թխկացնում ենք խմբի համարը՝ 1՝ մէկ թխկոց, 2՝ երկու թխկոց եւ այլն: Այնուհետեւ, որոշ դադարից յետոյ, թխկացնում ենք խմբի մէջ տառի համարը (որերորդ տեղում է): Օրինակ՝ Ծ տառը հաղորդելու համար պէտք է սկզբում թխկացնէք երեք անգամ՝ թը՛խկ, թը՛խկ, թը՛խկ: Յետոյ մի քիչ դադար: Յետոյ՝ թը՛խկ, թը՛խկ: Այսինքն երրորդ խմբի երկրորդ տառը՝ Ծ:
Այժմ պէտք է վերծանել, թէ ինչ երկխօսութիւն է գրուած այստեղ.
- 1464 4656 1555:
- 1211 1464 4656 1555: