ՎԱՉԱԳԱՆ Ա. ՍԱՐԳՍԵԱՆ
Ներկայացնում եմ մի զրոյց եւս հայոց բառերից մէկի մասին, որը կ՛օգնի մի քայլ էլ վեր բարձրանալ, մօտենալ մեր լեզուի բարձունքներին:
Հայերէնում կայ բառնալ բառը: «Արդի հայերէնի բացատրական բառարան»ում այն ներկայացւում է այսպէս. Բառնալ (հին).- 1. Բարձել, բեռնել, 2. Բարձրացնել, 3. Վերացնել: Իսկ «Հայերէն արմատական բառարան»ում ներկայացւում է այսպէս. Բառնալ.- 1. Վե՜ր վերցնել, բարձրացնել, 2. Վերցնել տանել, 3. Վրան առնել, բեռնաւորուել, 4. æնջել, մէջտեղից վերացնել:
Ինչո՞վ է ուշագրաւ այս բառը: Սրանից է ամբառնալ բառը, որը նշանակում է՝ վեր վերցնել, վեր ելնել, բարձրանալ, ինչպէս նաեւ՝ բարձր աստիճանի հասնել: Իսկ եթէ շատ ամբառնաս վերջին իմաստով, այսինքն՝ յամբառնաս, կը հասնես մինչեւ երկինք: Ամբառնալ բառից ունեցել ենք մի շատ հետաքրքրական բառ՝ ամբարձի, որ նշանակել է ասպանդակ: Այժմ կան ամբարձիկ՝ դոմկրատ, ամբարձիչ՝ կռան բառերը: Ամբարձի բառը կարելի է գործածել ռուսերէն «պոդնոժկա» (ոտնատեղ) բառի փոխարէն: Ասենք՝ մեքենայի ամբարձի:
Բառնալ արմատի միւս ձեւն է բարձ, որը համընկնում է հրամայական բա՛րձ ձեւի հետ: Բարձ ձեւից են՝ բարձունք, բարձիչ, բարձիթողի, մանկաբարձ, հոգաբարձու, վերամբարձ եւ այլ բառեր: Բարձ-ից ր մասնիկով կազմուել է բարձր բառը, որից՝ բարձրանալ, բարձրութիւն եւ այլն:
Հոգաբարձու բառը երբեմն սխալմամբ գրում են հոգեբարձու, կարծելով, թէ կազմուած է հոգի + ա + բարձ կաղապարով, որտեղ ի + ա տուել է ե, եւ բառը դարձել է՝ հոգեբարձու: Սա պարզապէս սխալ է: Բառը կազմուած է հոգ արմատից, որ նշանակում է՝ ցաւ, վիշտ, մտածութիւն, խնամք, փոյթ, հոգատարութիւն:
Հոգաբարձու նշանակում է՝ հոգսը, խնամքը իր վրայ վերցնող: Բարձել արմատն ունի վեր վերցնել, վերցնել տանել, վրան առնել նշանակութիւնները: Հոգաբարձուի, ինչպէս նաեւ մանկաբարձի մէջ այդ իմաստներն են՝ հոգսը վերցնել, մանուկը վերցնել:
Ըստ «Արմատական»ի՝ բառնալ բառի արմատական ձեւն է բարձ: Բարձ-ից ր մասնիկով առաջացել է բարձր, բայական ձեւը՝ բարձնալ, որից, ձ-ի անկումով՝ բարնալ: Ըստ հայերէնի ուղղագրական օրէնքների՝ ր-ն ն-ի մօտ դառնում է ռ, այստեղից էլ՝ բառնալ:
Որոշ ստուգաբանութիւններում նշւում է, որ գլխի տակ դնելու բարձը եւս այս բարձ արմատից է: Հր. Աճառեանը այդ բարձ-ը համարում է փոխառութիւն պարսկերէնից, թէեւ այդ բառը պարսկերէնում չկայ, այլ կայ բալիշ ձեւը: