ԿՈԼԻԱ ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Իրանահայի այս տեսակը գոյաւորուել է Հայաստանի անկախացումից յետոյ ու թերեւս իր նմանը չունի կամ քիչ ունի աշխարհում:
Երբ Հայաստանը անկախացաւ, իրանահայութիւնը անմաս չմնաց ընդհանուր ոգեւորութիւնից ու խանդավառութիւնից. բոլորի հայեացքն ուղղուած էր դէպի Հայաստան. ընկերային բոլոր հաւաքների գլխաւոր թեման Հայաստանն էր, խօսում էին այնտեղ տուն գնելու, գործ դնելու մասին, ոմանք պատրաստւում էին ընտանիքներով ներգաղթել:
Եւ մինչեւ անգամ խաւարի ու ցրտի տարիներին չդադարեց իրանահայերի հոսքը դէպի Հայաստան. եկան, գնեցին բնակարաններ, առանձնատներ ու հողամասեր: Եղան նաեւ անհատ կամ խմբով գործարարներ, որ սկսեցին եռանդով ու մեծ յոյսերով ֆինանսական ներդրումներ կատարել զանազան ոլորտներում:
Անցան տարիներ: Գնալով խամրեց ոգեւորութիւնն երկուստեք՝ թէ ներսում եւ թէ դրսում: Մէկը միւսի հետեւից հիասթափուած ու ձեռնունայն հեռացան իրանահայ մանր ու խոշոր ձեռնարկատէրերը: Մնացին նրանք, ովքեր «մէջք» ունէին Հայաստանում: Հեռացան նաեւ մնայուն բնակութիւն հաստացած որոշ ընտանիքներ՝ ուղղութիւն վերցնելով դէպի ԱՄՆ կամ եւրոպական երկրներ: Քչերը վերադարձան Իրան:
Ներկայ դրութեամբ՝ Հայաստանում բացի մնայուն բնակութիւն հաստատածներից, կան նաեւ երկկենցաղ իրանահայեր: Նրանք մեծ մասամբ ունեն «յատուկ կարգավիճակով» հայկական անձնագրեր կամ վերջին տարիներին ձեռք են բերել Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութիւն: Նրանք ո՛չ լիարժէք հայաստանցի են, ո՛չ լիարժէք քաղաքացի իրենց ծննդավայրում. բայց, այնուամենայնիւ, իրաւական կարգավիճակով՝ թէ՛ մէկն են, թէ՛ միւսը: Պարզապէս տուն-տունիկ են խաղում, գալիս են Հայաստան, մտահոգւում իրենց թափուր թողած տան համար՝ Թեհրանում, վերադառնում են Իրան, մտահոգւում՝ Երեւանում թողած տան համար: Այլ խօսքով, իրենց տեղը չեն գտնում…
Թւում է՝ երկկենցաղ իրանահայերը տարիների ընթացքում կարողացել են բնիկ հայերի հետ գտնել շփման եզրեր: Տուեալ դէպքում երկու կողմերին իրար միացնող միակ գործօնը հայերէն լեզուն է: Շատ քիչ են ազգային-աւանդական ընդհանրութիւնները, այնքան քիչ, որ եթէ չլինէր լեզուն, կը ստացուէր այն տպաւորութիւնը, որ խօսքը երկու տարբեր ազգերի մասին է: Լեզուն, թէեւ կիսատ-պռատ, ի վերջոյ նպաստում է կողմերի փոխըմբռնմանը: Խանգարիչ հանգամանքը, առհասարակ, միջնորդ լեզունների առկայութիւնն է, բնիկ հայերի մօտ ռուսերէնը, իրանահայ երկկենցաղների մօտ՝ պարսկերէնը: Հայաստանցիները աննրբանկատօրէն գործածում են ռուսերէն բառեր, խօսում են ռուսերէն առոգանութեամբ ու տառադարձութեամբ: Ընդհակառակը, իրանահայերը ճգնում են չգործածել պարսկերէն բառեր, խօսել «մաքուր» հայերէն, ընդ որում, նոյնիսկ յաւակնում են, որ իրենք աւելի «ճիշդ» հայերէն են խօսում, քան բնիկները, բայց իրականում, ուղղակի թարգմանում են պարսկերէն ասացուածքները, խաթարում հոլովները, բայի խոնարհումները, ինչի արդիւնքում, բնիկ հայերը դժուար են հասկանում այդ բազմաչարչար, «նորամուտ» հայերէնը: Դա աւելի յատկանշական է կենցաղային ու մասնագիտական ոլորտներում, օրինակ՝ գնումներ կատարելիս, շինարարութեան մէջ, բժշկի դիմելիս եւ այլն:
Կայ նաեւ հոգեբանական անջատիչ գործօնը, այսպէս ասած՝ երկուստէք խորթութեան զգացումը, որն առաջանում է վերը նշած ազգային ու մշակութային անհամատեղելիութեան պայմաններում: Տարբեր են «ադաթներ»ն ու աւանդոյթները, բարոյական նորմերը, պարզ յարաբերութիւնները, հիւրընկալութեան ձեւերը, հագուկապը, կերակրատեսակները, դրանց պատրաստման եղանակները եւ այլ հասարակական ու մշակութային երեւոյթներ, որոնց մասնակի իւրացման շնորհիւ, թէեւ որոշ չափով նուազել է երկկենցաղ հայերի կղզիացումը, բայց ակնյայտ է այն հանգամանքը, որ լինելով փոքրամասնութիւն եւ իրենց բնօրրաններում ունենալով փոքրամասնութիւններին բնորոշ զիջողականութեան ունակութիւն, այստեղ եւս յարմարուող կողմը իրենք են: Դա, բնականաբար, առաջ է բերում հոգեկան նստուածք, յատկապէս նրանց մօտ, ովքեր իրենց բարձր են դասում բնիկներից, երբեմն խօսքը հասցնելով վէճի, «դաստիարակելու» մարմաջի եւ առերես սրտցաւութեան…
Այդուհանդերձ, անջատիչ գործօնները չեն խանգարում խառն ամուսնութիւններին (մեծ մասամբ երկկենցաղ տղամարդ- հայաստանցի կին դրուածքով, որով հայաստանցի կինն էլ դառնում է երկկենցաղ հայ), դրացիական աւելի սերտ կապերին, մտերմիկ հանդիպումներին եւ այլն: Դրա գլխաւոր պատճառներից մէկն էլ, բնիկների կողմից երկկենցաղ հայերի գոյութեան հետ աստիճանաբար համակերպուելու փաստն է: Եթէ անկախութեան առաջին տարիներին, բնիկները խրտնում էին «օտար» հայերի ներկայութիւնից, վանում նրանց, հիմա աւելի հեշտ են տանում, անգամ քաջալերում նրանց գոյութիւնը: Այս հանգամանքը, Հայաստանի հանդէպ տածած սէրը, ընդհանուր առմամբ Հայաստանում արուեստի համեմատաբար բարձր մակարդակը, բազմաթիւ մշակութային միջոցառումները, որոնք հոգեկան առատ սնունդ են հայթայթում երկկենցաղ իրանահայերին, նոր շփումները, ազատութիւնը եւ օրաւուր զարգացող հասարակական ու կենցաղային արդիական պայմանները, ձեռք- ձեռքի տուած՝ երկկենցաղ հայերի համար կեանքը դարձնում են աւելի տանելի, եւ չնայած փոքր ու մեծ հիասթափութիւնների, զուր չէ, որ մէկ տարուայ կտրուածքով նժարը թեքւում է յօգուտ Հայաստանի՝ աւելացնելով Հայաստանում մնալու ամիսների թիւը:
Եւ որքան երկար են մնում երկկենցաղ հայերը Հայաստանում, այնքան աճում է ներքին խնդիրների նկատմամբ նրանց հետաքրքութիւնը. առաւել իմաստ ու նշանակութիւն են ստանում տեղական իրադարձութիւնները, թանկացումները, քաղաքական անցուդարձերը, մարզական թիմերի յաջողութիւնները կամ պարտութիւնները, այլ խօսքով նրանք սկսում են ուրախանալ ու տխրել բնիկներին հաւասար: Այդ ընթացքում, ճիշդ է, յետին պլան չեն մղւում Իրանից հասնող նորութիւնները, բայց կորցնում են իրենց գոյնը:
Եւ ահա մօտենում է վերադարձի պահը: Դարձեալ տնից՝ տուն… Կարճատեւ թռիչքից յետոյ, ահա տանն ես: Միանգամից ամէն բան փոխւում է 180 աստիճանով: Այստեղ կենսակերպի առումով թերեւս աւելի հանգիստ է, աւելի հոգեհարազատ, բայց տնից դուրս՝ ազատ կեանքին վարժուած հայի համար, այլեւս դժուար է համակերպուել որոշ սահմանափակումների հետ կամ տան չորս պատերի մէջ մնալուն, ինչին սովոր էին նախկինում: Հետզհետէ, հետաքրքութեան կենտրոնում սկսում են յայտնուել տեղական իրադարձութիւնները, քաղաքական լուրերը, կիրաւող պատժամիջոցները, ընտրութիւնները, դոլարի կուրսը, ասենք ֆուտբոլի միջակումբային կամ Իրանի հաւաքականի խաղերը, անհատի ճակատագրին ու կեանքին անմիջականօրէն կապուող արտաքին ազդակները: Արդիւնքում, Հայաստանը յառնում է երազի պէս, սակայն մի մեծ տարբերութեամբ, դա Հայաստանի հանդէպ աճող կարօտի տանջող զգացումն է, ինչը չկայ այնտեղ եղած ժամանակ՝ հանդէպ իրենց դարաւոր բնօրրանը: Ակամայ ուզում ես հաւատալ, որ հողը ոյժ ունի, ձգում, կանչում է…
Արդեօք այս զգացումն առկա՞յ է նաեւ արտագաղթած հայերի մօտ…
Իրօք նման ենք երկկենցաղ կենդանիների. ջրից՝ ցամաք, ցամաքից՝ ջուր, անդադար այս տնից, այն տուն, այն տնից, այս տուն…
Երեւան