Վիտամիններն օրգանական նիւթեր են, որոնց չնչին քանակներն անհրաժեշտ են մարդու եւ կենդանիների բնականոն նիւթափոխանակութեան ու կենսագործունէութեան համար: Վիտամինները սննդի անփոխարինելի բաղադրիչներն են:
Վիտամինները յայտնաբերել է ռուս գիտնական Լունինը: Նա պարզել է, որ օրգանիզմի բնականոն գործունէութեան համար, բացի սննդի հիմնական բաղկացուցիչ մասերից (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), անհրաժեշտ են նաեւ այլ միացութիւններ, որոնց բացակայութիւնը յանգեցնում է տարբեր ախտաբանական վիճակների: Վիտամիններ տերմինն (եզրը-Խմբ.) առաջարկել է լեհ գիտնական Ֆունկը՝ լատիներէն vita (կեանք) բառից:
Վաղուց յայտնի էր, որ կան հիւանդութիւններ, որոնք կապուած են ոչ լիարժէք սնուցման հետ: Օրգանիզմը վիտամիններ ստանում է հիմնականում սննդի հետ: Մի շարք վիտամիններ սինթեզւում են աղիքներում՝ որոշ միկրօօրգանիզմների կենսագործունէութեան ազդեցութեամբ, սակայն այդ քանակը միշտ չէ, որ բաւարարում է օրգանիզմի պահանջները: Վիտամինները մասնակցում են նիւթափոխանակութեան կարգաւորմանը, ֆերմենտների (խմորիչներու-Խմբ.) առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ազդում են նաեւ սննդանիւթերի իւրացման վրայ, նպաստում բջիջների բնականոն աճմանը եւ ամբողջ օրգանիզմի զարգացմանը: Լինելով ֆերմենտների բաղկացուցիչ մաս՝ վիտամիններն ապահովում են դրանց բնականոն ֆունկցիան եւ ակտիւութիւնը: Որեւէ վիտամինի անբաւարարութեան կամ բացակայութեան հետեւանքով նուազում է մարդու աշխատունակութիւնը, դիմադրողականութիւնը տարբեր հիւանդութիւնների, շրջակայ միջավայրի անբարենպաստ գործօնների նկատմամբ:
Սկզբում վիտամինները պայմանականօրէն նշանակում էին A, B, C, D, E, P եւ այլն, այնուհետեւ տրուեցին միջազգային անուանումներ, որոնք արտացոլում են այդ նիւթերի քիմիական կառուցուածքը:
↧
Վիտամիններ
↧