ԷՎԵԼԻՆԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ
Սփիւռքում ազգապահպանութեան համար եւ ուծացման, ձուլման դէմ պայքարող ամենասկզբունքային ու նուիրեալ գործիչներից էր բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, քնaնադատ, հրապարակախօս եւ մանկավարժ Մուշեղ Իշխանը (Ճէնտէրէճեան): Այսօր, երբ գլոբալացման, աշխարհաքաղաքական տարաբնոյթ իրողութիւնների ու զարգացումների համատեքստում աշխարհասփիւռ հայութեանը սպառնում է ազգային ինքնութիւնը, դիմագիծը, լեզուն ու աւանդոյթները կորցնելու, ձուլուելու մեծ վտանգը, նրա երկերի լուսաբանումն ու արժեւորումը դառնում են խիստ արդիական:
1936 թուականից ի վեր, երբ լոյս տեսաւ Մուշեղ Իշխանի առաջին ժողովածուն՝ «Տուներու երգը», Սփիւռքում նա դարձաւ ամենասիրուած ու գնահատուած հեղինակներից մէկը, իսկ կեանքի մայրամուտին կենդանի դասական էր համարւում: Այնինչ, Խորհրդային Հայաստանում բանաստեղծն իր քաղաքական կողմնորոշման պատճառով արգելուած ու մերժուած հեղինակ էր: Լայնախոհ ու ճշմարիտ քրիստոնեայի նկարագիր ունեցող բանաստեղծն ամենեւին էլ չէր վշտանում հայրենիքում անծանօթ ու արգելուած լինելու գաղափարից, քանզի հաւատացած էր, որ վաղ թէ ուշ կայանալու է իր եւ իր ժողովրդի հոգեւոր մերձեցումը. «Ես այն համոզումը ունիմ, որ ինչ որ հայերէնով կը գրուի, հայ ոգիով կը դրուի եւ կը մշակուի, վերջ ի վերջոյ հայրենիքին կը պատկանի: Մերժէ կամ ընդունի՝ հայրենիքինն է: Մենք բոլորս ալ հայրենիքինն ենք, արտասահմանին մէջ ըլլանք, թէ հայրենի հողի վրայ, եթէ մեր վաստակը արժէք ունի»:
Նկատենք, որ Մուշեղ Իշխանի երկերի հատընտիրն առաջին անգամ հայրենիքում լոյս տեսաւ միայն բանաստեղծի մահից յետոյ՝ 1990թ., նրա քրոջ՝ Յուշիկ Ճենտէրէճեանի ջանքերով: Ժողովածուն կազմել եւ առաջաբանը գրել է Վ. Գաբրիէլեանը: 1994թ. Ամենայն Հայոց Գարեգին Բ. կաթողիկոսի հովանաւորութեամբ Հայաստանում լոյս տեսաւ «Ուխտագնացութիւն» վերնագրով փոքրածաւալ գիրքը, որի առաջաբանը գրել է Հր. Թամրազեանը: Առ այսօր, թէեւ Մուշեղ Իշխանի ստեղծագործութիւնների վերաբերեալ եղել են տարբեր հրապարակումներ, յոդուածներ, Բէյրութում 1986թ. լոյս է տեսել Լեւոն Վարդանի «Մուշեղ Իշխանի արձակը» մենագրութիւնը, սակայն սփիւռքահայ բանաստեղծի պօէզիան դեռ յավուր պատշաճի ուսումնասիրուած չէ:
Իր մեծ ուսուցիչ Լեւոն Շանթին նուիրուած յուշագրութեան մէջ Մուշեղ Իշխանը գրում է. «Մարդեր կան սակայն, որոնց գործը կարելի չէ բաժնել իրենց անձէն»: Բանաստեղծն ինքը մարդկային այդ տեսակից էր, եւ նրա ստեղծագործութիւնն իր ապրած կեանքի անմիջական արտայայտութիւնն է: Մուշեղ Իշխանի ողջ բանաստեղծութեանը բնորոշ է այն հանգամանքը, որ ժողովածուները ստեղծուել եւ իրար են յաջորդում նրա կեանքի փուլերին զուգընթաց՝ ներաշխարհի հասունացման ու աշխարհայեացքի զարգացման տրամաբանութեամբ: Այսինքն՝ նա իր զգացմունքների, յոյզերի ու ապրումների բանաստեղծական տարեգիրն է, եւ ժողովածուները, կարծէս, դրանց ամփոփումն ու ամբողջացումն են: Ժողովածուները կազմելիս՝ Մուշեղ Իշխանը բանաստեղծութիւնները ի մի է բերել իր կեանքի որոշակի ժամանակահատուածում գերիշխող զգացմունքի, գաղափարի, ապրումների շուրջը՝ ընտրելով եւ տուեալ ժողովածուից դուրս թողնելով դրա ամբողջութիւնը խախտող գործերը: Նրա ժողովածուները բանաստեղծական արտայայտութիւնն են իր սերնդի ապրումների ու տագնապների եւ ասես պատգամներ են յղուած աշխարհի «չորս ծագերում» դեգերող հայ մարդուն. նախ, հայ լեզուով կերտիր քո ոգու տունը, քարը դիր քարին ու կառուցիր նրա ապաստանը անհուն տիեզերքում («Տուներուն երգը», 1936թ.), ապա բորբոքիր մոխիրներում անթեղուած կրակը, վառիր օջախդ («Կրակ», 1938թ.), կեանքդ որպէս երազ ապրիր ու երազդ՝ որպէս կեանք («Երազ եւ կեանք»), ընդունիր կեանքի պարգեւները («Ողջոյն քեզ կեանք», 1958թ.), դարձեալ ետ նայիր ու հաշտուիր, որ կեանքը տառապանք է («Տառապանք», 1968թ.), արարիր, պտղաւորուիր եւ քո ոսկի աշնանը, քո հասկաքաղին բաժանիր բարեբեր պտուղներդ («Ոսկի աշուն», 1968թ.), ու քո հրաշալի մայրամուտին գիտակցիր, որ մահն ընդամէնը վերադարձ է դէպի նախնականը («Արեւամար», 1986թ.): Նրա վերջին՝ «Իրիկնալոյս ռումբերու տակ» ժողովածուն լոյս տեսաւ մահից յետոյ՝ 1991թ.:
Մուշեղ Իշխանն ապրեց, հարազատ ու անդաւաճան մնալով իր էութեանը, իր կոչումին, գրեց իր կեանքի վէպերը՝ «Հացի եւ լոյսի համար» (1951թ.), «Հացի եւ սիրոյ համար» (1956թ.), «Մնաս բարով մանկութիւն» (1974թ.), «Սպասում» (1976թ.), թատերգութիւնները՝ «Մեռնիլը որքան դժուար է» (1971թ.), «Սառնարանեն ելած մարդը» (1973թ.), «Կիլիկիոյ արքան», «Փոստալ» (1975թ.), «Մարդորսը», «Ժամադրութիւնը» (1976թ.), «Պարոյր Հայկազ եւ Մովսէս Խորենացի» (1978թ.), «Ցուցափեղկին աղջիկը» (1980թ.): Բանաստեղծի անկեղծ զգացմունքները միշտ ներդաշնակեցին իր երազանքներին, համոզմունքներին, գաղափարներին ու դարձան բանաստեղծութիւն. «Միթէ լաւագուն պատմութիւնը, դուք ըսէք՝ վէպը իւրաքանչիւր անձի կեանքը չէ՞ արդէն»:
Մուշեղ Իշխանը ծնուել է 1914թ. Թուրքիայի Անկարայի նահանգի Սուրիհիսար գիւղաքաղաքում: 1915ին բազում հայ ընտանիքների նման Ճէնտէրէճեանների գերդաստանը տարագրւում է: Սակայն նրանց յաջողւում է փախուստի տարիներն անցկացնել ծննդավայրից ոչ շատ հեռու: Մուշեղի հօրը թուրքերը դաժանօրէն ծեծում են, եւ նա մեռնում է տարագրութեան մէջ: Որոշ ժամանակ անց ընտանիքը վերադառնում է Սուրիհիսար: Սակայն ոչխարաբոյծ, բրդի վաճառական Ճէնտէրէճեանները կորցրել էին ե՛ւ ունեցուածքը, ե՛ւ մարմարէ աստիճաններով երկյարկանի տունը. «Կը տեղաւորուինք շատ աւելի անշուք բնակարան մը, վերի թաղին մէջ, բլուրին ստորոտը: Հայու տուն է: Այնքա՜ն հայու տուներ կան լքուած, դատարկ եւ անտէր…»: Թուրքերը մի գիշեր տանում են նաեւ հօրեղբօրը: 1918ին դարձեալ փախուստ նոր ջարդերից: Ընտանիքը հաստատւում է Պուրսա քաղաքում: Երբ յունական զօրքը նահանջում է, հայերը փախչում են դէպի Կեմլիկ նավահանգիստ: Երկար, տառապագին սպասումներից յետոյ, ականատես լինելով ողբերգական տեսարանների, ի վերջոյ, յատուկ գաղթականներին տեղափոխելու համար եկած նաւով նրանք մեկնում են Պոլիս: Մի քանի ամիս Պոլսում մնալուց յետոյ, մի այլ նաւով մեկնում են Բէյրութ, ապա՝ Դամասկոս:
Թէեւ Մուշեղը ծնողների առաջնեկն էր, ի սկզբանէ, հօր նախաձեռնութեամբ նրան որդեգրել էր աւագ եղբայրը, որը զաւակ չէր ունենում: Ճակատագիր էր երեւի՝ երկատուած էր նրա գոյութիւնը, հոգին: Նա երկու մայր ունեցաւ, երկու հայրենիք: Հարազատ մայրը եղբօր՝ Գէորգի եւ քրոջ՝ Յուշիկի հետ Դամասկոսից մեկնեց Յունաստան, այնտեղից էլ Խորհրդային Հայաստան. «Այսպէս վերջացաւ մեր կեանքին ներքին տռամը: Հիմա եղբայրս եւ քոյրս ընտանիք կազմած՝ կապրին մայր հայրենիքին մէջ, իսկ ես Սփիւռքի զաւակ եմ: Նորէն երկու մայր եւ երկու վիճակ՝ նոյն արիւնը կրող հարազատներու համար: Այս անգամ տռամը ընտանեկան չէ, այլ ազգային»:
Գաղթի այս երկար ճանապարհին Մուշեղը բազմաթիւ դպրոցներ է փոխում՝ Պոլսի Օրթագիւղի վարժարանը, Դամասկոսի հայ բողոքականների վարժարանը, արաբական վարժարանը, որ կոչւում էր «Սէօրերու» դպրոց, ֆրանս-հայկական վարժարանը: Ի վերջոյ, Մուշեղն աւարտում է Դամասկոսի Ազգային վարժարանը:
Արհեստ ձեռք բերելու մի քանի անյաջող փորձեր է կատարում: Իր վարպետի՝ կօշկակար Վարդանի ազդեցութեամբ համալրում է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան շարքերը, տնօրինում է կուսակցութեան գրասենեակի գրադարանը: Շուտով նա Դամասկոսում քննութիւններ է յանձնում եւ ընդունւում է Սփիւռքում մեծ համբաւ վայելող Կիպրոսի Մելքոնեան վարժարան: 1928թ. Մ. Իշխանը մեկնում է Կիպրոս: Աշակերտում է ժամանակի մեծ քննադատ, գրող Յակոբ Օշականին: Բանաստեղծն իրեն բախտաւոր է համարում. նրա ուսուցիչները եղել են այնպիսի մեծ անհատականութիւններ, հայ մշակոյթի այնպիսի նուիրեալներ, ինչպիսիք էին՝ Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, Կոստան Զարեանը, Նիկողայոս Ադոնցը, Սիմոն Վրացեանը, Վահան Թէքէեանը: Նրանցից իւրաքանչիւրը, լինելով բացառիկ, անկրկնելի անհատականութիւն, ժամանակի հայ հոգեւոր կեանքի ջահակիրը, իրենց զօրաւոր ազդեցութիւնն են թողել բանաստեղծի աշխարհայեացքի ձեւաւորման, մարդկային ու բանաստեղծական նկարագրի վրայ: Յետագայում Մուշեղ Իշխանն իր գունագեղ ու տպաւորիչ վրձնով կերտում է ուսուցիչների դիմանկարները «Իմ ուսուցիչներս» գրքում, որը լոյս է տեսել 1984թ.:
1930թ. դպրոցական արձակուրդներին Մուշեղը վերադառնում է Բէյրութ: Կիսատ թողնելով ուսումը Մելգոնեան վարժարանում՝ նա ընդունւում է Լեւոն Շանթի եւ Նիկոլ Աղբալեանի կողմից նոր բացուած Համազգայինի հայ ճեմարան: Հինգ տարի սովորում է այդ ճեմարանում, ապա որպէս ուսուցիչ՝ աշխատում նոյն հաստատութիւնում: 1938թ. Մուշեղ Իշխանը մեկնում է Բելգիա եւ երկու տարի ուսանում Բրիւսէլի համալսարանի մանկավարժութեան ու գրականութեան բաժիններում: Միաժամանակ մասնակցում է այդ համալսարանում Ադոնցի հիմնադրած Հայագիտական ամբիոնի դասընթացներին:
Սկսւում է Երկրորդ համաշխարհային պատերազմը. Մուշեղը ստիպուած էր վերադառնալ Բէյրութ եւ դարձեալ դասաւանդել հարազատ կրթօջախում: Նա իր ողջ կեանքը նուիրում է Սփիւռքում հայ երեխաներին հայեցի դաստիարակելու ազնիւ գործին: Մինչեւ իր մահը՝ 1990 թուականը, Մուշեղ Իշխանը ճեմարանում դասաւանդում է հայոց լեզու եւ գրականութիւն, մանկավարժութիւն, հոգեբանութիւն առարկաները, երկար տարիներ վարում է նաեւ ճեմարանի փոխտնօրէնի պաշտօնը: Այդ տարիներին նա գրում է «Արդի հայ գրականութիւն» եռահատոր դասագիրքը:
Տասը տարի՝ 19411951թթ., նա խմբագրել է «Ազդակ» օրաթերթը: Հանդէս է եկել հրապարակախօսական յօդուածներով, մանկավարժութեանն ու գրականութեանը, սփիւռքահայութեան խնդիրներին վերաբերող բազում հրապարակումներով:
Իր «Հայաստան» պօէմում, որը լոյս էր տեսել 1946թ., Իշխանն իրեն համեմատում է ի ծնէ այն «սեւեռաբիբ» կոյրի հետ, որն ապրում է իր չտեսած այգաբացով:
1962թ. բանաստեղծին բախտ վիճակուեց վերապատրաստման նպատակով Խորհրդային Հայաստան գործուղուած ուսուցիչների խմբի հետ գալ հայրենիք: Ի վերջոյ, երկար, մի ամբողջ կեանք տեւած բաժանումից յետոյ նա տեսնում է հարազատ մօրը, քրոջն ու եղբօրը: Տեսնում է հայրենիքի խորհրդանիշը՝ բիբլիական Արարատ լեռը.
Որ կը կապէ երկինքի ջինջ կապոյտին
Հայութեան աչքն ու հոգին…
…Հայոց Սփիւռքում 20րդ դարի 5060ական թուականներին սկսեց ահագնանալ ուծացման վտանգը: Ալեկոծւում էր գաղթաշխարհը. նոր տեղաշարժեր, նոր վերագաղթեր, նորանոր նահանջներ: Ձուլման, կորստի նոր ճամբաներ էին ձգւում Արեւելքից դէպի Արեւմուտք, որ ցիրուցան եղող հայութեանը սպառնում էին նոր՝ ճերմակ ջարդով: Արեւելքից հեռանում էին հայերը դէպի Կանադա, Ամերիկա, Եւրոպա: Բազմապատկւում էին կորուստներն այդ անվերջ տեղաշարժի ճանապարհին, գաղթի ու պանդխտութեան այդ նոր պտտահողմերի մէջ:
70ական թուականների կէսերից Լիբանանում ծայր առած քաղաքացիական պատերազմը վերաճեց տարածաշրջանայինի՝ կործանման եզրին հասցնելով երկիրը: Այն կործանարար ազդեցութիւն գործեց նաեւ հայկական ամենակազմակերպուած եւ կուռ համայնքի վրայ՝ չշրջանցելով հարեւան երկրների հայկական գաղթօջախները: Շուրջ հարիւր հազար լիբանանահայեր վերագաղթեցին տարբեր երկրներ: Նօսրացան դպրոցներն ու մամուլը, մշակութային կեանքը կաթուածահար եղաւ: Լիբանանահայ գրողները (Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկեան, Վահէ Վահեան, Ժագ Յակոբեան, Սիրան Սեզան), որոնք որդեգրել էին «Սրբազան ժառանգ»ի իրաւունքը, որպէս ինքնապաշտպանական հակազդեցութիւն՝ փակուել իրենց տոհմիկ կաղապարի մէջ՝ չափազանց ողբերգականօրէն ապրեցին համայնքի քայքայման, տարագրման ու յուսահատութեան իրողութիւնը: «Փարիզի տղաքը» (Վազգէն Շուշանեան, Շահան Շահնուր, Նիկողոս Սարաֆեան, Հրաչ Զարդարեան, Միսաք Մանուշեան, Գեղամ Աթմաճեան, Բիւզանդ Թօփալեան), որոնք ի սկզբանէ որոշեցին «քայլ բռնել եւրոպականի հետ», գնալ սեփական ներաշխարհի, ինքնութեան ճանաչողութեան ճանապարհով՝ չափանիշ ընտրելով միայն բարձր արուեստը, մերժեցին «լաց ու կոծի գրականութիւնը»: Նրանց համար ուծացումը՝ ազգային արժէքների ու տեսակի կորուստը, արձանագրուեց որպէս նահանջ, որը ամենաբնորոշ կերպով արտացոլուեց Շահնուրի «Նահանջը առանց երգի» վէպում. «Կը նահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսայ, կը նահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սէր: Կը նահանջէ լեզուն… եւ մենք դեռ կը նահանջենք բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ, գիտութեամբ եւ անգիտութեամբ»: Իսկ Յակոբ Օշականն արդէն յստակ սահմանել էր Սփիւռքի ձուլման ուղիները. «Ամէնէն ահաւորը կործանման սա յեղաշրջումներուն մէջ պատկերն է երիտասարդութեան մը, որ կ՛ամչնայ իր ժողովուրդէն, օտարին տրամադրելով ո՛չ միայն իր խելքը, բազուկը, այլեւ՝ իր պապերուն ամէնէն նուիրական կտակը, իր արեան միւռոնը, իր սերմը»:
Ազգային մեծ տագնապի ահազանգը հնչեցնում է նաեւ Մուշեղ Իշխանը: Իր սերնդակից մտաւորականների հետ բանաստեղծն ի սկզբանէ բռնեց ազգապահպանութեան ջահը, ողջ կեանքն ապրեց յանուն հայապահպանութեան եւ ընդդէմ ուծացման: Նրա ստեղծագործութիւնը, մանկավարժական, հրապարակախօսական ու քաղաքական գործունէութիւնը միտուած է եղել օտար ափերում ազգային արժէքների, լեզուի եւ ինքնութեան պահպանմանը:
Երազի ու իրականութեան հակադրութիւնից, խանդավառ յոյսերից ու յուսալքութիւնից, արգասաւոր հասունութիւնից ու իմաստուն տառապանքից ծնուած Մ. Իշխանի բոլոր ժողովածուների հիմքում («Տուներուն երգը», «Կրակ», «Երազ Եւ Կեանք», «Ողջոյն Քեզ, Կեանք», «Տառապանք», «Ոսկի Աշուն») Սփիւռքում ազգային ոգու, տեսակի ու լեզուի պահպանութեան գաղափարն է: Նրա քնարը հնչեցնում էր Սփիւռքի հաւաքական ցաւը:
«Տրովադայի Ձին» յօդուածում Մ. Իշխանը գրում է. «Մեր պաշտպանած հոգեկան բերդի պարիսպները խոշոր ճեղքեր ստացած են: Տրովադայի ձին բերդեն ներս սահած է, մեր մէջ է արդէն: Ժամանակն է ահազանգը լսելու»: Իսկ «Տրովադայի Ձին» պայքարից, ցաւից, դժբախտութիւնից, դժուարութիւններից հեռանալու, փախչելու, չուելու նորից արթնացած բնազդն էր, թերեւս: Հեռանում են, հեռանում են բոլորը, նոյնիսկ նրանք, ովքեր երէկ պայքարում էին ու ազգապահպանութեան առաջամարտիկներն էին: Եւ կործանարարն այն է, որ նրանք հեռանում են արդէն նահանջած: Բանաստեղծի բարեկամը, երէկուայ գաղափարակիցն այսօր լքում է ու թեւաթափ հեռանում, նա այսպէս է հեռանում. «Յիսուն տարի պայքարեցանք, յուսացինք, յուսադրեցինք, սպասեցինք եւ տեղ մը չհասանք: Ինչ որ կայ եւ պիտի ըլլայ այսուհետեւ՝ քաշքշուք է, հոգեվարքի երկարաձգում: Արդ, ի՞նչ իրավունքով ես իմ զաւակներուս ապագան խորտակեմ՝ յանուն դատի մը, որ հետզհետէ աւելի ու աւելի ցնորք կը դառնայ: Ուր ալ ըլլան՝ անոնք կորսուած են ազգային տեսակէտէն: Տարիներու հարց է միայն»:
Բանաստեղծը վստահ է, որ ինքն իրենից փախչող հայ մարդը նոր օտարութեան մէջ տառապելու է երկակի՝ մէկ հայ լինելու համար ու մէկ էլ հայ չլինելու համար: Ուրեմն նրա մեծ ցանկութիւնն էր, որ եթէ մարդը անհրաժեշտաբար է հեռանում, պէտք է հեռանայ բնակավայրից եւ ոչ թէ ինքն իրենից, իր անցեալից, իր յիշողութիւնից, իր արմատներից: Հայրերի մի այլ, անզիջում տեսակ տագնապ է ապրում, որ իրենց շրջապատող խայտաբղետ բարքերն արդէն աւերիչ ազդեցութիւն են գործել որդիների վրայ, նրանց վզին ձգուած է այլեւս «օտար գայթակղութիւններու ոսկեշղթան». «Բայց մենք որ մեր հայու իսկութիւնը պահելու գերագոյն պատերազմը կը մղենք, մենք որ իբրեւ մարդ ապրելու եւ կեանքէն հաճոյք զգալու համար իբրեւ հայ կ՛ուզենք շնչել, ընդունեցէք որ իրական ողբերգութիւններու առջեւ կը գտնուինք յաճախ: Ողբերգութիւնը հայ հօր, որ իր զաւակի աչքերուն մէջ կը նայի եւ հոն չի գտներ ինքզինք՝ իր հոգիին հայեցի պատկերով», գրում է Մուշեղ Իշխանը:
Դեռ 1936թ. հրատարակուած «Տուներու Երգը» ժողովածուում Մուշեղ Իշխանը՝ իբրեւ եղեռնապուրծ հայութեան նոր աղօթք, հնչեցրեց իր յայտնագործութիւնը, թէ.
Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն,
Ուր կը մտնէ ամէն հայ, իբրեւ տանտէր հարազատ…
Հոն է միայն, որ կրնայ գտնել ամէն հայ կրկին
Խաժամուժին մէջ օտար կորսնցուցած իր հոգին:
Անչափելի կորուստների մեծ մխիթարութիւն: Ու միթէ՞, միթէ՞ աշխարհասփիւռ տնաւեր լաճերն իրենք իրենց ձեռքով պիտի աւերեն վիրտուալ, Հոգեւոր Հայաստանի միակ ու վերջին ամրոցը, տաճարը, տունը՝ Մայրենին: Իւրաքանչիւր հայ, որ մոռացութեան է մատնում մայրենի լեզուն, մի քար է պոկում ազգային ամրոցի, հայրենի տան պատից: Նա, ով զրկում է իր զաւակներին հայերէնից՝ քարը հանում է գոյութեան Հիմքից. այսպիսին է ազգի գոյաբանութեան՝ Մուշեղ Իշխանի կենսափիլիսոփայութիւնը:
Սակայն ուծացման բանաստեղծական տագնապի բարձրակէտը եղաւ նրա «Արեւամար» ժողովածուն՝ տեղահան արուած, բնաւեր հայի ողբերգութեան մատեանը: 1986թ. լոյս տեսած այս ժողովածուն բաղկացած է բանաստեղծութիւնների Ա. եւ Բ. շարքերից: Առաջին շարքում ընդգրկուած են պանդխտութեանն ու նրա հետեւանքներին առնչուող ե՛ւ քնարական, ե՛ւ էպիկական պատումներով բանաստեղծութիւններ: Երկրորդ շարքը կազմող բանաստեղծութիւնները՝ մահուանը դէմ յանդիման կանգնած բանաստեղծի փիլիսոփայական խոհերն ու բարդ, դրամատիկ ապրումներն են արտացոլում: Բանաստեղծական տագնապ ու ահազանգ է այս ժողովածուն. իր եւ իր սերնդի «արեւամարը» միթէ՞ հայի «արեւամարն» է օտարութեան մէջ:
Դարասկզբին հայկական ջարդերից նորովի սկիզբ առած պանդխտութեան կործանարար բնոյթն իրենց հոգու խորքում զգացին նախ՝ բանաստեղծները: Սիամանթօն հնչեցրեց իր «Հայրենի Հրաւէր»ը, Վարուժանը մորմոքուեց հիւանդ ու մեռնող պանդուխտի կարօտով, Ռուբէն Սեւակը դարձեալ դիմեց մեր պանդխտութեան վկային. «Կռո՜ւնկ, կռո՜ւնկ, ամէն աշխարհի անկիւններէ, ամէն սրտի խորշերէ քանի՜ ծանր լուրեր կապեցին քու թեւերուդ, կռո՜ւնկ, թեւաւոր հառաչ, որ կրնա՜ս թռչիլ»: Երբ Հայոց Մեծ Եղեռնի վերջին վկաների «արեւամարն» էր մօտենում, դարավերջին, մեր մեծ ցաւի, պանդխտութեան նոր յեղեղատների ակունքի մօտ կանգնած Սփիւռքի հայ բանաստեղծը՝ Մուշեղ Իշխանն է դիմում կռունկին:
Աւա՜ղ, օտար աշխարհի կռունկն անտարբեր է, պանդուխտն՝ անյոյս.
Ինչպէ՞ս իմ հոգիս ձայն տայ հիմա քեզ՝
«Կռունկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս»:
Դուն ո՛չ մէկ խապրիկ ունիս ինձ տալիք,
Ո՛չ մէկ աւետիս ունիս տանելիք…
Եթէ դարասկզբին երկրի ու ժողովրդի գոյութեան հարցականը մարմրում էր բանաստեղծների մահուան տեսիլներում, «Միթէ՞ Վերջին…» ողբերգական հարցը դարակէսին հնչեց Սփիւռքում: Տարագիր բանաստեղծի՝ Մուշեղ Իշխանի շուրթերին ազգի, հայի գոյութեան դիլեման (երկընտրանքը-Խմբ.) դառնում է սգերգ, մորմոք.
Հայը կ՛արիւնի,
Հայը կը հալի…
Երկրի երեսին գնա ու գնա,
Սփիւռքը վկայ,
Հայ կայ ու չկայ…
Աշխարհի ամենակուլ խառնարաններում, պատմութեան նոր քառուղիներում Չարենցի բնորոշմամբ «անղեկ, ցաքուցրիւ, անգաղափար» կրկին տառապում է հայը՝ անհանգրուան, անհող ու վտարանդի: «Հօտ Կորուսեալ» բանաստեղծութիւնը պարզապէս ողբերգական մարգարէութիւն է.
Ճամբաներուն մէջ մոլոր
Փուշ ու տատասկ բազմազգի
Կ՛առնեն կտոր առ կտոր
Գեղմն իր արծաթ ու ոսկի…
Հայ ոգու ու մշակոյթի պահպանմանն իր կեանքը նուիրաբերած բանաստեղծը հեռաւոր ճամբաների վրայ կանգնած, անդարմանելի կսկիծ է ապրում՝ նայելով չուող նորանոր երամներին.
Հայու որդուոց տարագիր
Ճամբան չունի հանգրուան.
Մոռցած երդիք ու երկիր՝
Անոնք կ՛երթան ու կերթան…
Եթէ իր առաջին՝ «Տուներու Երգը» ժողովածուում Մուշեղ Իշխանը կերտում է տարագիր հայի ոգու տունը եւ հաւատում է, որ այդ տան օջախը վառ է մնալու, ապա վերջին ժողովածուում՝ «Արեւամարում», բանաստեղծը, ասես, ողբում է այդ տան աւերակների մօտ, որի կողքին բարձրանում են «սուտ տաճարները»:
Ի. դարավերջն էր, եւ Սփիւռքի անծայր տարածութեան մէջ նօսրանում էին Եղեռնից փրկուածների շարքերը: Օտար միջավայրի ու բարքերի ազդեցութեամբ սերնդափոխութիւնը գնալով աւելի դժուար էր ընթանում, ողբերգական տարերքի նման այն ոչնչացնում ու տրորում էր ազգային նուիրական արժէքները: Նոր սերնդի յարմարուողականութիւնն ու օտար բարքերին, մտածողութեանը մերձենալը գուցէ եւ ինչ որ տեղ վերելք կամ ձեռքբերում էր համընդհանուր գոյապայքարում, բայց հայրերի ու զաւակների մէջ գոյացրեց անդունդ, որը ծեր, մեռնող հայրերը սկսեցին լցնել կորստեան ցաւ ու ափսոսի մի նոր ողբով: Միթէ՞ վերադարձի դռները փակուելու են ընդմիշտ, եւ միթէ՞ դրանք փակելու են անտարբեր, օտարալեզու ու յուսալքուած որդիները:
«Չմնաց» բանաստեղծութիւնը, ասես, աստուածաշնչեան «Ունայնութիւն Ունայնութեանց»ը հնչեցնում է նոր իմաստով ու նոր հնչերանգով, նոր աշխարհընկալմամբ: Նրա համար անիմաստ ու դատարկ է կեանքն այլեւս. դողդոջ ծերունիներն ու մամիկները մէկ առ մէկ յանձնուեցին հողին, նորաբաց արեւի տակ «պանդուխտի ախ չմնաց», որքան արագ խլեցին մեր արտ ու դաշտերի ծաղկած երազը ու «կարօտի կանչ չմնաց», մեր հողը խունկ էր ու աղբիւրների ջուրը՝ դեղ, բայց գերուած հոգիներում «աղբիւրի ձայն չմնաց», «արցունք ու ցաւ չմնաց»՝ բաց վէրքերի համար.
Ինչ որ լոյս էր՝ դարձաւ մութ,
Ինչ որ յուշ էր՝ եղաւ սուտ…
Առատ գինի, առատ հաց,
Ալ ափսոսանք չմնաց…
Մենակ են նրանք, լքուած կամ չհասկացուած այդ ծերերը, որ օրօրոցում Եղեռն տեսան ու իրենց տարագիր կեանքն ապրեցին նաւաբեկեալի պէս՝ փրփուրներից կառչելով: Մէկ-մէկ հեռանում են կեանքից, հեռանում են այն ցաւալի գիտակցութեամբ, որ դեռ պարտքն անկատար է, կամքն անտեսուած, ծնող-հողը՝ գերութեան մէջ, ու նոր սերունդը՝ արմատին անծանօթ, քնած է մոռացութեան խորը քնով, երբ ամէն հայի յարկի տակ, հաց ու գինով առատ սեղանների վրայ, «քոքաքոլա»ի բաժակների մէջ խեղդւում է Մասիսից «փրթած կտոր մը կարօտ», երբ՝
Խաչքարեր ծաղկող հայ հոգին անծիր
Շուար, մոլորուն,
Կ՛երթայ ծովէ ծով ու երկրէ երկիր
Նոր տեսիլքներու կարօտով թաքուն…
Քնարական հերոսին՝ տարագիր պանդուխտին, դեռ աւելի ուժեղ հարուածներ են սպասւում, նրա թոռնիկի՝ «սիրական ձագուկ»ի շուրթերից ընկնում ու փշրւում են հայերէն «ոգեվար բառերը»: Ինչպէ՞ս նրա մէջ արթնացնի նախնեաց ոգին, արեան կանչը, եւ ծերունին երգում է Կոմիտասի երգերը՝ «Կռունկ», «Գարուն ա», «Ծիրանի Ծառ» ու սիրտ խոցող պատասխան՝ եաթաղանի հարուածից էլ ուժեղ
(«Ես չեմ սիրէր Կոմիտաս»).
Ըսաւ՝ «Պապի՛, կը մոռնա՞ս,
Ես չեմ սիրեր Կոմիտաս,
Ես կը սիրեմ ռոքըն ռոլ,
Երգիչներու թագաւոր
Կրակ ու բոց կեանքով լի
Կ՛ուզեմ Էլվիս Փրեսլի…»:
Եւ բանաստեղծի վիրաւոր հոգուց յորդում է իմաստուն պատգամը, որը ե՛ւ խորհուրդ է, ե՛ւ խրատ, ե՛ւ կտակ, ե՛ւ, վերջապէս, անհերքելի ու յաւիտենական ճշմարտութիւն. ուրիշի հողի վրայ շինած տունը «հող է միայն, քար ու կիր», տնկած ծառը չի տայ կեանքի հովանին, վառած լոյսը՝ «ցնորք է լոկ ոսկեծիր», սէրը՝ չի տաքացնում հոգին.
Եւ հողին մէջ ուրիշին
Քու ոսկորներդ անտէր
Ցուրտէն յաւէտ կը մսին…
Մուշեղ Իշխանի ստեղծագործութիւններն ի սկզբանէ հարազատօրէն արտացոլում էին Սփիւռքի իր սերնդակիցների զգացմունքներն ու երազները: Եւ նրա ցաւագին կարապի երգը, նրա ապրած ողբերգութեան վերջին արարը՝ «Արեւամարը» բանաստեղծի ներաշխարհում հաւատի ու յուսալքման վերջին կռիւն էր, ազգային ինքնութեան, լեզուի կորստի դէմ նրա վերջին բողոքը:
Սփիւռքահայութեան ձուլման, ուծացման տագնապը դրսեւորուել է նաեւ Մուշեղ Իշխանի դրամատիկական ստեղծագործութիւններում՝ «Մեռնիլը Որքան Դժուար Է», «Կիլիկիոյ Արքան», «Պարոյր Հայկազն Եւ Մովսէս Խորենացի» թատերգութիւններում: Ազգային արժէքների եւ ինքնութեան պահապան սփիւռքահայի իր կենսափիլիսոփայութիւնն առաւել արտայայտիչ նա արտացոլել է «Պարոյր Հայկազն Եւ Մովսէս Խորենացի» թատերախաղի վերջին արարում, որտեղ հովեկների խմբավարի շուրթերից սփիւռքահայ բանաստեղծը հն-չեցնում է հայ ժողովրդի իրական արժէքների, նրա մշակոյթի յաւէրժութեան գոյաբանութիւնը. ի՞նչ է մնացել բոլոր այն հայորդիներից, որոնք իրենց հանճարի լոյսը օտարին են տուել: Ի՞նչ է մնացել բիւզանդական գահին ծառայած հայ գործիչներից եւ Պարոյր Հայկազնի նման հանճարեղ ճարտասանից, որի մասին շատերը նոյնիսկ չեն լսել: Հռոմում նա վայելում էր տիեզերական հռչակ, այնտեղ կանգնեցրել էին նրա արձանը: Օտարը խլեց նրա ամբողջ ունեցածը՝ ե՛ւ հանճարը, ե՛ւ հոգին: Մեր պատմագիրներից ոչ ոք չի խօսում նրա մասին: Պարոյրը պարզապէս դարձաւ Պրոսերիոս. «Եւ որովհետեւ նրա արձանը իրեն պատուանդան չունեցաւ հայ ազգի սիրտը, տապալուեց, փոշիացաւ, եւ անհետացաւ Հռոմի փլատակների տակ: Մինչդեռ, տեսնո՞ւմ էք, դարեր է նուաճել համեստ մի հայ վանական՝ Մովսէս Խորենացի, որ իր կեանքը եւ հանճարը նուիրաբերեց հարազատ ժողովրդին: Տասնհինգ դարերի անցեալից շարունակում է հնչել նրա ձայնը: Մտիկ ըրէք ձեր հոգիներու մէջ…»:
Այս պատմական թատերախաղում Պարոյրի կերպարն իր մէջ մարմնաւորում է բոլոր նրանց, ովքեր մերժում են իրենց ծագումը, չեն գիտակցում կամ ընդունում իրենց ազգային ինքնութիւնը, ապրում են միայն յանուն փառքի ու անձնական բարեկեցութեան: Սակայն պատմութիւնը, մարդկային յիշողութիւնն արձանագրում է փառասէր այդ մարդկանց համար ամենադաժան դատավճիռը՝ մոռացում:
Փոխարէնը Սփիւռքի հայապահպանութեան նուիրեալը՝ Մուշեղ Իշխանը, ազգային գաղափարաբանութեան հիմքում որպէս օրինակ դնում է նրբազգաց պատմիչի՝ Մովսէս Խորենացու կերպարը: Քերթողահայրը ուղենշում է նեղ ու դժուարին ճանապարհը, որը, սակայն, տանում է դէպի սեփական անցեալի ճշմարիտ արժեւորում եւ այն Հայաստանը, որտեղ կը կառավարեն իմաստասէր ու ազգանուէր այրերը:
Բանաստեղծը խորապէս գիտակցում է, որ Սփիւռքը բարդ, յարահոս ու անճանաչելի, բազմաշերտ եւ բազմադէմ իրողութիւն է: Բայց «Ի՞նչ ըրաւ Սփիւռքը իր բանաստեղծութեան: Ինք ի՞նչ ըրաւ Սփիւռքին: Ի՞նչ է իր գործին պատմական կարեւորութիւնը, որուն մէջ է որ կ՛ապահովուի բանաստեղծի մը յարատեւութիւնը: Մուշեղ Իշխանի պատմութիւնը իր ժամանակի պատմութիւնն է… եւ այդ ժամանակը չկրնար հասկցուիլ առանց իրեն», գրում է սփիւռքահայ բանաստեղծուհի Վեհանոյշ Թէքեանը:
Այս Էջը Կը Հովանաւորեն
ԱՆԻ ՆՈՒՐԵԱՆ ԱԼԵՔՍԱՆՏՐ
ՎԱՀԷ ԵՒ ՆՈՐԱ ԵԱԳՈՒՊԵԱՆՆԵՐ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԵՒ ՎԻՔԹՈՐԻԱ ՄԱՆՈՒԿԵԱՆՆԵՐ
ՍԵՐՈԲ ԵՒ ՆՈՐԱ ՍԵՐՈԲԵԱՆՆԵՐ