Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ՆՈՐ ԳԻՐՔԵՐ-Պատմուածքներ՝ Օբսիդիանի Երկրից

$
0
0

Ս. ՂԱՐԻԲԵԱՆ
Բան. Գիտ. Թեկնածու

Լոյս է տեսել ՀՀ Գիտութեան եւ կրթութեան նախկին աշխատակից (երիտասարդ մասնագէտների պլանաւորման եւ բախշման բաժնի պետ), արձակագիր, հրապարակախօս Ռոբերտ Յարութիւնեանի «Երկնկաթ Օբսիդիան» գիրքը, որը հասցէագրուած է այսօրուայ սերնդին:
Ամէն մի հայ մարդ, առաւել եւս մտաւորական, իր մտքերը, խոհերը եւ յոյզերն ունի եւ դիտարկում է մեր ժողովրդի պատմութեան անցած կնճռոտ էջերը: Ներկայացուող գրքում հեղինակը, վերլուծելով հայ ժողովրդի համար առաւելապէս դաժան 20րդ դարի երեք ժամանակահատուած՝ Մեծ Եղեռն, Հայաստանի խորհրդայնացում, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան ստեղծում, փորձել է գեղարուեստական ստեղծագործութեան միջոցով արտայայտել իր դիրքորոշումը այդ իրադարձութիւնների հանդէպ:
Քսաներորդ դարում ապրելով մօտ կէս դար, հեղինակը՝ Ռոբերտ Յարութիւնեանը ցանկացել է իր այս գրքում արտացոլել այն սոցիալական, բարոյահոգեբանական փոփոխութիւնները, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի կեանքում, հայ իրականութեան մէջ՝ նախորդ, արիւնալի դարում: Գրքում զետեղուած է երեք պատմուածք, որոնցից ամէն մէկը նուիրուած է քսաներորդ դարի մէկ ժամանակահատուածի, որն առաւել մեծ ազդեցութիւն եւ ներգործութիւն է ունեցել հայ մարդու հոգեբանութեան վրայ:
Երեք տարբեր ժամանակահատուածներ, տարբեր պատմական իրադարձութիւններ են ներառուած գրքի մէջ՝ Մեծ Եղեռն ու գաղթ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեան ստեղծում ու փլուզում, յետխորհրդային ժամանակահատուած՝ Հայաստանի անկախ հանրապետութեան հռչակում եւ նրա պետաիրաւական ու սոցիալ-տնտեսական համակարգերի ձեւաւորում:
«Երկնկաթ Օբսիդիան» գրքում ամփոփուած երեք պատմուածքների աշխարհագրութիւնն ընդ-գրկում է զգալի տարածքներ՝ Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Ամերիկայի Միացեալ Նահանգներ: Պատմուածքները տարբեր են թէ՛ իրենց բնոյթով, միջավայրով, թէ՛ բարոյահոգեբանական մթնոլորտով, սակայն նրանց միաւորում է մէկ ընդհանուր գաղափար՝ հայրենասիրութիւնը: Հեղինակին յուզում են հայ մարդու ապագան, նոր սերնդի դաստիարակման եւ հայ ընտանիքի պահպանման խնդիրները: Գրքում վերարծարծուած եւ վերլուծուած են շատ կարեւոր եւ լուրջ խնդիրներ, որոնք ներառում են ամենօրեայ՝ պետութիւն եւ քաղաքացի, ընտանիք եւ բարեկամ, հիւր եւ հարեւան, բազմակողմանի ու բարդ յարաբերութիւնները: Կարեւորելով մարդասիրութեան եւ հայրենասիրութեան գաղափարները՝ հեղինակը շեշտադրում է, որ դրանք հայ մարդուն բնորոշ յատկանիշներ են: Հայի նկարագիրն ամբողջացնելու համար հեղինակը մեծ տեղ է յատկացրել կանանց կերպարին՝ գտնելով, որ ընտանիքի հիմնաքարը կինն է, ով պէտք է պահի եւ պահպանի մեր ազգի հոգեւոր-մշակութային արժէքներն ու ընտանեկան աւանդոյթները:
Գրքի կարեւոր արժանիքներից մէկն էլ այն է, որ պատմուածքները ուղղակիօրէն եւ նուրբ ձեւով ազդում են ընթերցողի մտային եւ յուզական կենտրոնների վրայ:
Ընթերցողը արագ եւ աննկատ ընկղմւում է պատմուածքում տեղի ունեցող իրադարձութիւնների մէջ, դառնում նրա անմիջական մասնակիցը, ինչը շարունակ կլանուած ու լարուած է պահում ընթերցողին: Իւրաքանչիւր պատ-մուածքը ընթերցելիս նա կա՛մ յուզմունքի պահեր է ապրում, կա՛մ կենտրոնանում, խորասուզւում է մտաւոր, փիլիսոփայական վերլուծութիւնների մէջ, որոնք վերացական չեն, այլ ունեն յատուկ խորհուրդ եւ գործնական կիրառութիւն:
Պատմուածքներն հաճոյքով եւ հետաքրքրութեամբ են ընթերցւում՝ շնորհիւ հեղինակի անզուգական, բարի, «ժողովրդական» հումորի եւ պարզ, կենցաղային (ոչ ակադեմիական) լեզուային ոճի:
Ամենահետաքրքիրն այն է, որ իւրաքանչիւր պատմուածք կարդալուց յետոյ ընթերցողի մօտ մնում է մէկ բարի զգացողութիւն, ցանկութիւն՝ վերյիշելու ինչ որ դրուագ կամ երկխօսութիւն, նորից ու նորից վերլուծելու կարդացածը:
«Երկնկաթ Օբսիդիան»ը գիրք է գիտութեան եւ տեխնիկայի զարգացման առումով առաջադէմ քսաներորդ դարում ապրող հայ մարդու, հայ իրականութեան, ամենադաժան մարդկային յարաբերութիւնների (մարդային կորուստների) մասին: «Երկնկաթ Օբսիդիան»ը հէնց մենք ենք՝ հայերս, որ Աստծու կամքով ու որոշմամբ «հանգրուանել» ենք այս լեռնային տարածքում եւ ստեղծել մեր աշխարհը՝ Հայկականը: Եւ մեր անցած ողջ պատմական ժամանակաշրջանից առ այսօր շարունակում ենք պայքարել մեր ամենաառաջնային ու ամենակարեւոր մարդկային իրաւունքի համար՝ ապրել եւ ստեղծագործել մեր պատմական հայրենիքում:
Արձակագիր Ռոբերտ Յարութիւնեանի «Երկնկաթ Օբսիդիան» գիրքը հասցէագրուած է այսօրուայ սերնդին եւ արժեւորւում է նրանով, որ հեղինակը հերոսների միջոցով պատգամում է վերադառնալ մեր պատմական ազգային արմատներին՝ վերակերտել հայ ընտանիքի աւանդոյթները, պահպանել հիւրասիրութեան, հիւրընկալութեան, վարուելակերպի, դաստիարակութեան կանոնները:
Այս գիրքը ոչ թէ էքսկուրս (զբօսապտոյտ-Խմբ.) է դէպի այդ պատմական ժամանակահատուած, անցածի հանդէպ կարօտախտ է ներկայումս Ամերիկայում ապրող հայ մտաւորականի, «Երկնկաթ Օբսիդիան»ը գիրք-մտահոգութիւն է, գիրք-խորհուրդ, նախազգուշացում նոր սերնդին՝ կանխելու այն սխալները, որոնք կարող են անդարձելի՝ ճակատագրական դառնալ:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles