Գրականագէտ Յովիկ Չարխչեան ֆէյսբուքեան իր էջում պատմել է, թէ ինչպէս Թումանեանի որդին գողացաւ նրա սիրտը եւ ինչպէս տարիներ անց միայն կատարուեց Ամենայն Հայոց բանաստեղծի փափաքը:
«1923թ. Ապրիլի 15ին Յովհաննէս Թումանեանին յուղարկաւորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտէին: Բանն այն է, որ դեռ Մոսկուայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին՝ Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն յանձնել Թումանեանի սիրտը:
Եղբօրը՝ Համլիկին ուղղուած նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացայ: Ճիշդ ա, պէտք է շատ յանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պէտք է շատ իրեն կորցնել, որ մօտ գալ, բայց իմ սիրտը չդիմացաւ: Գողացայ: Գուցէ մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հօր սիրտը լինի մեր տանը: Ճիշդ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մէջ ա, եւ հայրիկի սիրտը պէտք է մեր տանը լինի…»:
Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մէջ: Բայց մի անգամ Թումանեանների տուն այցի եկաւ Աւետիք Իսահակեանը: Ուշ ժամ էր, եւ նա մնաց գիշերելու: Որպէս հարազատ հիւր, նրան օթեւան տուեցին Թումանեանի առանձնասենեակում: Երբ լոյսը բացուեց, տանտէրերը նկատեցին, որ Իսահակեանը չափազանց անհանգիստ էր: Յետոյ վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքնութեան պատճառը եղել է Թումանեանի սրտի ներկայութիւնը: Այդ դէպքից յետոյ բանաստեղծի սիրտը տեղափոխուեց Երեւանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:
Միայն 1994 թուականին ի կատար ածուեց Թումանեանի փափաքը: Նրա սիրտը հողին յանձնեցին հայրական տան բակում: Եւ հողը կարօտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր եւ Արարատը մեր նոր քերթութեան», գրել է գրականագէտը:
Նա նաեւ տեղադրել է Յովհաննէս Թումանեանի տուն-թանգարանի լուսանկարը՝ բացումից յետոյ: