Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Համօ Սահեանի Անձն Ու Արժէքը՝ Անոր Հարազատներու Յիշատակներուն Ընդմէջէն

$
0
0

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «Հանգիստ բնաւորութիւն ունէր, լուռ էր, ինքնամփոփ, սիրտը ընկերների մօտ էր բացում»: Այս խօսքերով հայ մեծանուն բանաստեղծ Համօ Սահեանի որդին՝ Նայիրի Սահեանը բնորոշեց իր հայրը։ Լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին ան դիտել տուաւ, որ արդէն 20 տարի է, որ հայրը կենդանի չէ, ինչ որ իրեն մեծ ցաւ կը պատճառէ: Բանաստեղծին ժառանգորդը ժպիտով կը յիշէ հօր եւ Պարոյր Սեւակի հանդիպումները իրենց տան մէջ: «Շատ լաւ յիշողութիւններ ունեմ, երբ գիշերներն իրար հետ նստում էին, եւ այդ զրոյցները դասընթաց էին հասարակ մարդու համար: Երկուսն էլ խոր, շատ խոր էին: Սեւակը բառի լաւ իմաստով «խելագար» էր, եւ մէկ-մէկ պայթում էր եւ գիշերը մինչեւ ժամը երեքը բարձր-բարձր բղաւում էին, մինչ առաւօտ զրուցում: Այդ ջերմութիւնը մինչեւ հիմա զգում եմ, բախտս բերել է», պատմեց Նայիրի Սահեան:
Անոր համաձայն՝ ի տարբերութիւն Սեւակի, հայրը աւելի լուռ էր, քիչ կը խօսէր: «Նրա կողքին լինելն արդէն ե՛ւ խորհուրդ էր, ե՛ւ դաստիարակութիւն: Իր կեցուածքը, աուրան, ոչ միայն ինձ, այլեւ հազարաւոր մարդկանց էր պարուրում, այդպիսին էր ծնուել այդ մարդը», կը յիշէ բանաստեղծի որդին: Պատասխանելով այն հարցումին, թէ արդեօք փորձա՞ծ է գրել, ան նշեց, որ արդէն լոյս տեսած են իր գործերու երկու գրքոյկներ, որոնց հրատարակման գծով ինք խորհրդակցած է շատերու հետ, որպէսզի ոչ մէկ բիծ ձգէ հօր անուան վրայ: «Մի անգամ փոքր երեխայ էի, մայրիկիս կարդացի, նա ասաց. «Հօրդ կարդա՛»: Կարդացի, հայրս լռեց, ծխեց, յետոյ ասաց. «Էլ մի գրի», յիշեց Նայիրի Սահեան, որուն կարծիքով՝ այսօր բաւական քայլերու կը ձեռնարկուի Սահեանի թողած ժառանգութիւնը սերունդներուն հասանելի դարձնելու ուղղութեամբ, սակայն անհրաժեշտ է, որ սերունդը ատիկա փափաքի:
«Շչորս Դաւթեանը մեծ աշխատանք է անում Սահեանի արուեստի պահպանման եւ պրոպագանդման ուղղութեամբ: Ժողովուրդն ինքը պէտք է ձգտի, ինքը պէտք է կարդայ, եթէ ձգտում չլինի, գրականութիւնն այն բանը չէ, որ զօրով ստիպես, որ կարդան: Առաւել եւս կարդան եւ խորը ընկալեն», աւելցուց Սահեանի ժառանգորդը:
Հայ ականաւոր բանաստեղծ Համօ Սահեանի 100ամեակին նուիրուած յոբելեանական նախաձեռնութիւնները ընթացք առին բանաստեղծին ծննդեան օրը՝ 14 Ապրիլին, Կոմիտասի անուան պանթէոնին մէջ՝ բանաստեղծին շիրիմին ծաղկեպսակի զետեղման եւ յարգանքի տուրքի մատուցման արարողութեամբ:
Սահեանի անունը կրող Երեւանի թիւ 70 դպրոցի աշակերտներու ասմունքին, ընկերներու ու հարազատներու յուշերն ու մեծարման խօսքերուն շնորհիւ պանթէոնը իսկապէս ողողուած էր սահեանական շունչով:
Այս առիթով արտասանած իր խօսքին մէջ Հայաստանի Գրողներու միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեան ընդգծեց, որ Սահեան մեր ժամանակներու հրաշալի բանաստեղծներէն մէկն է: «Համօ Սահեանը ծնուել էր Լոր գիւղում, շատ տարիներ ապրել է Բաքւում, յետոյ՝ Երեւանում: Կարելի է ասել՝ շատ դառնութիւններ է տեսել, բայց նրա պօէզիայում այդ դառնութիւնները վերածուել են բնութեան երգերի՝ հրաշալի պայծառ, շողշողուն վիճակները, մարդկային փոխյարաբերութիւնների մաքուր եզերքները տեսնելով», դիտել տուաւ Միլիտոնեան, որուն գնահատմամբ, մեծանուն բանաստեղծին բանաստեղծութիւնը ամբողջովին կը շնչէ մարդու եւ բնութեան միասնականութեամբ:
«Պատահական չէ, որ մահից յետոյ տարիներ անց էլ նրա բանաստեղծութիւններն այսօր շատ կենդանի են, թրթռուն են, հնչում են մարդկանց շուրթերին: Երբ նրա հետ հանդիպում էի, ինքը կարծես 100 տարեկան լինէր, ծեր: Իրականում կարող է 60 տարեկան լինէր, բայց նոյնքան ծեր էր թւում, սակայն այդ ծերութիւնը ոչ թէ տարիքի, այլ խոհուն հոգու, ձորերի, լեռների, բարձունքների խորութիւնը ասես լիներ», յայտնեց Միլիտոնեան՝ աւելցնելով, որ Սահեան ոչ միայն բանաստեղծ էր, այլ նաեւ փիլիսոփայ, բարեկամ, մթնոլորտ ստեղծող:
«Ես ուզում եմ բոլորիս շնորհաւորել այս մեծ տօնի առթիւ: Համօ Սահեանի 100ամեակը տօն է ոչ միայն իր ընկերների, գրողների, այլեւ ամբողջ հայ ժողովրդի համար: Ես բախտ եմ ունեցել Համօ Սահեանի հետ ընկեր լինելու 25 տարուց աւելի: Այս մասին նոյնիսկ աշխատութիւն եմ գրել: Այդ ընթացքում կարողացել եմ նրա հոգին պեղել ինչ-որ չափով», յայտնեց «Համօ Սահեան» գիտամշակութային կեդրոնի նախագահ Շչորս Դաւթեան:
Արցախի Գրողներու միութեան նախագահ Վարդան Յակոբեան, որ ճանչցած եւ մտերիմ եղած է Սահեանին՝ նշեց, որ այս բոլորը կը վկայեն մեծ բանաստեղծին անմահութեան մասին: «Մեզանից իւրաքանչիւրի մէջ մշտապէս թրթռում են Համօ Սահեանի տողն ու բառը, բայց Համօ Սահեան երեւոյթի տիեզերական առեղծուածը մեր իրականութեան մէջ մինչեւ այսօր դեռ մնում է չբացուած», յայտնած է Յակոբեան: Անոր համաձայն՝ Համօ Սահեանի բանաստեղծութիւնը անկրկնելի է ու եզակի, եւ Արցախի մէջ եւս զայն կը սիրեն ու կ՛արժեւորեն։ «2014 թուականը Արցախի գրողների միութեան կողմից յայտարարուել է սահեանական պոէզիայի տարի», յայտնեց Արցախի Գրողներու միութեան նախագահը։


ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՈՒԻ
Իմ մահով ոչինչ չի փոխուի կեանքում,
Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-
Մի լոյս կը մարի հինգերորդ յարկում,
Կը մթնեն մի պահ աչքերը քո ջինջ:

Բայց հաւքերն էլի հարաւ կը չուեն,
Մանուկներն էլի կը խաղան բակում,
Կանաչներն էլի ցօղով կը թրջուեն,
Ծաղիկներն էլի կը շնչեն մարգում:

Կը վառուի լոյսը հինգերորդ յարկում,
Կը ժպտան նորից աչքերը քո ջինջ,
Իմ մահով ոչինչ չի փոխուի կեանքում,
Եւ չի պակասի աշխարհում ոչինչ:

Ամէն Առաւօտ
Ամէն առաւօտ յուշերս նորից
Ինձ տանում են այն զմրուխտէ հեռուն,
Ուր իմ մանկութեան ոտնատեղերից
Անձրեւաջուր է խմում եղջերուն:

Ինձ այն ծաղկաբոյր լեռներն են տանում
Այն բարձունքներն են ինձ տանում կրկին,
Ուր մարդն ամպերին վերից է նայում,
Վերից է նայում արծուի ճախրանքին:

Եւ այն տնակն են տանում ինձ դարձեալ,
Որոտանի մօտ, բարդու շուաքում,
Որտեղ հանգչում է մի համեստ անցեալ,
Եւ մի փառաւոր գալիք է ծաղկում:

Այն նուիրական տնակն են տանում,
Որ յետոյ այսքան, այսքան մեծացաւ,
Ինձ համար աշխարհ դարձաւ աշխարհում,
Եւ անեզրական հայրենիք դարձաւ:

Ախր Ես Ինչպէ՜ս Վեր Կենամ Գնամ
Ախր ես ինչպէ՜ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպէ՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ հայրէններ չկան,
Ախր ուրիշ տեղ հորովել չկայ,
Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկայ,
Ախր ուրիշ տեղ
Սեփական բախտից խռովել չկայ:
Ախր ես ինչպէ՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպէ՞ս ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մէջ այսքան օրհնութիւն չկայ,
Այսքան վաստակած յոգնութիւն չկայ,
Ախր ուրիշ տեղ ձիւնի մէջ՝ արեւ,
Եւ արեւի մէջ այսքան ձիւն չկայ:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած՝ ուսերով Արագած սարի
Ուսերին յենուած Սասնայ տուն չկայ:
Ախր ուրիշ տեղ
Ամէն մի քարից, առուից, ակօսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկութիւն չկայ…
Ախր ես ինչպէ՞ս վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպէ՞ս ուրիշ տեղ մնամ,
Ախր ես ինչպէ՞ս ապրեմ առանց ինձ:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles