ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Մութն էր պատել հայոց աշխարհին,
Եղեռն ու օրհաս՝ պարուրել նրան,
Փոթորիկները մռնչում էին,
Երկունք էր ապրում յոյսերի հսկան:
Պահերը հապճեպ խուսափում էին,
Հրանօթները՝ ոռնում մահերգանք,
Լեռների վրայ թափով անմեկին
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ:
Եւ քարէ մարդիկ, քարէ սրտերով,
Քարէ սրտերով ու կամքով քարէ,
Հայոց լեռներում կռանում էին
Կեանքի ու մահուն երգը մետաղէ…
Աշխարհանցում էր անծիր քաոսում,
Տարերքն էր փրթում անդունդ ու գագաթ,
Ընդերքից ժայթքած լաւա էր հոսում,
Դարեր կուտակուած հրաբուխ համակ…
Բախումը լաւի ու վատի զարզանդ
Անտեղիտալի վերջին գուպարում.
Ժողովուրդ ու հող ձուլուած անվկանդ
Յաղթական թափով էին վարարում…
Արարում էին ապրելու կորով,
Նուաճում էին ուժ ու իրաւունք.
Արեան, պողպատի, քարի շաղախով
Կեանքն էր կարկառւում բարձունքից բարձունք:
Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ,
Մետաղէ մի երգ հայոց լեռներում.
- Մերն է յաղթանակ, մե՛րն է յաղթանակ…
Հզօր Մասիսն էր ահեղ գոռերգում:
Շառագունուել էր ո՜ղջ հորիզոնը,
Արեւը ամպից դժուար էր ջոկւում.
Բայց լոյսն էր կոխում հայ երկնի զոնը,
Հայոց աշխարհին նարօտ էր կապում:
Մեր վոթած արեան կարմիրը շատ էր
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կարմիրը շատ է,
Մեր նուիրումի արիւնը սրբեղ:
Մեր կոփած երկնի կապոյտը շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի կապոյտը շատ է,
Մեր խորունկ հոգու երկինքը բիւրեղ:
Մեր հուր երկունքի ծիրանին շատ էր,
Ու փողփողում էր նարօտը գունեղ.
Մեր սուրբ նարօտի նարնջին շատ է,
Մեր յաւերժութեան ծիրանին շքեղ:
Հայրենատուր
Դու եղել ես մերը արեան իրաւունքով,
Ոչ այն արեան, որ մենք հեղել ենք քո համար,
Այլ այն արեան, որ դու լցրել ես մեր սիրտը,
Դարձրել մեր սիրտը անօթը քո արեան:
Մենք եղել ենք քոնը արեան իրաւունքով,
Ոչ այն արեան, որ դու զեղել ես մեր սիրտը,
Այլ այն արեան, որ մենք վայթել ենք քո համար,
Դարձրել սուրբ հողդ սկիհը մեր արեան:
Դու եղել ես մերը սիրոյ իրաւունքով,
Ոչ այն սիրոյ, որ մենք տածել ենք քո հանդէպ,
Այլ այն սիրոյ, որով հունցել ես մեր սիրտը,
Դարձրել մեր սիրտը խաղողը քո սիրոյ:
Մենք եղել ենք քոնը սիրոյ իրաւունքով,
Ոչ այն սիրոյ, որով շաղել ես մեր սիրտը,
Այլ այն սիրոյ, որ մենք թեղել ենք քո հանդէպ,
Դարձրել սուրբ հողդ հնձանը մեր սիրոյ:
Դու եղել ես մերը լեզուի իրաւունքով,
Ոչ այն լեզուի, որ մենք բարբառել ենք հպարտ,
Այլ այն լեզուի, որ դու դրել ես մեր լեզուին,
Դարձրել մեր լեզուն քնարը քո լեզուի:
Մենք եղել ենք քոնը լեզուի իրաւունքով,
Հէնց այն լեզուի, որ դու դրել ես մեր լեզուին,
Եւ այն լեզուի, որ մենք սաղմոսել ենք մաքուր,
Դարձրել սուրբ հողդ աղօթքը մեր լեզուի:
Դու եղել ես մերը արեան իրաւունքով,
Սիրոյ իրաւունքով, լեզուի իրաւունքով,
Եւ այն իրաւունքով, որ ընտրել ես դու մեզ,
Եւ այն իրաւունքով, որ ընտրել ենք մենք քեզ:
Ու այդ իրաւունքը՝ հայրենատուր պարգեւ,
Իրաւունքն է՝ հողի, պորտի ու պատմութեան,
Իրաւունքն է՝ մարդու, որդու եւ զարմութեան,
Արեան, սիրոյ, լեզուի զօրեղ հրիտակով:
Հայրենիք
Երկնի վրայ ես գրում եմ՝
Հայրենիք,
Բայց թխպում է,
Ամպն է պատում երկինքը…
Ամպի վրայ ես գրում եմ՝
Հայրենիք,
Անձրեւում է
Ու ցնդում է թուխ ամպ…
Ես գրում եմ հողի վրայ՝
Հայրենիք,
Բայց մնում է այն անհաղորդ, անբարիք:
Պայքարում եմ դարձնելու այն իմ տունը,
Մարտնչում եմ,
Քրտինք թափում,
Նոյնիսկ վոթում արիւնս,
Բայց մնում է նա անհաղորդ, անտարբեր,
Լոկ գրաւուած, արիւնլուիկ մի տարածք,
Չի բաբախում իմ սրտի հետ անձնուէր…
Ես կանգնում եմ հողի վրայ անսասան,
Տէր եմ կանգնում կեանք ու ցաւին զանազան,
Եսից դառնում մենք,
Դառնում ենք համակ ազգ,
Լեզու տալիս,
Ծաղկեցնում ենք մշակոյթ
Քաղաքակրթութիւն հիմնում մերանձնեայ…
Եւ ահա,
Հողը հաղորդւում է ինձնով ու մենքով,
Ջերմանում է մեր ազգութեամբ ու ոգով,
Վերաբերւում մեր արեանը ու գոյին,
Եւ դառնում է հայրենիք:
***
Հայոց Պատմութիւն
Երկիր իմ, սէր ու գգուանք,
Հայրենիք Հայկեան,
Հայկազնեան վսեմ սխրանք,
Արտաշէս, Տիգրան:
Երկիր իմ, Վահագնեան բոց,
Լոյս Նազովրեցու,
Մաշտոցեան գիր ու դպրոց,
Վէպ Խորենացու:
Երկիր իմ, մշակոյթի
Ոսկեդար ոստան,
Հաւատոյ հանգանակի
Զոհ Կարմիր Վարդան:
Երկիր իմ, յորդաների
Պատուար ու կոխան,
Մերթ հլու, մերթ ըմբոստի
Լեռնակոփ ծխան:
Երկիր իմ, ողբի օրօր,
Լլկուած կոյս ու ահ,
Եղեռնուած, նկուն, անզօր,
Կոտորած ու մահ…
Երկիր իմ, լափող կրակ,
Հայդուկ ու հերոս,
Ռազմի երգ, մոսին ու արկ,
Ճիգով արնահոս…
Երկիր իմ, Մայիսի Այգ,
Ծփանք եռագոյն,
Կարմիր ու կապոյտ երանգ,
Բոց նարնջագոյն:
Երկիր իմ, գժտուած ու խենթ,
Թիւրիմացութիւն,
Դաւադիր եղբօր վէս տենդ,
Չար մոլեգնութիւն…
Երկիր իմ, փակուած այգի,
Վարդերով բոսոր,
Մրճի կոփ, փայլ Մանգաղի,
Ու աստղ կարմարաւոր:
Երկիր իմ, աշխարհակոծ
Երկրաշարժ, աւար,
Մոլորուած գաղթ բազմահոծ,
Դատարկուող ամբար:
Երկիր իմ, շղթան բեկած,
Բայց շուար կրկին,
Արդարեւ, վերագտած
Եռագոյն ու հիմն:
Երկիր իմ, նոր կեանքի յոյս,
Երգ յաղթանակի,
Հայաստան, գագաթ ու լոյս,
Հանգրուան փառքի: