Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Քո Տունը՝ Աղաւնօ Գետի Ափին

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Արցախ այցելողները Բերձոր չհասած՝ Աղաւնօ գետի ձախ ափին, կարող են տեսնել նոր գիւղի շինարարութիւնը, որն իրականացնում է մի քանի տասնեակ սփիւռքահայերի «Արցախ ռութս ինվեսթմեն»չ ընկերութիւնը՝ Ստեփանակերտի իշխանութիւնների հետ համատեղ: Սեպտեմբերի վերջերին պատրաստ կը լինեն առաջին 50 բնակարանները, իսկ առաջիկայ մէկ-երկու տարիներին կը կառուցուեն եւս 100 բնակարաններ՝ նաեւ գետի աջ ափին:

Քաղաքատիպ աւանը կառուցւում է Աղաւնօ գիւղի տեղում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու հարեւանութեամբ: Գիւղապետ Միասնիկ Մաթեւոսեանը ասում է, որ Աղաւնօն լաւ, առաջաւոր գիւղ է, որտեղ ապրելը հաճելի է: «Գիւղը ազատագրուել է 1992 թուականին, հէնց այդ տարուանից այստեղ երկու-երեք ընտանիքներ են բնակւում, բայց հիմնադրումը եղել է 1994ին, շուտով կը նշենք հիմնադրման 20ամեակը: 150 նոր տների կառուցումից յետոյ, մեր պատկերացումով, Աղաւնօն քաղաքատիպ աւան է դառնալու», նշում է գիւղապետը:
Առաջին փուլի 50 բնակարանները կառուցելու նպատակով Արցախի կառավարութիւնը 2014թ. Յունուարին յայտարարեց մրցոյթ, որում յաղթեցին մի շարք շինարարական կազմակերպութիւններ: «Եւրաստրօ» ընկերութիւնը շահեց ամէնից շատ՝ 18 բնակարաններ կառուցելու մրցոյթը:
Սերժիկ Միրզոյեանը մրցոյթը շահած կապալառուներից է: «Յունուարի վերջերին շահեցինք մրցոյթը, 18 բնակարան ենք կառուցելու: Մրցոյթը շահելու օրուանից սկսել ենք աշխատանքները, սահմանուած ժամկէտում՝ Սեպտեմբերի վերջին, շահագործման կը յանձնենք բոլոր 18 բնակարանները: Աշխատողներ կան ե՛ւ Արցախից, ե՛ւ Հայաստանից: Ես վստահ ասում եմ, որ մեր 18 տները կառուցւում են ըստ նախագծի, եւ կառուցւում է որակով», ասում է Միրզոյեանը:
«Արցախ ռութս ինվեսթմեն»չ ընկերութեան հիմնադիր անդամներից Մելքոն Յակոբեանը այս տարուայ ընթացքում արդէն երկրորդ անգամ է այցելում Աղաւնօ՝ տեղում ծանօթանալու շինարարական աշխատանքներին: Գարնան այցելութեան ընթացքում Յակոբեանի հետ Աղաւնօ էին այցելել նաեւ ԱՌԻի ատենապետ Սուրէն Սարգիսեանը եւ ԱՌԻի հիմնադիր անդամներից Բենիամին Պչաքչեանն ու Բիւզանդ Գէորգեանը:
Սեպտեմբերի կէսերին մի քանի տասնեակ լիբանանահայ գործարարներ՝ «Արցախ ռութս ինվեսթմեն»չ ընկերութեան անդամներ, կ՛այցելեն Աղաւնօ: Հէնց այդ օրերին շահագործման կը յանձնուեն առաջին յիսուն բնակարանները:
«Եւրաստրօ» ընկերութեան գլխաւոր ինժեներ Տիգրան Աւանեսեանը ասում է, որ մրցոյթով շահած իրենց 18 բնակարանների շինարարութիւնը սկսել են Յունուար-Փետրուար ամսին, իսկ առաջիկայ շաբաթներին շինարարութիւնը կ՛աւարտեն: «Ցանկանում ենք, որ գիւղը լինի ժամանակակից, որպէսզի այստեղ ապրող մարդիկ իրենց քաղաքակրթութիւնից կտրուած չզգան: Շինարարութեան որակը պէտք է պահպանել, իւրաքանչիւր շինարարի համար դա պատուի հարց է: Շինարարութիւնն իրականացւում է հաստատուած նախագծի համաձայն եւ սէյսմակայուն է: Ձգտում ենք հնարաւորինս որակեալ շինանիւթեր օգտագործել», ասում է Աւանեսեանը:
Եւրոպական չափանիշների համապատասխան կառուցուող այս մոդել գիւղը կարեւոր խաչմերուկում է: Հէնց գիւղի հարեւանութեամբ է անցնում Գորիս-Ստեփանակերտ մայրուղին: Բացի այդ, գիւղի հարեւանութեամբ տեղակայուած է Արցախի գլխաւոր հսկիչ կէտը: Աղաւնօ գետի վրայ կառուցուել են հիդրոէլեկտրակայաններ, որոնցից մէկը բնակավայրին մօտ է: Այս ամէնը յուշում է, որ քաղաքատիպ աւան յիշեցնող այս գիւղում բնակուելու են ոչ միայն գիւղատնտեսութեամբ եւ անասնապահութեամբ զբաղուող մարդիկ, այլ նաեւ ինժեներներ եւ ծառայողներ, տարբեր այլ պաշտօնեաներ:
Գիւղապետ Մաթեւոսեանը կարծում է, որ Աղաւնօ գիւղում պէտք է ապրեն առաջին հերթին այսօրուայ բնակիչները: «Այստեղ պէտք է ապրեն նաեւ նրանք, ովքեր սիրում են այս տարածքները, ովքեր ուզում են, որ ազատագրուած տարածքները բնակելի դարձուեն», ասում է նա:
Նոր կառուցուող գիւղի բնակարանները ամառանոցներ չեն: Բնակավայրի կառուցումը վերաբնակեցման քաղաքականութեան մաս է կազմում: Արցախի կառավարութեան որոշումով՝ գիւղի մի քանի բնակարաններ կը տրամադրուեն վեց երեխայից աւելի ունեցող, ինչպէս նաեւ՝ նահատակուած ազատամարտիկների ընտանիքների: Իսկ մնացեալ բնակարանները պետութեան կողմից երկարաժամկէտ եւ ցած տոկոսներով տրամադրուելիք վարկերով կը ստանան այն ընտանիքները, որոնք վերաբնակուելու նպատակով ցանկութիւն ունեն հաստատուել կառուցուող աւանում:
Չնայած շինարարական աշխատանքները փոքր ինչ հետ են ընկել նախապէս համաձայնեցուած ժամանակացոյցից, սակայն «Արցախ ռութս ինվեսթմեն»չ ընկերութեան հիմնադիր անդամներից Մելքոն Յակոբեանը ասաց, որ ընդհանուր առմամբ, գոհ է եւ բաւարարուած:

Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles