Ռ. ԿՈՐԻՒՆ
Ձեռքիս հեռախօսը սովորական բարձրակոչ եղանակով ազդարարում է, լուսապատկերն եմ ստուգում. սա Անդրէի հեռախօսահամարն է, արտաբերում եմ մտքիս մէջ եւ պատասխանում.
– Հա, Անդրէ՛, բարի լոյս, ի՞նչ կայ:
– Այ ընկեր ջա՛ն, էսօր 4th of July ա, ԱՄՆի անկախութեան օրն է, ուրախութեան օր, Long weekend holiday է, ո՞ւր ես գտնւում էս րոպէիս.
– Տանն եմ, ի՞նչ կայ:
– Ինչո՞ւ ես տանը մնացել, միթէ չես իմանում այս օրերին շատեր ճամբորդութեան կամ զբօսանքի են գնում:
– Ինչ արած, դարձել եմ տան պահապան, քանի կինս տանն է, ես էլ տանը պիտի մնամ:
– Ուզում ես ասած լինել, որ տնից դուրս չես գալո՞ւ:
– Եթէ լաւ առաջարկ լինի, հաւանաբար մի ելք գտնեմ:
– Համաձայն օդերեւութաբանական տեղեկատուութեան այսօր տաք է լինելու, որոշել եմ ծովափ գնալ:
– Վատ չես ասում, մենա՞կ ես, թէ կնոջդ հետ:
– Մենակ եմ:
– Դեհ որ այդպէս է, թող որ կնոջս կամքն իմանամ, կարող է իմ ներկայութիւնը տանը կարեւոր է, չէ որ նրանք էլ սպասելիքներ ունեն արձակուրդ օրերին, տեսնեմ ինչ կ՛անեմ, ականջալուր եղիր հեռախօսիս:
Կինս արդէն լսել էր խօսակցութիւնը, առանց անհանգստանալու ասաց.
– Ա՛յ մարդ, չէ՛, գործ չունեմ, Անդրէին մենակ մի թողնի, միայն շուտ վերադարձէք:
Կինս երբ որեւէ բան սրտով չի լինում, լռում է մռութ արած՝ միգացած, որը անհամաձայնութեան նշան է, այսօր տարբեր ստացուեց: Կան կանայք, անշուշտ շատ քչերը, որոնք երբ ամուսնու արարքը իրենց կամքին հակառակ են գտնում, խռովում են՝ փոխանակ քաղցր ու մաղցր տրամադրութեամբ խնդիրը խօսելով լուծելու եւ պահելու ընտանիքի ջերմութիւնը, քաղցրութիւնը, որը թանկ է ամէն ինչից՝ անգնահատելի: Թող այդպիսի կանայք իմանան, որ խռովելով բան չի սարքուի: Խռովքի յաճախակի կրկնողութիւնը դառնում է բարդոյթ եւ պատճառ է դառնում յուզումների եւ փոթորկումների, աւարտը դժբախտութիւն, ինչպէս եթէ խմորը երկար մնայ, հաց թխել չի լինի, եթէ գինին քացախ կտրի, դժուար թէ խմելու լինի:
Զանգում եմ Անդրէին՝ ասելով.
– Անդրէ՛, գալիս եմ:
– Դե՛հ, հիմա որ էդպէս ա, պատրաստուիր, էս ա կը հասնեմ, ուտելիք-բան, ամէն ինչ պատրաստել եմ, միայն դու լողի յարմարանքով արի:
Ամերիկայի անկախութիւնը մեծ շուքով է տօնւում ամբողջ ԱՄՆում՝ պետական եւ ժողովրդական հանդիսութիւններ, զինուորական շքերթներ, հրավառութիւններ եւ այլն: Մեր ապրած Սանլանդ քաղաքում երեք տարբեր կենտրոններից օրուայ մթնշաղից սկսեալ կատարւում է հրավառութիւն, մէկը մեր տան մօտիկ դպրոցից է, ուր ընդարձակ սիզապատ բակում խուռներամ ընտանիքներ զբօսանքի յարմարանքով շտապում են տեղ գրաւել: Նուագախումբը երգերով ու պարեղանակներով տօնական հաճելի բարձր տրամադրութիւն է ստեղծում, նոյն վայրից էլ տեղի է ունենում մերթ ընդ մերթ երկնակամարը երփներանգ լոյսերով նախշաւորող հրավառութիւն, ուժեղ արկերի դրմբոց-դղրդոցով մարդու սիրտը տեղաքանդ է լինում, շէնքերը շարժւում են, չեմ կարծում փայտով կառուցուածին էլ կարելի է շէնք ասել: Երեխաները ի տես հրավառութեան հրապուրիչ գեղեցկութեան ուրախանում են կանչերով ու աղաղակներով դիմաւորելով, հրավառութիւնը տեւում է մինչեւ ուշ գիշեր:
Անկախութիւնը քաղցր է եւ ի մասնաւորի մեզ համար յոյս՝ կորցուածները, ձեռքից գնացածները ետ բերելու ճամբին: Հայերս դարեր զուրկ ենք եղել անկախութիւնից, օտարների անարգ լծի տակ ստրկամտութիւնը բջիջաւորել է մեր էութիւնը, այս քսաներեք տարիների անկախութիւնը տակաւին կախուածութեան հոգեբանութիւնը չի ջնջել մեր մտքերից, քանի որ հայրենասիրութիւնն ու ազգասիրութիւնը մեր շուրթերին հնչում է թութակի տպաւորութեամբ: Ասում ենք, ճառում ենք, բայց հիմնաւոր, արմատական, քաջալերող ու ոգեւորող գործն է պակաս:
Արդէն Անդրէն առանց ուշանալու հասաւ, մեքենան նստելով ճանապարհուեցինք:
Յարմարաւէտ ազատուղիներից է ընթանում մեր ինքնաշարժը, ճարտարապետական ու ճարտարագիտական հոյակապ կառոյցներով կամուրջներ իրար յաջորդող, իրար միացնող, երբեմն երկու, երեք յարկանի կամուրջներ իրար գլխի վրայ նոր երթուղիների ընթացք տուող: Հնարակերտ ճանապարհների ցանց, երկրի հարստութիւն, յառաջադիմութեան ու վերելքի երաշխիք, արդեօք կը գա՞յ այն օրը, որ Հայաստանն եւս այս զարգացման հասնի, քանի Հայաստանի իշխանութեան այս ոչ խելամիտ քաղաքականութիւնն է տիրակալ, Հայաստանն օրէ օր հիւծւում է, մաշւում է՝ քանակապէս եւ տնտեսապէս, անշուշտ անպակաս են թուրքերի սադրիչ արարքները արտաքին քաղաքականութեան ծիրերում, ով գիտէ նաեւ՝ երկրի ներսում: Պէտք է եւ անհրաժեշտ է այդ ուղղութեամբ մեր իշխաւորները աչալուրջ լինեն:
Մեքենան սրընթաց առաջ է գնում, ոչ աշխատանքի օր լինելով ճամբան համեմատաբար անդորր է, ոչ խճողում: Մէկ ժամից պակաս տեւողութեամբ արդէն Santa Monica կոչուող ծովափնեայ քաղաքումն ենք, նկատւում է մեքենաների կուտակում թէ՛ ճամբի վրայ, թէ՛ ծովակողմ եզրում եւ թէ կանգառներում, ջրափնեայ աւազապատ տարածքների վրայ շղթայակերպ շէնքերի բացատ տեղերից նկատւում է խաղաղ կապուտակ ծովը, կիսամերկ հոծաթիւ արարածներ՝ ջրում լողանալիս եւ սնկանման հովանոցների տակ հանգստանալիս: Ամէն անգամ ծով հասնելիս մտապատկերումս արթնանում են յուշերս՝ պարսկաստանի Կասպից ծովին կապուող: Թեհրանից Հարազի ճամբով դէպի ծով սովորական արագութեամբ մի քանի ժամեր էր տեւում, դեռ ծովից 40 կմ. հեռաւորութեան վրայ ծովի խոնաւութիւնը, բոյրը զգալի էր դառնում, բայց ինքը չէր երեւում, մեր ընթացքը արագացնում էինք, որ շուտ հասնենք ծով, ճամբին մեքենայի մէջ մեր հայեացքներով ծովն էինք փնտռում, ծովը երեւալուն պէս երեխաները ուրախութիւնից բղաւում էին.
– Ծո՜վը, ծո՜վը, է՜ն ա…
Ինչ որ չունես կամ հեռու ես նրանից, կարօտ է արթնացնում:
Խեղճ Հայաստան, ժամանակին ծով ունէր՝ ծովից ծով երկիր, բայց հիմա խցկուած լեռների միջեւ Սեւանով միայն:
Ճանապարհի հեռաւորութեան պատճառով մի երկու-երեք անգամից աւելի չէինք հասցնում ծովափ գնալ, ցանկութիւն կար, բայց հեռու էր, նաեւ միջոց ու ժամանակ էր հարկաւոր: Այնտեղի ծովը հաճելի էր մեզ համար զերծ շնաձուկից, ջուրը ամառները գաղջ էր, հարթ ու հաւասար աւազոտ ափերով, ժամերով լողանում եւ ափին էլ սնւում էինք, միակ անպատեհութիւնը այն էր, որ իգական սեռը առանձնացած տեղամասերում պիտի լողանար պատշած ծածկուած հագուստով:
Խցանուած երթեւեկութեան շղթայանման շարանում դանդաղ առաջ ենք գնում, երկար փնտռելուց յետոյ վերջապէս հանգրուանում ենք մեր նախապէս եղած ափատեղամասում, որն այնքան էլ գովելի չէր ջրի տակ խոշոր քարերի առկայութեամբ:
Արդէն երկուսով ջրի ափին ենք, սրսփալով ենք առաջ գնում ջրի մէջ.
– Էս ինչ սառն է ջուրը, մարմինս դող է ընկնում,- Անդրէն էր:
– Իմս էլ նմանապէս, տե՛ս, ի՜նչ ապառաժ քարեր կան յատակին, զգո՛յշ Անդրէ, չլինի յանկարծ սուզուես:
Ալիքները իրար հրմշտկելով թափում էին մեր վրայ, արգելք լինելով իմ եւ Անդրէի յառաջանալուն, վերջապէս վախը կոտրեցի եւ սուզուեցի ջրի մէջ, րոպէական սարսուռ, ապա խաղ ալիքների հետ, զուարճալի խաղ, մանկացել էի, ամէն ինչ մոռացած՝ անցած-գնացածը եւ առօրեայ կեանքի մտատանջութիւնները, ջրով էի տարուած, մերթ զգուշութեամբ ջրի տակ, մերթ ջրի երեսը լող տալիս, չփչփացնում էի, ձեռքի ափով ջուր ցատկեցնում Անդրէի վրայ, խինդ ու ծիծաղը անպակաս, զովասուն ջուր եւ հրաշալի արեւոտ երկինք, այս խանդավառ հոգեվիճակում սակայն զգոյշ էի ափից չհեռանալու, գիտակցելով վտանգը եւ յիշելով այն ողբացեալ հայ ընտանիքին, որ երեք հոգի զոհ գնացին մի շնիկի պատճառով: Ծովը թաքուն աժդահայի երախ ունի, որը աւելի շատ անվախ ձեւացողներին եւ անզգոյշներին է կուլ տալիս, բազում-բազում կորուստներ եւ մղկտացող սրտեր… խաղաղութիւն հոգիներին:
Փափուկ աւազների վրայ շրջում ենք, իգական ու արական տարբեր տարիքի մարդիկ լողանում են, մեծ մասամբ աւազների վրայ երկարած արեւ են առնում, ոտից մինչեւ ճիտն ու դէմքը քրեմով քսուած սիրուն աղջիկներ թմբլիկ ազդրերով ու ցցուն ստինքներով պառկած՝ արեւին են ապաւինել մորթագոյնը բրոնզէ դարձնելու համար, նկատելի է, որ նրանք յատուկ ծովափ են եկել, այն էլ ոչ լողանալուց հաճոյք տանելու, այլ՝ իրենց կարծիքով, նոր մորթագոյնով իբր սիրունանալու եւ գրաւիչ դառնալու: Երեխաներ ծնողների հետ ինչ որ աւազը փորում են, ուրիշներ իրենց ծածկել են աւազով, միայն գլուխն է երեւում, հին հռոմէական մարմնից ջոկուած գլխի նմանութեամբ, մի քանի հոգիներով գնդակ են խաղում, մի ուրիշ տեղ սփռոցը փռած սնւում են, սիրաբանւում են, եւ զարմանազան ցուցադրութիւններ, ծովափնեայ եռուն առօրեայ կեանք: Հետաքրքիր է այն, որ ծովային ճայեր՝ թողած ծովի հարուստ շտեմարանը, մուրացողների նման աւազների վրայ արգահատելի դիրքով նստած, ակնդէտ սպասում են մարդկանց փշուրներին, նմանելով այն ծոյլ մարդկանց, որ փոխանակ աշխատանքով իրենց գոյութիւնը ապահովեն, դիմում են ձեռք պարզելու ամօթաբեր գործին:
Յետմիջօրէին, նախքան մայրամուտը, հրաժեշտ տուինք ծովին եւ տուն ճամբուեցինք, յոգնածութիւնը մեզ մղում էր շուտ հասնել տուն եւ հանգստանալ: Հուր արեւը խեղճացել էր՝ թեքուելով դէպի արեւմուտք, սարերի ետեւը, ողջ հորիզոնը կաս-կարմիր ներկելով եւ հետզհետէ ծածկուելով երկիր մոլորակի արեւմտեան կողմը:
Արդէն գիշերը վրայ էր հասել, մեր բակից դիտում էինք անկախութեան տարեդարձի տօնակատարութեան հրավառութիւնը:
Սանլանդ, Լոս Անջելես