«ՀԵՏՔ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐԵՒԵԼԱԳԷՏ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Հայկական հեքիաթները մէկ հաւաքածուով արդէն հասանելի են համացանցում: 2 օր առաջ այս նախաձեռնութիւնն է ներկայացրել Հայկական գիտական համագործակցութիւնը (ArmScoop): «Հետք»ի հարցերին պատասխանում է այդ նախաձեռնութեան հեղինակներից, Սանկտ Պետերբուրգի համալսարանի ասպիրանտ, արեւելագէտ Վարուժան Գեղամեանը: ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Ո՞ւմ գաղափարը եւ նախաձեռնութիւնն էր հայկական հեքիաթները համացանցում հասանելի դարձնելը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Գաղափարը ծնուել է դեռ երեք տարի առաջ, երբ ես փորձեցի զարմիկիս համար հայկական հեքիաթներ գտնել, որպէսզի ծնողները նրան պատմեն դրանք: Արդիւնքում համացանցի զանազան տեղերում տեղադրուած փոքրաթիւ հայկական եւ արտասահմանեան հեքիաթների յղումների բաւական մեծ հաւաքածու ստացուեց, որը տեղադրեցի անձնական բլոգումս՝ բոլորին հասանելի դարձնելու ակնկալիքով: Այս տարի դա աւելի հարստացրինք եւ խմբագրեցինք Հայկական գիտական համագործակցութեան մեր թիմով, ու ստացուեց բաւական ամբողջական հաւաքածու:
Քանի որ մինչ հիմա հեքիաթները տեղադրուած էին ամենազանազան կայքերում ու էջերում, շատ դժուար էր սովորական օգտատիրոջը՝ գտնել դրանք: Օրինակ՝ երեխային քնեցնել պատրաստուող մայրը դժուար թէ ունենար այնքան ժամանակ, որ կարողանար ցանցում երկար փնտռել ու գտնել, ասենք, ՀՀ ԳԱԱ հրատարակած «Հայ Ժողովրդական Հեքիաթներ» կոթողային աշխատութիւնը (15 հատոր) ու դա ընթերցել իր երեխային: Ուստի անհրաժեշտութիւն կար բազմաթիւ ու իրար հետ չկապակցուած հնարաւոր աղբիւրներից հաւաքել ու մէկ տեղում տեղադրել ելեկտրոնային ձեւաչափով եղած հեքիաթները: Դատելով երկու օրերի մի քանի տասնեակ արձագանգներից ու հազարաւոր այցելութիւններից՝ հեքիաթները պահանջուած են: Միեւնոյն ժամանակ նշեմ, որ այս պահին աշխատանքներ ենք տանում Հայկական գիտական համագործակցութեան կայքում այս ու այլ գիտական հրատարակութիւնները մէկ ընդհանրական ձեւաչափով տեղադրելու համար:
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Ի՞նչ սկզբունքով էք հեքիաթների ընտրութիւնը կատարել:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Մենք հաւաքել են ցանցում ելեկտրոնային ձեւաչափով տեղադրուած բոլոր հնարաւոր հայկական հեքիաթները: Որպէս այդպիսին ընտրութեան հարց կանգնած չի եղել, քանի որ փորձել ենք առաւելագոյն քանակութեամբ հաւաքել հայկական հեքիաթներ եւ դրանք էլ ներկայացնում ենք համապատասխան յղումներով ու մեկնաբանութիւններով:
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Վարուժան, յատկանշական է, որ տօնական օրերին յայտնեցիք հեքիաթների համացանցում հասանելիութեան մասին: Պատահակա՞ն էր դա, թէ կանխաւ մտածուած էր:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Տարածել ենք ըստ մեր թիմի աշխատանքային ծրագրերի առաջնահերթութեան, փաստօրէն համընկաւ տօների հետ: Միւս կողմից էլ, կարծում եմ, որ դա այդքան էլ կարեւոր չէ ընթերցողի համար: Առաւել կարեւոր է, որ մարդիկ կարդան, շատ կարդան: Կարդան ոչ թէ յիմարութիւններ, այլ, օրինակ, ժողովրդական հեքիաթներ, որոնց մէջ կայ դաստիարակչական կարեւոր բաղադրիչ: Անշուշտ, հեքիաթները միայն երեխաների համար չեն արդիական ու անհրաժեշտ: Դրանցից շատերը պարզապէս մեր ազգի պատմութեան, բանահիւսութեան ու ազգագրութեան մասին անգին աղբիւրներ են, որոնց քաջատեղեակ լինելը անչափ օգտակար կը լինի նաեւ մեծահասակներին: Պատկերացրէք, որ մարդիկ օրուայ ընթացքում իրենց դիտած մեծամասամբ ցածրորակ սերիալներների ու ֆիլմերի փոխարէն քսան րոպէ ընթերցէին որեւէ գիրք: Որչափ այլ պատկեր կ՛ունենայինք այսօր:
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ.- Իսկ ինչպիսի՞ն է այսօր պատկերը, յաճախ ենք լսում այնպիսի կարծիքներ, որ գիրք կարդալու մշակոյթ չկայ մեր երկրում: Համամի՞տ էք նման ձեւակերպմանը:
ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄԵԱՆ.- Մասամբ: Պահպանուել են այդ մշակոյթի փշրանքները, որոնք անգին են, ու դրանց հիման վրայ կարելի է կառուցել նորը: Իսկ դրա համար յաճախ նուազագոյն ջանքն ու ցանկութիւնն է պէտք: Դիցուք՝ հեքիաթների դէպքում. զարմիկիս ծնողները կենցաղային հարցերով ծանրաբեռնուածութեան պատճառով ժամանակ չունեն գնալու գրադարան ու երեխաների համար հեքիաթների գրքեր վերցնելու: Արդիւնքում զարմիկս գրքի արժէքին գրեթէ ծանօթ չէ, չի տեսնում գիրք իր ծնողների ձեռքին ու ոչ մի կերպ չի կապւում գրքի հետ: Մեր աննշան ու մեծ ջանք չպահանջող հաւաքածուն այժմ մկնիկի մէկ հարուածով հասանելի է դարձնում հեքիաթների մի ամբողջ պաշար, ու զարմիկս հիմա մեծ հաճոյքով լսում է հայկական հեքիաթներ կամ՝ կարդում դրանք:
Ասել կ՛ուզեմ, որ այդ մշակոյթը պէտք է փոքրուց սերմանել մարդու մէջ՝ ցոյց տալով, որ գիրքը կարեւոր է, դա միայն դասագիրք չէ, որ պէտք է ձանձրանալով որեւէ բան սերտել, այլ շատ եւ շատ աշխարհների բանալի: Էլ չասեմ, որ գիրքը հրաշալի միջոց է ժամանակ անցկացնելու, որի մասին, սակայն, շատերը նոյնիսկ գլխի չեն ընկնում:
«ՀԵՏՔ»