ԹԱԳՈՒՀԻ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ
Մայիսի 10ին, 2014, Լոս Անջելեսում կայացաւ Համահայկական ասմունքի մրցոյթ-փառատօնը, նախաձեռնութեամբ եւ հովանաւորութեամբ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի, համագործակցութեամբ ՀՀ Լոս Անջելեսի գլխաւոր հիւպատոսութեան եւ կազմակերպութեամբ «Աւան Շուշի Փլազա» հիւրանոցի տնօրէնութեան, Ազգային վարժարանների խնամակալ մարմնի, «Ասպարէզ» օրաթերթի եւ «Հորիզոն» պատկերասփիւռի ընկերութեան։ Փառատօնին մասնկացում էին ոչ միայն Ազգային վարժարաններ, այլ նաեւ Հարաւային Քալիֆորնիայի բոլոր հայկական վարժարանները։
Լոս Անջելեսում եւ ապա պատմական Շուշիում կազմակերպուած ասմունքի համահայկական մրցոյթ փառատօնի որպէս գլխաւոր կազմակերպիչ ու հովանաւոր կ՛ուզէի նշել մասնաւորապէս համեստ ու առաքինի մի անձնաւորութեան, հայրենիքի, լեզուի եւ մշակոյթի հանդէպ մեծ սիրով տոգորուած բարերար, մեծարգոյ Ալեք Բաղդասարեանի անունը։ Յիրաւի միայն մեծագոյն սիրոյ զօրութեամբ եւ գիտակից զոհաբերութեամբ կարելի է իրագործել այնպիսի լայնահուն ծրագիր, ինչպիսին ասմունքի համահայկական փառատօնն էր։ Պրն. Ալեք Բաղդասարեանի երակներում անվերջ մռնչացող արեան կանչի, ազգի, նորահաս սերնդի հանդէպ ունեցած անսահման նուիրուածութեան շնորհիւ՝ համահայկական փառատօնը իրականութիւն դարձաւ ըստ պատշաճի։
Լոս Անջելեսում այս փառատօնը կազմակերպելու պատասխանատուութիւնը Ազգային վարչութեան կողմից ստանձնել էր ներկայիս ազային վարչութեան փոխատենապետ տոքթ. Տիգրան Պապիկեանը։ Նա իր հերթին ստեղծեց յանձնախումբ, որի կազմում ընդգրկուած էին «Ասպարէզ» թերթի թղթակցուհի, լրագրութեան ասպարէզի հմտութիւններին տիրապետող հանրածանօթ լրագրուհի, նաեւ գիտակ հեռուստահաղորդավարուհի Նանէ Աւագեանը եւ ազգային մշակոյթի ջատագով, համայնքում իր նախաձեռնութիւններով յայտնի անձնաւորութիւն՝ Միհրան Թումաջեանը։ Ե՛ւ Նանէ Աւագեանը, ե՛ւ Միհրան Թումաջեանը շօշափելի ներդրում ունեցան ասմունքի Համահայկական փառատօնի կազմակերպման գործում։
Ես սիրով ընդունեցի հրաւէրը իմ մասնակցութիւնը բերելու այս մրցոյթ-փառատօնին որպէս դատական կազմի )ժիւրիի( անդամ։ Ժիւրիի կազմում ինձ հետ միասին ընդգրկուած էին նաեւ ճանաչուած արուետագետներ Գրիգոր Սաթամեանը, Շաքէ Թուխմանեանը եւ Գրիգոր Օգարեանը։
Մրցոյթի յաղթողները հնարաւորութիւն ունեցան մասնակցելու 2014թ. Օգոստոսի 4-8ը ԼՂՀ պատմական Շուշի քաղաքում կազմակերպուած ասմունքի Համահայկական 3րդ փառատօնին, որին մասնակցում էին 7 երկրներ՝ ԱՄՆ, Լիբանան, Սիրիա, Հայաստան, Վրաստան )æաւախք(, Պարսկաստան եւ Արցախ։
Մրցոյթի խորագիրն էր «Իմ Հայաստան», որն անցկացուեց երկու փուլով՝ երկու տարիքային խմբերի համար։
Այսպիսով, «Շուշի Աւան Փլազա» հիւրանոցի տնօրէնութեան ճիգերով եւ հովանաւորութեամբ, զօրակցութեամբ Արցախի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Արցախի մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան եւ ՀՀ սփիւռքի նախարարութեան՝ Շուշիում իրականութիւն դարձաւ ասմունքի համահայկական 3րդ փառատօնը, որի գլխաւոր հովանաւորն էր «Ղարաբաղ Թելեքոմ»ը, յանձին նրա գլխաւոր տնօրէն Ռալֆ Երիքեանի։
Այս շատ կարեւոր միջոցառումը առիթ ստեղծեց հայ երեխային մէկ անգամ եւս ճանաչելու իր ինքնութիւնը, գիտակից եւ տէր լինելու պատկանելութեան ինքնութեան։ Այս առիթով օտար ափերում ապրող հայ երեխան մեր մեծանուն բանաստեղծների բանաստեղծութիւնների միջոցով ապրեց հայի վեհապանծ ոգին, հայ մնալու կամքն ու վճռականութիւնը։
Այն հնարաւորութիւն տուեց հայ երեխային մէկ անգամ եւս պեղելու մեր ոսկեղնիկ լեզուն, Չարենցի հեզաճկուն ու Նայիրեան լեզուն, Սեւակի «Եղիցի Լոյս» եւ «Անլռելի Զանգակատուն» լեզուն, Սիամանթոյի դիւցազնական եւ հերոսական լեզուն, Մեծարենցի եւ Տէրեանի քնքուշ ու քնարահոս լեզուն։
Որպէս «Լարք»ի փոխտնօրէնուհի, 2015թ. «Լարք»ում բացուելիք Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած թանգարան-համալիրի առաքելութեամբ մեկնելու էի Հայաստան։ Ես նախատեսուածից շուտ մեկնեցի Շուշի՝ ներկայ գտնուելու մրցոյթ-փառատօնին։ ԱՄՆից փառատօնին մասնակցեցին 6 ուսանողներ տարբեր հայկական վարժարաններից, որոնք էին Անի եւ Լիլի Սարաֆեանները, Սաթիկ Սէրայտարեանը, Նանոր Տէր Պետրոսեանը, Տարօն Պետրոսեանը։ Նրանց առաջնորդում էր Սարաֆեան քոյրերի մայրը՝ Մանիկ-Մոնա Սահակեանը, որը պատշաճօրէն իրականացրեց իր ուսերին դրուած մեծ պատասխանատուութիւնը։
Մրցոյթին մասնակցեց նաեւ «Լարք»ի իմ ուսանողներից 11ամեայ Միքայէլ Փեսնիլեանը, որն իր տարիքային խմբում ԱՄՆում շահել էր առաջին մրցանակային տեղը։ Հայաստան հասնելու յաջորդ օրը, դեռ մօրս, եղբայրներիս եւ իրենց ընտանիքների կարօտը սրտիս՝ ուղեւորուեցի դէպի Արցախ։ Ճանապարհին այցելեցինք Պ. Սեւակի տուն-թանգարան, ստանալու համար մեծ բանաստեղի օրհնանքը հայ երեխաներին, մեր ոսկեղնիկ լեզուն գեղեցիկ եւ մաքուր հնչեցնելու համար, այնքա՜ն քնքոյշ ու սրտայոյզ, բայց միեւնոյն ժամանակ տոկուն ու աննկուն՝ հայոց դարաւոր լեռների ու կովկասեան հպարտ կտրիճի պէս։
Եւ ձեռքերս պարզեցի արձանի վրայ, խոնարհուեցի հրաշք բանաստեղծի մեծութեան առջեւ եւ երդուեցի՝ որպէս իմ ժողովրդի մի փոքրիկ մասնիկ, աչքի լոյսի պէս պահել ու պահպանել մեր հազարագանձ լեզուն ու ոչ մի գանձի, ոչ մի փառքի հետ չփոխել այն, որովհետեւ իսկական գանձը հենց ինքը լեզուն է, մեր մայրենին։
Այնուհետեւ շարունակում ենք ճանապարհը եւ հասնում մեր չքնաղ Նորավանքը եւ հիանում քանդակագործ Մոմիկի հրաշագործ մուրճի եւ մատների արարչութեանը։ Որքա՜ն հզօր քարերի ու խաչքարերի պաշտամունք ունի մեր ժողովուրդը։
Դարեր շարունակ հայ ժողովրդը քարին է յանձնել հայ հոգու պօէզիան։ Մեր հանճարեղ վարպետների ձեռքերում քարը դարձել է կամար, նուռ ու ողկոյզ։ Արարչագործ իմ ժողովուրդը քարից ոչ միայն հաց է քամել, քարին թեւ ու թռիչք տուել, այլեւ քարեղէն երաժշտութիւն հիւսել, կառուցելով անառիկ վանքեր ու բերդեր, ամրոցներ ու քաղաքներ։
Աննկարագրելի բնութեան պատկերները ըմբոխշնելով, հիանալով շուեցարական բնութեամբ, պատմական յուշարձաններով, երկնահուպ լեռներով ու ձորերով, հասանք Արցախ:
Սիրտս տրորւում էր յուզմունքից, որովհետեւ ոտք էինք դրել այն հողի վրայ, մեր պատմական հայրենիքի այն չքնաղ բեկորի վրայ, որը մեր նորօրեայ ազատամարտիկների անօրինակ սխրանքների եւ հայոց առիւծասիրտ զինուորների շնորհիւ ազատագրուեց տարիների գերութիւնից: Այդ յաղթանակը ստիպեց մեր դարաւոր ոսոխին հաշուի նստելու մեր կամքի, մեր ազատ ապրելու իրաւունքի հետ:
Եւ ահա հասանք Շուշիի «Շուշի Պլազա» հիւրանոցը, որտեղ մեզ ընդունեցին հիւրանոցի աշխատակիցները սրտաբաց ժպիտով եւ հային վայել հիւրընկալութեամբ: Այստեղ զգացւում էր այն մեծ սէրն ու յարգանքը՝ «Շուշի Պլազա» հիւրանոցի բաժնետէրերից տէր եւ տիկ. Ալեք եւ Ալենուշ Բաղդասարեանների նկատմամբ, որ տածում էր իւրաքանչիւր աշխատակից: Շնորհիւ նրանց համեստ, խոհեմ վերաբերմունքին՝ ստեղծուած էր ընտանեկան ջերմ մթնոլորտ, ամէն ինչ արւում էր սիրով, գուրգուրանքով եւ նուիրումով:
Ի դէպ, նախապէս անձամբ չճանաչելով այս հիանալի զոյգին, ես ամբողջ ճանապարհին եւ 5 օրերի ընթացքում բացայայտեցի նրանց որպէս տիպար հայեր, որոնք իրենց ողջ կեանքը ապրել են մեր ժողովրդի, մասնաւորապէս արցախցու ցաւերով եւ խանդավառուել նրանց առաջադէմ քայլերով:
Վ. Փափազեանն ասել է. «Մարդու էութիւնը անմնացորդ ցոլանում է իր գործի մէջ: Գործի հաշուէկշիռը ուղիղ համեմատական է սերունդներին թողած իր աւանդին, ժառանգութեան չափին»:
Ապրելով հայրենիքից հեռու, տէր եւ տիկ. Բաղդասարեանների հետ է եղել մեր ժողովրդի հպարտութիւնը, հաւատն ու սէրը, որն էլ ոյժ ու եռանդ է տուել՝ իրագործելու նորանոր խիզախումներ: Հայրենիքը նրանց բջիջների հիմնական բաղադրութիւնն է, ապրելակերպն ու մտածելակերպը:
Նրանք մեր ժողովրդի այն երանելիներից են, որ շարունակում են եւ նոր հանգրուանի են հասցնում մեր անուանի բարերարների թողած գեղեցիկ աւանդները:
Տէր եւ տիկ. Ալեք եւ Ալենուշ Բաղդասարեաններն ապրում են գիտակից զոհաբերութեամբ, Մեծարենցի անանձնական երջանկութեամբ, բարութեամբ, խոր հաւատով, զգացմունքների ազնուութեամբ:
Զրուցում եմ պրն. Բաղդասարեանի հետ եւ անվերջ զգում նրա մտահոգութիւնը Շուշիի, նրա ժողովրդի բարգաւաճման առումով: Շուշիում ապրող մարդկանց անվճար տրամադրել են մի տարածք, որտեղ մարդիկ հնարաւորութիւն ունեն վաճառելու իրենց բերքը…
Շուշիում նրանց ճանաչում են բոլորը, որովհետեւ նրանք կարեկից են այստեղ ապրող ընտանիքներին, հայ մանուկներին: Ինքս ականատես եղայ, թէ ինչպէս մասնագիտութեամբ ատամնաբոյժ Ալենուշ Բաղդասարեանը խաղալիքներ եւ մանկական այլ իրեր էր բաժանում արցախցի փոքրիկներին:
Անսահման են տպաւորութիւններս այս զոյգի մասին, որոնց կեանքը եղել է նուիրում մեր ժողովրդին, հայրենիքին եւ պատմական Արցախին:
Եւ ահա առաւօտեան արթնանում եմ Շուշիում եւ խորհում, թէ որքան կենաց ու մահու մարտեր են մղուել նրանց լանջերին, լեռնանցքներում ու ստորոտներում: Որքա՜ն անմեղ ու մեղաւոր արիւն է թափուել նրանց վրայ:
Փառատօնի հանդիսաւոր բացումը կատարուեց Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարեւանութեամբ գտնուող Խ. Աբովեանի անուան միջնակարգ դպրոցում:
Ինչ հպարտութիւն ինձ, այստեղ եւս ինձ առաջարկուեց լինել ժիւրիի կազմում, որում ընդգրկուած էին պրոֆ. Արծրուն Աւագեանը, բանասիրական ֆակուլտետի դեկան (ժիւրիի նախագահ) պրոֆ. Գուրգէն Մելիքեանը (Արեւելագիտական ֆակուլտետի դեկան), պրոֆ. Սամուէլ Մուրադեանը՝ Հայ գրականութեան ամբիոնի վարիչ, Աղասի Թադեւոսեանը՝ դերասան (թատրոնի տնօրէն), դասական երգարուեստի մէջ իր ուրոյն տեղն ունեցող երգիչ Գէորգ Հաճեանը:
Արցախի օրհներգից յետոյ յայտարարուեց ասմունքի Համահայկական փառատօն-մրցոյթի հանդիսաւոր բացումը:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ «Շուշի Պլազա» հիւրանոցի գլխաւոր տնօրէն Սարգիս Գալստեանը: Ելոյթ ունեցաւ փառատօնի գլխաւոր կազմակերպիչ եւ հովանաւոր Ալեք Բաղդասարեանը, յայտնեով իր ուրախութիւնն ու խոր հաւատքը այն մասին, որ փառատօնը տարէցտարի կ՛ընդլայնի իր սահմանները եւ կը դառնայ համահայկական գեղարուեստական արժէքների ուշադրութեան կեդրոն: Այնուհետեւ սփիւռքի նախարարութեան ներկայացուցիչը ընթերցեց ՀՀ սփիւռքի նախարարուհի Հրանոյշ Յակոբեանի ողջոյնի խօսքը, ուղղուած փառատօնի մասնակիցներին, որում ասուած է. «Մենք բոլորս հասկանում ենք, որ հայ ժողովրդի բոլոր հատուածների միասնականութիւնն է մեր ուժի գրաւականը: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնն այն հզօր ներուժն է, որն ապահովելու է մեր անխափան երթը ժամանակի ծիրում: Ասմունքն առաջին անգամ ընդգրկուելով փառատօնում, նրան յաջորդում է եւս մէկ դերակատարութիւն, շնորհիւ հայ լեզուի, հայ խօսքի նպաստել հայապահպանութեանը»:
Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ նաեւ Խ. Աբովեանի դպրոցի տնօրէնուհին, մաղթելով բարի երթ մասնակիցներին:
Իրենց խօսքով հանդէս եկան փառատօնի կազմկոմիտէի նախագահ Արծրուն Աւագեանը եւ Գուրգէն Մելիքեանը:
Ի դէպ, ես շատ ուրախ եմ, որ փառատօնի 5 օրերի ընթացքում ես մօտիկից ծանօթացայ ու բարեկամացայ պրոֆ. Գուրգէն Մելիքեանի եւ իր հիանալի կնոջ՝ տիկ. Լաուրա Մելիքեանի ու քնքոյշ դստեր՝ Մերիի հետ: Ինձ համար հպարտութիւն էր ծանօթանալ նաեւ պրոֆ. Արծրուն Աւագեանի, պրոֆ. Սամուէլ Մուրադեանի, նաեւ՝ Աղասի Թադեւոսեանի հետ:
Այնքան գեղեցիկ եւ միաժամանակ յուզիչ էր մէկ բեմից լսել այդքան հայ բանաստեղծների քանքարներ, երբեմն դրանք կրկնում էին, բայց իւրաքանչիւրը ասւում էր իւրովի:
Նայում եմ եւ յիշում Հ. Սահեանի խօսքը. «Մեր բանաստեղծութիւնը շատ ինքնատիպ է, ոչ մէկի նման չէ: Մեր կարօտն ուրիշ է: Ամէն ժողովուրդ իր կարօտն ունի: Մեր կարօտը դառնում է անտունի, տաղ, շարական…»։
Մրցոյթի երկրորդ փուլից յետոյ յայտարարուեցին յաղթողները՝ առաջին, երկրորդ եւ երրորդ պատուաւոր տեղերում: Երրորդ պատուաւոր տեղ էր գրաւել նաեւ իմ ուսանող Միքայէլ Փեսնիլեանը, «Լարք»ի «Թագուհի» ամառային ճամբարի սանը: Այսպիսով, ասմունքի համահայկական երրորդ մրցոյթ-փառատօնը գեղեցիկ իրականութիւն դարձաւ: Այն նաեւ հնարաւորութիւն տուեց աշխարհի 7 երկրներից հաւաքուած մասնակիցներին միմեանց հետ ծանօթանալու, կարծիքներ կիսելու եւ մտերմանալու համար:
Մրցոյթի մասնակիցները իրենց հետ շատ բան տարան: Անմոռաց յիշողութիւններ, նորանոր բանաստեղծութիւններ սովորեու ձգտումը, բանաստեղծութիւնը առաւել խորը հասկանալու եւ փոխանցելու վարպետութիւնը, ընկերային եւ եղբայրական սիրոյ ոգին, հայ լինելու հպարտութիւնը: Այս մասին ես իմ կարծիքս յայտնեցի Արցախի հեռուստատեսութեան համար նախատեսուած հարցազրոյցում:
Փառատօնից անմիջապէս յետոյ Շուշիում, «Շուշի Պլազա» հիւրանոցի բակում ականատես եղայ եւ անձամբ մասնակիցը դարձայ հայ վեթերան զինուորներին սահման ճանապարհելու յուզիչ արարողութեանը:
Կարդացել էի գրքերում, թէ ինչպէս են հրաժեշտ տալիս հայ զինուորին, բայց տեսնել աչքերով եւ չյուզուել, անկարելի էր: Յուզմունքս տասնապատկուեց, երբ ինձ առաջարկուեց իմ խօսքով հանդէս գալ նրանց առջեւ:
Հաւաքուած էր հոն բազմութիւն: Ճանապարհում էին վեթերան զինուորներին, որոնցից իւրաքաչիւրը մի ընտանիքի սիւն էր, օճախի կրակ: Նրանք սովորական մահկանացուներ չէին, որ վախենան մահից: Շատ լաւ գիտակցում էին իրենց կոչումը: Նայում եմ զինուորներին եւ մտածում, քանի օճախի ծուխ յանգեց, մինչեւ հողն ազատուեց: Եւ ինչպէս իմ խօսքում ասացի՝ մեր ժողովուրդը ապրել է ծանր մաքառումի դարեր եւ բազում զոհերի գնով փրկելով իրենց՝ հասել է մինչեւ 21րդ դար:
Ովքեր ասես մեր ժողովրդին կուլ տալու ախորժակ չեն ունեցել՝ ասորեստանցիները, բիւզանդացիները, հռոմէացիները, պարսիկները, թուրքերը, արաբները, մոնկոլները: Երբ համբերութեան բաժակն էր լցւում, հայը բռուցքւում էր, Սասունցի Դաւթի պէս դառնում էր ըմբոստ ու խիզախ եւ պաշտպանում հողը հայրենական:
Յիշեցի մեր զոհ դարձած մտաւորականներին, նաեւ այն մանուկին, որ դեռ լոյս աշխարհ չեկած սրախող եղաւ մօր արգանդում…
Խօսքս աւարտեցի Հրաչեայ Յովհաննիսեանի «Պատուիրան» բանաստեղծութեամբ, որ պատգամում է յարութեան համար կռուով մահանալ:
Իր շատ գեղեցիկ եւ պատշաճ խօսքով հանդէս եկաւ նաեւ ԵՊՆ ամպիոնի վարիչ Սամուէլ Մուրադեանը, որի խօսքը հայ զինուորի խիզախութեան մասին էր, որ մենք տարածքներ ունենք յետ բերելու, դեռ վրէժ ունենք պատմութիւնից լուծելու, կորցնելու իրաւունք չունենք այլեւս…
Յուզուած էինք բոլորս…
Վերջում ես եւս միացայ հայ վեթերան զինուորներին՝ պարելու նրանց հետ հրաժեշտի շուրջպարը, չկարողանալով զսպել արցունքներս: Պարում էի ու մտածում. գալու է այն օրը, որ այս պարը Մասիս լերան լանջին ենք պարելու: Դեռ գալու է հատուցման ժամանակը, Տէր Զօրի անապատի վրայ կանգնեցնելու աշխարհի ամենաբարձր յուշարձանը:
Եւ ահա զինուորները նստեցին աւտոբուսները, եւ մենք հպարտութեամբ, նաեւ յուզուած, հրաժեշտ տուեցինք նրանց, եւ արդէն կարօտը տեղ գտաւ իմ աչքերի ու հայեացքի մէջ… Որքան էլ փորձում էի ժպտալ ու անհոգ երեւալ, միեւնոյն է աչքերը հոգու հայելին են:
Այստեղ ծանօթացայ մի որդեկորոյս մօր, որն ասում էր, հարկ եղած դէպքում, մենք էլ կը գնանք կռուելու, ոչ մի թիզ հող ետ չենք տայ…
Որդեկորոյս մօր բեկբեկուող ձայնում հպարտ վճռականութիւն կար, իմ հայեացքում՝ ակնածանք ու հիացմունք: Այդ պահին ես միայն աղօթում էի, որ խաղաղ երկինք լինէր, որ ոչ մի հայ մօր սրտում զաւակի կորուստը փլատակներ չտար:
Այո, գրեթէ 100ամեայ ընդմիջումից յետոյ, ճակատագրի ընձեռած անկախութիւնը մեզ սեփական բանակ ունենալու հնարաւորութիւնը տուեց:
Կարճ ժամանակում մենք կարողացանք ոչ միայն կազմակերպուած բանակ ունենալ, այլեւ մեր դարաւոր ոսոխին ցոյց տալ մեր բազկի ու զէնքի ուժը, նրան դուրս շպրտելով մեր հինաւուրց հայրենիքի չքնաղ բեկորից՝ ազատագրուած Արցախից:
Ասմունքի Համահայկական փառատօնի մասնակիցների համար կազմակերպուած էր միջոցառումների շարք՝ կերպարուեստի թանգարանի շէնքում, դասական երաժշտութեան համերգ, որին ներկայ էր նաեւ ԼՂՀի մշակոյթի նախարարուհին, տեսանք մեր չքնաղ Գանձասարը՝ իր երկնահուպ լեռներով ու կիրճերով, յուշարձան կոթող, «Մենք ենք, մեր լեռները», որը շատերին յայտնի է որպէս «Պապիկ-Տատիկ» յուշարձան, որը տեղադրուել է 1967ին: Յուշարձան կոթողի քանդակագործն է ՀՀ Ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարեանը, ճարտարապետն է Եուրի Յակոբեանը: Այն խորհրդանշում է արցախեան հողի եւ ժողովրդի արմատների միջեւ արիւնակցական կապը եւ լեռների նման ամուր ու հաստատ ղարաբաղցի պապիկին ու մամիկին:
Տեսանք նաեւ «Զոնտիկներ» (հովանոցներ) կոչուող հրաշք տեսարժան վայրը, որին հասնելու եւ վերադառնալու ճանապարհը տեւեց շուրջ 4 ժամ քայլելով, բարձրաբերձ լեռների ու ձորերի եզերքով:
Եղանք նաեւ Ստեփանակերտում, որի հրապարակում ողջ ժողովուրդը ազգագրական պարերի դոփիւններով շուրջպար էր պարում: Իւրաքանչիւր դոփիւն մէկ անգամ եւս հաստատում էր մեր անպարտելիութեան մասին:
Հրաժեշտի գիշերը «Շուշի Պլազա» հիւրանոցի բակում կազմակերպուած էր խարոյկ, որի շուրջը հնչում էին հայրենասիրական երգեր, երգիչներ Տիգրան Մկրտչեանի եւ Գէորգ Հաճեանի կատարմամբ:
Ի դէպ, Գէորգ Հաճեանը մեզ հետ էր ողջ ճանապարհորդութեան ընթացքում՝ իր հայրենաշունչ երգերով ու խօսքերով: Նա պատասխանատուն էր նաեւ Լիբանանից եւ Սիրիայից ժամանած մասնակից պատանիների:
Կրակի շուրջը ասմունքում էին ցանկացողները: Ամէն կողմ երգ ու երաժշտութիւն էր, պար եւ ուրախութիւն:
Այս անմոռանալի ճամբորդութիւնը աւարտուեց Տաթեւ վանքի նաեւ աշխարհի ամէնից երկար ճոպանուղիի եւ Զօրաց քարերի անհուն տպաւորութեամբ:
Ռոքուել Քենթն ասել է.
«Ակամայից զարմանում ես, որ աշխարհի այնպիսի մի անկիւնում կարելի է հանդիպել այնպիսի յուշարձանների եւ այնպիսի մարդկանց, որոնք կարող էին լինել ամբողջ աշխարհի զարդն ու հպարտութիւնը»:
Այո՛, չի սխալւում ամերիկացի գրողն ու նկարիչը: Իմ երկիրն ու ժողովրդին ճանաչողները չեն կարող չհիանալ մեր ճարտարապետութեան վեհութեամբ ու պատմական յուշարձանների հարստութեամբ, մարդկանց բարութեամբ ու անմիջականութեամբ:
Շուշիից վերադառնալուց յետոյ ինձ հաճելի անակնկալ մատուցուեց ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից: Ինձ շնորհուեց սփիւռքի նախարարութեան «Մայրենիի դեսպան» ոսկէ մետալը, որը յանձնուեց հանդիսաւոր արարողութեամբ սփիւռքի նախարարուհի Հրանոյշ Յակոբեանի կողմից: Ներկայ էին մտաւորականներ, արուեստագէտներ, որոնց մէջ էին նաեւ ՀՀ ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Վարդուհի Վարդերեսեանը, Երեւանի պետ. համալսարանի արեւելագիտական ֆակուլտետի դեկան, ակադեմիկոս Գուրգէն Մելիքեանը, հայրենակցական միութիւնների նախագահ՝ Ժոզէֆ Աւետիսեանը, նաեւ եղբայրներս՝ Սարգիս եւ Վազգէն Գրբոյեանները, նրանց ընտանիքները եւ բազմաթիւ այլ անձեր: Յանձնման արարողութիւնից յետոյ իր խօսքն ասաց ինձ շատ մտերիմ դերասանուհի, հայ բեմի թագուհի Վարդուհի Վարդերեսեանը, որից յետոյ ես արտայայտուեցի, պարտաւորուելով շարունակել իմ առաքելութիւնը մայրենի լեզուի անաղարտ պահպանման գործում, շարունակել սիրելի դարձնելու մեր մայր լեզուն օտար ափերում ապրող հայ երեխաների համար, որպէս հայկեան նետի սարսափազդու շառաչ, Նարեկացու մշտամորմոք աղօթք, այն լեզուն, որը հայ ժողովրդի հետ դարերի դաժան փորձութիւնների երկար ճանապարհ է անցել, փորձութեան պահին օլիմպիական ջահի նման բոցկլտացել է մեր ժողովրդի ճանապարհին եւ բազում «ամպրոպաշունչ գիշերների», արհաւիրքների ու սարսափների միջով ուղեկցել է մինչեւ լուսաւոր ափեր:
Այո՛, իմ առաքելութիւնն է «Լարք»ի ուսանողներին եւ մասնաւորապէս իմ հայերէն լեզուի եւ գրականութեան դասարանի ուսանողներին սովորեցնել՝ հնչեցնել մեր լեզուն քաղցր ու սրտաբուխ, յաղթական ու սէգ, ինչպէս իր կրող հայ ժողովուրդը:
Սովորեցնել նրանց, հաւատարիմ մնալ մեր նախնիների աւանդոյթներին եւ մաքուր ու անաղարտ աւանդել յետագայ սերունդներին:
Եւ այս ուրբ առաքելութեանը կը նպաստի աւանդոյթ դարձած ասմունքի Համահայկական մրցոյթ-փառատօնը, որը գալիք տարիներին կ՛ընդգրկի աշխարհով մէկ տարածուած աւելի ու աւելի հայ պատանիներ ու պարմանուհիներ:
Բարի՜ երթ ասմունքի Համահայկական փառատօնին…