







ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Կեանք 100»՝ այսպիսի խորագիր է կրում Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակին նուիրուած, բնոյթով բացառիկ ցուցահանդէսը, որի պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Մարտի 14ին Գլենդելում: «Բրենդ» գրադարանի արուեստի սրահում, վաթսուն աշխարհահռչակ հայ արուեստագէտների աշխատանքները, որ ստեղծուել են Ցեղապանութիւնից յետոյ 100 տարիների ընթացքում՝ վկայութիւնն էին Եղեռն վերապրած մի ազգի ապրելու կամքի եւ ստեղծագործելու մշտական մղումի:
««Կեանք 100» անուանեցինք այս ցուցահանդէսը, ընդգծելու, որ մենք Ցեղասպանութիւնը կարողացանք վերապրել, եւ ոչ թէ այնուհետեւ գոյատեւել, այլ՝ առաջադիմել բոլոր ուղղութիւններով, այդ թւում՝ արուեստի: Անշուշտ, մենք ցաւում ենք մեր կորուստը, կրում ենք ցաւը, որից չենք կարող ձերբազատուել, սակայն նայում ենք դէպի ապագայ՝ ստեղծելով։ Այսօր մենք տօնում ենք կեանքը», նշում է «Կեանք 100» ցուցահանդէսի նախաձեռնող եւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ Հէրի Որբերեանը:
Հայաստանում, Ամերիկայում, Եւրոպական երկրներում տարբեր ժամանակներում ստեղծագործած եւ գործող հայ արուեստագէտների աշխատանքներում ակնյայտ էր ընդհանրութիւնը՝ ցաւ, որ ոմանք վերապրել էին, ոմանց էլ փոխանցուել էր, միաժամանակ ամէնուր առկայ է Լոյսը, որ խորհրդանշում է հայի յարատեւութիւնը, մեր ազգին տրուած Ստեղծողի առաքելութիւնը:
«Հայ արուեստագէտները մեծ նպաստ ունեն ամերիկեան եւ եւրոպական արուեստի ու մշակոյթի կայացման գործում: Ցեղասպանութեան արդիւնքում հայերը տարածուեցին ողջ աշխարհում, եւ որտեղ որ հաստատուեցին՝ իրենց ազդեցութիւնն ունեցան տուեալ երկրում: Այս ցուցահանդէսում ներկայացուած ամերիկահայ ականաւոր նկարիչները փաստում են դա՝ այն ներդրումը, որ նրանք ունեցել են ամերիկեան ժամանակակից մշակոյթում», նշեց արուեստի ամերիկացի նշանաւոր քննադատ Փիթըր Ֆրենքը՝ մեծ պատիւ համարելով ցուցահանդէսի կազմակերպման աշխատանքներին իր մասնակցութիւնը:
Արշիլ Գորկի, æոն Ալթուն, Չարլզ Կարապետեան, Հովսէփ Փուշման, Լեւոն Թութունջեան, Գառզու, Ժանսեմ, Փարաջանով, Մինաս, Մարտիրոս Սարեան, Յակոբ Յակոբեան, Ժիրայր Զօրթեան, Կալենց, Վիլեամ Սարոյեան եւ եւս երկու տասնեակ հայ վարպետների անուններ, ովքեր իւրաքանչիւրն իր ապրած երկրում եղել է նորարար:
Նրանց գործը շարունակական է եղել. հայ արուեստագէտների նոր սերունդներն էլ իրենց նշանակալի դերն ունեն տարբեր երկրներում ժամանակակից արուեստի կայացման հարցում: «Կեանք 100» ցուցահանդէսում տեղ են գտել ներկայում ստեղծագործող 27 արուեստագէտների աշխատանքներ, որոնք այսօր ցուցադրւում են աշխարհի հեղինակաւոր պատկերասրահներում:
«Արուեստի աշխարհում հայերի ներկայութիւնը մշտապէս զօրեղ է եղել, եւ պահն էր միասնաբար ներկայացնելու այդ տաղանդաւոր անհատների աշխատանքները Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի տարելիցին», նշում է «Կեանք 100»ի մարքետինգային տնօրէն Աիդա Նաւասարգեանը:
Արուեստի ցուցադրութեան մտահաղացումը պատկանում է Լոս Անջելեսի Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Միացեալ յանձնախմբին: «Երբ մէկ տարի առաջ ինձ դիմեցին առաջարկով՝ սիրով համաձայնեցի եւ ստեղծեցի մի խումբ, որ կազմուած էր իրենց ոլորտներում կայացած արհեստավարժներից», յիշում է նախաձեռնութիւնը ստանձնած Հէրի Որբերեանը: «Կեանք 100»ը իրականութիւն է դառնում եօթ նուիրեալներից կազմուած յանձնախմբի ջանքերով: Քարոլին Թուֆենքեանը, Աիդա Նաւասարգեանը, Թամար Սինանեան Նաամանը, Սերոբ Բէյլերեանը, Աիդա Բերբերեանն ու Լենա Աքիյեանը, Հէրի Որբերեանի հետ միասին ամիսներ շարունակ դիմում են տարբեր պատկերասրահների ու հաւաքածուներ ունեցող անհատների՝ ընտրելով եւ զատելով այն աշխատանքները, որոնցով ստեղծուեց համահայկական իւրայատուկ թանգարան Լոս Անջելեսի լաւագոյն արուեստի սրահներից մէկում: Ցուցադրութեան վայրն, ըստ կազմակերպիչների, խորհրդանշում է այն, որ Գլենդելը հայրենիքից յետոյ երկրորդ հարազատ վայրն է շատ հայերի համար, եւ Գլենդելի քաղաքապետարանն ի դէմս «Բրենդ» գրադարանի մեծապէս աջակցել է նախաձեռնութեանը:
«Կեանք 100» ցուցահանդէսն առանձնայատուկ է մի շարք առումներով. առաջին անգամ ԱՄՆի Արեւմտեան ափում ներկայացւում են հայ դասականների եւ ժամանակակից արուեստագէտների աշխատանքները մէկ վայրում, միաժամանակ՝ տրւում է Լոս Անջելեսում ստեղծագործող հայ արուեստագէտների ամբողջական պատկերը: Նկարների հետ մէկտեղ ներկայացուած են նաեւ քանդակներ, «միքս մեդիա», «ինսթալէյշն»: Կազմակերպիչ յանձնախմբի անդամների խօսքով, տեղի սահմանափակ լինելու պատճառով, այդուհանդերձ հնարաւոր չի եղել ներառել բազմաթիւ այլ ստեղծագործողների:
«Կեանք 100»ի բացման պաշտօնական արարողութեանը ներկայ էին Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանեանը, քաղխորհրդի անդամներ Արա Նաջարեանը, Փոլա Դիվայնը, Լորա Ֆրիդմանը, ճանաչուած արուեստագէտներ, հասարակական գործիչներ, մտաւորականներ, բարերարներ: Այս ցուցահանդէսը նաեւ ամերիկեան ժամանակակից արուեստի իւրատեսակ թանգարան կարելի է համարել, որտեղ ներկայացուած են ժամանակաշրջանի լաւագոյն արուեստագէտները: Այս մասին էին վկայում նաեւ օտարերկրեայ հիւրերը՝ իրենց հիացմունքն արտայայտելով ցուցադրութիւնից:
«Կեանք 100»ի կազմակերպիչ յանձնախմբի անդամ Քարոլին Թուֆենքեանը տեղեկացրեց, որ ցուցահանդէսի հիման վրայ ստեղծուելու է գիրք, որտեղ ներկայացուելու են արուեստագէտներն իրենց գործերով, միաժամանակ՝ արուեստի քննադատների կողմից գրուած յօդուածներ: Գործում է նաեւ այս նախաձեռնութեան կայքը՝ http://www.life100.org/ հասցէով:
«Կեանք 100»ը ցուցադրութիւն է, որ պէտք է տեսնի իւրաքանչիւր հայ, միաժամանակ լաւագոյն առիթ է օտարներին ներկայացնելու հայկական մշակոյթն ու արուեստագէտներին, խօսելու Հայոց Ցեղասպանութեան մասին:
Ցուցահանդէսը, որ գործելու է մինչեւ Մայիսի 1ը՝ անվճար է եւ բաց հանրութեան համար: Այս նախաձեռնութեան շրջանակներում միաժամանակ տեղի են ունենալու մշակութային տարատեսակ ձեռնարկներ «Բրենդ» գրադարանում.
Մարտի 22ին.- Եու.Էս.Սի. համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների կենտրոնը ներկայացնում է հայ եւ թուրք ֆիլմարտադրողների կարճ վաւերագրական կինոնկարներ:
Մարտի 28ին.- Ֆրեզնոյի Պետական նոր երաժշտական նուագախումբը կը ներկայացնի հայ երգահանների ստեղծագործութիւններ:
Ապրիլի 4ին.- Արուեստաբանների մասնակցութեամբ տեղի կ՛ունենայ քննարկում:
Ապրիլի 11ին.- «Բրենդ» գրադարանը ներկայացնում է Հայոց Ցեղասպանութեան յիշատակման ձեռնարկ՝ անհատների պատմութիւններով եւ կենդանի երաժշտութեամբ:
Ապրիլի 19ին.- Միքայէլ Աւետիսեանը կը ներկայացնի Կոմիտասի երաժշտութիւնը:
Ապրիլի 30ին.- Կը ցուցադրուի Սերգէյ Փարաջանովի «Նռան Գոյնը» ֆիլմը, ինչին կը յաջորդի ձեռնարկի փակումը:
«Բրենդ» գրադարանի հասցէն է՝ BRAND LIBRARY & ART CENTER, 1601 West Mountain Street, Glendale, CA 91201:
Առաջիկայ համարներում «Ասպարէզ»ն առաւել մանրամասն կ՛անդրադառնայ «Կեանք 100» նախաձեռնութեանը: Մինչ այդ, տեղեկութիւնների համար կարող էք այցելել http://www.life100.org/: