Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

«Կամօ Նիգարեան. Շիզոպոլիս». Իշխանութեան Եւ Բռնութեան Յարաբերութեան Թեման Համակցող 17 Աշխատանք՝ Մէկ Տեղում

$
0
0

0921gamo«Կամօ Նիգարեան. Շիզոպոլիս». այս խորագրի ներքոյ Գաֆեսճեան արուեստի կենտրոնում մէկ ամսից բացուելու է Կամօ Նիգարեանի աշխատանքների ցուցահանդէսը: Այս մասին տեղեկանում ենք արուեստի կենտրոնի ֆէյսբուքեան էջից:

«Իշխանութեան եւ բռնութեան յարաբերութեան թեման համակցում են Կամօ Նիգարեանի այն տասնութ աշխատանքները, որոնք առաջին անգամ միասին ներկայացւում են այս ցուցադրութիւնում (համադրող՝ Վիգէն Գալստեան): 1970ականներին արուած դիզայներական իր առաջին գործերից սկսած՝ Նիգարեանը քննադատական դիրք ունէր պետական ու մասսայական մշակոյթի գաղափարաբանութիւնների հանդէպ: Որպէս սովետական ռեժիմի վերջին տասնամեակներին ասպարէզ իջած այլախոհ արուեստագէտ՝ նա խորապէս մտահոգ էր մարդկային էութեան մէջ սաղմնաւորուած բռնութեան եւ իշխելու՝ բոլորիս ծածուկ ցանկութիւնից: Ազդագրային ու թանգարանային ձեւաւորումից մինչեւ գեղանկարչութիւն ու լուսանկարչութիւն՝ Նիգարեանի արուեստը զննում է հասարակական ու քաղաքական համակարգերի ենթաշերտային տեռորը (ահաբեկումը-Խմբ.):
Ցուցահանդէսը քարտէսագրում է նրա համարձակ փորձարկութիւնները էքսպրեսիոնիզմի (արտայայտաչապաշտութեան-Խմբ.), սիւրռէալիզմի (գերիրապաշտութեան-Խմբ.) ու փոփ-արուեստի աւանդոյթների հետ, որոնց միջոցով արուեստագէտը փորձում էր արտաբերել արդի քաղաքակրթութեան ճգնաժամի հանդէպ իր տագնապը: Ինչպէս սարսափների մի դահլիճ՝ Շիզոպոլիսը հնարաւորութիւն է տալիս դիտարկելու իրականութեան «նեգատիւ» (բացասական-Խմբ.) կողմը ու մտորելու մեր առօրեայի մէջ արմատակալած անգիտակից խելագարութեան մասին», նշուած է ցուցահանդէսի մասին անոնսում (ծանուցումին մէջ-Խմբ.):
Ցուցահանդէսը բացուելու է Սեպտեմբերի 19ին, գործելու է մինչեւ Դեկտեմբերի 20ը:
Կամօ Նիգարեանը մահացել է 2011 թուականի Դեկտեմբերի 23ին: 2012թ. Դեկտեմբերի 11ին Երեւանի Ժամանակակից արուեստի թանգարանում բացուել էր Նիգարեանի «Նախակերպեր» ցուցահանդէսը: Ցուցահանդէսի համադրողն էր Սիդնէյի համալսարանի դոկտորանտ, արուեստաբան Վիգէն Գալստեանը:
0921gamo2Աւելի վաղ Panorama.am-ի հետ զրոյցում արուեստաբանն ասել էր. «Կամօ Նիգարեանի արուեստը բազմաշերտ է, ու հնարաւոր չէր միաժամանակ ներկայացնել բոլոր աշխատանքները: Նախատեսւում է կազմակերպել եւս մի քանի ցուցահանդէսներ՝ նրա արուեստի մասին ընդհանուր պատկերացում տալու համար: Նրա արուեստը միանգամից ներկայացնելը չափազանց բարդ է: Աւելի տրամաբանական է այն ներկայացնել առանձին-առանձին»:
Պատասխանելով հարցին, թէ ինչո՛ւ է Կամօ Նիգարեանի արուեստը քիչ ցուցադրուել, Վ. Գալստեանը մի քանի պատճառ էր նշել. «Քանի որ նրա արուեստը քննադատական-վերլուծական էր, քննադատօրէն էր մօտենում հայկական մշակոյթին, այդ կարգի արուեստը ո՛չ պէտք էր Սովետական Միութեանը, ո՛չ Հայաստանին: Նա չէր անդրադառնում կոնկրետ երեւոյթի, այլ մանրամասներից զերծ մնալով՝ ներկայացնում էր իրականութիւնն իր ընկալմամբ, նրա արուեստը սոցիալական ուղղուածութիւն չունէր»:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles