ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ
Ապրիլի 15ին «Վարդապետի Լռութիւնը» ֆիլմի լոսանջելեսեան պրեմիերիայի բացման խօսքում ֆիլմի հեղինակ Վիգէն Չալդրանեանը զուգահեռներ անցկացրեց հարիւր եւ աւելի տարի ձգուող եղեռնագործութիւնների եւ այս Ապրիլին արցախեան սահմանում կայացած հայ-ադրբեջանական բախումների միջեւ: Ցաւագին զուգահեռ է, բայց ֆիլմը հէնց այդ մասին է՝ չդադարող ցեղասպանութեան, անտարբերութեան, մատնութեան ու անդառնալի սխալների:
Ինչի՞ մասին էր լռում Կոմիտասը:
Նա, ով իր աչքերում կուտակել էր Եղեռնի ողջ սարսափը, ում հոգին լակմուսի թղթի նման կլանել էր արհաւիրքի ողջ սարսուռն ու մատնել նրան յաւերժական լռութեան: Անվերջ խոնարհում ու պարտքի զգացողութիւն կայ Կոմիտասի անուան հետ:
Այս ֆիլմն առաջադրում է նոր դիտակէտից բացայայտել ազգային ողբերգութիւնը, Կոմիտասի նշանային կերպարը: Ցեղասպանութեան մասին պատմող ֆիլմը հէնց այսօրուայ իրականութեան մասին է. ներհիւսւում են ժամանակակից ցոյցերի տեսարանները, երիտասարդների կեանքը՝ ուսանողական ըմբոստ առօրեան, մատնութիւնն ու վախը: Անցեալն առեղծուածային վարպետութեամբ, բազմաթիւ լարերով «տեղաւորւում» է ներկայի մէջ՝ ընգրկելով ժամանակակից մարդու այսօրուայ դրաման, նրա ցաւի ու յուսալքութեան այսօրուայ համրութիւնը:
Վկայագիրների հաւաստմամբ՝ մի դիպուածից յետոյ Կոմիտասը դառնում է ծայրայեղ ինքնամփոփ: Անապատ է քշւում 103 մտաւորական, այդ թւում նաեւ՝ Կոմիտասը: Ժանդարմի տուած դոյլով ջուրը փոխանցում են «նախ Կոմիտասին»: Թուրքը ոտքով խփում է ու շրջում դոյլը: Վիրաւորանքից նուաստացած Կոմիտասը ափերով ծածկում է դէմքը: Այս դէպքից յետոյ Կոմիտասն այլեւս նախկին կենսուրախ ու ժպտերեսը չէր:
Ֆիլմի գլխաւոր հերոս Էդգար Նովենցը (դերակատար Վարդան Մկրտչեան), ով վէպ է գրում Կոմիտասի մասին, զրուցում է իր ուսանողների հետ: Նրանք փորձում են պարզել՝ ինչ հանգամանքներում կը փրկուէր Կոմիտասը, ինչպէս հնարաւոր կը լինէր խուսափել եղեռնագործութիւնից. եթէ Կոմիտասը մնար Էջմիածնում, եթէ նրան Էջմիածնում չհալածէին վանակաները… «Պատմութիւնը «եթէ»ներով չի կառուցւում, եւ անցածն այլեւս շտկել չի լինի», ուսանողներին պարզաբանում է Էդգար Նովենցը:
Այսօրուայ մտաւորականի կեցուածքը Վիգէն Չալդրանեանի կինօարուեստում մշտապէս ուշադրութեան արժանացած թեմաներից է: Մտաւորականի յարգուած եւ արժեւորած դիրքը կարծես Վիգէն Չալդրանեանի թաքուն երազը լինի, հետապնդող մի երազ, ուր մշակոյթն է ազգի դէմքը, իսկ մտաւորականի անաչառ խօսքը լսելի է երկրին ու երկնքին. «Որովհետեւ մտաւորականութիւնը դա իդէալական հասարակութեան կենսաձեւ է», ասում է Վիգէն Չալդրանեանը, «դա այն մարդն է, որ արթնանում է ժողովրդի մասին մտածելով»:
Կինոնկարում Կոմիտասի «Սոնա եար»ը մի նոր կերպաւորում է ստացել, մի նոր Սոնա: Ժապաւէնին պարուրուած է բանաստեղծուհի Սոնա Վանի չքնաղ պօէզիան: Բանաստեղծուհու ստեղծագործութիւններին Վիգէն Չալդրանեանը անդրադարձել է դեռեւս 1993 թուականին («Պիտի երթամ, հեռանամ»): Ռեժիսորական գեղագիտական հնարքներից մէկը եւ հեղինակային «մտածող» կինոյի ձեռագիրը յանձին Սոնա Վան պօէտի՝
մինչդեռ էկրանի վրայ
նախ լոյսն է
ապա՝ ձայնը… փոշին
ու մեռած զինուորը այդ փոշու տակ
(բնութեան օրէնքները պահպանւում են
խիղճը՝ ոչ)
… փոշին
լոյսը
ձայնը
փոշին
զինուորը
ապա ոռնոցը մօր
Ֆիլմի հերոսուհին՝ միայնակ ու յղի Սոնան (դերակատար Անի Ղազարեան), 100 դրամով չափում է անցորդների մարմնի ջերմութիւնը՝ միջինը 37.71: «Փաստօրէն հիմնականում հիւանդ են», եզրակացնում է գլխաւոր հերոսը՝ Էդգար Նովենցը: Փնտռտուքը այն «առողջ» ջերմութեան, սրտացաւութեան, որ ցանկացած ցաւ բուժում է:
Կոմիտասի կերպարը ֆիլմում բացայայտւում է որպէս խորհրդանիշ, ոչ որպէս պատմական անձ: Մեծագոյն կոմպոզիտորի դիմագիծը էկրանին ժամանակակից այլ հնարաւոր կոմիտասների ներկայութեամբ է: Կոմիտասներ նաեւ կարող են մեր օրերում լինել: Նրա ճանապարհը դեռ անցնել է պէտք՝ ցաւը ընդունելու, բուժելու՝ այնպէս, ինչպէս սուրոգատ մայրը ֆիլմում աստիճանաբար է սիրում իր մէջ զարգացող պտղին, սիրում ու ճչում երկունքի ցաւից (ֆիլմի վերջին տեսարանը):
Յաճախ ենք շռայլել ազգասիրութիւնն ու հայրենասիրութիւնը տարփողող բառեր, արժէզրկել ու փոշիացրել անդառնալիօրէն: Եւ որքան դժուար է այլեւս չափաւորուած ու դիպուկ մեզ վերադարձնել այդ բառերի նախկին իմաստն ու նրանց խորքում ապրող նուրբ զգացողութիւնները: Այդ կորցուած իմաստների շնչառութիւնն ու ռիթմն է մեզ վերադարձնում Չալդրանեանի պատկերաշարը: Ռեժիսորի չափանիշը նոյնպէս խօսուն լռութիւնն է, լռութեան ձայնը, լռութեան պատգամն ու խորհրդածութիւնը, չալդրանեանական գոյների մեղմութիւնը, շարժապատկերի ռիթմը, խոհերը, «աննկատ» երաժշտութիւնը՝ կարծես ընդամէնը խախտում են լռութիւնը:
Կոմիտաս, ինչո՞ւ լռեցիր:
«Կարծում եմ Կոմիտասը տիեզերքից էր տրուած, որպէս «ազգի խիղճ», ասում է Վիգէն Չալդրանեանը, «այսօր խնդիր ունենք վերադարձնելու այդ խիղճը, վերադառնալու դէպի Կոմիտասը: Խօսելու ժամանակն է…»:
Վիգէն Չալդրանեանի «Վարդապետի Լռութիւնը» ֆիլմի լոսանջելեսեան ցուցադրութիւնը «Paramount Pictures» կինոստուդիայի դահլիճում հնարաւոր դարձաւ բժիշկ Գոռ Բարդակչեանի աջակցութեան շնորհիւ: