ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Իւրաքանչիւր տարի, Ապրիլի 24ին Լոս Անջելեսի եւ յարակից շրջանների հայութիւնը հաւաքւում է Մոնթեբելլոյի «Պիքնել Փարք»ում գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ՝ ոգեկոչելու 1.5 միլիոն նահատակների յիշատակը: Յուշարձանի մօտ տեղի է ունենում հոգեհանգստեան արարողութիւն՝ հոգեւորականների մատուցմամբ, հրաւիրուած բանախօսները՝ հայ եւ օտար քաղաքական, իրաւական ոլորտի գործիչները, ելոյթներ են ունենում՝ փոխանցելով օրուայ հետ կապուած պատգամներ: Այս յուշահանդէսը տարիներ շարունակ կազմակերպում եւ իրականացնում է Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմինը, որ կազմուած է հայ համայնքում գործող յիսունչորս միութիւններից, կուսակցութիւններից ու կազմակերպութիւններից: Այս կառոյցի բոլոր անդամները մեծ նուիրումով ամէն տարի աշխատում են Մեծ Եղեռնին նուիրուած միջոցառումների միջոցով նաեւ օտարներին լսելի դարձնել մեր պատմութեան ամենավշտալի էջն ու արդար պահանջը: Միացեալ մարմնի շուրջ հաւաքուող կազմակերպութիւնների թիւն օրէցօր աւելանում է, գործառոյթներն ընլայնւում են, եւ այս կազմակերպութիւնը դառնում է հայի միասնական ուժի հնարաւորութիւնները խորհրդանշող կառոյց: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմնի, այս կազմակերպութեան ծրագրերի եւ Ապրիլի 24ին ընդառաջ միջոցառումների մասին պատմում են Միացեալ մարմնի անդամ կուսակցութիւնների ու միութիւնների ղեկավարները:
ԺԱՆ ԳՈՍԱԳԵԱՆ.- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն.
Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմնի ստեղծման նպատակն էր կազմակերպել համայնքին Հայոց Ցեղասպանութեան տարելիցին նուիրուած յուշահանդէսի համար եւ համախմբել հայ համայնքին Մոնթեբելլոյի Ցեղասպանութեան նահատակների յիշատակութեան յուշարձանի առջեւ մեր կողմից կազմակերպուող ձեռնարկի շուրջ: Չորս տարի առաջ այս նախաձեռնութեան շուրջ հաւաքուած կուսակցութիւնների, տարբեր ոլորտներում գործող միութիւնների ու կազմակերպութիւնների, հոգեւոր դասի ներկայացուցիչների թիւը տասներկուսն էր: Այսօր արդէն, այդ թիւը հասել է յիսունչորսի: Մենք բոլոր ուժերը կենտրոնացնում ենք Ապրիլի 24ի միջոցառումների անցկացումը պատշաճ կերպով իրականացնելուն եւ ամէն տարի մեծ յուշանադես ենք կազմակերպում: Այս տարի եւս, Մոնթեբելոյում, Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի առջեւ յուշահանդէս տեղի կ՛ունենայ, որի պաշտօնական բաժինը կը սկսուի ժամը 1:30ին: Հոգեւորականները կ՛անցկացնեն հոգեհանգստեան արարողութիւն, այնուհետեւ ելոյթ կ՛ունենան հասարակական-քաղաքական գործիչներ: Այս տարի Միացեալ մարմինը որպէս հիմնական բանախօս հրաւիրել է մարդու իրաւունքների պաշպանութեան ոլորտում միջազգային իրաւագէտ Ջեֆրի Ռոբերտսոնին, ով յայտնի է իր հայանպաստ կեցուածքով:
ԿԱՐՕ ՂԱԶԱՐԵԱՆ- Հայ իրաւաբանների միութիւն.
Այս տարի Միացեալ մարմինը որոշեց հրաւիրել Ջեֆրի Ռոբերտսոնին, ով միջազգային իրաւական հարթակում ներգրաւուած է Հայկական հարցերով: 2008 թուականին Լոնդոնում Հայկական կենտրոնը դիմել էր Ռոբերտսոնի ծառայութեանը, պարզաբանելու՝ արդեօք թուրքերի կողմից իրականացուած 1915 թուականի հայերի տեղահանումներն ու ջարդերը միջազգային օրէնքի չափանիշներով կարող են որակուել որպէս Ցեղասպանութիւն: Ռոբերտսոնը ուսումնասիրութիւններ է կատարել բրիտանական եւ միջազգային արխիւներում ու եզրակացրել է. «1915 թուականին հայերի հանդէպ ցուցաբերուած վերաբերմունքը համապատասխանում է Ցեղասպանութիւն նկարագրութեանը»: Նա հանդէս է եկել իր երկրի որդեգրած քաղաքական գծի դէմ եւ մեղադրել է Բրիտանիայի Արտաքին գործերի եւ համագործակցութեան հարցերով նախարարութեանը «Ցեղասպանութեան ժխտման»ը ներգրաւուելու մէջ, քանի որ «Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը հարուած կը հասցնի Թուրքիայի հետ յարաբերութիւններին՝ առանց բրիտանական որեւէ տնտեսական կամ դիւանագիտական շահերի հատուցման առաւելութեան»: Ռոբերտսոնը նաեւ ակտիւօրէն ներգրաւուած է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցում, հայ սպային կացնահարած ադրբեջանցի Սաֆարովի դէմ դատական գործում: Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի շէմին մեր ջանքերը պէտք է առաւել ակտիւացնենք միջազգային իրաւական հարթակում այս հարցը ներկայացնելու ուղղութեամբ: Միացեալ մարմինը ներկայումս միաւորում է 50ից աւելի հայկական միութիւններ, եւ մենք էլ պատրաստւում ենք ունենալ մեր ներդրումը՝ Ռոբերտսոնին հրաւիրելն էլ քայլ է այդ ուղղութեամբ: Կոչ ենք անում հայ համայնքին, որ Ապրիլի 24ին այցելեն Մոնթեբելլօ՝ յարգանքի տուրք մատուցելու մեր նահատակներին, նաեւ՝ երախտագիտութիւն յայտնելու Ջեֆրի Ռոբերտսոնին:
ՌԱԶՄԻԿ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.- Հայ կրթական հիմնարկութիւն.
Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմնի ընդլայնմանը զուգընթաց, որոշեցինք մեծացնել նաեւ մեր գործունէութեան շրջանակները: Ըստ այդմ, մեր աշխատանքներն այլեւս չեն սահմանափակւում Ապրիլի 24ի յուշահանդէսի կազմակերպմամբ: Տարուայ ընթացքում Միացեալ մարմինը կազմակերպում է Ցեղասպանութեան տարբեր հարցերի հետ առնչուող ձեռնարկներ՝ իրազեկման, ճանաչմանն ուղղուած սեմինարներ, տարաբնոյթ այլ միջոցառումներ: Օրինակ, երկու տարի առաջ Սեւրի պայմանագրի 91ամեակին նուիրուած ձեռնարկ ունեցանք, 2012ին էլ՝ հրաւիրել էինք բան. գիտ. թեկնածու, դոց., թուրքագէտ Լուսինէ Սահակեանին՝ ներկայացնելու իր «Համշէնի մանրատեղանունները» աշխատութիւնը: Այս տարուայ ծրագրերից նշեմ Քալիֆորնիոյ Նորթրիճ համալսարանի Հայկական ծրագրերի բաժնի հետ Ապրիլի 6ի համաժողովը՝ «Հայոց Ցեղասպանութեան դէմ դիմադրութիւնը» թեմայով, որի գլխաւոր հովանաւորներից էր նաեւ Միացեալ մարմինը: Առաջիկայ ձեռնարկներից է Ապրիլի 22ին, Երկուշաբթի, Փասադենայի Ս. Գրիգոր հայկական եկեղեցու սրահում Ջեֆրի Ռոբերտսոնին նուիրուած երեկոն, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Տոմսեր ձեռք բերելու համար կարող էք զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով՝ 818 631 9110, տոմսերի արժէքն է՝ 40 դոլար:
Մարմնի գործունէութեան եւ ծրագրերի մասին տեղեկութիւնները տեղադրւում են մեր կայքում http://www.uacla.com, սոցիալական Ֆէյսբուք ցանցի մեր էջում UACLA News: Միացեալ մարմինը ընդունում է իւրքանչիւր առաջարկ, որ ներկայացնում են մեր անդամ կազմակերպութիւնները, որոնք քննարկելուց յետոյ, այնուհետեւ իւրաքանչիւր միութիւն այն ներկայացնում է իր վարչութեանը եւ վերջում մարմինը, համախոհութեամբ, կայացնում է վերջնական որոշում: Մեր կառոյցի ընդհանուր ժողովները տեղի են ունենում երկու ամիսը մէկ, իսկ Գործադիր խորհուրդը հանդիպում է գրեթէ ամէն շաբաթ՝ քննարկելու ընդհանուր ժողովում ներկայացուած առաջարկներն ու դրանց հնարաւոր իրականացումը:
ԱՐՈՒՍ ՂԱԶԱՐԵԱՆ.- ՀԱՍԿ.
Միացեալ մարմինը մօտ մէկ տարի առաջ սկսեց արագօրէն համալրուել նոր միութիւններով, եւ աշխատանքի ծաւալը մեծացաւ: Որպէսզի կարողանանք բոլորի ուժերը առաւելագոյնս գործածել՝ որոշեցինք ստեղծել տարբեր աշխատախմբեր, այդ թւում՝ հանրային կապերի, ձեռնարկների կազմակերպման, դրամահաւաքներ նախաձեռնող բաժիններ: Այսպէս մենք այժմ
առաւել արդիւնաւէտօրէն ենք հասնում մեր համայնքին, ծանօթացնում ենք Մարմնի գործունէութեանը հեռախօսազանգերով, նամակներ ուղարկելով, սոցիալական ցանցերի միջոցով տեղեկացնում ենք առաջիկայ ծրագրերի մասին: Ուրախալի է, որ ժողովրդի կողմից նկատւում է հետաքրքրութիւն, եւ աշխատանքը խելացի կերպով կազմակերպելով, մենք կարող ենք առաջ տանել ընդհանուր գործը: Միացեալ մարմինն այն կառոյցն է, որի անդամ են տարբեր կուսակցութիւնների, հայեացքների տէր անհատներ, ովքեր սակայն միաձայն եւ ներդաշնակօրէն համախմբուած են մէկ գաղափարի՝ Հայկական հարցի շուրջ: Միացեալ մարմինը բաց է բոլոր հայկական կազմակերպութիւնների համար, իսկ անհատներ, ովքեր կը ցանկանան միանալ մեզ եւ իրենց ներդրումն ունենալ այս համահայկական նշանակութեան գործում՝ կարող են ընտրել մեր յանձնախմբերից մէկը եւ ներգրաւուել այնտեղ: Յատկանշական է, որ մարմնում մեծանում է նաեւ երիտասարդական կազմակերպութիւնների թիւը, որ մեզ մեծ ուրախութիւն է պատճառում:
ՏԻԳՐԱՆ ՄՈՒՍՈՅԵԱՆ.- Լոս Անջելեսի Իրանահայ միութիւն.
Լրանում է Հայոց Ցեղասպանութեան 100ամեակը, եւ այդ համամարդկային ոճրագործութեան մասին յիշողութիւնները տարիների ընթացքում անմար են պահել հայկական կուսակցութիւններն ու միութիւնները: Այսօր Միացեալ մարմինը միաւորում է տասնեակ հայկական կազմակերպութիւններ, ովքեր համախմբուել են այդ հիշողութեան եւ մեր արդար պահանջի շուրջ, ու մեզ բաժանել այլեւս հնարաւոր չէ: Յուսով եմ, որ մեր անդամների թիւը աւելի կը մեծանայ, եւ ազգային գիտակցութիւն կրող իւրաքանչիւրբ հայ իր ներդրումը կը բերի մեր ծրագրերին: Ուրախալի փաստ է, որ մարդիկ, ովքեր իրենց առաքելութիւնն են համարում նաեւ ազգայինին նուիրումը՝ գտնում եւ միանում են մեզ: Մարմնի գործունէութեանը կարելի է աջակցել տարբեր ձեւերով՝ նուիրատուութիւնների միջոցով եւ կամաւոր աշխատանքով: Մենք կարեւորում ենք արհեստավարժների եւ մտաւորականների մասնակցութիւնը՝ մասնաւորապէս Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ:
ԴԱՒԹԻ ՍԱՄՈՒԷԼԵԱՆ.- Ռամկավար Ազատական Կուսակցութիւն.
Միացեալ մարմինը, բացի հիմնական աշխատանքներից, պատրաստւում է նաեւ Հայոց Ցեղասպանութեան 100ամեակի միջոցառումների ծրագրմանը: Ապրիլի 24ից յետոյ մենք աւելի կոնկրէտ աշխատանքներ կը սկսենք կատարել այս ուղղութեամբ: Միաժամանակ, Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմինը համագործակցում է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգելու նպատակով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրամանագրով ստեղծուած Պետական յանձնաժողովի հետ: Հաշուի առնելով մեր փորձն ու գործունէութիւնը, Միացեալ մարմինը լիազօրուեց ներկայացնելու Լոս Անջելեսը եւ դարձաւ շրջանի յանձնախմբի Գործադիր մարմինը: Եւս մէկ անգամ ցանկանում եմ նշել, որ Միացեալ մարմնի նպատակը մէկն է, եւ մենք ձգտում ենք մէկ իրականութեան՝ յարգել մեր նահատակների յիշատակը եւ մեր յիշողութիւնն ու արդար պահանջը փոխանցել գալիք սերունդներին:
Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անճելըսի Միացեալ մարմինը կոչ կ՛ուղղէ շրջանի բոլոր հայորդիներուն, որ խուռներամ ներկայ գտնուին յուշահանդէսին, ինչպէս նաեւ մասնակցութիւն բերեն գաղութին մէջ կազմակերպուող Մեծ Եղեռնին նուիրուած բոլոր միջոցառումներուն: Իսկ այն կազմակերպութիւնները, որոնք կը փափաքին մաս կազմել Միացեալ մարմինին, սակայն ցարդ առիթը չեն ունեցած մասնակից ըլլալու անոր աշխատանքներուն, կը խնդրուի, որ կապուին Գործադիր մարմինին հետ՝ հետեւեալ հասցէով. secretary@uacla.com:
ՏԵՂԵԿԱՆՔ. Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմնի անդամ կազմակերպութիւնները.
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար Ազատական Կուսակցութիւն, «Արարատ» հիմնադրամ, «Հայ Դպրոց» հիմնադրամ, Այնթապցիներու մշակութային միութիւն, Հայ- ամերիկեան տարեցների միութիւն, Լոս Անջելեսի Իրաքահայերի միութիւն, Հայ իրաւաբանների միութիւն, Հայ Կաթողիկէ առաջնորդարան, Հայ պաշտօնեաների Լոս Անջելես գաւառի խմբաւորում, Ուրֆայի հայրենակցական միութիւն, Հայ կրթական հիմնարկութիւն, Հայ աւետարանական համայնք, Հայ ֆիլմի հիմնադրամ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութիւն, Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւն, Հայկական յուշարձանի խորհուրդ, Հայ-ամերիկեան բուժքոյրերի միութիւն, Հայ Օգնութեան Միութիւն, Լոս Անճելըսի Իրանահայ միութիւն, ԱՄՆի Հայ վետերանների միութիւն, Կալիֆորնիայի Հայ գրողների միութիւն, Կալիֆորնիայի Հայ Երիտասարդաց Միութիւն, «Փերիա» ամերիկահայ մշակութային միութիւն, Տարօն-Տուրուբերանի հայրենակցական միութիւն, Չորք Մարզպանի հայրենակցական միութիւն, Նոր Ջուղայի բարեկամներ, Հայ դրոշմագիտական միութիւն, Վասպուրականի հայրենակցական միութիւն, Յունահայ միութիւն, «ՀԱՍԿ» հայ-ամերիկեան սփիւռքի կենտրոն, Ջան Թաւրիզ հայրենակցական միութիւն, Վարդանանց Ասպետներ, Դաւթեան եւ Մարիամեան կրթական հաստատութիւն, Կալիֆորնիայի Մուսայ Լեռ հայրենակցական միութիւն, Պոլսահայ միութիւն, Սիս հայրենակցական միութիւն, Հայկական միացեալ հիմնադրամ, Ուրմիոյ հայրենակցական միութիւն, «Իւ. Էս.Սի» համալսարանի Հայկական ուսումնասիրութիւնների կենտրոն, Հիւսիսային Ամերիկայի Հայաստանեաց եկեղեցու Արեւմտեան թեմ, ԱՄՆում Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմ, Հայ դրամագիտական ընկերակցութիւն, Քալիֆորնիոյ Նորթրիճ համալսարանի Հայկական ծրագիր, Համազգայինի Կրթական եւ մշակութային միութիւն, Միացեալ հայ երիտասարդներ, Հայ արիական բռունցք (Հայկական Ժառանգութիւն հիմնարկութիւն), Ախալցխէ հայրենակցական միութիւն, «ԱՐՓԱ» հիմնարկ, Հայ ինժեներների եւ գիտնականների միութիւն, Ամերիկայի Հայկական Համագումար, Ալֆա Էպիլսօն Օմեգա, Ամերիկահայ զինեալներ, Հայաստանի ճարտարապետների միութիւն: