Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Ի՞նչ Է Նշանակում Րաֆֆի

$
0
0
C

C

 

Սկզբից եւեթ ընթերցողներին հետաքրքրել է Րաֆֆի գրական անուան բացատրութիւնը: Ինքը՝ Յակոբ Մելիք Յակոբեանը, այս մասին որեւէ տեղեկութիւն չի թողել: Րաֆֆի անուան բացատրութեանն առաջին անգամ անդրադարձել է Լէօն, որը առիթ էր ունեցել մեծ գրողին ճանաչելու «Մշակ» լրագրում նրա հետ աշխատած տարիներին: Այդ կապակցութեամբ Լէօն գրում է. «Ասում են, որ իր կեղծանունը Րաֆֆին վերցրել է արաբական լեզուից: Գուցէ աւելորդ չէր լինի յիշատակել, որ 60ական թուականներին Թիֆլիսի իտալական օպերայի դերասանուհիներից մէկի ազգանունն էր Րաֆֆի (Լէօ, Գրիգոր Արծրունի, հատոր 2րդ, էջ 64): Կենսագիրներից մէկի կարծիքով րաֆֆի, աւելի ճիշդ՝ րաֆ-ի արաբերէնից պարսկերէնի անցած բառ է եւ մէկն է պարսկական այն տիտղոսներից, որոնք տրւում են պարսից բարձրաստիճան անձանց՝ պետութեանը մատուցած յատուկ ծառայութիւնների համար: Մէկ այլ բանասէրի կարծիքով րաֆֆի ասորական բառ է, նշանակում է րաբբի կամ րաբանի, որ եբրայերէն նշանակում է վարդապետ: Նոյնիսկ տարածուել է այսպիսի մի աւանդութիւն, ըստ որի՝ Պարսկաստանում ճանապարհորդելիս, տեսնելով մի բարձր լեռ, Րաֆֆին բացականչում է.

– Որքա՜ն բարձր սար է:

– Այո՛, բարձր սար է, այդ պատճառով էլ կոչւում է Րաֆֆի,- պատասխանում են ուղեկիցները:

Այդ գեղեցիկ բառը տպաւորւում է Մելիք Յակոբեանի գիտակցութեան մէջ, եւ նա որոշում է օգտագործել իբրեւ գրական անուն: Ֆրանսերէնում րաֆֆի բառը, որ հաւանաբար փոխառութիւն է արաբերէնից, նշանակում է բարձր, վսեմ, փառաւոր: Վիպասանի եղբօր որդին՝ Սողոմոն Տէր Յակոբեանը, գրում է. «Գաղափարական տեսակէտից մօտենալով հարցին՝ անհաւանական չէ Րաֆֆի անուան ծագումը րաբբի բառից՝ նկատի ունենալով, որ Րաֆֆին կոչուած էր հայ կեանքի մէջ նոր գաղափարների վարդապետը կամ քարոզիչը հանդիսանալու»: Նա գտնում է, որ Րաֆֆին իր գրական անունը վերցրել է պարսկերէն րաֆֆի բառից, որ նշանակում է վեհ, բարձր, վսեմ: Րաֆֆի բառի ստուգաբանութեան շուրջ բացուած բանավէճին մասնակցել է նաեւ յայտնի իրանագէտ Ռ. Աբրահամեանը՝ գտնելով, որ րաֆֆի-ն արաբական բառի հայացումն է՝ բարձր, բարձրագոյն, վսեմ նշանակութեամբ: Ահա այս իմաստով էլ Րաֆֆին այդ բառը դարձրել է գրական անուն:

 

Է. Պետրոսեան, «Րաֆֆի», Հայպետհրատ, Երեւան, 1959, էջ 117-118


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles