ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ
Image may be NSFW.
Clik here to view.Տարիներ է, ինչ առիթը բաց չեմ թողնում գարնան կամ ամրան եղանակներին մի քանի ամիս անցկացնել հայրենիքում, որտեղ որպէս երթեւեկութեան միջոց, ի մասնաւորի հիւրի կարգավիճակ ունեցողների համար, նպատակայարմար է թաքսին, որը այսօր բաւականին ապահով է, եւ ինչու ոչ, նաեւ լի է զուարճալի, տհաճ եւ հետաքրքիր միջադէպերով: Եթէ քաղաքի երակները փողոցներն են, ապա երթեւեկութեան միջոցները՝ արեան շրջանառութիւնն է: Հաշուի առնելով այս հանգամանքը ձեռնամուխ եղայ գրի առնել թաքսու վարորդների հետ ունեցած այն փորձառութիւններս, որոնք ժամանակին հասցրել եմ թղթին յանձնել, ապա որպէս կարճ պատումներ՝ ներկայացնել ընթերցողիս:
Օպերա – Սայաթ Նովա
Թաքսին կանգնեց, ուղեւորը իջաւ, դեռ դուռը չէր փակուել, մօտեցայ, աջ ձեռքով պահեցի դուռը: Վարորդը խօսում էր, թաքսիի մէջ մարդ՝ ուղեւոր, չկար, բայց վարորդը դէպի մի նորակառոյց՝ էլիտար շէնք, խօսում էր, ձայնի մէջ բողոք, մաղձ կար, ինչ որ բանից էր դժգոհում:
Հարցրի.
– Ազա՞տ ես, վարպետ:
– Ո՞ւմ էր պէտք էս ազատատութիւնը, նստիր:
Նստեցի:
– Բարեւ ձեզ, Սայաթ Նովա – Չարենց, հէնց անկեան վրայ:
– Մաշտոցից Չարենց,- վարորդը պատասխանեց ռադիօընդունիչի խռխռացող, սղոցող կանացի, աւելի շատ բողոքին, քան հարցին, ու լսուեց «բարի եր»չ արտայայտութիւնը։
– Երկիր չի, այ ցաւդ տանեմ, չգիտեմ որտեղից ես, ախպերս, բայց երկիր չի, թալան ա, սաղ թալանում են, ժողովրդի մասին մտածող չկայ, գռփում են: Ուտում են, լաւ են անում, ցաւդ տանեմ, չեմ ասում չուտեն, թող ուտեն հայրենակից ջան, բայց լաւ չի՞ լինի մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեն: Բերել խանութները լցրել են, միթոմ (իբր-Խմբ.) ի՞նչ, ո՞ւմ համար են լցրել՝ իրանց, ցաւդ տանեմ: Էն սովետների ժամանակ, որ էս սուպերմարկետները չկային, ի՞նչ ա, չէի՞նք ապրըմ, էս ջիպերին մի խաբնուիր, ցաւդ տանեմ, աշխատավարձով էստեղ էշ չես կարայ քշի, սրանք սաղ օլիգարխների լակոտներն են, ոնց ուզեն կը քշեն, օրէնք, կարգ ու կանոն, կը ներես ախպերս, ք…ծ ունեն, մէկ դոլարի համար մարդ են մորթում, ցաւդ տանեմ, մէկ դոլարի համար, խօսքի՝ չորս հարիւր դրամի համար: Մինչեւ չբռնաբարեն աշխատավարձ, չեն տայ: Տուածներն էլ մի բան չի ախպերս, սենց որ գնայ, ո՞ւր ենք հասնելու, ցաւդ տանեմ, էս մեր գեոզալ Հայաստանը վարի տուին, թալանին, քարուքանդ արին, մարդ չի մնացել, սաղ փախան, մինչեւ հիմա էլ փախնըմ են, էս սվոլիչները (սրիկաները-Խմբ.) Հայաստանը դատարկին, ո՞ւմ էր պէտք էս անկախութիւնը, ազատութիւնը: Յաճախորդը հէնց հարցնում է՝ «ազա՞տ ես», ներվերս քայքայւում են… Էն սովետների ժամանակ էլ եմ թաքսի քշել, ցաւդ տանեմ, լաւ էլ ապրըմ էինք, զիբիլի պէս փող էր գալիս, բաքուեցի ջահէլ տղայ էի, շան հոտառութիւն ունէի, դեռ էն դէպքերը՝ Սումգայիթի ջարդը չսկսած, էկայ Էրեւան, ծանօթ ունէի, լաւ շրջապատ, թաքսի վեկալայ (առի-Խմբ.), լաւ էլ ապրըմ էինք… Արա տեսա՞ր ինչ արեց էդ քածը, սրանց պռաւա (վարորդական իրաւունքի թուղթ-Խմբ.) տուողի լաւը… սաղ էդ բոզի լակոտների աղջիկներն են: Երեսուն տարի ա թաքսի եմ քշում, մի՛ վախի, գօտիդ խի՞ (ինչու-Խմբ.) ես կապում, ցաւդ տանեմ, էս երկրում ոչ կարգ կայ, ոչ կանոն: Օրէնքը վերածուել ա ապրանքի, փողով կարաս օրէնք առնես, օրէնք ծախես, այ քեզ անկախութիւն… Ինչքան փող ա մտնըմ էս երկիրը, քառասուն տոկոսը էդ բոզի լակոտ ղեկավարներինն ա… Էստեղ որ կանգնեմ լա՞ւ ա, ցաւդ տանեմ:
– Լաւ ա, շնորհակալ եմ,- ասացի ես ու հազար դրամանոց թղթադրամը մեկնեցի նրան: Վերցրեց, գցեց աջ ձեռքի տակ դրուած փոքրիկ արկղի մէջ ու սպասեց: Ես էլ սպասեցի: Նա սպասում էր իմ իջնելուն, ես՝ մանրս ստանալուն: Նա գիտէր, թէ ես ինչի եմ սպասում՝ իմ վճարած գումարի քառասուն տոկոսին: Հարցական հայեացքս նրա աչքերից դեռ չհեռացրած՝ վրայ բերեց.
– Մանր չունեմ, ցաւդ տանեմ:
– Իսկ քեզ թւում ա մեր նախագահն ու վարչապետը, նախարարներն ու մարզպետները, մանր փող ունե՞ն, որ վերադաձնեն ժողովրդին…
Մինչ ես խօսում էի, վարորդը գրպաններն էր ստուգում, երկու հարիւր դրամ մեկնեց ինձ, տեղիցս չշարժուեցի, նորից գրպանները քչփորեց, երկու հարիւր եւս «գտաւ», մեկնեց ինձ, նորից չվերցրի:
– Վեկալ (վերցուր-Խմբ.), վեկալ, այ ախպեր, էղածը մի բան չի, ի՞նչ ես Սերժ, եսիմ Քոչարեան, նախարար, մարզպետ… վեկալ… դրանց սաղի տիրու մերն էլ… փողդ վեկալ, այ ցաւդ տանեմ…
Երեւանը կաշառակեր է…