Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Յովհաննէս Այվազովսկի

$
0
0

 

0825ayvazovsgi1896թ. ամառային մի օր Թէոդոսիայի բնակիչները մի զուարճալի տեսարանի ականատես եղան: Արդէն անուանի ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկին քայլում է քաղաքի փողոցներով, նրա կողքին ծովանկարչի շունն է, որի վզին մեդալներ են կախուած: Լուռ, շրջապատի մարդկանց հարցապնդումներին անհաղորդ՝ ծովանկարիչը շան հետ ծովափ իջաւ, նաւակ նստեց ու թիավարեց դէպի ծովը, ապա շան վզից արձակեց կապած մեդալներն ու շպրտելով՝ յետ վերադարձաւ…

Մեծ ծովանկարիչը ծովի խորքերը նետեց թուրքական սուլթան Աբդուլ-Համիդ Երկրորդի պարգեւները, որ ստացել էր նրանից թուրքական պալատների նկարազարդումների եւ Բարձր դռան պատուէրով արուած կտաւների համար: Մեծ հայորդին այդպէս իր բողոքն ու դժգոհութիւնն արտայայտեց Արեւմտեան Հայաստանում սկսուած զանգուածային կոտորածների դէմ:

Երբ տակաւին պատանի Յովհաննէս Այվազովսկին ցանկանում էր ընդունուել ուսումնարան, տնօրէնը, որպէսզի ստուգի նրա ընդունակութիւնները, փորձում է նրան՝ ասելով.

– Ուսումնարանի առաջին յարկում ջրաւազան կայ, գնա եւ այնտեղից դոյլով ջուր բեր:

Պատանին գնում է, տեսնում, որ ջրաւազանն իրականում պատի վրայ արուած նկար է: Նա նկարի վրայ աւելացնում է ջրի մէջ խեղդուող շուն, առանց ջրի գնում տնօրէնի մօտ եւ արդարանալով ասում. «Աւազանի մէջ շուն կար, ջուրը կեղտոտ էր, չբերեցի»:

Տնօրէնը գնում տեսնում է, թէ ինչ հմտութեամբ է Այվազովսկին նկարել շունն ու նրան ընդունում է իր մօտ սովորելու:

Ռուսական կայսրութեան պատուաւոր ծովակալ, Ռուսական կայսերական ակադեմիայի անդամ, Ամստերդամի, Շտուտգարտի, Ֆլորենցիայի, Հռոմի գեղարուեստի ակադեմիաների անդամ, Ֆրանսիայի բարձրագոյն՝ Պատուոյ լեգէոնի շքանշանակիր, աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկին ծնուել է 1817թ. Յուլիսի 29ին, Ղրիմի Թէոդոսիա քաղաքում:

Տեղի ծխական քահանայի ծխամատեանում գրանցուած է որպէս Օաննես Այվազեան: Յետագայում՝ մինչեւ 1843թ., իր կտաւները մեծ ծովանկարիչը այդպէս էլ ստորագրում էր՝ հայերէն:

Յովհաննէս Այվազովսկին դեռ երիտասարդ ժամանակ նուաճեց ծովանկարչութեան առաջամարտիկի դիրքը ու մինչ օրս պահպանեց այն: Աշխարհում ոչ ոք չկարողացաւ այլեւս ծովանկարչութեան ասպարէզում ստեղծել այնպիսի արժէքներ, որոնք կարողանային չափուել հայորդու ստեղծածի հետ: Նա արտակարգ տեսողական յիշողութիւն ունէր եւ տարբեր երկրներում տեսածը ամիսներ անց կարողանում էր արագ վերարտադրել իր կտաւներում:

Նրա հայրը Մոլդովայից Ղրիմ գաղթած Գէորգի Այվազն էր, ով յետագայում անյայտ պատճառով փոխեց իր անունը՝ Կոստանդին:

Մանկութիւնն ու պատանեկութիւնն անցան հայրենի քաղաքում, որտեղ Յովհաննէսը յաճախեց տեղի հայկական ծխական դպրոց:

Յովհաննէսը սիրում էր նկարել ու յաճախ էր ածուխի կտորներով «մրոտում» քաղաքի պատերը, զանազան շինութիւններ:

Տեսնելով որդու հակումը՝ հայրը նրան ուսման տուեց Սիմֆերոպոլի գիմնազիայում, ուր սովորեց 1830-1833թթ.: Այստեղ նա նուաճեց առաջին պարգեւը. իր «Անդորր» կտաւի համար արժանացաւ գիմնազիայի առաջին կարգի ոսկէ մեդալի: Յետագայում՝ 1837թ. Այվազովսկին ոսկէ մեդալով աւարտեց Սանկտ Պետերբուրգի գեղարուեստի ակադեմիան:

Այնուհետեւ, Այվազովսկին շրջագայեց Եւրոպայում՝ կատարելագործելով իր արուեստը: Նա եղաւ Եւրոպայի մշակութային կենտրոններում՝ Իտալիայում, Հոլանդիայում, Անգլիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, մասնակցեց բազում ցուցահանդէսների, ինչը ճանաչում բերեց ծովանկարչին:

Չորս տարի անց՝ 1844թ. վերադառնալով Ռուսաստան՝ նշանակուեց Ծովային գլխաւոր շտաբի ծովանկարիչ: Չնայած նոր նշանակմանը՝ նա չհաստատուեց մայրաքաղաքում, այլ մշտական բնակութեան մեկնեց հայրենի քաղաք՝ Թէոդոսիա: Այվազովսկին չէր պատկերացնում կեանքն առանց ծովի:

Ղրիմի պատերազմի ծանր օրերին նա գործուն աջակցութիւն ցոյց տուեց Սեւաստոպոլի պաշտպաններին: Անգամ պատերազմի թոհուբոհը չխանգարեց, որ նա քաղաքում ցուցահանդէս բացի, ոգեւորի պաշարուած քաղաքի բնակիչներին:

Պատերազմից յետոյ նա մեկնեց երկարատեւ ճամփորդութեան. եղաւ Եւրոպայում, ամերիկեան մայրցամաքում, Աֆրիկայում, Մերձաւոր Արեւելքի երկրներում, Կովկասում, Հայաստանում:

Հէնց նրա ջանքերով 1869թ. Թիֆլիսում բացուեց հայ իրականութեան մէջ առաջին ցուցահանդէսը, որտեղ ցուցադրութեան դրեց իր կովկասեան բնանկարները եւ հայ իրականութեանն առնչուող կտաւները:

Յովհաննէս Այվազովսկին նիւթապէս ապահովուած մարդ էր եւ միշտ իր միջոցներից բաժին էր հանում կարիքաւորներին: Նա նաեւ նիւթական աջակցութիւն ցոյց տուեց Ղրիմի հայ փախստականներին: Առհասարակ, Հայկական հարցը նրա ուշադրութեան կենտրոնում էր, եւ շուտով ծնուեցին «Թուրքական նաւերը Մարմարա ծովն են թափում հայերին», «Հայերի ջարդը Տրապիզոնում» ու այլ կտաւներ: Նա հայկական թեմաներով ստեղծել է նաեւ «Նոյն իջնում է Արարատից», «Հայ մարտիկի երդումը», «Հայ ժողովրդի մկրտութիւնը», «Արարատ լեռան հովիտը», «Խրիմեան Հայրիկը Էջմիածնում», «Սեւանայ լիճը», «Բայրոնի այցը սուրբ Ղազար կղզի», «Ադանայի ջարդը», «Վարդան զօրավար», այլ կտաւներ, որոնցում պատկերուած են թիֆլիսեան բնանկարներ, հայութեան կենցաղը…

Հայաստանի ազատագրութեան եւ լուսաւորութեան համար պայքարող հայկական կազմակերպութիւններն էլ անմասն չեն մնացել Յովհաննէս Այվազովսկու նիւթական աջակցութիւնից: Նրա նիւթական աջակցութիւնից զուրկ չմնացին նաեւ ազատութեան համար պայքարող յոյներն ու իտալացիները: Նա հայրենի քաղաքում հնագիտական թանգարան եւ գեղարուեստի դպրոց բացեց, համերգային դահլիճ, պատկերասրահ:

Այվազովսկու տարերքը ծովն էր: Նա իր կտաւներում պատկերել է ծովն իր ողջ հմայքով ու գեղեցկութեամբ՝ տարբեր եղանակների, տարբեր ժամերի, փոթորկի պահին, խաղաղ ծփալիս…

Իր բեղուն կեանքի ընթացքում Այվազովսկին ստեղծեց շուրջ 6000 կտաւ: Նրա գլուխգործոցն է «Իններորդ ալիքը», որ վրձնեց 1850թ.: Պակաս արժէքաւոր չեն նաեւ «Փոթորիկ Նիցայի ափին» կտաւը (1885թ.), «Սեւ ծովը» (1881թ.):

Առհասարակ Այվազովսկին աշխարհի ամենահարուստ ժառանգութիւն թողած նկարիչներից է: Նրա որոշ կտաւներ վաճառուել են մինչեւ 2 մլն. ԱՄՆ դոլարով եւ աւելի արժողութեամբ: Վերջին աշխատանքը խորհրդանշական էր՝ «Թուրքական նաւի պայթիւնը»:

Նա մահացաւ 1900թ. Մայիսի 5ին եւ զինուորական պատիւներով թաղուեց Թէոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Շիրիմին հայերէն արձանագրուած է քերթողահայր Խորենացու «Հայոց Պատմութիւն» աշխատութիւնից. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող» տողը:

Նրա մահից յետոյ Պետերբուրգի գեղարուեստի ակադեմիան անուանական թոշակ սահմանեց Յովհաննէս Այվազովսկու անունով:

 

 

 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles