Շուշիի Խաչակիրները.- 1992թ. Մայիսի 7ի երեկոյեան հայկական ջոկատները շարժւում էին դէպի Շուշի: Ռեժիսոր Տիգրան Խզմալեանը նկարահանած մի դրուագ է յիշում. «Մինչեւ հիմա մարմինս փշաքաղւում է: Քանի որ հայերի ու
ադրբեջանցիների զգեստների գոյները նոյնն էին, մերոնց մէջքի վրայ վիրակապով կամ ինչ որ բանով գիծ էին քաշում, որ իրարից տարբերուեն: Տղաներն այդ գծերը խաչաձեւ էին անում, որովհետեւ խաչն ամենապարզ երկրաչափական ֆիգուրն (պատկերն-Խմբ.) է: Երբ հրամանը հնչեց, եւ նրանք բոլորը կանգնեցին, պատկերացնո՞ւմ էք, 400 մարդ կանգնած մթնշաղին, եւ բոլորի մէջքի վրայ՝ խաչ, եւ այդ մարդիկ գնում էին զոհուելու: Դա խաչակիր արշաւ էր, եւ ամենաֆանտաստիկն (ամենատարօրի-նակ-Խմբ.) այն էր, որ դա յատուկ արուած չէր»:
«ՇՈՒՇԻՆ ԿԱՐԵԼԻ ԷՐ
ՄԷԿ ՏԱՐԻ ՊԱՀԵԼ»
Չեչէն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը 90ականներին Ղարաբաղ էր մեկնել սրբազան պատերազմի՝ ջիհադի: Նրա մոջահեդները վերջիններից են հեռացել Շուշիից: Բասաեւը 2000թ. Յուլիսին Չեչնիայի լեռներում ադրբեջանցի լրագրողին հաւաստիացնում էր, որ Շուշին շրջափակման մէջ ընկաւ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում չկար կարգուկանոն եւ ղեկավարութիւն:
«Այնտեղ մնացել էին 4 մոջահեդներ եւ 11 ադրբեջանցիներ: Գրեթէ բոլորը լքեցին քաղաքը, բայց 15 հոգով մէկուկէս օր պաշտպանում էին, իսկ 2,800 հոգիանոց կայազօրն ամէն ինչ թողեց եւ փախաւ: Եթէ մէկը փախչում էր զրահատեխնիկայով (զրահասարքով-Խմբ.), նա հերոս էր, որովհետեւ շատերը թողնում էին նաեւ ծանր տեխնիկան… գնում էին Բաքու: Իմ մոջահեդներից երեքը, ովքեր պաշտպանել են Շուշին, դեռ կենդանի են: Շուշին պարզապէս լքուեց: Մօտ 700 հայեր սկսեցին գրոհը, եւ դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան: Նման ուժեղ կայազօրով եւ այդքան զէնքով, յատկապէս նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարիւր մարդը կարող էր հեշտութեամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Որեւէ կազմակերպուածութիւն չկար: Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի եւ ասել՝ դու դաւաճանեցիր, դու յանձնեցիր, դու ծախեցիր: Սոսկ խօսակցութիւններ են: Չկար որեւէ դաւաճանութիւն, որեւէ մէկը որեւէ բանի համար պատասխանատու չէր»:
Յետագայում Բաքուն շրջանառութեան մէջ դրեց վարկած, համաձայն որի՝ հայկական ուժերը Շուշին ոչ թէ գրաւել են, այլ առանց կռիւների ստացել ադրբեջանական ռազմական հրամանատարութեան եւ քաղաքական իշխանութեան դաւաճանութեան պատճառով: Հէնց այս վարկածի շրջանակներում էր ընթանում պաշտպանութեան նախկին նախարար Ռահիմ Ղազիեւի դատավարութիւնը: Անշուշտ, իրականութեանը մօտ են պնդումները, որ Շուշիում մարտեր չեն ընթացել, իսկ նկարահանուած կադրերը ոչ թէ Շուշիում են արուել, այլ քաղաքի մատոյցներում:
Ռազմական գործողութեան ժամանակ ղարաբաղեան կողմը տուել է 58 զոհ, որոնցից եւ ոչ մէկը՝ Շուշիում: Հայերը հակառակորդին թոյլ են տուել հեռանալ Շուշի-Լաչին ճանապարհով:
Ղազիեւը, որին վերագրւում է Շուշին դաւադրաբար յանձնելու ամբաստանութիւն, դատավարութեան ընթացքում հաստատել է, որ 1992թ. Մայիսին Շուշիում եւ շրջակայքում տեղակայուած էր 2500-3000 զինուոր, «Տ-72» տեսակի 3 տանկ, «Տ-55» տեսակի մէկ տանկ, 12 հրասայլ, 3 «ԲՄ-21» տիպի համազարկային «Գրադ» համակարգ՝ 6000 արկով, 3 թնդանօթ, 4 միաւոր «Ալազան» համակարգ, 30 միաւոր «Իգլա» եւ «Ստրելա-2» զենիթահրթիռային համալիր, 20 միաւոր 82 մմ.անոց ականանետ, 50 միաւոր ձեռքի ականանետ, աւելի քան 5 միլիոն ռազմամթերք:
ՃԱՇԿԵՐՈՅԹ ՍՊԱՀԱՆՈՒՄ
1992թ. Մայիսի 8ին Սպահանում՝ Շահ Աբասի ժամանակներում կառուցուած հիւրանոցում, շարունակւում էր Հայաստանի նախագահի պատուին ճաշկերոյթը: Տէր Պետրոսեանի խորհրդական Վահան Փափազեանը յիշում է. «Ինձ մօտեցաւ արտգործնախարար Վելայաթին եւ ասաց, որ իրանական կողմը լուր է ստացել, որ հայկական ուժերը մտնում են Շուշի: Դա Մայիսի 8ն էր: Ես ասացի, որ տեղեակ չեմ եւ որեւէ յստակ բան ասել չեմ կարող: Վելայաթին հարցրեց՝ «Հնարաւոր չէ՞ զանգահարել Երեւան»: Ես այլեւս չէի կարող խուսափել: Իրանական կողմը հեռախօսակապ ապահովեց, կապուեցի Շահէն Գարամանուկեանի հետ: Հարցնում եմ՝ Շահէ՛ն, ի՞նչ կայ, պատասխանում է՝ ամէն ինչ լաւ է, մի՛ անհանգստացէք: Ապա մօտեցայ Տէր Պետրոսեանին, ներկայացրի վիճակը: Նախագահը շատ հանգիստ ընդունեց, նա գիտեր, որ իրադարձութիւնները կարող են համընկնել: Մենք պարսիկների առաջ անյարմար վիճակում յայտնուեցինք: Ասացինք, որ մեզ համար էլ էր անսպասելի, Երեւան վերադառնալուց յետոյ հնարաւոր կը լինի մանրամասները ճշդել: Հայկական պատուիրակութեանը ճանապարհելու սառը արարողութիւն եղաւ, ինչը բնական էր, քանի որ պարսկական կողմը յայտնուել էր անյարմար վիճակի մէջ: Դա կարելի է անգամ դիւանագիտական փոքր սկանդալ (գայթակղութիւն-Խմբ.) որակել»:
Մայիսի 6ին Հայաստանի նախագահի գլխաւորած պատուիրակութիւնը մեկնել էր Թեհրան, մէկ օր անց Լեւոն Տէր-Պետրոսեանը եւ Ադրբեջանի նախագահի պաշտօնակատար Եաղուբ Մամեդովն Իրանի նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի միջնորդութեամբ Թեհրանում ստորագրել էին ղարաբաղեան կարգաւորման՝ 8 կէտից կազմուած համատեղ յուշագիր: Փաստացի, ստորագրման պահից զինադադար հաստատելու իրանցիների հերթական փորձը տապալուեց. հայերը շարժւում էին դէպի Շուշի:
«ՇՈՒՇԻՆ ԳՐԱՒԵՑԻՆՔ
ՏԱԿՏԻԿԱՊԷՍ»
Սամուէլ Բաբայեանը պատմում է. «Շուշին գրաւեցինք տակտիկապէս (մարտավարօրէն-Խմբ.), ոչ թէ պարզապէս բիրտ ուժային մեթոդով: Հակառակորդին փորձեցինք վերցնել օղակի մէջ, եւ երբ օղակն արդէն փակւում էր, ու
շրջափակման մէջ մնալու վտանգ կար, ադրբեջանական զօրքի եւ քաղաքացիական բնակչութեան մէջ խուճապ սկսուեց: Սա էր հիմնական պատճառը, որ հակառակորդը լքեց Շուշին: Նոյն տակտիկան է կիրառուել նաեւ միւս գործողութիւնների ժամանակ: Մենք հնարաւորինս խուսափել ենք դէմ առ դէմ պատերազմ մղելուց եւ դիմել ենք տակտիկական քայլերի, հարուածել ենք այն ուղղութիւններով, որտեղ հակառակորդը մեզ չէր սպասում, մշտապէս փորձել ենք զգացնել տալ, որ եթէ թշնամին երկու ժամ շուտ չհեռանայ դիրքերից, ընկնելու է շրջափակման մէջ: Արդիւնքում մենք ունեցել ենք անհամեմատ նուազ կորուստներ, թէեւ սովորաբար յարձակուող, ազատագրող կողմի կորուստները շատ են լինում»:
Շուշիից ռազմական տեխնիկան (սարքաւորումը-Խմբ.) հեռացել է Մայիսի 7ի լոյս 8ի գիշերը: Դասակի հրամանատար Թարլան Զուլֆուգարովը խոստովանել է, որ Մայիսի 8ին մարտական մեքենաները լքեցին քաղաքը: Նոյն օրն առաւօտեան Էլբրուս Օրուջեւը, որի բրիգադի վրայ էր դրուած քաղաքի պաշտպանութիւնը, Զարսլուի ուղղութեամբ երկու տանկ եւ երկու զրահամեքենայ է ուղարկում, որոնք ոչնչացւում են, անձնակազմը՝ սպանւում, ինչն առաջ է բերում Շուշիից խուճապային փախուստի նոր ալիք: Նոյն օրը երեկոյեան Օրուջեւը զինուորականների երկու «Կամազ»ներով (բեռնատար մեքենաներով-Խմբ.) մօտենում է «բլոկ-պոստերին» (պաշտպանական դիրքերին-Խմբ.) եւ հրամայում հեռանալ քաղաքից: Նա իր հրամանն արդարացնում է նրանով, որ հայերն արդէն մտել են Շուշի, դիրքաւորուել քաղաքային բանտի շրջակայքում: Մի քանի տասնեակ զինուորների ցուցմունքներից պարզուել է, որ նրանց որոշ մասը հրաժարուել է թողնել դիրքերը:
«Ես վերջինն էի, որ 8 զինուորների եւ Օրուջեւի հետ հեռացայ քաղաքից: Օրուջեւը շրջեց քաղաքով մէկ եւ համոզուելով, որ ոչ ոք չի մնացել, ինձ հրամայեց շտապ հեռանալ», խոստովանել է Շուշիի ոստիկանութեան բաժանմունքի աշխատակից Շուքիւր Ռասուլովը:
ԹԵՀՐԱՆ. «ՄԵՀՐԱԲԱԴ»
ՕԴԱՆԱՒԱԿԱՅԱՆ
1992թ. Մայիսի 8ին Իրանի նախագահ Ռաֆսանջանին ճանապարհում էր Տէր Պետրոսեանին եւ Մամեդովին: Վերջինս Շուշիի անկման լուրն ստացել էր Բաքու ուղեւորուելուց անմիջապէս առաջ. «Այո՛, այդ լուրն ինձ փոխանցեցին դեռ օդանաւակայանում: Ես անմիջապէս կապուեցի Ռաֆսանջանիի հետ: Նրա տրամադրութիւնը շատ ուժեղ ընկաւ, նա խոստացաւ անմիջապէս կապուել Տէր Պետրոսեանի հետ՝ պարզելու հանգամանքները: Որոշ ժամանակ անց, երբ ես կրկին կապուեցի Ռաֆսանջանիի հետ, ինձ հաղորդեց, որ Տէր-Պետրոսեանն այդ մասին ոչինչ չգիտի եւ Երեւան վերադառնալուց յետոյ մտադիր է տեղեկութիւններ ստանալ կատարուածի մասին»:
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակեանը պատուիրակութեան կազմում Թեհրանում էր: Երբ հարցրի՝ «Յիշո՞ւմ է Տէր Պետրոսեանի առաջին արձագանքը, երբ առաւ Շուշիի լուրը», Սահակեանը պատասխանեց. «Ինձ համար այնքան կարեւոր չէր Տէր Պետրոսեանի, որքան կարեւոր ու յատկանշական էր Ռաֆսանջանիի եւ Մամեդովի արձագանքը: Տէր Պետրոսեանին տեղեկացրեց Փափազեանը: Նա լուրն ընդունեց շատ անխռով: «Ապոկալիպսիս»ը (յայտնութիւնը-Խմբ.) ստացաւ Մամեդովը, ուղղակի նրան թեւերը մտած՝ բարձրացրին դէպի օդանաւի շարժասանդուղք: Առաջինը մեկնում էր Մամեդովը: Ծանր էր հարուածը նաեւ Ռաֆսանջանիի համար, նա հասկացաւ, որ իր խաղաղարար նախաձեռնութիւնը ձախողուեց»:
ՆԱ ԱՍԱՑ՝ «ԳՐԱՒՈ՛ՒՄ ԵՆՔ»
«Շուշին ազատագրելու օրերին ղարաբաղեան կողմը ո՛չ զինամթերք ունէր, ո՛չ պարէն, իսկ 200 պահեստայիններ սպասում էին իրենց մահացած ընկերների զէնքին, որ մարտի դաշտ գնան», ասում է Ա. Տէր Թադէոսեանը. «Ստեփանակերտն արդէն չկար, «Գրադ»ը ռմբակոծում էր իւրաքանչիւր քառակուսի մետրը: Քաղաքը մեռնում էր, եւ նրանց համար տարբերութիւն չկար՝ այսօր կը մեռնեն, թէ՞ վաղը: Շուշիի գրաւումը արցախցիների կենաց-մահու խնդիրն էր: Այսինքն՝ իմ ենթակաները, իմ հրամանատարները «ստիպեցին» նման որոշում կայացնել: Ես ենթարկւում էի Սերժ Սարգսեանի Պաշտպանութեան կոմիտէին: Ես նրան հարցրեցի՝ գրաւո՞ւմ ենք, նա ասաց՝ գրաւու՛մ ենք»:
–