Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

ԳՐԱԿԱՆ- Իսկ Գիտէ՞ք Որ…

$
0
0

0622baruyrsevag

ՊԱՐՈՅՐ ՍԵՒԱԿ

 

Ընթերցողին անծանօթ է Պարոյր Սեւակի այս յօդուածը: Բանաստեղծն այն գրել է 1962 թուականին: Նիւթն առաւելապէս հասցէագրուած է դպրոցականներին, սակայն ուսանելի է ինչպէս փոքրերի, այնպէս էլ մեծերի համար: «Իսկ Գիտէ՞ք որ…» վերտառութեամբ այս շարադրանքը եւս մի հնարաւորութիւն է խորհելու մեր լեզուի բացառիկութեան եւ նրա պահպանման կենսական կարեւորութեան մասին:

 

ՅՈՎԻԿ ՉԱՐԽՉԵԱՆ

 

Դուք արդէն գիտէք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել հայկական գրերը: Բայց գիտէ՞ք, որ նա է գրել մեր մանուկների առաջին դասագիրքը՝ առաջին «Այբբենարանը»:

Դուք գիտէք իհարկէ, թէ ինչ բան է «Այբբենարանը»: Բայց գիտէ՞ք, թէ ինչու է կոչւում «Այբբենարան»: Դուք հիմա գրերն արտասանում էք այնպէս, ինչպէս նրանք հնչում են: Բայց դարեր շարունակ հայ երեխաները ձեզ ծանօթ տառերը ուրիշ ձեւով էին սովորում: Նրանք «այ»ին ասում էին ոչ թէ «ա», այլ «այբ», «բ»ին ՝«բեն», «գ»ին՝ «գիմ»: Այսպէս անուն ունի մեր լեզուի ամէն մի տառը: Եւ որովհետեւ մեր առաջին տառը «ա»-«այբ»ն է, իսկ երկրորդ տառը՝ «բ»-«բեն»ը, այս պատճառով էլ հայոց լեզուի առաջին դասարանի գիրքը կոչւում է «Այբբենարան», ինչպէս որ տառերի շարքն էլ կոչւում է «Այբուբեն», այսինքն՝ «Աուբ»:

Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ գրերի ստեղծողն է, այլեւ առաջին հայ գրողը: Թէ ովքեր են գրողները, դուք գիտէք: Բայց դուք, հաւանաբար, ձեր տատիկներից լսած ու գրքերում էլ կարդացած կը լինէք մի խօսք, որ անէծքի նշանակութիւն ունի: Այդ խօսքն է. «Գրողը տանի»:

Դուք գիտէք, որ այս անէծքի մէջ յիշուածը այն գրողը չէ, որ ձեզ համար գեղեցիկ ոտանաւորներ ու պատմուածքներ է ստեղծում: Անէծքի մէջ յիշուած «գրողը» ունի «սատանայ»ի, «դեւ»ի, «չարք»ի իմաստ:

Իսկ գիտէ՞ք, թէ ինչից եւ ինչպէս է ստացուել այս նմանութիւնը:

Մեր պապերի պապերը դարեր առաջ ունէին մի կրօն, որն ունէր ոչ թէ մէկ, այլ շատ աստուածներ: Նրանցից մէկն էլ Տիրն էր, որ մահուան աստուածն էր: Նա իբրեւ թէ իր առջեւ դրուած ունէր մի մեծ տետր, թանաք ու գրիչ: Մեր հեռաւոր պապերը հաւատում էին, որ մեռնում է այն մարդը, ում անունը Տիրը գրում է իր տետրակի մէջ: Ահա, թէ որտեղից է գալիս «գրողը քեզ տանի» («գրողի տարած») անէծքը:

Եթէ Մեսրոպ Մաշտոցն է առաջին հայ գրողը, ուրեմն նա է նաեւ մեր գրականութեան հիմնադիրը:

«Գրականութիւն» բառը համեմատաբար նոր բառ է:

Դուք շատ լաւ գիտէք, թէ ինչ է «դպրոց»: Իսկ գիտէ՞ք, որ «դպրոց»ը կրճատուած բառ է: Նրա լրիւ ձեւն է «դպրանոց», այսինքն՝ դպիրների սովորելու տեղը: Դպիր էին կոչւում գրել-կարդալ իմացող մարդիկ, գրագէտները, քարտուղարները, նաեւ գրողները: Եւ քանի որ «դպիր» նշանակում է նաեւ գրող, ապա գրականութիւնն էլ դարեր շարունակ կոչւում էր «դպրութիւն»: Վերջին դարերում դպիր էին կոչւում արդէն եկեղեցու ցածր պաշտօնեաները, եկեղեցական երգիչները: Եւ որովհետեւ «դպիր»ն այլեւս չունէր «գրող»ի իմաստ, յարմար չէր գրականութեանը «դպրութիւն» ասել:

Գրականութիւնը կոչուել է նաեւ «քերթութիւն», ինչպէս որ գրողին ու բանաստեղծին էլ դարեր շարունակ կոչել են «քերթող», իսկ նրանց գրածները՝ «քերթուածք»: Այս բառերի իմաստը հասկանալուց առաջ եկէք միասին կրկնենք, որ Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն մեր գրերի ստեղծողն է, մեր առաջին «Այբբենարան»ի հեղինակը, մեր առաջին գրողը, այլեւ մեր առաջին քերականն է, այսինքն քերականութեան առաջին դասագրքի հեղինակը:

Թէ ինչ բան է «քերականութիւն», դուք լաւ գիտէք: Բայց ինչո՞ւ է նա կոչւում «քերականութիւն» եւ դա կապ ունի՞ «քերել» բայի հետ: Դուք կը զարմանաք, եթէ իմանաք, որ «քերականութիւնը» ոչ միայն կապ ունի, այլ հէնց առաջացել է «քերել» բայից:

Իսկ դուք գիտէ՞ք, որ հին դարերում թուղթ գոյութիւն չունէր: Մեր հեռաւոր պապերը գրում էին ոչ թէ թղթի, այլ մագաղաթի վրայ: Մագաղաթը յատուկ մշակութեամբ պատրաստում էին գառան, ոչխարի, հորթի կաշուից՝ վրան գրելու համար: Բայց մագաղաթն էլ միշտ չի եղել: Մագաղաթից առաջ մարդիկ միշտ գրել են հում կամ թրծած աղիւսների վրայ, քարերի վրայ: Իսկ աղիւսի կամ քարի վրայ ոչ թէ գրել է պէտք, այլ «փորագրել», եւ գրելու համար պէտք է ոչ թէ մատիտ, կամ գրիչ, այլ մի այնպիսի սուր բան, որով հնարաւոր կը լինի փորագրել աղիւսի կամ քարի վրայ:

Իմացէք նաեւ, որ հին ժամանակներում գրատախտակի դեր էր կատարում հարթեցրած մեղրամոմը, ուրեմն ոչ թէ կաւճով էին գրում, այլ ինչ-որ սուր մի գործիքով:

Այս բոլորն իմանալուց յետոյ վերադառնանք «քերել» բային եւ յիշենք, որ քերել նշանակում է որեւէ սուր բանով փոսացնել, մէկ ուրիշ բան քերծել, խազել, փորագրել: Ուրեմն, հին ժամանակներում «քերել» ասելով հասկացւում էր մօտաւորապէս այն, ինչ մենք հասկանում ենք գրել ասելով:

Հիմա հասկացանք, թէ ինչու է ճիշդ գրելու (եւ խօսելու) գիտութիւնը կոչւում «քերականութիւն», իսկ քերականութիւն լաւ իմացողը՝ «քերական» կամ «քերականագէտ»:

Բայց «քերել» բայը ունի մէկ ուրիշ ձեւ էլ, որ քերականութեան մէջ կոչւում է սաստկական ձեւ, այսինքն՝ ուժեղացուած ձեւ:

«Քերել»ու ուժեղացուած ձեւն է «քերթել»ը: Մենք արդէն գիտենք, որ հին ժամանակներում «քերել» նշանակում էր՝ «գրել», ուրեմն նոյնն էր նշանակում նաեւ «քերթել»ը: Ահա թէ ինչու դարեր շարունակ բանաստեղծութիւնը, գրական ստեղծագործութիւնը կոչուել է քերթուածք, բանաստեղծները, գրողները (ինչպէս նաեւ պատմագիրներն ու քերականագէտները) կոչուել են քերթող, իսկ գրականութիւնն ընդհանրապէս՝ քերթութիւն:

Իսկ դուք գիտէ՞ք, որ Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել ոչ միայն մեր գրերը, այլեւ մեր կէտադրական նշանները: Դուք չէք կարող չիմանալ, որ կէտադրական այդ նշանների մի մասը կայ նաեւ ուրիշ լեզուների մէջ (օրինակ՝ ստորակէտը, միջակէտը, վերջակէտը, փակագիծը, չակերտը եւ այլն):

Բայց դուք գիտէ՞ք, որ մեր կէտադրական նշանների մի մասը ունի միայն մեր լեզուն: Օրինակ, ուրիշ ոչ մի լեզուի մէջ հարցական եւ բացականչական նշանները չունեն այն ձեւը եւ չեն դրւում այնպէս, ինչպէս մենք ենք անում: «Բութ» կոչուած նշանը նոյնպէս զուտ հայկական է:

Իսկ դուք ուշադրութիւն դարձրե՞լ էք մեր կէտադրական նշանների անունների վրայ: Եթէ մի փոքր մտածէք, իսկոյն կը հասկանաք իհարկէ, թէ ինչո՛ւ է «միջակէտը» կոչւում «միջակէտ» (որովհետեւ դրւում է տողի մէջտեղում), իսկ «ստորակէտը»՝ «ստորակէտ» (որովհետեւ դրւում է տողից ներքեւ, տողի ստորին մասում): Բայց ինչու է «բութը» կոչւում «բութ»: Այդ հասկանալու համար դուք պիտի համեմատէք «շեշտը» «բութ»ի հետ: «Շեշտ»ը, ինչպէս գիտէք, սկսւում է ուժեղ սեղմումով եւ գնալով բարակում-սրանում-շեշտւում է (այս պատճառով էլ կոչւում է շեշտ): Իսկ «բութը» սկսում է ուժեղ սեղմումով եւ ուժեղ սեղմումով էլ վերջանում է՝ ստեղծելով կարծես թէ երկու ծայրերից էլ կտրուած մի գծիկ, որը սուր «շեշտ»ի համեմատութեամբ իսկապէս որ բութ է:

Այս ձեւով մի փոքր մտածելուց յետոյ դուք կարող էք հասկանալ մեր կէտադարական բոլար նշանների անունները, բացի թերեւս «չակերտից»: Իսկապէս, ի՞նչ է նշանակում «չակերտ»:

«Այբբենարան» բառի բացատրութիւնից դուք արդէն գիտէք, որ մեր տառերն ունեն իրենց անունները՝ «ա»ն՝ «այբ», «բ»ն՝ «բեն» եւ այլն: Մեր «չ» տառի անունն է՝ «չա»: Իսկ կերտել նշանակում է՝ «շինել, սարքել, ստեղծել», ինչպէս որ «կերտ» նշանակում է «շինուած, սարքուած, ստեղծուած»: Այսպիսով, «չակերտ» նշանակում է «չա»ի ձեւով , այսինքն՝ «չ» տառի ձեւով սարքուած-ստեղծուած:

Եւ իսկապէս էլ, եթէ ուշադրութեամբ նայէք «չակերտ» նշանին, ապա կը տեսնէք, որ նա այլ բան չէ, քան մեր «չ» տառը՝ փոքր-ինչ ձեւափոխուած վիճակում:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles