ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
Ես միշտ եղել եմ հեռաւորութեան
մի բնավայրում,
Եւ իմ էութեան ինչ-որ երանգում
Մի լուրթ արեւի ցոլանք է շողում
Ժամանակների տարածութեան
մէջ:
Այդ ե՞րբ է եղել:
Զգում, չեմ զգում,
Իմ բնազդների ի~նչ-որ խորերում
Ես եղել եմ՝ դու,
Դու՝ ես եմ եղել արարչութեան մէջ,
Եւ նոյն գոյութեան ինչ-որ մի քուանտ
Դեռ կենակցում է համագենութեան
Իմ նորոգ սրտում,
Վերմարդեղութեան արդի տարածքում:
Ու այս տրոփը
Սրտազգաց ու խոր
Ի~նչ-որ փշրանքով
Զարկերակիս հետ ներդաշն է զարկում:
Ժամանակները անցեալ են երբեմն,
Ու գալիք նաեւ,
Ետ ու առաջի զգացում չունեն ժամանակները.
Մի յիշողութեան բեկուած մասնիկ են,
Որ իւրացւում են իմ կամ քո մտքում:
Արդեօք անցեա՞լ է,
Թէ՞ գալիք է նոր,
Թէ՞ ապագայի մի վաղնջութիւն,
Շահուած, ապրուած, սպառուած երէկ:
Վերմարդեղութեան մի բարդ էութեամբ
Ես քո տրտմութեան կսկիծն եմ զգում,
Թէեւ առօրեայ տարբեր հոգսերով,
Որ անձնաւորել, դարձրել եմ իմը.
Ես քո խնդութեան վայելքն եմ ապրում,
Ու շուրթիս վրայ
Կարծես համովն է քո տուած համի:
Ժամանակների ու տարածութեան
Մի անորոշ է,
Անծանօթութեան վիհ է տարրերի,
Որ արեւների
Վառ երանգներ է խլել գոյների
Իմ նոր արարման:
Երեկների խոր կարօտ կայ անյագ,
Ապագաների մի յիշողութիւն,
Որ ներկայի հետ դարձել են նոր կեանք.
Ցոլքը տեսնում եմ ես քո աչքերում:
Հովն է սօսափում
Մի լուրթ հեքիաթի խորհրդով հսկայ.
Իմ բնազդական ջրիկ կաթիլում
Ես ջուր եղածի կարկաչն եմ լսում.
Իմ բնազդական բուսնող կանաչում
Տերեւի, խոտի ինչ-որ շրշիւն կայ.
Իմ բնազդական ինչ-որ կարծրութեամբ
Ժայռի ընդերքում գուցէ քարեղէն
Կուտապ եմ եղել.
Եղել եմ հուրը հալող թէժութեան:
Աստղը աստղին է եթէ կարօտում
Ասուպի թեւով ճեղքում է պատուար…
Մտքիս թռիչքը լուրթ հորիզոնում
Անցեալի ինչ-որ ապագայ շերտում
Ծիածանում է գունեղ մի կամար,
Որի սիւները սրտիս խորքում են,
Սիրուս հնոցում,
Շուրթերիս վրայ անպաճոյճ մի բառ
Եւ անկենսագիր իմաստ է խրթին,
Որ ոչ յիշում եմ,
Ոչ էլ հասկանում,
Բայց բնազդաբար
Ինչ-որ մի կայծի խանձում եմ զգում,
Պէծի բռնկում,
Որով աչքերս լուսաւորւում են,
Կեանքը տեսնելու խորիմաստութեամբ:
Աստղաթրթիռ է աչքովս անցնում,
Դա ասուպների թիռից եմ շորթել,
Որ գեհենական ինչ-որ գալարում
Մի արարչութեան սկիզբ է եղել,
Կրել է տենչը հանուր գոյութեան,
Արարիչն ինքը Աստուած է եղել,
Բոցի հիւլէն եմ եղել տարրական:
Գոյութեան ծինից
Մի բան մնում է անփոփոխ վկայ
Նախատարրական ինքնակահութեամբ.
Այդպէս են տեւում աշխարհները հին,
Որ նոր են, արդի,
Նոյն արարչութեան օրհնուած փառքով
Տիեզերք են ծով,
Յարափոխ դարձով վերմարդեղութեան
Պարագիծ հոլով:
Կեանքի քուրայում
Ես հալ եմ ընկել մետաղի նման
Ու զտւում եմ ձոյլ.
Չյիշողութեան անծանօթ մի քոր
Ծակում է միտքս,
Եւ հեռուների մի մտերմութիւն
Մտապատկերով աննիւթական
Պարուրում է ինձ.
Մանուշագունակ հորիզոնների ծաւալ է անհուն,
Արձագանքների թնդիւն է կերկեր,
Որ ընդգրկում է ոգի ու եթեր
Արձակայնութեան անզգայութեամբ.
Անզգայութեամբ հեռու է ու մօտ,
Հեռու է ու մօտ:
Գլենդել, Կալիֆորնիա