ԶՐՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ՏՆՕՐԷՆ ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆԻ ՀԵՏ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Մատենադարանի գիտական մասնաշէնքում գործող վերականգնման բաժինը իւրատեսակ սրբավայր է յիշեցնում. լռութիւնն էլ այստեղ ոչ սովորական է, որ մերթընդմերթ ընդհատւում է դարերի խորքից հնչող խորհուրդներով: Հայոց պատմութեան տարբեր շրջանների ժամադրավայր դարձած սրահներում առանձնակի գորովանքով ու զգուշութեամբ են վերաբերում իւրաքանչիւր գրի, որ հայ ազգի յարատեւութեան վկայութիւններն են ու յաւերժութեան գաղտնագրերը:
Խոնարհւում եմ Օսկան Երեւանցու 1666թ.ին տպագրած հայերէն առաջին Աստուածաշնչի առաջ, մի ակնթարթ քարանում 14րդ դարի Նարեկի առջեւ, շօշափում եմ 17րդ դարի յայսմաւուրքն ու աննկարագրելի զգացողութիւններ եմ ապրում՝ վերականգնւում է այնքան անհրաժեշտ հոգեւոր կապը նախնիների հետ: Պատգամն անփոփոխ է՝ հաւատարիմ մնալ դարերով կերտուած ինքնութեանը, հայրենիքին, հաւատքին ու հիմնարար արժէքներին:
Հայապահպանման բացառիկ կենտրոնի՝ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի հաւաքածուն ընդգրկուն է. ներառում է՝ պատմութեան, աշխարհագրութեան, փիլիսոփայութեան, իրաւունքի, բժշկութեան, տիեզերագիտութեան, գրականութեան, մանրանկարչութեան, երաժշտութեան, եւ այլ ոլորտների շուրջ 23 հազար ձեռագրեր, որ ամփոփում են մեր ժողովրդի կենսափորձն ու այսօր էլ արդիական են ու կիրառելի:
Բազմադարեայ մատենագրութիւնների պահպանման պատասխանատուութեան մեծ չափաբաժինը վերապահուած է Մատենադարանի վերականգնման բաժնին, որտեղ աշխատանքը մասնագիտական հմտութիւններից բացի առաձնակի սէր ու հոգածութիւն է պահանջում: «Մեր ձեռագրերն ազգային եւ համաշխարհային անգնահատելի արժէք են ներկայացնում, եւ իրաւունք չունենք սխալուելու, սերունդներին ոչ-ճշգրիտ տեղեկութիւն փոխանցելու: Մեր գործը նման է բժիշկի աշխատանքի՝ առաջնորդւում ենք մի՛ վնասիր սկբունքով», նշում է վերականգնման բաժնի տնօրէն, քիմիական գիտութիւնների թեկնածու Գայիանէ Էլիազեանը, ով երկու տասնամեակից աւելի գլխաւորում է միջազգայնօրէն ճանաչուած գիտահետազօտական այս կենտրոնը: Գայիանէ Էլիազեանի հետ զրոյցը՝ ստորեւ.
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.և Տիկին Էլիազեան, մեզ հասած հոգեւոր-մշակութային ժառանգութեան վերականգնման գործընթացը մեծ պատասխանատուութիւն է ենթադրում: Ի՞նչ փուլերով է այն իրականացւում:
ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ.- Վերականգնումը սերտօրէն կապուած է գիտութեան մի քանի ճիւղերի հետ: Մեր բաժնում ներգրաւուած են մասնագէտներ՝ կենսաբաններ, քիմիկոսներ, ֆիզիկոսներ, նկարիչներ, վերականգնողներ, ովքեր զբաղւում են խոնաւութեան, կրակի, սնկային մանրէների քայքայիչ ազդեցութեանը ենթարկուած թղթեայ եւ մագաղաթեայ ձեռագրերի, արխիւային փաստաթղթերի, մանրանկարների բուժմամբ ու վերականգնմամբ:
Մեզ մօտ գտնուող իւրաքանչիւր գիրք, ձեռագիր անցնում է վերականգնման մի քանի փուլ: Առաջին հերթին, իրականացնում ենք միկրոկենսաբանական եւ միջատաբանական զննում, որի ընթացքում վարակուած էջերը մաքրում ենք մանրէներից ու սնկերից, ախտահանում ենք եւ բուժում: Որոշւում է թանաքների թթուայնութիւնը, որն անհրաժեշտութեան դէպքում չէզոքացւում է: Այնուհետեւ, մեր մասնագէտներն ամրացնում են ձեռագրերի պատռուածքները, վերականգնում են թերթերի կորսուած մասերը, զննում են մանրանկարների վիճակը, նորոգում են միջնադարեան արծաթակազմ ձեռագրերի կազմերը՝ տախտակներն ու կաշին յատուկ մշակման են ենթարկւում, յղկւում են ու վերանորոգւում՝ համապատասխանացնելու սկզբնական տեսքին:
Մատենադարանում առկայ իւրաքանչիւր նմուշ առանձին օրգանիզմ է, եւ անհատական մօտեցում է պահանջում, ըստ այդմ՝ տարբեր ձեռագրերի համար յաճախ վերականգնողական առանձին ռազմավարութիւն է մշակւում:
Վերականգնման գործում կարեւոր նախապայման է ձեռագրերի հետ աշխատողի վերաբերմունքը: Այս դէպքում միայն մասնագիտական մօտեցումը բաւարար չէ, պէտք է սիրով վերաբերուել իւրաքանչիւր ձեռագրի, ասես աշխատում ես կենդանի օրգանիզմի հետ, եւ շունչ ներարկել նրանց: Աշխատանքը շատ տարողունակ է, եւ ըստ այդմ՝ ժամանակատար:
Վերականգնման ժամանակը կախուած է վնասուածութեան աստիճանից, եւ երբեմն կարող է տարիներ տեւել:
Մատենադարանի վերականգնման բաժինը գործում է 1959թ.ից եւ տարիների ընթացքում աշխատանքային մեծ փորձառութիւն ենք կուտակել, նաեւ՝ մշտական կապի մէջ լինելով աշխարհի տարբեր երկրների մեր գործընկերների հետ: Պատրաստում ենք նաեւ յաջորդ սերնդի մասնագէտների, որ մեզ մօտ են գալիս ոչ միայն Հայաստանից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր աշխատանքում ի՞նչ հիմնական խնդիրներ էք հանդիպում:
ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ.- Խնդրայարոյց է օրինակ թանաքը, որի ստացման եղանակները տարբեր ժամանակաշրջաններում տարբեր են եղել: Մեր ամենահին ձեռագրերում, օգտագործուել են թանաքներ, որ կոչուել են մուրաքամ՝ մոմը վառել են, վերեւում ապակի կամ տախտակ են դրել եւ ստացուած մրով էլ գրել են: Սակայն, 15րդ դարից, սկսուել է կիրառուել այլ՝ երկաթագխտորային կոչուող թանաքը, որի հիմքը՝ գխտորը կաղնու տերեւից է ստացուել եւ աւելացուել է երկաթէ սուլֆատ: Այս թանաքի դէպքում, ձեռագրերի պահպանման պայմանները փոխելուց՝ թթուայնութիւնը բարձրանում է, որ անդառնալի հետեւանքներ է ունենում: Դրա պատճառով բազմաթիւ տեքստեր են կորում: Ձեռագրերի թթուայնութիւնը համաշխարհային խնդիր է, եւ այժմ լուրջ հետազօտութիւններ են անցկացւում թթուայնութեան դէմ պայքարելու համար: Սակայն պայքարի միջոցները միշտ չէ, որ արդիւնաւէտ են լինում բոլորի համար, քանզի այլ երկրներում թանաքի պատրաստման եղանակներն էլ տարբեր են եղել, եւ քայքայումն էլ տարբեր կերպ է ընթանում:
Կարեւոր է նաեւ թղթի հարցը: 23 տարի առաջ, երբ ես առաջին անգամ եկայ վերականգնման բաժին, ձեռագրերը վերականգնելու համար թուղթ չունէինք, եւ աշխատում էինք հասարակ, դեղին տպագրական թղթերով, որոնք յետագայում պարզուեց, որ բաւական վտանգաւոր են ձեռագրերի համար: Ներկայում միջոցները փոխուել են, եւ մենք կիրառում ենք այսօր լաւագոյնը համարուող՝ ճապոնական թուղթը, որը սակայն բաւական թանկ է, եւ ֆինանսական մեծ միջոցներ է պահանջում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԷԱՆ.- Վերականգնման գործընթացում ինչպիսի՞ փոփոխութիւններ են տեղի ունեցել:
ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ.- Վերականգնման նկատմամբ մօտեցումներն ընդհանրապէս փոխուել են: Այսօր, օրինակ, համարւում է, որ հին նորոգումներն էլ են իրենցից պատմութիւն են ներկայացնում, եւ քննարկման առարկայ է, թէ որքանով է ճիշդ հին նորոգումը փոխարինել նորով: Արժէք են ներկայացնում, նաեւ կից գրառումները, որոնք աւելացուել են տուեալ աշխատանքն իրականացնողի կողմից, եւ պատմական տուեալ ժամանակաշրջանի մասին մեծ տեղեկութիւններ են պարունակում: Այդ պատճառով էլ մեր վերանորոգումն այժմ այլ սկզբունքով է իրականանում՝ աշխատում ենք նուազագոյն միջամտութեան սկզբունքով: Դա ամենաբարձր արհեստավարժութիւնն է համարւում այսօր:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վերականգնման համար ո՞ր ձեռագրին կամ գրքին է առաջնայնութիւն տրւում:
ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ.- Այս հարցում գիտական մօտեցում է ցուցաբերւում: Վերականգնելիս առաջնային նշանակութիւն է տրւում բովանդակութեանը, յետոյ նոր ֆիզիկական վիճակին: Թէեւ, եթէ ձեռագիրը վատթար վիճակում է լինում՝ այս սկզբունքը խախտւում է: Ստեղծել ենք շտեմարան, որտեղ արդէն համակարգուած ունենք վերականգնման կարիք ունեցող ձեռագրերն ըստ հերթականութեան:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Մատենադարանը գրապահոց ձեռագրատուն լինելուց բացի, համաշխարհային ճանաչում ունեցող գիտահետզoտական կենտրոն է: Ինչպիսի՞ ձեռքբերումներ էք արձանագրել այս ոլորտում:
ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ.- Մեզ մօտ կատարւում են գիտահետազօտական աշխատանքներ մի քանի ուղղութիւններով, եւ դրանցից մէկն է կենսաբանականը: Մատենադարանի լաբորատորիայում վերծանում ենք մեր հին բժշկարաններից եւ դեղագիտարաններից դեղատոմսեր, եւ դրանց հիման վրայ պատրաստում հակամանրէ, հակասնկային ու մի շարք այլ կարեւոր յատկութիւններով օժտուած բնական դեղամիջոցներ, որոնք փոխանցուել են սերնդէ սերունդ:
Դրանք յաջողութեամբ օգտագործում ենք մեր ձեռագրերը սնկերից եւ մանրէներից բուժելու համար: Արդիւնքում, գրքերը կոնսերվացնելու (պահպանելու-Խմբ.) համար, մենք այլեւս չենք օգտագործում նախկինում գործածուող քիմական ագրեսիւ նիւթերը, որոնք չափազանց վտանգաւոր էին՝ քաղցկեղածին աշխատակիցների համար եւ երկարաժամկէտ կտրուածքով բացասական ազդեցութիւն էին ունենում թղթի, մագաղաթի վրայ: Եւ ընդհանրապէս, վերականգնումն իրականացնում ենք բնական նիւթերով, օրինակ՝ սոսինձը պատրաստւում է բրնձի եւ ցորենի ալիւրից:
Մատենադարանի ձեռագրերից ստացուած դեղատոմսերը նաեւ օգտակար են եղել մարդկային հիւանդութիւնների դէպքում:
Աշխարհում տեղի ունեցող վերջին միտումներից է անցումը դէպի բնական նիւթերի օգտագործում, եւ երբ միջազգային գիտաժողովներում ներկայացնում եմ մեր ձեռբերքումները՝ շատ մեծ հետաքրքրութիւն է առաջանում: Մեր հետազօտութիւնների արդիւնքում, այսօր ունենք երկու գիւտի արտօնագրի հեղինակային իրաւունք:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայկական հին ձեռագրերի թիւը մեծ է նաեւ Հայաստանից դուրս: Եթէ կարիք է լինում, ինչպէ՞ս է իրականացւում դրանց վերականգնումը:
ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ.- 1996թ.ից սկսած մենք վերանորոգման աշխատանքներն ենք անցկացնում նաեւ տարբեր երկրների հայ համայնքներում, որտեղ պահւում են բազմաթիւ ձեռագրեր: Մեր վերջին աշխատանքներից է հայկական միջնադարեան մանրանկարչութեան գոհարներից համարուող՝ 974 թուականի յայտնի Ծուղրութի Աւետարանը, որը գտնւում է Ախալցխայի Ծուղրութ գիւղում: Մագաղաթեայ այս ձեռագիր-մատեանը, որ Արեւմտեան Հայաստանի Իլիջայ գիւղից է, 1830 թուականից ի վեր իրենց տանը խնամքով պահպանել եւ որպէս գիւղի սուրբ մասունք, սերունդներին է փոխանցել Սապոնջեանների ընտանիքը: Ծուղրութի բնակիչներն Աւետարանը համարում են գիւղի պահապանը, նրան վերագրում բազմաթիւ հրաշագործութիւններ եւ չէին համաձայնւում թէկուզ ժամանակաւորապէս բաժանուել դրանից: Քանի որ այս ձեռագիրը մեծ արժէք ունէր իր առանձնայատուկ կառուցուածքի, մանրանկարների բացառիկ արտայայտչականութեան առումով՝ որոշեցինք, որ Մատենադարանի վերականգնման բաժնի աշխատակիցներն իրենք մեկնեն գիւղ: Նրանք տեղում իրականացրեցին 10րդ դարի ձեռագրի բուժումն ու վերանորոգումը:
Եղել ենք նաեւ Բէյրութում, Անթիլիասում, որտեղ աւելի քան 300 ձեռագիր՝ գրեթէ ամբողջ պահուստն ախտահանել ենք, մաքրել, նորոգել: Մասնակի վերանորոգել ենք նաեւ Նոր Ջուղայում պահուող ֆոնդը:
Երեք տարի անընդմէջ աշխատանքներ ենք իրականացրել նաեւ Հալէպում՝ հիմնովին վերանորոգելով 40 Մանկանց եկեղեցում յայտնաբերուած ձեռագրերը: Դրանք յայտնաբերուել էին, այսօր արդէն ցաւօք աւերուած եկեղեցում ժամանակին արուած վերանորոգումների ժամանակ պատի միջից: Ձեռագրերը, շատ վատ վիճակում էին, եւ երբ 2000 թուականին սկսեցինք վերականգնումը, պարզուեց, որ արուեստագիտական տեսակէտից դրանք բացարձակ ուսումնասիրուած չեն եւ մեզ համար չափազանց մեծ արժէք են ներկայացնում: Ներկայում, ամենաարժէքաւոր եւ վտանգուած ձեռագրերը (պատերազմի պատճառով) Հալէպում են գտնւում, որոնց թիւը շուրջ 270 է:
Ներկայում նորոգում ենք Մոսկուայի Լազարեան ճեմարանի փաստաթղթերը: Այդ արխիւը շատ արժէքաւոր է, սակայն ժամանակին սխալ միջամտութեան արդիւնքում, այն մասամբ վնասուել է: Մեր իւրաքանչիւր ձեռագիր-մատեան, գիրք անգնահատելի նշանակութիւն ունի մեզ համար, եւ շատ կարեւոր է, որ դրանք ստուգուեն եւ վերանորոգուեն: Մենք առաջարկում ենք բոլոր համայնքներին, որ հայկական ձեռագրերը բերեն Մատենադարան, որ ամենաապահով վայրն է, սակայն մինչ այսօր դեռ ոչ մի արձագանգ չունենք: Լինում են անհատներ, ովքեր, գիտակցելով կարեւորութիւնը, յանձնում են մեզ իրենց ձեռագրերը, եւ երբեմն պարզւում է, որ դրանք անդառնալիօրէն վնասուած են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ մարտահրաւէրներ կան այսօր Մատենադարանի վերականգնման բաժնի առջեւ:
ԳԱՅԻԱՆԷ ԷԼԻԱԶԵԱՆ.- Մատենադարանն առաջին հերթին վերականգնման բաժինն է, քանի որ եթէ ձեռագրերի եւ գրքերի նկատմամբ ամէնօրեայ հսկողութիւն չիրականացուի՝ կարող ենք կորցնել մեր ֆոնդերը: Մեր աշխատանքի համար, անհրաժեշտ նիւթեր ձեռք բերելու, տեխնիկական միջոցներն արդիականացնելու, գիտահետազօտական աշխատանքների համար ֆինանսական միջոցների կարիք կայ:
Ձեռագրատանն այս պահին 1000ից աւելի մեծադիր ձեռագրեր կան, որոնցով երկար ժամանակ չենք զբաղուել, քանի որ դրանք պահանջում են մեծ ծախսեր, որ մեզ տրամադրուող պետական ֆինանսաւորման շրջանակներում հնարաւոր չէ ամբողջութեամբ իրականացնել: Այս խնդրին փորձում ենք տարբեր լուծումներ գտնել: Օրինակ, դիմել էինք պետական մրցոյթի եւ շահել դրամաշնորհ, ինչի արդիւնքում կարողացանք իրականացնել մոնիթորինգային (հսկողութեան-Խմբ.) որոշ աշխատանքներ: Ծուղրուտի Աւետարանի վերականգնման համար ֆինանսական միջոցները յատկացրեց Ամերիկայի Հարաւկովկասեան հետազօտութիւնների կենտրոնը: Ֆինանսաւորում ստացել ենք նաեւ «Գալուստ Գիւլպէնկեան» հիմնադրամից: Մեր աշխատանքները հնարաւոր է դառնում առաջ տանել նաեւ հովանաւորների, բարեգործների շնորհիւ: Սակայն աշխատանք շատ կայ, իւրաքանչիւր օրը ճակատագրական կարող է լինել վնասուած ձեռագրերից որեւէ մէկի համար:
Այս պահին կենսական եմ համարում հայոց ամենամեծ մագաղաթեայ ձեռագրի՝ «Մշոյ Ճառընտիր»ի օր առաջ վերականգնումը, որի ֆիզիկական վիճակը կարելի է բնութագրել որպէս խիստ վտանգուած: Աշխարհահռչակ այս ձեռագիրը տարիների ընթացքում ձեռք է բերել բազմաթիւ խնդիրներ՝ ձեւախախտումներ, պատռուածքներ, եւ այլն: 601 մագաղաթեայ թերթից բաղկացած այս գրքի ամբողջական վերականգնման համար ֆինանսական միջոցներ են հարկաւոր, որ մենք այս պահին չունենք, այնինչ վիճակն օրհասական է:
Մեր աշխատանքի եւ նախագծերի մասին պատրաստ ենք մանրամասն տեղեկութիւններ տրամադրել այն անհատներին, ովքեր կը ցանկանան աջակցել: Նախադէպեր եղել են, եւ շնորհիւ նուիրատուութիւնների՝ կարողացել ենք իրականացնել առաջնային կարեւորութիւն ունեցող վերականգնման աշխատանքներ: Մեր հեռախօսահամարն է՝ (37410) 510017, ներքին՝ 1-30: Էլ. փոստի հասցէն՝ g.eliazyan@matenadaran.am
Յ.Գ. Հայ ազգի ինքնութիւնն ամփոփող ձեռագրերն ու մատեաններն անցել են ճակատագրի բազում փորձութիւններով, եւ յաճախ հրաշքով են փրկուել՝ շնորհիւ նուիրեալների: Հայի հոգեւոր հարստութիւնը պահպանելու եւ սերունդներին փոխանցելու հերթն այսօր մերն է: Տէր կանգնե՛նք մեր արժէքներին, ստանձնե՛նք պատասխանատուութիւն, քանզի իւրաքանչիւրիս անտարբերութիւնն այսօր կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ…
Տեղեկանք. «Մշոյ Ճառընտիր»ը կամ «Տօնական»ը, 1200-1202թթ.ին գրուած եւ նկարազարդուած հայերեէ ամենախոշոր մագաղաթեայ ձեռագիր մատեանն է, որ ստեղծուել է Երզնկայի Աւագ վանքում, Բաբերդի տանուտէր Աստուածատուրի պատուէրով: Նրա սպանուելուց յետոյ, գիրքը խաբէութեամբ ձեռք է բերում Խլաթ քաղաքից մի թուրք դատաւոր: Մշոյ Սուրբ Առաքելոց վանքի միաբանները, Եսայի եպիսկոպոսի գլխաւորութեամբ, Մուշի ու նրա շրջակայքի բնակիչներից հանգանակութիւն են կատարում, եւ շուրջ մէկ տարի բանակցելու արդիւնքում, չորս հազար արծաթով վերադարձնում են ձեռագիրը: 1205թ.ին ճառընտիրը տարւում է Սուրբ Առաքելոց վանք՝ դառնալով գլխաւոր սրբութիւններից մէկը:
Այնտեղ այն պահւում է մինչեւ 1915ը: 28 կգ. կշռող գիրքը, երկու մասի բաժանուած, հրաշքով փրկւում է Ցեղասպանութիւնից: Ձեռագրի մի մասը գաղթական երկու հայ քոյրեր իրենց մէջքին կրելով, մեծ դժուարութիւններով այն հասցնում են Երեւան, երկրորդ մասը՝ գտնում է ռուսական բանակի սպայ եւ այն տալիս է Թիֆլիսի Հայոց Ազգագրական ընկերութեանը: Այժմ երկու կէսն էլ, գտնւում են Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանում:
«Մշոյ Ճառընտիր»ը բովանդակում է քարոզներ, ներբողներ, ուղերձներ, կանոններ ու զրոյցներ, պատմական բովանդակութիւն ունեցող շարադրանքների հատուածներ, ամփոփում է համաքրիստոնէական, ինչպէս նաեւ՝ հայ սրբերի վկայաբանութիւններ:
Մագաղաթեայ հսկայի իւրաքանչիւր թերթ ունի 70.5սմ x 55.5 սմ մակերես:
Ի սկզբանէ, ձեռագիրն ունեցել է 660 էջ, իսկ այսօր‘ միայն 627ն է: 17 թերթ պահւում է Մխիթարեան միաբանութեան Վենետիկի, մէկ թերթ‘ նոյն միաբանութեան Վիեննայի մատենադարաններում: Մնացած թերթերը կորսուած են: