Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Լոյս Է Տեսել Ցեղասպանագէտ Մարի Յովհաննիսեանի «Ուրացման Քաղաքականութեան Արմատները, Նորօրեայ Դրսեւորումները Եւ Դրանց Հետեւանքները» Գիրքը

$
0
0

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ

 

1227denialmaryԵրեւանում ՀՀ սփիւռքի նախարարութեան դրամաշնորհով եւ բարձր հովանաւորութեամբ հրատարակուել է ցեղասպանագէտ Մարի Յովհաննիսեանի «Ուրացման Քաղաքականութեան Արմատները, Նորօրեայ Դրսեւորումները Եւ Դրանց Հետեւանքները» գիրքը: Ուսումնասիրութիւնը կատարուել է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոն գիտահետազօտական հիմնադրամում: Այդ մասին հաղորդում է կենտրոնի «Ակունք» (Akunq.net) պաշտօնական կայքէջը:

Աղբիւրի համաձայն՝ աշխատութեան մէջ ներկայացուած են Հայոց Ցեղասպանութեան թուրքական ժխտողականութեան քաղաքականութեան ակունքները, դրանց դրսեւորումները Ցեղասպանութեան ընթացքում, 1965թ. յետոյ եւ մեր օրերում: Ըստ հեղինակի՝ ժխտման հիմնական թէզերը, որոնք սկիզբ են առել դեռեւս 1894-96թթ. կոտորածների շրջանում, հիմնականում նոյնն են մնացել յետագայ տասնամեակների ընթացքում, սակայն փոխուել են դրանց ներկայացման մեթոդներն ու մեխանիզմները (մեքենակառոյցները-Խմբ.):

Գրքում Մ. Յովհաննիսեանի կողմից առաջ է քաշւում ցեղասպանագիտութեան մէջ նոր թէզ, ըստ որի՝ ցեղասպանութեան ժխտումն սկսւում է շատ աւելի վաղ, քան բուն յանցագործութիւնը:

Ուսումնասիրութեան երեք գլուխներում ամփոփուած են ժխտողականութեան տեսութեանը վերաբերող դրոյթներ, Հայոց Ցեղասպանութեան թուրքական ժխտողական քաղաքականութեան փուլերը, դրանց զարգացումները եւ հետեւանքները:

Մենագրութիւնը հիմնուած է հեղինակի կողմից առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ դրուող արխիւային փաստաթղթերի, ժամանակի մամուլի, հասարակական-քաղաքական գործիչների յուշերի եւ մասնագիտական գրականութեան վրայ:

«Էդիթ Պրինտ» հրատարակչութիւնում տպագրուած 168 էջանոց սոյն աշխատութեան խմբագիրն է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն, հայագէտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Հայկազուն Ալվրցեանը:

 

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Մարի Վլադիմիրի Յովհաննիսեանը ծնուել է 1985թ. Մարտի 22ին, Երեւանում: Սկզբնական կրթութիւնն ստացել է Նանսենի անուան հ. 150 դպրոցում: 2006թ. աւարտել է Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը (լրագրութեան կաճառը-Խմբ.)՝ ստանալով բակալաւրի կոչում, իսկ 2009-2010թթ. ուսանել է Բուդապեշտի Կենտրոնական եւրոպական համալսարանի (CEU) Քաղաքագիտութեան ֆակուլտետում եւ ստացել մագիստրոսի կոչում:

2010-2012թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում՝ որպէս գիտաշխատող: 2016թ. աշխատանքի է անցել Հայաստանի ազգային արխիւի գիտահետազօտական բաժնում:

2012թ. Գերմանիայում անգլերէնով լոյս է տեսել Մ. Յովհաննիսեանի «Անցեալի Եւ Ներկայի Բախումը. Հայոց Ցեղասպանութեան Հաւաքական Յիշողութիւնը Եւ Թուրքական Ժխտողականութիւնը» մենագրութիւնը:

1227denial2014թ. «Քարնեգի» հետազօտական ծրագրի շրջանակներում հետազօտական աշխատանքներ է կատարել ԱՄՆի «Քլարք» համալսարանի Հոլոքոստի եւ ցեղասպանագիտութեան ուսումնասիրութիւնների կենտրոնում:

2014թ. մասնակցել է «Զօրեան» ինստիտուտի (հիմնարկութեան-Խմբ.) եւ Տորոնտոյի համալսարանի կազմակերպած՝ Ցեղասպանագիտութեան եւ մարդու իրաւունքների համալսարանական դասընթացին: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Հայաստանում, Իտալիայում եւ Սերբիայում:

Մ. Յովհաննիսեանը նաեւ այլ գիտական յօդուածների եւ հրապարակումների հեղինակ է: Նրա գիտական հետաքրքրութիւնները ներառում են ցեղասպանագիտութեան, կոնֆլիկտոլոգիայի (ընդհարումներու ուսումնասիրութեան գիտութիւն-Խմբ.), ինչպէս նաեւ՝ ժողովրդավարութեան հաստատման հիմնախնդիրները հետճգնաժամային եւ անցումային փուլում գտնուող հասարակութիւններում:

 

«ԱԿՈՒՆՔ»


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles