Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Յովհ. Թումանեանի Համաշխարհային Մեծութիւնը (Ծննդեան 150ամեակ)

$
0
0

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

0921anasianԱյս օրերին հայ աշխարհում (նկատի ունեմ թէ՛ մայր հայրենիքը եւ թէ աշխարհածաւալ Սփիւռքը) աւելի կամ պակաս ճոխութեամբ նշւում է ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150ամեակը: Հիմնականում դրանք իրականացւում են միութիւնների կամ կազմակերպութիւնների շրջանակում: Իրականում, գէթ մեր համայնքի համար անհրաժեշտ էր համաժողովրդական, համազգային տօնի վերածել Յովհ. Թումանեանի յոբելեանը: Ցնծութիւն, հրավառութիւն տեղի պիտի ունենար Լոս Անջելեսի ողջ տարածքին, չէ ՞ որ ասում ենք ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾ, որի գործերի առջեւ խոնարուել են մեծն Չարենցը, Շիրազն ու Պարոյր Սեւակը:

Իրապէս, հաւաքական ուժերով կարելի էր չէ՞ «աշխարհ զարմացնող» միջոցառում կազմակերպել մեծն Լոս Անջելեսի խոշոր սրահներից որեւէ մէկում: Մի կողմ թողնենք մշակութային միութիւնների եւ դրանց յարակից կազմակերպութիւնների միջեւ փոխադարձ համագործակցութեան անբաւարար լինելու փաստը, հապա ո՞ւր էր ՀԲԸ Միութիւնը, որի սրբազան պարտքը պիտի լիներ իր ձեռքը վերցնել հանճարեղ գրողի մեծութեանն արժանի գրական-երաժշտական մի փառայեղ միջոցառում կազմակերպելը: Առանձինն, որոշ միութիւններ ինչ որ ձեւով նշեցին Թումանեանի յոբելեանը, բայց դրանք, խորքի մէջ, զուտ խորհրդանշական բնոյթ կրեցին:

Մեր օրերում, երբ միջոցներն ու հնարաւորութիւնները քիչ թէ շատ բաւարար են, դրանցով իսկ՝ երբեք պէտք է թոյլ չտալ, որ խամրի Թումանեանի աչք կուրացնող մեծութիւնը: Իսկ այն լուսատու պահելու համար անհրաժեշտ է օգտուել ամէն մի՝ նոյնիսկ աննշան թուացող հնարաւորութիւնից՝ կրկին ու կրկին, ի ցոյց ամենքի, բացայայտելու Թումանեանի հանճարն ու մեծութիւնը:

Ժամանակին, խորհրդային կարգերի ժամանակ, Հայաստանի պատկան մարմինները, գրողները, գրականագէտներն ու թարգմանիչները մեծ ջանքեր են թափել Թումանեանի հանճարը օտարներներին հասու դարձնելու համար: Գրեթէ հարիւր տարի ռուս ժողովուրդն ու մտաւորականութիւնը շատ քիչ գաղափար ունէին հայ ժողովրդի, նրա դարաւոր մշակոյթի, գրականութեան մասին: Աւելին. իմացողներն էլ անթաքոյց արգահատանքով էին արտայայտւում հայութեան մասին, նոյնիսկ այնպիսի նշանաւոր գրողներ, ինչպիսին էին Պուշկինն ու Չեխովը:

Այսպէս. Պուշկինը իր «Գոլուբ» բանաստեղծութեան մէջ ասում է. «Դու՝ ստրուկ,

դու՝ երկչոտ, դու՝ ՀԱՅ…»: Բանաստեղծից ետ չի մնում գրող-թատերագիր Չեխովը, որն իր «Երկու Գեղեցկուհիներ» գրուածքում հերոսին որակաւորում է «Արմեաշկա» վիրաւորական, արհամարական բառով: Տեղին է յիշել, որ նոյն որակումին է արժանացել նաեւ Վահան Տէրեանը, որին, հիւանդ վիճակում, իբր գործուղման նպատակով, Ստալինի հրամանով, ձմրան սառնամանիքին ուղարկում են Օրենբուրգ, ուր թոքատապից մահանում է մեր հանճարեղ քնարերգուն եւ յեղափոխականը:

0321toumanian

Թումանեանն առաջինն էր, որ ընդվզեց այդ «չարդարացուած որակումների դէմ: Նրա՝ Թիֆլիսի բնակարանում, որ եղել է գրողների, մտաւորականների հաւաքոյթների եւ խնջոյքների վայր, մշտապէս հնչում էր յաւերժ սեղանապետ Թումանեանի հուժկու եւ պարտաւորեցնող ձայնը հայ գրականութեան մասին, իսկ Վերնատանը թէժ վէճեր էին ծաւալւում օտար բանաստեղծների եւ հայ գրողների միջեւ:

Ինչպէս Վարդգէս Ահարոնեանն է գրում (Աւետիս Ահարոնեանի որդին) իր՝ Յովհ. Թումանեանին նուիրուած «Մարդը Եւ Բանաստեղծը» մենագրութեան մէջ, համոզիչ մեկնաբանութիւններով գալիս է այն համոզման, որ հայ գեղջուկն էր Թումանեանի գործերի հիմքը, իսկ հայի հաւաքական, ազգային նկարագիրը ամրագրուած է «Սասունցի Դաւիթ» դիւցազներգութեան մէջ:

Ոչ մի գրագէտ մարդու համար գաղտնիք չէ, որ Յովհ. Թումանեանը իր կարճատեւ կեանքի ընթացքում կարող էր շատ աւելին տալ հայ գրականութեանը, եթէ նրան չխանգարէր հասարակական լայն գործունէութիւնը, մանաւանդ, փոքրիշատէ փխրուն առողջութիւնը.

«Կեանքս արի հրապարակ, ոտքի կոխան ամէնքի,

Խափան, խոպան ու անպտուղ անցայ առանց արդիւնքի:

Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսնէր, որ չբուսաւ էս հողին…

Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տըւողին…»

– Դէ՜, արի ու հաւատայ, որ նման տողեր գրողը թերի միջնակարգ կրթութիւն ստացած մէկն է, որը յետագայում դառնալու է Ամենայն Հայոց Բանաստեղծ:

Հետաքրքիրն այն է, որ Թումանեանը զգում էր, որ իր բանաստեղծութիւնները հետագայում վեր էին ածուելու երգերի, եւ հենց դրանք երգային դարձնելու միտումով էլ մի շարք ցուցական դերանուններ վերափոխում էր Լոռու բարբառով՝ արժանանալով իր ժամանակի մի շարք բանաստեղծների արհամարանքին:

Լոռեցու բարբառը միս ու արիւն էր նրա համար: Այժմ տեսէք թէ որքան երաժշտական է դարձել «Անուշ» պօէմի այս հատուածը՝ ցուցական երկու դերանուններից մէկական տառ հանելուց յետոյ:

«Այս» եւ «այն» դերանունների փոխարէն, Թումանեանը օգտագործել է »Էս» ու «Էն»ը, որի շնորհիւ էլ Արմէն Տիգրանեանի համար, վստահ եմ, աւելի դիւրին է եղել ԷՍ ու ԷՆը, քան թէ ԱՅՍ ու ԱՅՆը: Հենց թէկուզ այս մէկ օրինակը բաւարար է մեր ասածի հաստատման համար: Ներքոյ բերուող օրինակը Սարոյի արիան է «Անուշ» օպերայից.

«Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, ԷԴ ինչ ես ասում, բա դու չե՞ս լսում.

ԷՆ, որ լանջերին խաղեր եմ ասում՝ ո՞ւմ հետ եմ խօսում:

ԷՆ, որ հառաչում ու ա՜խ եմ քաշում, ԷՆ ո՞ւմ եմ յիշում…»

– Դէ եկէք, ու այսօր Սարօ-երգ-չին ասէք, որ երգի հետեւեալ բառերով. «Ա՜խ, Անո՜ւշ, Անո՜ւշ, ԱՅԴ ի՞նչ ես ասում», կամ էլ՝ «ԱՅՆ, որ լանջերին խաղեր եմ ասում, ԱՅՆ որ հառաչում, ԱՅՆ ո՞ւմ եմ յիշում»:

Բաւականին ծիծաղելի կը թուայ չէ՞. գեղջուկ հովիւը գրական հայերէնով է իր սրտի խռովքը յայտնում սիրած աղջկան՝ Անուշին:

Եւ, հետաքրքիրն այն է, որ 1905-06թթ. տարբեր ժողովածուներում տպագրուած այդ ցուցական դերանունները Թումանեանը գրել է գրական հայերէնով, այսինքն՝ «Այդ» եւ «Այն»: Այդ յետոյ, տարիներ անց, ինքն է փոխել դրանք՝ էլ աւելի յարմարեցնելով միջավայրին, բնութեանն ու տեղանքին:

Յովհ. Թումանեանի ողջ գրական ժառանգութիւնը շնչում է չքնաղ երաժշտականութեամբ: Պատահական չէ, որ նրա գրական հայերէնով գրուած բանաստեղծութիւնների եւ պօէմների մեծաթիւ գործեր երաժշտականացուել են առնուազն երկտասնեակ երգահան-կոմպոզիտորների կողմից:

Հէնց միայն յիշելու համար թուենք լայն տարածում գտած, Թումանեանի բառերով յօրինուած երգերից մի քանիսը. Սպենդիարեանի նշանաւոր «Վարդը» ռոմանսը, Ռ. Մելիքեանի «Սեւ կաքաւիկ» երգը, «Աշնան երգ»ը, Կոմիտասի «Կաքաւի երգ»ը, Անտոն Մայիլեանի «Ինձ մի խնդրիր» ռոմանսը: Յովհ. Թումանեանի բառերով երգեր են գրել կոմպոզիտորներ Մարտին Մազմանեանը, Անուշաւան Տէր Ղեւոնդեանը, Էդգար Յովհաննիսեանը, սփիւռքահայ կոմպոզիտորներ՝ Բարսեղ Կանաչեանը, Գուրգէն Ալեմշահը, Նիկոլ Գալանտէրեանը եւ ուրիշներ: Թումանեանի բանաստեղծութիւնների հիման վրայ, ձեր խոնարհ ծառան՝ Հենրիկ Անասեանը գրել է չորս խմբերգ եւ վեց մեներգ, որոնք բազմիցս կատարուել են թէ՛ Հայաստանում եւ թէ արտերկրում:

Թումանեանի խօսքերով յայտնի են մանկական երկու օպերաներ՝ Ազատ Մանուկեանի «Չարի Վերջը» եւ Անտոն Մայիլեանի «Չարաճճի Միկիչը»: Թումանեանի պօէմների հիման վրայ բալետ է գրել Գրիգոր Հախինեանը: Անմահութեան ճամբով ընթացող սիրտ մաշող «Գիքոր» պատմուածքն է օպերայի վերածել կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշեանը: Յովհ. Թումանեանի գործերի հիման վրայ ստեղծուել են շարժապատկերներ:

Այս ամէնի մէջ, անշուշտ, ամենաժողովրդականն ու ամենասիրուածը Թումանեանի «Անուշ» պօէմն է, որը Արմէն Տիգրանեանի հանճարեղ երեւակայութեամբ վեր է ածուել օպերայի:

Յայտնի է, որ Թումանեանի «Անուշ» պօէմին դիմել են շատերը, բայց այն օպերայի վերածելու անմիջական քայլերը պատկանում են Կոմիտասին եւ ռուսահայ կոմպոզիտոր Եղիշէ Բաղդասարեանին, մասամբ նաեւ Կարա Մուրզային: Իր գործունէութեան ոչ շատ երկար տարիների ընթացքում Կոմիտասը մեծ ջանք է թափել «Անուշ» պօէմը օպերայի վերածելու համար: Այսօր էլ յայտնի են Կոմիտասի «Անուշ» անաւարտ օպերայի մի քանի յատուածներ: Թումանեանի պօէմը, ըստ Կոմիտասի գրառումների, ամբողջութեամբ պիտի պահպանուէր իր բոլոր գործող անձերով եւ բովանդակութեան զարգացման նոյն յաջորդականութեամբ: Սակայն, դժբախտաբար Կոմիտասը չկարողացաւ աւարտին հասցնել օպերան:

Այս ամէնով հանդերձ, միայն Արմէն Տիգրանեանին էր վիճակուած իրականացնել «Անուշ» օպերայի ստեղծումը, օպերա, որը ըստ մեզ՝ երգ-օպերա է ոչ միայն ժողովրդի մէջ տարածուած երգերով ու խմբերգերով, այլեւ բուն ժողովրդական երաժշտութիւնից վերցուած սքանչելի մեղեդիներով  եւ պարեղանակներով:

Յովհ. Թումանեանի պօէմն ընթերցելուց յետոյ Արմէն Տիգրանեանը գրում է. «Առաջին վայրկեանից ինձ համար պարզ դարձաւ, որ «Անուշ» պօէմը հիանալի նիւթ է օպերայի համար, մի գործ, որի մէջ ցայտուն գծերով, գունագեղ նկարագրումով պատկերուած է անցեալի կեանքն ու կենցաղը հայկական գիւղում: «Անուշ»ի թեման ամբողջովին կլանեց ինձ: Չխօսելով պօէմի գեղարուեստական բարձր արժէքի մասին, նրա կառուցուածքը, կերպարաւորման հիանալի հիւսուածքը, նախաբանը, փերիների ողբն ու Սարոյի սերենադը, եւ այլ հիանալի պատկերներ՝ այս ամէնը դրդեցին ինձ երաժշտական որոշակի ձեւով ներկայացնել, որը եւ եղաւ համանուն օպերան»:

«Անուշ» օպերայի գրական տեքստը ստեղծեց ինքը՝ կոմպոզիտորը՝ խնամքով պահպանելով Թումանեանի պօէմի կառուցուածքը, դէպքերի յաջորդականութիւնը, գրական ոճն ու, մանաւանդ՝ լեզուն, գրական-բարբառային այն հիւսուածքը, որ բնորոշ էր Հայաստանի Լոռու շրջանին:

«Անուշ»ը Թումանեանի բանաստեղծական ստեղծագործութեան գագաթներից է, որն այսօր շարունակում է իր յաղթական երթը երաժշտութեան ճանապարհով: Արմէն Տիգրանեանի «Անուշ» օպերան իրաւամբ դարձաւ Թումանեանի գրական երազանքի ամենաճշմարիտ եւ արժանի մարմնաւորումը երաժշտութեան միջոցով:

«Անուշ»ը մեր ազգային հպարտանքն է, մեր օպերային արուեստի մարգարիտը: «Անուշ»ը հայ ժողովրդի երեւակայութեան մէջ իրար է միացրել Յովհաննէս Թումանեանի եւ Արմէն Տիգրանեանի անուններն ու հանճարը:

Մեզ մնում է միայն բոլոր հնարաւոր միջոցներով գալիք սերունդներին փոխանցել Մեծ լոռեցու հմայիչ ու գերող գրականութեան բոյրը:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles