Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Գառնիկ Գալստեանի «Ահազանգ» Բանաստեղծութիւնների Գիրքը

$
0
0

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ 

 

Katia Kusherian4Գառնիկ Գալստեանը ծնուել եւ ուսում է ստացել Հայաստանում, աւարտել է նախ Դ. Վարուժանի անուան միջնակարգ դպրոցը, ապա Երեւանի Պետական համալսարանի Բանասիրական բաժանմունքը: Եղել է Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի Գրականութեան հիմնարկի աշխատակից, այդ նոյն հիմնարկում պաշտպանելով իր թեզը ֆրանսահայ գրականութեան մասին, նաեւ լոյս ընծայելով բազմաթիւ յօդուածներ եւ գրախօսականներ 20րդ դարի հայ գրականութեան մասին: 1979թ.ից բնակւում է Լոս Անճելըսում, ուր դասաւանդել է ազգային վարժարաններում եւ Լա Վըրնի համալսարանի ամերիկահայ քոլեջում, մասնակցել համալսարանի կողմից կազմակերպուած գիտաժողովների: Հեղինակել է մի շարք գրքեր՝ «Պարոյր Սեւակ. Գեղարուեստական Մտածողութեան Հարցեր», «Մեր Լեզուն» արեւմտահայերէնի դասագիրքը եւ «Ժամադրութիւն Աշխարհի Հետ» քերթողագիրքը:

Այսօր Գառնիկ Գալստեանը ընթերցողին է ներկայանում «Ահազանգ» բանաստեղծութիւնների գրքով, հրատարակութեամբ «Գէորգ Մելիտինեցի» գրական մրցանակի, խմբագրութեամբ Ժիրայր Դանիէլեանի, 2019թ., Անթիլիաս:

Հեղինակն այն կոչել է ներքին դրամա երեք արարուածով, ուր բանաստեղծի անձնական ապրումները դարձել են արձագանգը հազարաւորների, որոնք հեռաւոր ամերիկեան կիսագնդում հանգրուանել ու շարունակում են հաստատուել, չգիտես ինչ ուժից մղուած: Արտագաղթ է՝ Հայաստանն արիւնաքամող, ազգին եւ պետականութեան սպառնացող այդ սոսկալի երեւոյթի անունը, որ հոգեկան խորունկ դրամա է ոչ միայն բանաստեղծի, այլեւ բազմութիւնների համար:  Արտագաղթի երեւոյթը կայ եւ շարունակւում է, դառնալով պատմական մի ամբողջ ժամանակահատուածի բնորոշ մի մաս, զարմանալիօրէն հէնց այն ժամանակ, երբ հայ ազգը անկախութիւն է ձեռք բերել եւ գերագոյն ճիգով վերադարձրել է Արցախը:  Այս պատմական մեծ իրադարձութիւնները, թւում է, պիտի կրկնապատկէին հայութեան ուժն ու ամբողջական հայրենիքի ձեռքբերման գաղափարը իրականութիւն դարձնելու վճռականութիւնը: Բայց ներքին ու արտաքին այլազան հանգամանքների բերումով, հայութիւնը կամայ թէ ակամայ արտահոսում է, տկարացնելով ազգի մարտունակութիւնը եւ աղօտացնելով անկախութեան հրաշալի իրականութիւնը:

AhazangԲանաստեղծութինները, որ ներկայացուած են ընթերցողին «Ա-հազանգ» խորագրի տակ եւ կրում են «Դրամա Երեք Արարուածով» ենթավերնագիրը, ամփոփուած են գրքի երեք մասերում. դրամայի առաջին մասը կոչւում է «Արտագաղթ» եւ բաղկացած է երեք տասնեակի հասնող քերթուածներից, ուր Գ. Գալստեանը, իր բառերով ասած, թողութիւն է հայցում օրէնքի առջեւ անխոցելի, բայց սեփական խղճի առջեւ այն մեղադրեալի համար, որ հեռացել է երկրից, անմասնակից մնալով հայրենիքի համար բախտորոշ մաքառումներին եւ ինչ-որ տեղ դաշնակիցը դարձել Հայաստանի թշնամիներին: Այդպէս է զգում ու մտորում բանաստեղծը, եւ այդ զգացումն է իր «Ծանր զգացում» բանաստեղծութեան մէջ, հակիրճ ու անթաքոյց.

«Թուաց՝ դարպասն եմ բացել քո թաքուն,

Երբ ոսոխն է քեզ պաշարել, Անի՛»:

Եւ կամ «Մենք» բանաստեղծութեան այս տողերը.

«Կամայ-ակամայ արտագաղթելով՝

Մենք մի վայրկեանում

Մեր թեթե՛ւ ձեռքով տալիս ենք, յանձնում

Բերդն այն անառիկ,

Որ պաշտպանել են ծանր մարտերով

Մեծն Տիգրանից մինչեւ Անդրանիկ»:

Գրքի երկրորդ արարը վերնագրուած է «Little Արմենիա», ուր դիպուկ կերպով բանաստեղծը բնութագրում է խաբուսիկ այն հոգեվիճակը, որին անձնատուր ենք եղել հաւաքաբար եւ ամէն րոպէ ինքնախաբեութեամբ աւելի ու աւելի ենք պարուրում մեզ պատրանքի շղարշով.

«Այստեղ աւելի, քան Հայաստանում

Մենք մեզ զգում ենք սեփական տանը.

«Գիւմրի» ճաշարանն է այս անկիւնում,

Այստեղ՝ «Երեւան» մեծ տպարանը»:

Եւ դեռ աւելին կայ՝ Վան, Արաբկիր, Մուշ, Մարաշ ու Զէյթուն: Նոյնիսկ Արցախը ունենք մեր կողքին, փոքրիկ մի փողոց, եւ այլեւս Հայաստանի կարօտը չի կարող խեղդել մեզ: Բանաստեղծութիւնների այս գրքի երկրորդ արարուածը եզրափակւում է «Ապագայի տապանագիր» քառատողով.

«Հողն իր լքելով՝ կնքած ակամայ

Մահավճիռը իր անփառունակ,

Ինքնասպան մի ազգ աստ հանգչի հիմա

«Little Armenia» տապանագրի տակ»:

Եւ վերջապէս դրամայի երրորդ ու վերջին արարուածը, որ բանաստեղծը «Կորուստների Երկիր» է վերնագրել: Հայաստանն անընդհատ կորուստներ է ունենում՝ քանակական ու որակական, հոգեւոր ու նիւթական, արիւնահոսում է դանդաղ, բայց անընդմէջ: Հէնց այդ կորուստներն են, որոնց առթած ցաւի մասին բանաստեղծը խօսում է ընթերցողի հետ, չի խօսում, սակայն, որպէս դիտող եւ պարսաւող, այլ որպէս մասնակից այդ անկումներին: Անկեղծօրէն դատափետում  է առաջին հերթին ինքն իրեն, առանց ներում հայցելու, որովհետեւ աններելի է համարում հայրենիքը լքելը, ինչ էլ որ լինեն դրան տուն տուող պատճառները, նոյնիսկ հայրենիքի հողը համբուրող եւ իրենց հայրենասիրութեան համար ծաղրուած, սեփական տան մէջ օտարի հոգեվիճակով ապրած առաջին հայրենադարձների փախուստը երկրից: Գառնիկ Գալստեանն ահազանգ է հնչեցնում ի տես արտագաղթի, որ վերջին հաշուով Հայաստանի թուլացում է նշանակում՝ նիւթական, մտաւոր ու բարոյական, եւ արդարացիօրէն այն անուանում է ազգային ինքնասպանութիւն.

«Նայի՛ր, իր սուրը պահած պատեանում՝

Լուռ սպասում է ոսոխը մեր հին.

Նա անելիքն իր մե՛զ է վստահում,

Վստահում է մեր… ղեկավարների՛ն»:

Բանաստեղծը դիմում է Սարդարապատի զանգերին, որոնց ղողանջը պէտք է սթափութեան հրաւիրի մեզ բոլորիս այսօր՝ կանգնեցնելու համար երկիրը արիւնաքամող, դանդաղօրէն սողացող արտագաղթը: Եւ ժամանակի վրայ երկարող այս երեւոյթը աստիճանական անկման է հասցրել Հայաստանին, որն այսպէս է բնութագրել բանաստեղծը «Օրինաչափութիւն» քերթուածի մէջ.

Լճի վերածուեց մի օր ծովն, ափսոս՜,

Լիճն էլ ցամաքեց, դարձաւ ջրափոս»:

Եւ միանգամայն բնական չէ՞, որ

Դոդոշն է հիմա այնտեղ թագաւոր:

Այնուամենայնիւ բանաստեղծը չի դադարում յուսալ, որ Հայաստանը ի վերջոյ ոտքի կը կանգնի եւ կը դառնայ սերունդների ջանքերով ծնունդ առած մեր երազանքի երկիրը.

«Քեզ երազանքիս բարձունքի՛ց լուսէ,

Ցաւիս խորքից եմ խնդրում ահագնած,

Որ ծնուես, ինչպէս մե՛նք ենք երազել,

Որ վիժուած երազ չդառնաս յանկարծ…»:

Բանասէր եւ բանաստեղծ Գառնիկ Գալստեանի «Ահազանգ» բանաստեղծութիւնների գիրքը հայ գրականութեան պատմութեան մէջ պիտի մտնի որպէս Հայաստանի Երրորդ հանրապետութեան ժամանակաշրջանին բնորոշ ազգավնաս երեւոյթներից մէկի՝ արտագաղթի գեղարուեստական արտացոլում: Այն բանաստեղծի անկաշառ խղճի ձայնն է, որ հեղինակն անկեղծօրէն հնչեցրել է, դառնալով հազարաւորների սրտի թարգմանը: Գրքում տեղ գտած բանաստեղծութիւնները գրուած են այդ շնչով, եւ անտարակոյս է, որ ընթերցողը իրենը կը համարի դրանք՝ ծնուած նաեւ իր հոգուց, գրուած իրեն համար:

Այս է Գառնիկ Գալստեանի «Ահազանգ» գրքի՝ գեղարուեստական խօսքի ուժով պատմութեան եւ սերունդներին ուղղուած, սթափութեան հրաւիրող ահազանգը, որի ղողանջը հնչում է եւ պիտի շարունակի հնչել, քանի քարաւանները դեռ քայլում են:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles