ԱԶԴ
Ընթերցողի դատին է ներկայացւում «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թուականի երկրորդ համարի էլեկտրոնային տարբերակը՝ 355 էջ ծաւալով եւ հարուստ բովանդակութեամբ:
Ինչպէս արդէն տեղեկացրել ենք, հաշուի առնելով համավարակի վտանգը՝ յետաձգել էինք «Վէմ» հանդէսի 2020 թուականի առաջին համարի տպագրութիւնը, բայց ընթերցողների ու գիտական թեզեր ներկայացնելու խնդիր ունեցող յօդուածագիրների բազմաթիւ պահանջներից յետոյ վերջերս այն լոյս է տեսել սահմանափակ տպաքանակով։ Մէկ շաբաթից լոյս կը տեսնի նաեւ երկրորդ համարի տպագիր տարբերակը։
Օրերս լոյս է տեսել նաեւ «Վէմ» Մատենաշարի առաջին հատորը՝ Երուանդ Փամբուկեանի երկար տարիների տքնաջան աշխատանքի արդիւնքը հանդիսացող «Քրիստափոր Միքայէլէանի անտիպ նամակները» ուշագրաւ ժողովածուն։ Հատորը սկսւում է մեր «Քրիստափոր Միքայէլէանի ժառանգութիւնը» առաջաբանով, որում բարձր է գնահատւում Քրիստափորի նոր նամականիի աղբիւրագիտական արժէքը։ Յատուկ ուշադրութիւն ենք հրաւիրում այդ իրողութեան վրայ, որպէսզի մեր ընթերցողներն այդ առաջաբանը չշփոթեն «Վէմ»-ի ներկայ` երկրորդ համարի խմբագրականի հետ։
«Վէմ»ի 2020 թուականի երկրորդ համարի «Քրիստափորի կտակը» խմբագրականը Քրիստափոր Միքայէլեանի նուիրական կերպարը նրա բազում արժանիքների գնահատման արդէն ծանօթ կաղապարներից դուրս բերելու եւ համաշխարհային պատմագիտութեան «հերոսն իբրեւ առաջնորդ» յղացքի միջոցով վերարժեւորելու առաջին փորձն է հայ պատմագիտութեան մէջ։
Այդ յղացքի ակունքները բացայայտելու համար հանդէսի երկրորդ համարում հրապարակել ենք նաեւ երիտասարդ ու խոստումնալից պատմագէտ Գեւորգ Ա․ Ճաղարեանի ուշագրաւ յօդուածը` հերոսների պաշտամունքի ու հերոսականութեան գիտական ուսումնասիրութեան հիմքերը դրած Թոմաս Քարլայլի պատմագիտական ժառանգութեան վերաբերեալ։
«Վէմ» հանդէսն իր երկրորդ համարից նախաձեռնում է մասնագիտական քննարկումներ Հայկական հարցի պատմաքաղաքական բովանդակութեան շուրջ՝ փորձելով այն իմաստաւորել մեր օրերի ոգուն համահունչ։ Դրանց սկիզբը դրած ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Ա. Սաֆրաստեանի «Իմաստաւորելով Հայկական հարցը 21րդ դարում» ուսումնասիրութիւնը հրապարակւում է յօդուածաշարի տեսքով՝ առաջին մասի շարադրանքը հասցնելով մինչեւ Առաջին աշխարհամարտի օրերը, որպէսզի յաջորդ հատուածը «տեղաւորուի» Սեւրի պայմանագրի եւ ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի Իրաւարար վճռի քննութեանը նուիրուած երրորդ համարում՝ դառնալով նրա օրգանական մասը։
«Վէմ» հանդէսն իր ներկայ համարով սկսում է մաս առ մաս հրապարակել Իսրայէլի գիտութիւնների ակադեմիայի անդամ Մայքլ Է. Սթոունի գլխաւորած գիտնականների խմբի կողմից վերջերս իրականացուած «Սուրբ երկրի եւ Սինայի հայերէն արձանագրութիւնները» հետազօտական աշխատանքի արդիւնքները՝ Երուսաղէմի Սուրբ Յարութեան տաճարի հայերէն արձանագրութիւնները, որոնց վերծանութեան ու մեկնաբանութեան գործն իրականացրել է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի աշխատակից Խաչիկ Ա. Յարութիւնեանը։
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Դպրեվանքի հիմնադրման ու առաջին տարիների գործունէութեան պատմութեանն է նուիրուած Էդգար Գ. Յովհաննիսեանի ուշագրաւ հրապարակումը։
Մեր սերնդի համար իւրայատուկ ահազանգի դեր է խաղում այս տարի լրացած Շուշիի ջարդերի 100ամեակի կապակցութեամբ հրապարակուող Արմէն Ց. Մարուքեանի ցեղասպանագիտական հետազօտութիւնը՝ այդ յանցագործութեան իրականացման մէջ Թուրքիայի մասնակցութեան վերաբերեալ։
«Վէմ» հանդէսի 2րդ համարը զարդարել է տարիներ շարունակ Կոմիտաս վարդապետի ու նրա աշակերտների կողմից բարեխիղճ կերպով հաւաքուած հայ ժողովրդական երաժշտութեան տոհմիկ ժառանգութեան գանձերից մէկի՝ հայկական աւանդական հարսանիքի ծիսաշարերի եւ արարողութիւնների մանրակրկիտ հետազօտութիւնը ազգագրագէտ Հռիփսիմէ Վ. Պիկիչեանի կողմից։
Եւ վերջապէս «Վէմ» հանդէսի երկրորդ համարի Յաւելուածում հրատարակուող «Համաշխարհային ճգնաժամը եւ մենք» հիմնարար ուսումնասիրութեամբ կատարում ենք էլեկտրոնային տարբերակով հրապարակուած մեր «Թագավարակի գաղտնիքը» յօդուածը շարունակելու, նրանում առկայ վիճելի դրոյթները յստակեցնելու խոստումը։ Սա ողջ աշխարհը պատուհասած ճգնաժամի քաղաքական, տնտեսական ու աշխարհաքաղաքական հետեւանքների վերաբերեալ համապարփակ գիտական հայեացք ձեւաւորելու փորձ է։ Ցոյց է տրւում, որ համավարակը սոսկ համաշխարհային ճգնաժամի խորացման նախնական յարուցիչն է։ Ներկայացւում են ճգնաժամի յաջորդ փուլերում սպասուող աւելի լուրջ մարտահրաւէրները։ Առարկայական փաստերով բացայայտւում է այն իրողութիւնը, որ Հայաստանն իր ժողովրդով ու քաղաքական դասով անպատրաստ էր անգամ ճգնաժամի առաջին հանգրուանին։ Ուսումնասիրութեան հիմնարար դրոյթներն արտացոլում են մեր՝ որպէս գիտնականի տեսակէտներն ու մտահոգութիւնները, որոնք, դժբախտաբար, դեռեւս խորութեամբ չեն ընկալւում մեր պետական ու փորձագիտական շրջանակների կողմից։
Ներկայացնում ենք «Վէմ» համահայկական հանդէսի 2020 թուականի երկրորդ համարի Բովանդակութիւնն ու Խմբագրականը։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԿՏԱԿԸ 3
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Ռուբեն Ա. Սաֆրաստեան
ԻՄԱՍՏԱՒՈՐԵԼՈՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ
21ՐԴ ԴԱՐՈՒՄ
Մաս առաջին։ Հայկական հարցի ձեւաւորումը 10
ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
Արման Ս․ Եղիազարեան
ԱՇՈՏ Գ ՈՂՈՐՄԱԾԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Մաս Բ։ Պայքար հայոց թագաւորութեան միասնականութեան պահպանման համար 19
ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ
Գեւորգ Ա․ Ճաղարեան
ԹՈՄԱՍ Քարլայլը եւ նրա «Ի ՎԵՐԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՅՕԴՈՒԱԾԸ 55
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Պետրոս Հ․ Դեմիրճեան
ՐԱՖՖԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԵՒ Համամարդկային
Ծննդեան 185ամեակի առթիւ 82
ԼԵԶՈՒԱԲԱՆՈՒԹԻՒՆ
Անուշ Ա․ Խաչատրեան
ԻՄԱՍՏԱՅԻՆ ԵՒ ԴԻՊՈՒԱԾԱՅԻՆ ՆՈՐԱԲԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ (2018-2019 Թթ․) 95
ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Գեղամ Մ. Բադալեան
ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄԱԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ՆԱԽՕՐԷԻՆ
Մաս 10: Դիարբեքիր քաղաքը եւ Դիարբեքիրի վիլայեթի դերիկի, Սաւուրի, Միդիաթի, Մծբինի, Մադենի ու Բալուի գաւառները 112
ՀՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ
Մայքլ Է. Սթոուն (Երուսաղէմ)
Խաչիկ Ա. Յարութիւնեան
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ
ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԷՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Մաս առաջին։ Սուրբ Յովհաննէս աւետարանիչ եկեղեցին եւ նրա արձանագրութիւնները 159
ՄՇԱԿՈՅԹ
Հռիփսիմէ Վ. Պիկիչեան
ԹԱԳԱՒՈՐ ԵՒ ԹԱԳՈՒՀԻ ԱՐԱՐԵԼՈՒ ԾԻՍԱՇԱՐԵՐԸ
Կոմիտասի եւ Միհրան Թումաճանի հաւաքածուներում 178
ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ
Էդգար Գ. Յովհաննիսեան
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԻ ՀԻՄՆՈՒՄԸ
եւ նրա դերը Սիրիա-Լիբանանի հայկական համայնքների կրթական կեանքում 217
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Արմէն Ց. Մարուքեան
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԻՒՆՈՏ ՁԵՌՔԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
Շուշիի Ջարդերի
100ամեակի կապակցութեամբ 235
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Սարգիս Մ. Մկրտչէան
ԻՐԱՆԻ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹԷԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ 251
ԳՐԱԽՕՍՈՒԹԻՒՆՆԵՐ
Կ’արոլինայ Մ. Սահակեան
Երեմիա Տեւկանց (Տէր-Սարգսեանց), Տոհմային յիշատակարան, գիրք Ը. (1868-1872 թթ.), աշխատասիրութեամբ՝ Հ․ ղ․ Մուրադեանի 266
ԱՐԽԻՒ
Ռուբեն Օ. Սահակեան
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿԵԱՆԻ ԱՆՏԻՊ ՅՈՒՇԵՐԸ
Ռազմական գործողութիւնները Կովկասեան Ճակատում 1914 թ. Յուլիսից մինչեւ
1916 թ. Ապրիլի 26ը
Տետր 7 եւ 8։ 1916 թ․ յունուարի 1-ից մինչեւ փետրուարի 3-ը 274
ՅԱՒԵԼՈՒԱԾ
Գեւորգ Ս․ Խուդինեան
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՒ ՄԵՆՔ 329
CONTENT 354
СОДЕРЖАНИЕ 355
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՔՐԻՍՏԱՓՈՐԻ ԿՏԱԿԸ*
Մարդ, …որի կամքին հնազանդօրէն յանձնւում են միւս բոլոր կամքերը, ենթարկւում եւ դրա մէջ տեսնում իրենց բարօրութիւնը, այդպիսի մարդուն մենք ամենայն իրաւամբ կարող ենք համարել մեծերից մեծագոյնը: Նա իրականում գործնականօրէն մարմնաւորում է հերոսականութեան բոլոր բազմազան ձեւերը՝ հովուապետին, ուսուցչին, ընդհանրապէս ամէն տեսակի երկրային եւ հոգեւոր արժանիքները, որոնք որ մենք կարող ենք պատկերացնել մարդու մէջ, մարմնաւորում է, որպէսզի այդ կերպ իշխի մարդկանց վրայ, նրանց մշտապէս գործնական խրատներ տայ, ամէն օր եւ ամէն ժամ ցուցումներ տայ, թէ նրանք ինչ պէտք է անեն։
Թոմաս Քարլայլ
Բանալի բառեր – Քրիստափոր Միքայէլեան, Վիտոշ լեռ, Վերին Ագուլիս, Սուրբ Քրիստափոր եկեղեցի, հերոս-առաջնորդ, յեղափոխական բանակ, մարդակերտ, անկեղծ զինուոր, կտակ, Մեծ Հայաստան։
Ներկայ դժուարին ժամանակներում, երբ բնականոն կեանքի հիմնաքարերը դանդաղօրէն հեռանում են մեզանից՝ իրենց տեղը զիջելով տագնապներով լի առօրէականութեանը, ազգի դիմադրողականութեան ամրապնդման խնդիրը ստիպում է վերյիշել անելանելի իրավիճակներում մեր քաղաքական կամքը դարբնած նուիրական հերոսների գործերը։
Ուստի այսօր, երբ մեր յիշողութիւնը վերաիմաստաւորում է անցեալում արձանագրուած հերոսականութեան առաւել վառ դրսեւորումները, նոր լուսարձակի կարիք է զգում նաեւ 115 տարի առաջ Բուլղարիայի Վիտոշ լերան լանջին ՀՅԴ առաջնորդ Քրիստափոր Միքայէլեանի նահատակութեան խորհուրդը։ Քանզի ներկայումս այն նոր իմաստ է ձեռք բերել ինչպէս հերոսների պաշտամունքի ու հերոսականութեան գիտական ընկալման, այնպէս էլ մեր շուրջն ընթացող բարդ ու հակասական զարգացումներին դիմակայելու խնդրի համատեքստում։
Մեզանում Քրիստափոր նուիրական անուան գործածումը սկիզբ է առել գրեթէ 2 հազար տարի առաջ Հայաստան եկած առաջին առաքեալների կողմից Գողթն գաւառի Գինդազ լերան ստորոտին Սուրբ Քրիստափոր եկեղեցու հիմնարկէքի պահից։ Յետագայում դառնալով Վերին Ագուլիս գիւղաքաղաքի մայր եկեղեցին`սկզբնապէս փայտաշէն այդ շինութիւնը, բազմիցս աւերուելուց ու վերակառուցուելուց յետոյ` 17րդ դարում, Նաղաշ Հովնաթանի կողմից զարդարուեց Գրիգոր Լուսաւորչի, Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթեւի եւ հայոց այլ մեծերի պատկերներով։ Յիսուսի աշակերտների ստեղծած Խրիստոֆորոս, այսինքն՝ նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, նուիրական անունը ժառանգած Քրիստափոր Միքայէլեանը իր մանկու- թեան ու պատանեկութեան տարիներին հայոց պատմութեան այդ երեւելի դէմքերի մէջ է տեսել Մայր Հայաստանի պատկերը եւ յետագայ ողջ կեանքով ու նահատակութեամբ ծառայել նրա ազատագրութեան գործին։
Առաջին առաքեալների կողմից սրբացուած վայրում ծնուած եւ նրանց հիմնած Սուրբ տաճարի անուանումը ժառանգած ագուլիսցի պատանու հոգում ի սկզբանէ անթեղուած էին համամարդկային ու ազգային զոյգ առաքելութիւնները։ Որովհետեւ Ագուլիսը միայն հոգեւոր աւազան չէր Քրիստափորի համար, այլ նաեւ իր գերուած հայրենիքի մանրակերտը, որը Հայաստանի բազմաթիւ այլ ոստանների նման դաշտավայրը զաւթած «թուրքի ահից» քաշուել էր հայրենի լեռների ստորոտները։ Նոր ժամանակներում Հայաստանի հոգեւոր ու ֆիզիկական խորհրդանիշերի դասական համադրութիւնը հանդիսացող միջավայրից պէտք է ծնունդ առնէր նրա անխորտակելի կամքի նոր մարմնաւորումը՝ Քրիստափոր Միքայէլեան մարդը։
Թէեւ պատմութիւնը հերոսի ուսուցիչն է, բայց ժամանակն է նրա ուղեցոյցը։ Այդ պատճառով Նոր ժամանակները, ժառանգելով անցեալի նուիրեալների անմնացորդ զոհողութիւնների վառ օրինակները, արդիական շունչ ու գունաւորում հաղորդեցին նրանց մեծ ու փոքր գործերին։ Ուստի նախնադարի ցեղային առաջնորդների աստուածացուած կերպարների եւ վաղ միջնադարում հերոսացուած մարգարէների փոխարէն Նոր ժամանակների հերոսը մարմնաւորեց «հերոսն իբրեւ առաջնորդ» յղացքը՝ այն դարձնելով 19-20րդ դարերի յեղափոխականութեան ընկալման հիմքը։
Որովհետեւ բանականութեան դարը նոր որակներ էր ներբերել հերոսականութեան համաշխարհային շքերթի մէջ՝ ռացիոնալ մտածողութեամբ ամրապնդելով հերոս-առաջնորդի գիտակցուած կամքը։ Հիմնուելով Լուսաւորութեան կանտեան բանաձեւի վրայ՝ «խիզախութիւն ունեցիր օգտուելու սեփական բանականութիւնից»՝ Նոր ժամանակների հերոսը պատմութեան առարկայական ու ենթակայական գործօնների ներդաշնակ համադրութիւնն է դարձրել իր յաջողութեան գրաւականը։ Ու թէեւ մեծ գործերը նրանից նաեւ մեծ զոհողութիւններ են պահանջել, բայց եւրոպական առաջաւոր ազգերի առաջնորդները միշտ էլ ունեցել են յաջողութեան հասնելու առարկայական հնարաւորութիւններ եւ, ինչու չէ, նաեւ անձնական անվտանգութեան նուազագոյն երաշխիքներ։ Մինչդեռ հայ յեղափոխութեան աւազանում ծնուած նրա հերոս-առաջնորդը՝ Քրիստափոր Միքայէլեանը, մանկութեան տարիներից ցմրուր քամելով որբութեան դառնութիւնը, իր ողջ գիտակից կեանքում զուրկ է մնացել տարրական ապահովութիւնից ու սեփական անձի մասին հոգալու հնարաւորութիւնից։ Ուստի պատմաքաղաքական երեւոյթներն իրենց ժամանակի ու միջավայրի մէջ դիտարկելու պարագայում դժուար չէ եզրակացնել, որ Հայոց վերածնունդը չէր կարող ծնել մի նոր Կրոմուել կամ Նապոլէոն։ Բայց իր գործի յաջողութեան համար անհրաժեշտ առարկայական պայմանների բացակայութիւնը ենթակայական գործօնի գերլարումով փոխհատուցելու կամքով ու անմնացորդ նուիրումով մեր Քրիստափորն աւելին էր իր դարաշրջանի ցանկացած հերոս-առաջնորդից։ Որովհետեւ հայոց խոնարհուած տաճարների հոգեւոր ուժն ու ժայռերի մէջ սեղմուած Ագուլիսների «հին կռիւը» դարաշրջանի յեղափոխականութեան կենարար շնչին միաձուլած Քրիստափորի հոգում ի սկզբանէ առկայ էր ինքնազոհաբերման մեծ խորհուրդը։ Իսկ սեփական բանականութիւնից օգտուելու կանտեան խիզախութիւնը թոյլ էր տուել նրան խորութեամբ հասկանալ այն իրողութիւնը, որ թէեւ ազգ-պետութիւնների ձեւաւորման գործընթացի մէջ ներքաշուած հայութիւնն իր նախորդ ժառանգութեան պատճառով յայտնուել է տասնապատիկ աւելի մեծ արգելքների առջեւ, բայց նման խոչընդոտների «ռացիոնալացումը» վերջնական կորստի դուռ է բացում նրա համար։ Ուստի, ի տարբերութիւն խոհեմութիւն քարոզող հայ պահպանողականների ու լիբերալների եւ կամ էլ իրենց ընկերային տեսլականներն ազգային յեղափոխութեան այլընտրանքը համարող նարոդնիկ ու սոցիալ-դեմոկրատ գործիչների, Քրիստափորը համոզուած էր, որ ձուլուելու կամ ֆիզիկապէս բնաջնջուելու զոյգ սպառնալիքների միակ իրական այլընտրանքը գոյատեւման սեփական խարիսխն ունենալն է, ինչ գնով էլ դա լինի։ Ու քանի որ այդ գինը վճարելու էին բոլորը՝ հերոս-առաջնորդը կոչուած էր օրինակ դառնալ նրանց համար։
Պատճառն ակնյայտ է. Քրիստափորի ժամանակը եւրոպական քաղաքակրթական տարածքին պատկանող ժողովուրդների համար կրկին պատմութեան գիրկը վերադառնալու այն վերջնահանգրուանն էր, որը բաց թողնելու պարագայում նրանք դառնալու էին սոսկ մարդկային հումք՝ աւելի զօրեղ հարեւանների համար։ Քրիստափորի գործի մեծութիւնն այն է, որ նա` որպէս հերոս-առաջնորդ, ապացուցեց, որ, ի հեճուկս հազարամեայ կորուստների եւ ուժասպառութեան, հայերը նորից կարող են դառնալ քաղաքական ազգ՝ անկախ նրանից, թէ որքան թանկ է լինելու դրա համար վճարուելիք յաւելեալ արեան գինը։ Այդ պատճառով իր մտքի թռիչքով նա կամրջեց միմեանցից մեծապէս հեռացած Հայաստան-հայրենիքի ազատագրութեան իդէալը եւ հայ ազգի ցրուածութեան ու կոտորակման դառն իրականութիւնը։
Քրիստափորի սերունդն ինքը չէր ստեղծել նման դաժան երկընտրանքը, ուստի կորուստների անխուսափելիութեան գիտակցումը նրան չէր կարող տանել ո՛չ դէպի հետ՝ միջնադարի կրօնական համայնքի փարախը, եւ ո՛չ էլ դէպի արեւելեան անապահով միջավայրում տնտեսայ-մշակութային խաղաղ առաջադիմութեան անիմաստ փնտռտուքը։ Իսկապէս, յետագայ ողջ պատմութիւնը ցոյց տուեց, որ ո՛չ առաջինը եւ ո՛չ էլ երկրորդը Օսմանեան կայսրութեան անպաշտպան համայնքներին չապահովագրեցին ֆիզիկական բնաջնջումից ու փոշիացումից։
Հերոսը հասկանում է ժամանակի հրամայականը, որքան էլ այն դաժան լինի իր եւ իր շրջապատի համար եւ ընդունում է նրանից բխող մարտահրաւէրը որպէս սեփական ճակատագիր։ Այդ պատճառով ազգի հաւաքական կեցութեան վրայ կախուած գոյութենական մարտահրաւէրին դիմակայելու համար Քրիստափորը գործնական գետնի վրայ տեղափոխեց շուրջ մէկ հազարամեակ անլուծելի թուացող խնդրի լուծումը՝ պառակտուած ու մարտական փորձառութիւնից գրեթէ զրկուած հայերին յեղափոխական բանակի վերածելու խնդիրը։ Եւ չնայած այդ բանակը դեռ կանոնաւոր զօրք չէր, բայց յաջորդ տասնամեակում՝ Առաջին աշխարհամարտի ու Ռուսական յեղափոխութեան անբարենպաստ պայմաններում այն չկոտրուեց ու չընկրկեց թշնամու գերակշռող ուժի առջեւ։ Եթէ Քրիստափորի ժամանակներում միայն Դումանի նման ընտրեալներն էին պատրաստ թշնամու բանակի դէմ անհաւասար կռուի, ապա իւրաքանչիւր սերնդի հասունացման հետ նրանց թիւն աւելանում էր ըմբոստ Դրոների, Դալի Ղազարների ու Նժդեհների նորանոր փաղանգներով, որոնք պետական կեցութեան պայմաններում թեւակոխեցին մարտական որակների բարելաւման նոր հանգրուան։ Ուստի 20րդ դարը, որի արշալոյսին զոհուեց մեր հերոս-առաջնորդը, դարձաւ հայ ազգի կորացած մէջքը շտկելու այն երկար տեսաշարը, որի վերջին արարը Ղարաբաղեան պատերազմում հրաշքներ գործած Պաշտպանութեան բանակի յաղթարշաւն էր։
Ազգի քաղաքական հասունացման ու մարտական որակների բարելաւման յաջորդական հանգրուաններն անհնարին կը լինէին առանց Քրիստափորի ու նրա կուսակցութեան ցանած ազգային յեղափոխութեան սերմերի։ Քանզի մեր հազարամեայ կորուստների ու կոտորակման դառը պատմութեան մէջ առաջին անգամ մարդակերտ Քրիստափորն էր, ով իր «Սիրեցէ՛ք, սիրեցէ՛ք միմէանց» յիսուսեան պատգամի միջոցով կարողացաւ միաձուլել անհատապաշտ ու եսակենտրոն հայերի կամքը։ Փորձառու հոգեբանի հմտութեամբ այս մեծագոյն հրաշքը կերտած մեր հերոս-առաջնորդը հայ իրականութեան յեղափոխման հիմքում դրեց մարդու վերափոխման հիմնախնդիրը, ինչը նոր իմաստ հաղորդեց ազգային յեղափոխութեանը։ Որովհետեւ ցանկացած նոր կեցութեան հիմքերը խախուտ են այնքան ժամանակ, քանի դեռ այն խարսխւում է հին գիտակցութեամբ առաջնորդուող մարդկանց վրայ։ Այդ պատճառով Քրիստափորի ու նրա սերնդի համար ազատ մարդու ձեւաւորման հիմնախնդիրն էր գոյութեան կռւում յաջողութեան հասնելու գրաւականը։
Մեզանում այսօր էլ յեղափոխութիւնն ու իր արտաքին դրսեւորումները նոյնականացնող կոյր շքերթում մոռացութեան է տրւում նրա բուն սուբյեկտի՝ մարդու պրոբլեմը, որովհետեւ մի կողմից յեղափոխականութեան ընկալումը սահմանափակւում է հայ ֆեդայու կերպարով, իսկ միւս կողմից՝ բոլշեւիկեան կամ նոր ազատական ապազգային տեսլականների շրջագծով։ Մինչդեռ Քրիստափոր Միքայէլեանով մարմնաւորուած՝ սեփական պատմութեան ու մշակոյթի թանկագին բեռը հպարտութեամբ կրող հայ յեղափոխականի կերպարը ներառում է ազգի ապագան կանխատեսող միտքը, «փոքր գործերի» գոյութիւնը հերքող ամենօրեայ աշխատանքը, հերոսներ կերտող ուսուցչի հմտութիւնն ու տակտը, կուսակցութեան ռազմավարութիւնը մարտավարութիւնից տարանջատող ստրատեգի հեռատեսութիւնը եւ իր անհատական պատասխանատուութեան չափաբաժինը ոչ մէկի չզիջող անկեղծ զինուորի ինքնազոհութեան պատրաստակամութիւնը։
Ուստի յետագայ բոլոր «յեղափոխականների» հետ թռուցիկ համեմատութեան պարագայում անգամ դժուար չէ եզրակացնել, որ որպէս ՀՅԴ զինանշանի մէջ ներառուած այս բոլոր հիմնական խորհրդանիշների մարմնաւորում՝ Քրիստափորի սերունդը վեր է յեղափոխութեան իմաստի դարաշրջանային ընկալումներից, որովհետեւ նրա մէջ խտացած է բոլոր ժամանակներում Հայաստանի ու հայութեան համար իրենց կեանքը նուիրաբերած հերոսների առաքելութիւնը։ Այդ պատճառով հայ ժողովրդի բոլոր սերունդների համար Քրիստափորը եղել ու մնում է հայ մեծագոյն յեղափոխականը, որը մշտական ներկայութիւն է Հայաստանի ու հայութեան ազատագրութեան մեծ երթում։ Ուստի այսօր մեզ ուժ է տալիս այն իրողութեան գիտակցումը, որ եթէ 20րդ դարասկզբի պետականազուրկ ու կոտորակուած հայութիւնը Քրիստափորի յարատեւ կռուի պատգամի միջոցով կարողացաւ վերածուել պետականութիւն ունեցող ազգի, ապա 21րդ դարասկզբին շարունակուող ճիշտ նոյն կռւում նա ի վիճակի է լուծելու շատ աւելի բարդ խնդիրներ, որոնք ինքը՝ Քրիստափորը, կտակել է յաջորդ սերունդներին։
Հերոսները սովորաբար չեն հասցնում գրել սեփական կտակը, չնայած որ նրանց կեանքի եղերական աւարտը հասցնում են գուշակել հարազատներն ու սիրելիները։ Ամենեւին էլ պատահական չէ, որ Քրիստափորի նահատակութիւնից դեռեւս 15 տարի առաջ՝ ՀՅԴ Հիմնադիր ժողովներից անմիջապէս յետոյ՝ 1890 թ. նոյեմբերի 24ին, նրա ամենամտերիմ էակը՝ իր սիրած կինը, գուշակելով ամուսնու մարտիրոսագրութիւնը, իր ընկերուհուն գրած մի նամակում արել է հետեւեալ խոստովանութիւնը. «Քրիստափորի սէրը ինձ համար շատ մեծ բան է եւ ես չգիտեմ, թէ ինչպէս կ’ապրէի առանց դրա։ Բայց երկա՞ր է տեւելու արդեօք այս երջանկութիւնը։ Չէ՞ որ դու գիտես, թէ ինչ ժամանակներ են հիմա, եթէ ոչ այսօր, ապա վաղը նա կը գնայ աշխատանքների ջրապտոյտի մէջ, մեծաթիւ զոհեր են լինելու, շատ կեանքեր են խորտակուելու, իսկ նա կը դիմանա՞յ արդեօք։ Այդ մասին երազելն անգամ աւելորդ կարող է լինել, ու քանի որ այլ ելք չկայ, ապա հարկ է լինում հաշտուել այն մտքի հետ, որ ես էլ կը գնամ նրա հետեւից՝ ամէ՛ն տեղ, եւ ինձ հետ էլ կը կատարուի այն, ինչը նրա հետ է լինելու»։ Միայն սիրող էակը կարող էր շուրջ մէկուկէս տասնամեակի հեռաւորութիւնից տեսանել իր սիրելիի կեանքի ողբերգական աւարտը։ Եւ այն փաստը, որ Քրիստափորի նահատակութեան մասին այս յստակ գուշակութիւնը 15 տարի անց դարձաւ իրականութիւն, ինքնին վկայում է, որ նա 1905 թուականին չէ, որ բարձրացել է Վիտոշ լեռը՝ ճակատագրական ռումբի փորձարկման համար։ Հոգեպէս Քրիստափորն այդ գագաթին էր առնուազն 1890 թուականից եւ մինչեւ իր կեանքի վերջին պահն այդպէս էլ չիջաւ նման բարձունքից։
Աւելին՝ Վիտոշի բարձունքին իրականացուող ռումբերի փորձարկումների օրերին՝ 1905 թ. սկզբներին, խիստ յոգնած ու նիհարած Քրիստափորն ինքը նոյնպէս գուշակել էր մօտեցող վախճանը։ Ինչպէս ցոյց են տալիս օրերս հրապարակուած նրա անտիպ նամակները, ենթագիտակցօրէն զգալով այդ իրողութիւնը` նա փորձել է այնպիսի կարգադրութիւններ անել, որ իրենից յետոյ հայ ազատամարտը չշեղուի ճշմարիտ ուղուց։ Այդ օրերին առաջին անգամ իր բացակայութեան պայմաններում տեղի ունեցած ՀՅԴ Խորհրդի 1905 թ. փետրուարեան նիստի մասնակիցներին նա գրել է մի ընդարձակ նամակ, որն այդպէս էլ սեւագիր է մնացել, իսկ վերջին էջը կորել է ընդմիշտ։ Նամակում Քրիստափորը տագնապով ահազանգում է, որ ՀՅԴ Խորհուրդը կարող է շեղուել Արեւմտեան Հայաստանի կամ, ինչպէս ինքն է բնորոշում, Մեծ Հայաստանի ազատագրութեան նպատակից, ուստիեւ հրահանգում ու պահանջում է չանել ճակատագրական սխալը։ Սկսուել էր Ռուսական առաջին յեղափոխութիւնը, որն օրէցօր աւելի ու աւելի էր կլանում Անդրկովկասի հայ երիտասարդութեան եռանդը, իսկ Արեւմտեան Հայաստանի ազատագրութեան խնդիրը բախուել էր Սասունի ապստամբութեանը հետեւած յուսալքութեան մթնոլորտին։ Ուստի նամակով սեփական տագնապն արտայայտելուն զուգահեռ` Քրիստափորին հարկաւոր էր նման ընթացքը կասեցնող մի վճռական քայլ, որը նորից ու նորից կ’ոգեւորէր պայքարող հայութեանը, ինչը նախապատրաստելու ճանապարհին էլ նա նահատակուեց Վիտոշի բարձունքին…
1905 թուականին մեր հերոս-առաջնորդի աճիւնը յանձնեցինք օտար հողին՝ սպասելով այն պահին, երբ կը գայ հայրենիքի ազատագրութեան ժամը, բայց Հայաստանի 1918-1920 թթ. անկախութիւնը կարճատեւ եղաւ, իսկ 1991 թ. վերանկախացումից յետոյ մեր ազատութեան մեծագոյն առաջնորդն այդպէս էլ իր տեղը չգտաւ հայրենի հողի վրայ, որովհետեւ նրա հարազատ Ագուլիսը շարունակում էր մնալ թշնամու կրնկի տակ։ Սակայն չպէտք է մոռանալ, որ Քրիստափորը, այսինքն՝ նա, ով իր հոգում կրում է Քրիստոսին, մեզ կտակել է նաեւ իր սկսած սուրբ գործի իրականանալիութեան՝ նախախնամութեամբ սահմանուած անխուսափելիութիւնը։
Մեր հերոս-առաջնորդի մտքերն ու գաղափարներն անընդհատ ուղեկցել են մեզ վերջին հարիւրամեակի ընթացքում, ուստի բռնութեան ու անարդարութեան առջեւ երբեք չընկրկելու ու չկոտրուելու քրիստափորեան պատգամը մեզանում վերածուել է հակառակորդի հանդէպ հայոց ուժի որակական չափորոշիչների գերազանցութեանը սպասող մէկդարեայ մղձաւանջի, որի աւարտը մօտ է արդէն։ Ներկայ աշխարհակարգում ուժի քանակական չափորոշիչների վրայ հիմնուող բռնապետութիւնները նահանջում են ազատ ազգերի գիտատեխնոլոգիական որակների առջեւ։ Ազատ մարդու բանականութիւնն ու կամքը պատռում են այս կամ այն աւազակապետի կողմից գծուած քարտէզները՝ անկախ դրանք պաշտպանող զօրքերի քանակից։ Երբ բռնութեան ու անարդարութեան խորտակման անխուսափելիութեան քրիստափորեան պատգամը ձեռք է բերում իրականանալիութեան ռէալ հնարաւորութիւններ, գալիս է մեր ժամանակը՝ ներքուստ յեղափոխուելով ու մաքրուելով մեր ազգային խնդիրների լուծումն արագացնելու պահը։
Անցած հարիւրամեակում, երբ ինքներս հետեւել ենք մեր հերոս-առաջնորդի պատգամներին, նրա պահապան հրեշտակները մեզ նոյնպէս դարձրել են նման առաջադրանքի իրականացման մասնակիցները։ Մեր աչքի առջեւ տեղի ունեցած Շուշիի հրաշափառ յարութիւնը հէնց այդ խորքային իրողութեան գիտակցման արդիւնքն էր՝ Մեծ Հայաստանի քրիստափորեան երազանքի իրականացման սկիզբը։ Եւ քանի որ հայոց ոգու ճախրանքի յաջորդ հանգրուանը Հայաստան աշխարհին Քրիստափոր պարգեւած Նախիջեւանի չքնաղ մարգարիտ Ագուլիսի վերածնունդն է դառնալու, Քրիստափորի կտակը ճիշտ ընթերցելու անհրաժեշտութիւնը մեր սերնդի համար ճակատագրական իմաստ է ստանում։
Յիսուսի առաջին առաքեալների կողմից Հայաստանում ներդրուած անխոր- տակելի կամքով ու Նոր ժամանակների լուսաւորականութեան աւազանում կոփ- ված բանականութեամբ ազգի դարաւոր անզօրութիւնն ուժի փոխակերպած Քրիստափորի կտակին հաւատարիմ լինելու պարագայում մենք բարոյական իրաւունք կը ստանանք վերածուելու նրա վէրքերով լի նշխարները մայր Արաքսի ափերից դէպի Գողթնի լեռները բարձրացնող հաւատաւոր աշակերտների երկիւղած թափօրի, որն իր մեծ զաւակի վերադարձին կարօտագին սպասող Վերին Ագուլիսի վերականգնուած ու վերաօծուած Սուրբ Քրիստափոր եկեղեցու բակում հայրենի հողին կը յանձնի նրան, ով իր հոգում կրում է Քրիստոսին։
CHRISTAPOR’S WILL
Key words – Christapor Mikaelian, Mount Vitosh, Verin (Upper) Agulis, St. Christapor Church, hero-leader, revolutionary army, man-made, sincere soldier, will, Great Armenia.
Edit.
ЗАВЕЩАНИЕ ХРИСТОФОРА
Ключевые слова – Христофор Микаелян, гора Витош, Верхний Агулис, церковь Святого Христофора, герой как вождь, революционная армия, человекотворец, честный солдат, завещание, Великая Армения.
Ред.