Արուեստների Հայկական ընկերակցութիւնը (Armenian Allied Arts Association-AAAA) եզրափակեց իր 73րդ տարեկան մրցոյթը, որի մրցանակաբաշխութիւնը տեղի ունեցաւ Շաբաթ, Յունիս 8, 2013ին, Փասադենայի The First Church of Nazarene եկեղեցու սրահում՝ 3700 E. Sierra Madre Blvd.:
Կէսօրից յետոյ ժամը 3ին նշանակուած էր արուեստի բաժնի ցուցահանդէսը, իսկ ժամը 4ին սկսւում էր առաջնութիւններ շահած մասնակիցների պարգեւների յանձնումը, որ պիտի յաջորդէր մրցանակային առաջին տեղ գրաւողների ելոյթներին: Մրցանակները տրւում էին գրականութեան, պարի, դրամայի (ֆիլմի), երաժշտութեան՝ յօրինում, գործիքների եւ ձայնային կատարումներ, արուեստի (նկարչութիւն, քանդակագործութիւն, լուսանկարչութիւն) բաժիններում:
Այսպիսի ծաւալուն ասպարէզներով ներկայացել էին հայ մանուկներ եւ երիտասարդներ, որոնց քաջալերում եւ առաջ է մղում սոյն մրցոյթը:
AAAA Հայկական ընկերակցութիւնը հիմնուած է 1934 թուին: Յաջորդ տարի, ընկերակցութեան տարեկան ճաշկերոյթի պատուոյ հիւրն էր Ուիլեամ Սարոյեանը:
Այս մրցոյթում իրենց առաջին յաջողութիւններն են արձանագրել ջութակահար æորջ Փեհլիւանեանը, գրականութեան մէջ՝ Շահէ Մանկրեանը, դաշնակահար Սարգիս Բալթայեանը, երգչուհիներ՝ Իզապէլ Պայրագտարեանը, Շուշիկ Պարսումեանը: Իրենց ելոյթներով ընկերակցութեան աշխատանքներն են պատուել ջութակահար Վարուժան Գոճեանը, երգչուհի Լուսին Ամարան, դերասան æերալդ Փափազեանը, գրող Բեն Բախտիկեանը եւ այլ անձիք:
1995ին AAAA-ը տօնել է իր հիմնադրութեան 60րդ տարեդարձը, 2004ին՝ 70րդ, իսկ 2010ին՝ 75րդ տարեդարձները… եւ կտակը շարունակւում է:
Արուեստների Հայկական ընկերակցութիւնն ունի պաշտօնեաներ, տարբեր մասնաճիւղերի նախագահներ, իւրաքանչիւր տարի հրաւիրւում են համապատասխան բաժինների դատական կազմեր: Բացի մրցանակային տեղերից կան յատուկ անուանակոչուած մրցանակներ, յանձնւում են պատուոգրեր, յուշանուէրներ, դրամական պարգեւներ, իսկ բոլորն անխտիր ունենում են իրենց մասնակցութիւնն հաստատող վկայագիր:
Ընկերակցութիւնը տանում է հսկայական աշխատանքներ, ու այս ամէնը՝ յայտնաբերելու համար հայ տաղանդներ եւ բացայայտելու՝ նրանց կարողութիւնները:
Ոչ շահութաբեր այս հաստատութիւնը, անշուշտ, կարիքը ունի հայ համայնքի բարոյական եւ նիւթական քաջալերանքին: Հիմնադրման օրից մինչեւ այսօր՝ 79 տարիներ այն շարունակել է իրագործել իր նպատակները, եւ պէտք է ասել, որ կարողացել է արձանագրել յաջողութիւններ՝ թռիչք տալով հայ արուեստասէր երիտասարդներին:
Հետաքրքրուողները կարող են կապուել AAAA-ին՝ WWW.ARMENIANALLIEDARTS.ORG կամ զանգահարել 818-553-1134 հեռախօսահամարով:
↧
Armenian Allied Arts Association-ի 73րդ Տարեկան Մրցոյթի Մրցանակաբաշխութիւնը
↧