Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Մեր Վարժարանում Կերտւում Է Ազգային Գիտակցութեամբ Եւ Համամարդկային Արժէքներով Ապագայ Հայի Կերպար. Ալինա Դորեան

$
0
0

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Մեր աշակերտները մեր ազգի ապագան են, եւ հէնց այս մտայնութեամբ ենք մենք վերաբերւում վարժարանում սովորող իւրաքանչիւր աշակերտի». Ռոզ Եւ Ալէք Փիլիպոս ազգային վարժարանի տնօրէն Ալինա Դորեանն անհատապէս ճանաչում է իր բոլոր շուրջ 650 սաներին եւ վստահ է, որ ի դէմս նրանց ունենք ազգային բարձր գիտակցութեամբ ու համամարդկային արժէքներով նոր սերնդի վառ անհատների: Նրանց հանապազօրեայ «սնունդը» համեմուած է սիրով, որ առաւել ամողջական է դարձնում կրթութիւնը: Հայոց լեզուն, պատմութիւնն ու մշակոյթը այս վարժարանի մանկամսուրում է առաջին անգամ մատուցւում հայրենիքից հեռու ծնուած հայորդուն՝ սնելով Արմատը, որ կենարար Ծառ պիտի դառնայ:
Այս տարի Փոքրիկ Հայաստանի սրտում գտնուող Ազգային վարժարանը թեւակոխում է 44րդ կրթաշրջանը՝ «հայազարգացման», ինչպէս տնօրէնուհին է նշում, յստակ ծրագրով ու վճռականութեամբ: Այս մասին մանրամասները ներկայացնում ենք Ալինա Դորեանի հետ մեր հարցազրոյցում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ռոզ Եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանը չորս տասնամեակից աւելի կրթում ու դաստիարակում է հայ մանուկներին՝ ապահովելով ազգային սերնդափոխութիւն: Որո՞նք են դպրոցի այսօրուայ նպատակները:
ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Միշտ ասել ենք, որ մեր կրթօջախը հայապահպանման համար է, բայց ներկայում, ես աւելացնում եմ, որ նաեւ հայազարգացման կենտրոն է, որ առաջնորդւում է մեր ազգի համար նոր նուաճումների տեսլականով: Ռոզ Եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի հիմնական առաքելութիւնն ազգային արժէքների՝ լեզուի, մշակոյթի, պատմութեան փոխանցումն է մեր նոր սերունդներին, հայկական ոգու սերմանումն ու պահպանումը: Միաժամանակ, ազգային ինքնագիտակցութեամբ, մեր երիտասարդները պէտք է կրեն համամարդկային արժէքներ, լինեն կենսունակ եւ նախաձեռնող անհատներ այն երկրում, որտեղ բնակւում են: Գիտակրթական, քաղաքական, արուեստի, սպորտի եւ այլ բնագաւառներում նրանք պէտք է մրցունակ լինեն եւ միշտ ձգտեն լաւագոյնին՝ դառնալով գործօն մասնակից եւ լիարժէք քաղաքացի: Մեր դպրոցն այսօր տալիս է այդ հնարաւորութիւնը՝ ապահովելով ակադեմական բարձրորակ կրթութիւն ու կերտելով կամայական ու բարոյական որակներ: Մենք պատրաստում ենք ապագայի Հայ մարդուն, ով իր կերպարով ու նուաճումներով նաեւ հայի նկատմամբ յարգանք կը ստեղծի: Մեր աշակերտները մեր ազգի ապագան են, եւ վարժարանում նրանցից իւրաքանչիւրին մօտենում ենք որպէս առաջնորդի՝ նրանց մէջ եւս ներդնելով այդ տեսլականն ու խրախուսում ենք, որ վաղ պատանեկութիւնից մտածեն, թէ ինչ ներդրում պէտք է ունենան նաեւ մեր ազգի զարգացման գործում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք յատկապէս ներարկում ազգային գիտակցութիւնը:
ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Դպրոցի՝ մանկամսուրից մինչեւ երկրորդական վարժարանի բոլոր կարգերում իւրաքանչիւր առարկայի համար ծրագիր պատրաստելիս փորձում ենք հնարաւորինս ներառել հայկական թեմաներ: Ես ու մեր ուսուցչական անձնակազմն ամէն օր գործում ենք այն մտայնութեամբ, որ մեր 600ից աւելի աշակերտներից իւրաքանչիւրը դառնայ լաւ հայ: Հայկական հարցերին առաւել ուղղորդուած  անդրադառնում ենք Ապրիլի 24ին ընդառաջ: Յատուկ հրաւիրուած յանձնաժողովը պատրաստում է ծրագիր ողջ ամսուայ համար‘ առանցքում ունենալով Հայոց Ցեղասպանութիւնը, միաժամանակ ներառում ենք համահայկական թեմաներ: Մեր հիմնական նպատակն է, որ ծանօթանալով իրենց ազգի պատմութեանն ու ներկային,  աշակերտները սկսեն մտածել, թէ իրենք ինչպէս կարող են օգտակար լինել համայնքին ու հայրենիքին եւ իրենք էլ հանդէս գան նախաձեռնութիւններով: Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկներ կազմակերպելիս, փորձում ենք հնարաւորինս ներգրաւել նրանց նաեւ նախապատրաստական աշխատանքներում՝ զարգացնելով պատասխանատուութիւն առ այն, որ նրանք են մեր պահանջների ու արդար Դատի պայքարի ապագայ ջահակիրները: Ամսուայ ընթացքում մեր աշակերտները մասնակցում են տարբեր ձեռնարկների՝ ցոյցերի, դասախօսութիւնների: Ապրիլի 25ից թեւակոխում ենք Հայ Դատին նուիրուած փուլի: Մայիսեան մեր յաղթանակներին համահունչ, մենք գարնանային այս ամիսը դիմաւորում ենք յաղթական եւ յեղափոխական ռիթմերով ու ոգով՝ մեր աշակերտների մէջ սերմանելով իրենց ժառանգութեանը տէր կանգնելու առաքելութիւնը: Հիւրընկալում ենք համայնքի հեղինակաւոր անհատների, ովքեր իրենց դասախօսութիւններով ոգեւորում են մեր աշակերտներին՝ մաս դառնալու ազգային կեանքի զարգացման գործին լծուած տարբեր կազմակերպութիւնների:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Երեխայի համար դպրոց ընտրելիս ծնողները յաճախ սկսում են համեմատութիւններ կատարել ամերիկեան մասնաւոր եւ հանրային դպրոցների հետ: Ի՞նչ է առաջարկում Ռոզ Եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի կրթական համակարգը:
ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Մեր դպրոցում իւրաքանչիւր աշակերտի վերաբերւում ենք որպէս մեր ազգի ապագայի: Ըստ այդմ, իւրաքանչիւրի հանդէպ անհատական վերաբերմունք եւ հոգածութիւն ենք ցուցաբերում: Ակադեմական առումով մենք շատ բարձր մակարդակի ենք եւ չեմ վարանի յայտնելու, որ մեր աշակերտների առաջադիմութեան հարցում մեր մրցակիցները ամերիկեան հեղինակաւոր մասնաւոր դպրոցներն են: Դպրոցը գործում է Քալիֆորնիայի պաշտօնական ուսումնական ծրագրով, ըստ որի՝  անգլերէն լեզուով դասաւանդւում է լեզու, գիտութիւն, թուաբանութիւն եւ այլ առարկաներ: 9-12րդ դասարաններում առաջարկւում են նաեւ յատուկ դասընթացքներ (Advanced Placement Classes) մի շարք առարկաներից: Այսպիսով, մեր աշակերտներին հնարաւորութիւն է տրւում իրենց GPA-ի վրայ մէկ նիշ աւելացնել եւ համաերկրային քննութիւնը յաջողութեամբ յանձնելու դէպքում, միանգամից ընդունուել համալսարան: Ըստ վիճակագրութեան, մեր վարժարանի սաների մեծամասնութիւնն ուսումը շարունակում է երկրի լաւագոյն բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում: Անցեալ տարի, մեր շրջանաւարտներից ութը ընդունուել է Լոս Անջելեսի Քալիֆորնիայի համալսարան («Եու.Սի.Էլ.Էյ.»), ինչը, ըստ իս, մեծ նուաճում է մեր վարժարանի համար: Ես դասաւանդում եմ նաեւ «Եու.Սի.Էլ-Էյ.»ում, եւ չափազանց հպարտ էի, որ 100 հազար դիմորդներից, 16 հազար ընդունուածների շարքում, ութը մեր դպրոցի շրջանաւարտներն էին: Սա խօսում է մեր ուսումնական ծրագրի բացառիկ բարձր մակարդակի եւ ուսուցչակազմի նուիրուած աշխատանքի մասին:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր պաշտօնավարման երկու տարիների ընթացքում հասցրել էք բազմաթիւ փոփոխութիւններ կատարել: Որոնք են վերջին նորամուծութիւնները:
ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Ամերիկեան հանրային եւ մասնաւոր դպրոցների հետ համաքայլ լինելու, եւ ինչու չէ, նաեւ առաջ անցնելու նպատակով, ամէն տարի մենք փոփոխութիւններ ենք կատարում՝ հետեւելով ոլորտի զարգացումներին: Ըստ այդմ, վերջերս առաւել ենք արդիականացրել դասաւանդման միջոցները՝ ներդնելով գիտարուեստական նորարարութիւններ: Ես, ի սկզբանէ, շատ եմ կարեւորել մայրենի լեզուի մակարդակը եւ ինձ համար առաջնային էր, որ հայոց լեզուն մատուցուի արդիական միջոցներով՝ այն առաւել գրաւիչ դարձնելով աշակերտների համար: Այդ նպատակով, սկսեցինք աշխատել հայերէնը էլեկտրոնային գրատախտակների՝ «սմարթբորդեր»ի (smart board) համար մշակելու եւ տեղայնացնելու ուղութեամբ: Մեր ուսուցիչներին ուղարկեցինք յատուկ մասնագիտացման դասընթացքների, որտեղ նրանք սովորեցին եւ ներկայում զարգացնում են հայերէնով ծրագրեր «սմարթբորդեր»ի համար: Այսպիսով, դպրոցում նաեւ կատարւում են հայերէնը նորագոյն տեխնոլոգիաներին յարմարեցնելու աշխատանքներ: Մեր ուսումնական ծրագրում հայոց լեզուն, գրականութիւնն ու հայոց պատմութիւնը առանձնայատուկ տեղ ունեն: Արդէն երկրորդ տարին է, որ արեւմտահայերէնի հետ մէկտեղ աւելացրել ենք նաեւ արեւելահայերէնով դասընթացքներ 1-2 եւ 9րդ դասարանների համար, հնարաւորութիւն տալով մեր աշակերտներին ազատ լինել իրենց խօսքում: Ուժեղացրել ենք արուեստի՝ նկարչութեան, լուսանկարչութեան, թուայնացուած մեդիայի, դերասանութեան, քանդակագործութեան, երաժշտութեան բաժինները: Նպատակն է՝ զարգացնել մեր աշակերտների ստեղծագործական միտքը, նրանց հնարաւորութիւն տալ ազատ արտայայտուելու, փնտրելու եւ գտնելու այն, ինչ իրենցն է: Աւագ դպրոցի համար ստեղծել են նոր դասընթացներ, որոնք երեխաներին միշտ չէ, որ տրւում են դպրոցում, օրինակ՝ ֆինանսների տնօրինման, կեանքի ծրագրաւորման, համալսարանի նախապատրաստութեան, աշխատանքի պատրաստուելու եւ դիմելու ու տարբեր կենցաղային հարցեր լուծելու համար օգտակար խորհուրդների: 11րդ դասարանում աշակերտներին հնարաւորութիւն է տրւում տարբեր ոլորտներում գործնական հետազօտութիւններ, գիտական փորձարկումներ կատարել: Մեր վարժարանում կոփում ենք նաեւ մարզական ոգին, որ ձեւաւորում է կամք, տարբերուող մտածելակերպ ու հոգեբանութիւն: Մեր աշակերտները յաջողութիւն են արձանագրում տարբեր մարզաձեւերի մրցոյթներում, այդ թւում՝ կողովագնդակի, վոլեյբոլի, ֆուտբոլի, վազքի, մասնակցելով ՀՄԸՄի Քահամ խաղերին՝ տարրական դպրոցում եւ Քալիֆորնիայի միջդպրոցական դաշնութեան ծրագրերին՝ աւագ դպրոցում CIF (California Interscholastic Federation):

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպիսի՞ յարաբերութիւններ ունէք նահանգի այլ դպրոցների եւ կազմակերպութիւնների հետ:

ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Մենք ակտիւօրէն մասնակցում ենք նահանգում եւ Լոս Անջելեսի գաւառի շրջանում անցկացուող կրթական տարբեր մրցութիւններին: Օրինակ, գաւառի 90 դպրոցների շարքում անցկացուած փորձառական դատավարութեան մրցոյթում մեր աշակերտները մեծ վարպետութեամբ հանդէս եկան որպէս դատական մարմինների ներկայացուցիչներ եւ շահեցին գլխաւոր մրցանակներ: Մեր վարժարանի սաները նաեւ բարձր նուաճումներ են ունեցել այլ ոլորտներում, այդ թւում՝ գիտութեան: Նման ծրագրերին մասնակցութիւնը զարգացնում է աշակերտների վերլուծելու, իրենց մտքերն արտայայտելու եւ ներկայանալու ունակութիւնները: Համայնքային  ծառայութեան համար նախատեսուած 120 ժամը մեր աշակերտներն անցկացնում են հայկական եւ ոչ հայկական կազմակերպութիւններում, որտեղ ակտիւօրէն ներգրաւուելով նրանք ծանօթանում են աշխատելաոճին եւ նաեւ՝ կողմնորոշւում ապագայ մասնագիտութեան ընտրութեան հարցում: Հայ Դատի գրասենեակում, օրինակ, մեր սաները ծանօթանում են հայկական հարցերին, մասնակցում են տարաբնոյթ աշխատանքների: Ընտրութիւնների ժամանակ, մեր դպրոցի շուրջ 140 աշակերտ ակտիւօրէն օգնեց «Հայ Վոթս» նախաձեռնութեանը: Միաժամանակ, այցերը հայկական այլ կազմակերպութիւններ նպաստում են, որ մեր աշակերտները սկսեն մտածել, թէ իրենք ինչպէս կարող են օգտակար լինել դրանց: Համայնքի ծառայութեան ժամերից յատկացնում ենք նաեւ դպրոցին: Այսպիսով, մեր աշակերտները առաւել են կապւում իրենց դպրոցին, պատասխանատուութեան զգացումով են համակւում առ վարժարան, դէպի իրենց ընկերներն ու մանկավարժները:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Վարժարանն այսօր ի՞նչ մարտահրաւէրների առաջ է կանգնած:
ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Կարեւոր է, որ մեր համայնքը գիտակցի, որ սա Ազգային վարժարան է, այսինքն բոլորինս է եւ ոչ միայն այն 600 աշակերտինը, ովքեր սովորում են մեզ մօտ: Այս երեխաները մեր ապագան են որոշելու, եւ ըստ այդմ, մենք միասին պէտք է ներգրաւուած լինենք, որ այդ ապագան լինի հնարաւորինս պայծառ ու խոստումնալից: Մենք դիմում ենք կառավարութեան՝ տարբեր դրամաշնորհների համար, աշակերտների հետ միասին մասնակցում ենք տարբեր ձեռնարկների, որտեղից կարող ենք ֆինանսական աջակցութիւն ստանալ դպրոցի համար, բայց կարիք ունենք համայնքի հովանաւորութեան: Վարժարանում կրթական նշաձողը շատ բարձր ենք սահմանում, սակայն այն պահելու համար պէտք է, որ  համայնքն էլ  նեցուկ լինի հայկական վարժարաններին: Նշեմ, որ մեր երեխաների տարեկան վարձը շուրջ 6500 դոլար է, մինչ նահանգի կողմից իւրաքանչիւր աշակերտի յատկացւում է 11 հազար, իսկ մասնաւոր դպրոցներում գանձւում է մինչեւ 30 հազար դոլար: Այս պատկերը տեսնելով, կարելի է վստահօրէն ասել, որ միայն մեր անձնակազմի նուիրուած աշխատանքի շնորհիւ է, որ մենք ապահովում ենք որակ եւ յաջողութիւններ: Մեր գերնպատակն է, որ ամէն հայ երեխայ հնարաւորութիւն ունենայ սովորելու հայկական դպրոցում, որովհետեւ աւարտելուց յետոյ նրանք դժուար թէ լեզու սովորէն կամ հայ ընկերներ գտնեն: Այս խնդիրը լուծելու համար մենք նաեւ ընդառաջում ենք կարիքաւոր ընտանիքներին՝ առաջարկելով զեղջեր եւ այլ հնարաւոր լուծումներ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ազգայինի զգացողութիւնն ամբողջական դարձնելու համար չափազանց կարեւոր է կապը հայրենիքի հետ: Ինչպէ՞ս են աշակերտներն առնչւում Հայաստանի հետ:
ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Ամէն տարի, մեր 11րդ դասարանի աշակերտներից մի խումբ երկու շաբաթով տանում ենք Հայաստան ու Արցախ: Ճամփորդութիւնը ներառում է այց մեր երկրի տարբեր շրջաններ, պատմամշակութային վայրեր, որոնց մասին մեր աշակերտները կարդացել ու լսել են ուսման տարիներին: Ստեղծում ենք միջավայր, որ երեխաները շատ մօտիկից տեսնեն ու զգան հայրենիքը, ծանօթանան մարդկանց ու տեղի սովորութիւններին: Նրանց նախապէս նաեւ յանձնարարւում է մտածել, թէ ինչպէս կարող են իրենց ներդրումն ունենալ հայրենիքի զարգացման գործում, մտածել ծրագրեր: Արդէն վերադառնալով, մեր սաները սկսում են մշակել տարբեր նախագծեր, որոնց միջոցով կարող են օգնել համայնքին ու հայրենիքին: Այս նախագծերը թեզի նման են, որ երկու նպատակ են հետապնդում՝ աշակերտները սովորում են թեզ գրել, եւ յատուկ ստեղծուած յանձնաժողովի մօտ փորձում են իրենց նախագիծն անցկացնել: Հաստատուելու դէպքում էլ օգնում ենք, որ դրանք իրականացուեն, եւ սկսւում է գործնական փուլը: Հայրենիքի իրենց հասակակիցների հետ իրականացուած նախագծի լաւագոյն օրինակներից է մեր 12րդ դասարանի աշակերտների եւ Հայաստանում գործող ԹՈՒՄՕ ուսումնական կենտրոնի պատանիների համատեղ՝ Հայաստանի հիւանդանոցներին բժշկական սարքաւորումների մատուցման նախագիծը բարձրագոյն տեխնոլոգիաների միջոցով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանի յաջողութիւնները նաեւ ջերմութեան եւ սիրոյ արդիւնք են: Ովքե՞ր են ձեր մանկավարժները:
ԱԼԻՆԱ ԴՈՐԵԱՆ.- Ես միշտ կրկնում եմ, որ մեր յաջողութիւնները մեծապէս պայմանաւորուած են մեր նուիրուած մանկավարժների անխոնջ աշխատանքով: Վարժարանում դասաւանդում են բարձրագոյն կրթութեամբ արհեստավարժ ուսուցիչ-դաստիարակներ: Նրանք ամէն տարի նաեւ վերապատրաստման դասընթացքների են յաճախում: Այս ամէնը մատուցւում է իւրայատուկ սիրով: Մենք մեր աշակերտներին վերաբերւում ենք որպէս հարազատների, եւ փորձում ենք մեր վարժարանում ստեղծել ընտանեկան ջերմութիւն, ձեւաւորում ենք միմեանց, ազգի ու հայրենիքի նկատմամբ պատասխանատուութեան եւ սիրոյ զգացում: Իւրաքանչիւր ուսումնական տարի սկսւում է կարգախօսով, որով առաջնորդւում ենք եւ առանցքում մշտապէս գլխաւոր հարցն է, թէ ամէն աշակերտ ինչ ներդրում է ունենալու շրջապատի կեանքում: Արդիւնքում, վարժարանը  շատ յաջողուած շրջանաւարտներ է ունեցել, ովքեր կայացել են որպէս լաւագոյն մասնագէտներ, յարգուած անհատներ ու ազգայինի ու ազգի նուիրեալներ:
Հայ անհատի կայացման գործում Ազգային վարժարանի անգնահատելի դերն անհերքելի է: Ալինա Դորեանի կեանքի պատմութիւնն ինքնին վառ վկայութիւնն է նրա խօսքերի: Ռոզ Եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի տնօրէնն իր կրթութիւնը ստացել է հէնց այս դպրոցում եւ աւարտել է մէկ այլ հայկական՝ Ֆերահեան վարժարան, պսակաւոր արուեստից վկայական ստանալով ԻւՍիԷլԷյ համալսարանում, իսկ հանրային առողջապահութեան ոլորտում դոկտորի տիտղոս ստացել է «Ճոնզ Հոփքինզ» համալսարանից:
1994թ.ին Ալինա Դորեանը չի վարանում թողնել աշխատանքը Միացեալ Նահանգներում եւ մասնագիտական վերելքի շրջանում տեղափոխւում է Արցախ՝ առաջնային համարելով մասնակցութիւնը Արցախի զարգացման գործին. «Ես գիտէի, որ անհրաժեշտ եմ ազգիս ոչ թէ հեռուից, այլ հէնց այնտեղ, եւ գնացի Արցախ՝ ապրելու եւ աշխատելու»: Ալինա Դորեանը ներգրաւուում է մասնաւորապէս Արցախի առողջապահական համակարգի ստեղծման գործում եւ ամերիկահայ ընկերներին էլ մասնակից դարձնելով՝ նպաստում է ոլորտի կայացմանը: Հայրենիքի ու ազգի կեանքում դեր ունենալու առաքելութիւնը նրա մէջ ներարկուել էր նաեւ դպրոցում, խոստովանում է Դորեանը: «Ցանկանում եմ, որ հայ համայնքը գիտակցի, թէ ինչ հրաշք է հայկական վարժարանը, որ շատ մեծ դժուարութեամբ ենք պահում՝ յաղթահարելով բազմաթիւ խնդիրներ», նշում է տնօրէնուհին, ով շարունակում է իր ազգանուէր գործունէութիւնը որպէս Ռոզ եւ Ալէք Փիլիպոս Ազգային վարժարանի տնօրէնուհի՝ իր օրինակով առաջնորդելով հայի նոր սերունդներին:
Վարժարանն այսօր որակի եւ յաջողութեան բացառիկ օրինակ է, հայոց նոր պատմութեան կերտողների՝ դարբնոց:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles