Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

Մերը Դարձնենք 21րդ Դարը

$
0
0

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

20րդ դարասկզբի եւ նոյն դարի վերջի Հայաստանի անկախացման գործընթացներն ունեն մի շարք զուգահեռներ: Երկու պարագայում էլ անկախ պետականութեան վերականգնման հիմնական նախապայմաններից մէկը ռուսական կայսրութեան քայքայումն էր եւ վերջինիս ժամանակաւոր հեռացումը Անդրկովկասից: Երկու դէպքում էլ պետականութեան կերտումը տեղի ունեցաւ պատերազմական պայմաններում: Ինչպէս դարասկզբին, նոյնպէս եւ դարավերջին, ազատութեան ձգտող հայութեան դէմ Ռուսաստանը հրահրեց Կովկասի թաթարների, ազերիների բիրտ ուժը:
Անշուշտ չի կարելի դարասկզբի օրհասական վիճակը համեմատել Ղարաբաղեան պայքարի օրերին ստեղծուած իրավիճակի հետ, ինչպէս որ զուգահեռներ չեն կարող լինել Ցեղասպանութիւնից արիւնաքամ եղած եւ թուրք-ադրբեջանական կեղեքմանը յանձնուած Հայաստանի եւ խորհրդային տնտեսական ներուժը ժառանգած երկրի ու պատերազմների քաղաքականութիւնը մերժող նոր իրականութեան հետ:
Միաժամանակ, մերժելի է այն տեսակէտը, թէ Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակի կառավարման դժուարութիւնները մեծապէս պայմանաւորուած էին Արցախում ընթացող պատերազմով: Պետական տնտեսութեան կազմալուծման եւ մասնաւոր սեփականութեան ձեւաւորման շրջանում տեղի ունեցած մեծամասշտաբ թալանի պատճառը չեն եղել  Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձութիւնները:
Այստեղ յիշենք, որ անկախացման շրջանում Հայաստանը ներքաղաքական անիշխանութեան իրավիճակում չի յայտնուել: Եղել են անշուշտ անօրինականութեան դրսեւորումներ, սակայն իշխանութիւնները միշտ էլ վերահսկել եւ ուղղորդել են գործընթացները եւ երկրի ընդհանուր կեանքը:
Մէկ հասարակարգից միւսին անցման  պահին, ինչպէս ցանկացած երկրի դէպքում, Հայաստանը եւս կանգնեց զարգացման ուղի ընտրելու պատմական մարտահրաւէրի առջեւ:
Հրապարակներից իշխանութեան աթոռների փոխադրուած նոր իշխանութիւնը ինքն իրեն յաղթահարելու քաջութիւնն ունենալու դէպքում պէտք է ամրապնդէր ազգային շարժման ժողովրդավարական նուաճումները, իր ձեռքերում գտնուող իշխանութիւնը բաժանէր որքան կարելի է շատ դերակատարների միջեւ՝ իշխանական թեւեր, իրաւական համակարգ, քաղաքական ուժեր՝ ընդդիմութիւն, հասարակական կառոյցներ եւ այլն:
Դժբախտաբար նա գնաց հեշտ ու գայթակղիչ ճանապարհով՝ յարմարեցրեց իրեն նախկին համակարգի վերաձեւած պետաիրաւական զգեստը եւ երկրում հաստատեց մէկ ուժի վրայ յենուած աւտորիտար (հեղինակապետական) ռեժիմ:
Նորաթուխ կառավարիչները յանգել էին այն տարօրինակ բանաձեւմանը, թէ որքա՛ն արագ երկրում յայտնուեն մեծահարուստներ, այնքա՛ն արագ նրանք կը զարգացնեն երկիրը եւ կ՛ընդլայնեն բարեկեցութեան հնարաւորութիւնները հասարակութեան այլ հատուածների համար:
Գռեհիկ պատկերացմամբ ազատական մտածողութիւնը, որ որդեգրուել էր որպէս տնտեսական գաղափարախօսութիւն, պատճառ դարձաւ, որ պետութիւնը, որպէս սեփականատէր ունեզրկուի ու կորցնի տնտեսվարողի դերակատարութիւնը, իսկ նրան  պատկանող ողջ սեփականութիւնը օտարուի եւ անօրինականօրէն բաշխուի իշխողների ու նրանց համախոհների նեղ խմբի մէջ:
Ինչո՞ւ անհրաժեշտ եղաւ Հայաստանի անկախութեան հերթական տարեդարձի առթիւ գրուող խօսքը տանել հասցնել պետականակերտման սկզբնական շրջանի իրադարձութիւններին: Բանն այն է, որ հէնց այն ժամանակ դրուած հիմքերն են առ այսօր կազմում մեր երկրի հիմնասիւները եւ դրանցով են պայմանաւորում առկայ իրավիճակը:
Ստեղծելով կառավարման արատաւոր, միաժամանակ շահութաբեր համակարգ՝  իշխանութիւնները, ինչ որ իմաստով, պարտադրուած են եղել ամէն գնով սեփական ձեռքերում պահելու այդ իշխանութիւնը: Ժամանակի հետ աւելի է խորացել նահանջը ժողովրդավարութիւնից, իշխանութիւնը դարձել է առաւել կենտրոնացուած եւ անվերահսկելի, ընտրութեան երեւոյթը սկսել է կորցնել իմաստը:
Յատկապէս տնտեսութեան մէջ պետութեան դերի վերականգնման՝ կողքից հնչող յորդորներն ու պահանջները մնացել են չլսուած:
Բարձրաստիճան տարբեր պաշտօնեաներ, տարբեր առիթներով իրար կրկնելով ասում  են նոյն միտքը. «Մեր պետութիւնը բիզնեսով չի զբաղւում»: Նրանց պատկերացրած պետութիւնը պէտք է պայմաններ ստեղծի բիզնեսի զարգացման համար, մնացածը թողնելով ձեռներէցներին ու փողատէրերին: Եթէ այս մտածողութեան արդիւնքում երկիրը ընդհանուր զարգացում ապրած լինէր եւ բարեկեցութիւն ապահովուէր լայն հասարակութեան համար,  ապա թերեւս այսօր դժուար կը լինէր վիճարկել իշխանութիւնների մօտեցումը: Երկրի առկայ վիճակը, երբ մի խումբ մենաշնորհեալ մեծահարուստների դիմաց աղքատութեան եւ ծայրայեղ աղքատութեան հակառակ բեւեռում է յայտնուել ժողովրդի բացարձակ մեծամասնութիւնը եւ երկիրը տնտեսական տեսանելի առաջընթաց չի ապրում, ամենաակնյայտ ապացոյցն են երկու տասնամեակից աւելի գոյատեւող քաղաքականութեան կատարեալ ձախողման:
Մեր իսկ օրինակով կեանքն ապացուցեց, որ ցանկացած մեծահարուստի մտահոգութիւնը առաւել նուազ ծախսով առաւել մեծ շահոյթներ ապահովելն է:

Զարմանալի է, որ երբ երկրի հիմնական հիմնահարցը գործազրկութիւնն է ու  հասարակութեան անդամների խիստ ցածր եկամուտները, իշխանութիւնը ոչ մի կերպ չի ցանկանում ստանձնել աշխատատեղերի ստեղծման, նոր արտադրութիւնների հիմնման ու դրանց զարգացման գործը: Այնինչ, հէնց այս հանգամանքով է պայմանաւորուած մեր պետութեան գլխաւոր հիմնահարցը՝ արտագաղթը:
Վերջին համապետական ընտրութիւններից յետոյ կառավարութիւնը հռչակեց իր նոր ծրագիրը, ըստ որի պարտաւորւում էր գալիք հինգ տարիների ընթացքում ստեղծել 100,000 նոր աշխատատեղեր:
Երբ ուսումնասիրում ես տուեալ փաստաթուղթը, տեսնում ես, որ մօտեցումը նոյնն է՝ ապահովել պայմաններ ու հնարաւորութիւններ, որպէսզի մասնաւորը ստեղծի այդ հարիւր հազար աշխատատեղը, իսկ ինքն, ինչպէս միշտ, Պիղատոսի պէս ձեռքերը լուանալով կողք է քաշւում, հաւանաբար մտքում կրկնելով. «Մեր պետութիւնը բիզնեսով չի զբաղւում»:
Եւ ահա մօտենում ենք նշուած հինգ տարիներից առաջինի եզրափակմանը: Ըստ ստանձնած պարտաւորութեան մեր երկրում պէտք է ստեղծուած լինէր քսան հազար կամ գուցէ որոշ չափով պակաս աշխատատեղ (ենթադրենք, որ տնտեսական մեքենան տարիների ընթացքում պէտք է թափ հաւաքի): Կարո՞ղ է արդեօք կառավարութիւնը մատնացոյց անել, տարուայ ընթացքում բացուած, թէկուզ հինգ հարիւր, նոր աշխատատեղ:
Անկախ պետականութեան հաստատումից աւելի քան երկու տասնամեակ անց Հայաստանը հասել է մի հանգրուանի, երբ այսպէս շարունակել չի կարելի եւ հնարաւոր չէ:
Չի՛ կարելի, որովհետեւ տարածաշրջանային լուրջ մարտահրաւէրներ ունեցող երկիրը պարտաւոր է աւելի ու աւելի ետ մնալու փոխարէն լուրջ մրցակից դառնալ եւ նոյնիսկ առաջ անցնել իր հարեւաններից: Պարտաւոր է աշխարհին ներկայանալ որպէս կայացած ժողովրդավարութեամբ ու հզօր պետական կառոյցով, ցանկալի քաղաքական ու տնտեսական գործընկեր:
Չի՛ կարելի, որովհետեւ  ժամանակի հետ պետութիւնը կորցնում է իր լինելութեան գլխաւոր գործօնը՝ մարդկային ներուժը:
Ո՛չ անվտանգութեան, ո՛չ տնտեսական, ո՛չ կրթական, ո՛չ գիտական եւ ոչ որեւէ այլ խնդիր հնարաւոր չէ լուծել, եթէ խիստ նուազում է նոյն մարդկային ներուժը:
Եւ հնարաւոր չէ, քանի որ փոխուել են ժամանակները: Մենք գնալով բաց ենք դառնում աշխարհի համար տեղեկատուական, հաղորդակցական, տնտեսական եւ այլ առումներով:
Քրէական գործելաոճով, օլիգարխիկ տնտեսվարութեամբ, չսիրուած բայց եւ ընտրութիւններում երբեւէ չպարտուող իշխանութեամբ մենք չենք կարող ընդունելի լինել եւ քաղաքական ու տնտեսական այլ վարքականոնների պարագայում՝ մնալ մեր հին սայլի վրայ:
Հնարաւոր չէ, որովհետեւ այս վարք ու բարքը անընդունելի է բնակչութեան բացարձակ մեծամասնութեան ու մանաւանդ նոր արժեհամակարգերի պայմաններում ձեւաւորուած սերնդի համար:
Զարմանքով ու տխրութեամբ հարկադրուած ենք արձանագրել, որ հայ մարդը ամենավատ ապրում է իր հայրենիքում:
Իր մտաւոր ու գործնական կարողութիւնների շնորհիւ հայ մարդը ցանկացած վայրում կարողանում է գտնել իր տեղը, բացի հայրենիքից:
Այսքանն ասելուց յետոյ թերեւս կարելի է ընկնել յոռետեսութեան գիրկը եւ արձանագրել, որ փակուղուց ելք չկայ:
Իրականում, հակառակն է՝ անկախ Հայաստանը ունի լուրջ ներուժ առաջընթացի եւ իր ազգային երազանքները քայլ-քայլ իրականացնելու համար:
Չէ՞ որ առաւել դժուարին պայմաններում հնարաւոր է եղել լուծել շատ աւելի բարդ խնդիրներ:
Երբեք չմոռանանք, որ 100-150,000  բնակչութեամբ փոքր Արցախը դուրս եկաւ 7 միլիոնանոց Ադրբեջանի դէմ եւ հայութեան աջակցութիւնն ունենալով կարողացաւ յաղթել:
Չմոռանանք, որ չնայած թերութիւններին, ունենք Անդրկովկասում ամենամարտունակը համարուող բանակ: Ի դէպ,  չպէտք է կասկածել, որ հէնց ամենաուժեղը լինելու հանգամանքն է, որ մօտ քսան տարի խաղաղութիւն է պարտադրում:
Հայաստանը, ի տարբերութիւն  գրեթէ բոլոր հարեւանների, ապահովագրուած է հնարաւոր ներքին քայքայիչ երկպառակութիւններից, քանի որ միատարր երկիր է: Սրան գումարենք, որ ամենավատ իշխանութեան կամ ընդդիմութեան դէպքում էլ, եթէ խօսքը արտաքին ներխուժման  մասին չէ, հայ ժողովուրդը երբեք չի հանդուրժի ներքին քաղաքացիական բռնի հակամարտութիւնները:
Եթէ տարածաշրջանային հարեւաններից Վրաստանը ապրում է օտարերկրեայ մեծ օգնութիւնների հաշուին, իսկ Ադրբեջանը՝ քամելով իր նաւթային պաշարները, ապա շրջափակուած Հայաստանը սեփական տնտեսութիւն է ստեղծել, որը չնայած փոքր ծաւալներին՝ ցանկացած շուկայում կարող է մրցունակ լինել (յիշենք առաջատար տեխնոլոգիաների ոլորտը, կոնեակագործութիւնը, գիւղատնտեսական արտադրանքը, ադամանդագործութիւնը եւ այլն):
Հայաստանն ունի երկրի տնտեսական անվտանգութեան եւ զարգացման համար անհրաժեշտ այնպիսի զարգացած ու զարգացող ոլորտ, որպիսին էներգետիկան է: Էներգիայի մեր պաշարներն ու առկայ ներուժը կարող են ապահովել ոչ միայն բարձր զարգացած տնտեսութեան կարիքները, այլեւ՝ արտահանուել:
Գիտնականների վերջերս հրապարակուած ուսումնասիրութիւնների համաձայն, մեր երկրի ընդերքի հարստութիւնը գնահատւում է 4 տրիլիոն 138 միլիարդ 564.4 միլիոն դոլարի չափով: Համեմատութեան համար նշւում է, թէ այդքան է կազմում Քաթարի ու Եգիպտոսի  նաւթային պաշարների արժէքը՝ միասին վերցուած:
Հայաստանի տնտեսութեան համար մեծ հեռանկար է խոստանում հաւասարակշռուած փոխգործակցութիւնը տարբեր երկրների ու դաշինքների հետ:
Հայաստանը քաղաքական կայունութեան հեռանկարով ամենայուսալին է դիտւում տարածաշրջանում (պատահական չէ, որ այստեղ է կառուցուել ԱՄՆի ամենամեծ դեսպանատներից մէկը):
Փոխլրացման քաղաքականութեան յաջող շարունակման դէպքում Հայաստանի կշիռն է՛լ աւելի կը մեծանայ թէ արեւելքի ու արեւմուտքի եւ թէ հիւսիսի ու հարաւի համար:
Հայաստանը թէ՛ քաղաքական եւ թէ տնտեսական առումներով կարող է մեծ արդիւնքների հասնել՝ գործելով Սփիւռքի հետ ձեռք-ձեռքի տուած (դրա օրինակները կան, թէեւ ներուժն աւելի մեծ է):
Ի վերջոյ, Հայաստանի եւ հայութեան յաջողութիւնների գլխաւոր գործօնը հայ մարդն է:
Այն նոյն հայ մարդը, ով ներկայումս հազար ու մի հոգսի տակ կքած է, արտագաղթում է, չի կարողանում կարողութիւնները լիարժէքօրէն ի սպաս դնել իր երկրի եւ ժողովրդի առաջընթացի ու բարգաւաճման գործին:
Եւ ակնյայտ է, որ բոլոր հնարաւորութիւններն ու ակնկալիքները անկատար կը մնան, եթէ չբարեփոխուի անկախութեան երրորդ տասնամեակն ապրող Հայաստանի ներքաղաքական կացութիւնը ու դրանով պայմանաւորուած՝ մնացած ոլորտները:
Անկախութեան հերթական տարեդարձը անհրաժեշտ է նշել այս վճռական մտասեւեռմամբ:
Այո՛, քսանմէկերորդ դարը կարող է մերը լինել, եթէ մենք այդ մասին չերազենք տանը նստած:


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles