Quantcast
Channel: Asbarez - Armenian »Մշակոյթ
Viewing all articles
Browse latest Browse all 1707

2013 Թուականը՝ Յայտնութիւնների Տարի

$
0
0

ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ

Երեխաներին բռնի կերակրելը համատարած երեւոյթ է: Ծնողները, պատառը ձեռքներին երեխայի հետեւից ընկած, կիլոմետրներ սենեակների այս անկիւնից միւսը վազում, երեխային բռնում, ձեռքի պատառը մի կերպ խոթում են նրա բերանը, ծնօտը իրենց ձեռքով վեր ու վար անելով ստիպում են ծամել, չյաջողելու դէպքում, յուզւում, անգամ լաց են լինում, իբր երեխան «սովամահ» կը լինի, ձեռքից կը գնայ… վերջում հոգոց հանելով, ուժասպառ նստում, «ցաւ ուտես» անէծքից յետոյ, երեխայի բաժին պատառը «ստիպուած» հէնց իրենց բերանն են խոթում:
Մինչեւ յիսուն տարեկանս, աւելի ճիշդ, մինչեւ սրտի տագնապ ունենալս, այսինքն՝ յիսուներեք տարիս, ամէն ինչ լաւ էր, ինչեր ասես որ փորձելու համար, համտես անելու համար չէին առաջարկում: Ես դժուար եմ անծանօթ ուտելիք համտեսում, ստիպում էին, համոզում, որ իսկապէս համեղ է, վրան էլ ինչ որ ալկոհոլային խմիչք առաջարկելով՝ թախանձում, աղերսում, պաղատում էին… Ու գիտէ՞ք ինչ, երբեմն յաջողում էին, այդ «համեղը» կուլ էի տալիս ու վրայից էլ դատարկում ձեռքս տուած ոգելիցը:
Ամէն ինչ փոխուեց, տակնուվրայ եղաւ այն օրուանից, որ հիւանդանոցից մի իշաբեռ դեղորայքով վերադարձայ տուն: Աւելի ճիշդ, այն օրուանից, երբ սրտիս «ականը» պայթեց ու սրտիս մէկ երրորդը դարձաւ ոչ պիտանի, աւելորդ, չաշխատող, անկեալ, անպէտք, փտած միս՝ լեշ:
Իմ պարագային, սրտի տագնապն ու ծնողից ժառանգած շաքարախտը յաջորդող տողերիս հաւաստիութիւնը ապացուցելու համոզիչ փաստարկներ են, զաւեշտը կայանում է նրանում, որ յիսունն անց բոլոր տղամարդիկ սննդակարգի առումով, յատկապէս իրենց կանանց կողմից, այնպիսի դաժան խոշտանգումների են ենթարկւում, որ նրանք ստիպուած են լինում «համեղ» բաները ուտել գաղտագողի, թաքուն, գողունի, օջախում բացուած ընտանեկան սուրբ սեղանից հեռու…
Յիսունից յետոյ, ոչ միայն սննդակարգն է փոխւում այլ՝ սննդակերպը, այնպէս, որ այլեւս ոչ մի «համեղ» բան չի առաջարկւում: Բարեացակամ հարազատների ու մերձաւորների առաջարկած բոլոր տեսակի ուտեստները կամ «առողջարար» են՝ առողջութեան համար օգտակար, պիտանի են, կամ «վնասակար»՝ վատ, թոյն… «Համեղ» բառը դուրս է գալիս նրանց լեզուի բառապաշարից, «համեղ»ին փոխարինելու է գալիս «լաւը», «օգտակարը», «առողջարարը»:
Այս երեւոյթը այնքան էլ տխուր ու ողբերգական չէ: Վերջերս նկատել եմ, որ ճաշասեղանիցս պակասել են ոչ միայն ուտեստների տեսականին, այլ՝ ընկերներս, բարեկամներս ու, ինչու ոչ, մերձաւոր ազգականներս: Չէ, խօսքս նրանց մասին չէ, որ պատուով հողին ենք յանձնել ու ամիսը մի քանի թաղման, հոգեհացի, ինքնահողի, եօթի, քառասունքի տարելիցի ենք մասնակցել, այլ նրանց, որոնք ինչպէս «համեղ» ուտեստներ, հեռացել են մեր կեանքից ու փոխարինելու են եկել «առողջարարները», «պիտանիները»:
Մինչեւ յիսուն տարեկանս, համտեսել եմ այնքան ընկեր, ինչքան՝ ուտեստ: Համեղ, անհամ, մռու, կծու, դառը, աղի, անալի, թթուաշ, տտիպ, լեղի, անգամ ժաւելահամի… (ժաւել՝ ճերմկեցնող հեղուկ-Խմբ.): Այո՛, մարդիկ էլ են այդպիսին, պարզապէս երիտասարդ հասակում համարձակ, հերոսաբար, ամէն հնարաւոր առիթին «համտեսում» ես ու «ժպտում», «ամենադառն» պատառն իսկ կուլ ես տալիս ու անիմաստ, անտեղի գովում… Ես մռու, կծու, թթուած ու անգամ լեղի մարդկանց շատ եմ հանդիպել, իսկ անհամների՝ ինչքան կամենաք, սրա-նրա խաթեր կամ սիրոյն՝ «սնուեցինք» այդ «Fast food» մարդկանցով, մինչեւ վրայ հասաւ սրտի տագնապն ու սննդակարգի հետ միասին նաեւ նշանակեցին՝ ընկերակարգ, հարազատակարգ…
Այսօր, ճաշասեղանս զարդարում են միայն «առողջարար» ուտեստներ ու ընդեղէն, իսկ սեղանիս մասնակցում են միայն այն մարդիկ, որոնք իրենց էութեամբ չեն ձանձրացնում, աւելորդ չեն խօսում, ջղերդ չեն խարտոցում, արեանդ ճնշումն ու արեանդ շաքարը չեն բարձրացնում, զրոյցի ժամանակ չեն ստիպում րոպէն մէկ թեմա փոխել, ժամացոյցին նայել… մի խօսքով՝ չափած-ձեւած, հաւասարակշռուած մարդիկ են՝ այսինքն «առողջարար», «վիտամիններով» լեցուն մարդիկ են:
Ինչպէս միւս հայերը, մենք եւս, ըստ հայկական աւանդոյթի, Ամանորը դիմաւորում էինք ընտանիքով, անգամ տոհմով՝ տատիկ, պապիկով, հարս ու փեսայով, երեխաներով, թոռնիկներով ու ծոռերով: Համախմբւում էինք «տոհմապետի» մօտ, արհամարելով առատ ուտելիքների տակ կքած սեղանի ճռռոցը, պսպղուն տօնածառի շուրջ երգում, պարում, քէֆ էինք անում, ուրախանում, ստանում էինք նահապետի օրհնանքը մինչեւ հերթը հասնէր Ձմեռ Պապիկի նուէրներին…
Այսօր, երբ վաթսունհինգի սեմին եմ կանգնած, նոյնն է, ինչ որ մանկութեանս տարիները, թւում է, թէ ոչինչ չի փոխուել, անընդհատ ստիպում են որ ուտեմ, բայց թէ ի՞նչ… Հէնց ձեռքս գնում է սեղանին, բոլորը, լայն բացած աչքերով ու սարսափած հայեացքով սպասում են, թէ ինչի՞ պիտի դիպչի այդ «անիծեալ» ձեռքը: Այն տպաւորութիւնն է ստեղծւում, թէ ուր որ է, այն դիպչելու է սեղանին թակարդ դրուած ականին ու…
2013 թուականի Նոյեմբերին մերոնք, այսինքն երիտասարդները, Բիգ Բերում, Փալմ Սփրինգում, կամ էլ Էրօ Հեդում, որտեղ որ ձեան տեղալու հաւանականութիւնը աւելի շատ է, երբեմն էլ որեւէ պարահանդէսում, արդէն ապահովել էին իրենց տեղերն ու անցել էին Ամանորը դիմաւորելու նախապատրաստական աշխատանքներին:
Եկաւ Դեկտեմբերի երեսունմէկը: Ամանորը դիմաւորելու էինք տատիկ պապիկ դարձած վաթսունն անց հինգ զոյգ «առողջարար» ընկեր-ազգականներով ու թոռնիկներով: Լի ու առատ սեղանը մեզ էր սպասում: Պզտիկներին կերակրելուց ու անկողին մտցնելուց յետոյ իւրաքանչիւրը գրաւեց իր պատուաւոր տեղը, բայց ձեռքերը սեղանին երկարեցնելու փոխարէն տարան գրպանները, իսկ կանայք փնտռեցին պայուսակները: Բացուեցին շաբաթուայ օրերով զատուած դեղորայքի տուփիկներն ու սրուակները: Տպաւորութիւնը

այնպիսին էր, որ պատերազմի ահազանգ է եղել ու պատրաստւում ենք ոչ թէ դիմաւորելու Ամանորը, այլ՝ մի նոր արհաւիրք: Իւրաքանչիւրը հրացան լիցքաւորելու պէս, կուլ տուեց իր փամփուշտատիպ դեղը, կամ կլլեցին դեղորայքն ու սկսեցին հայեացքով փնտռել ու խուզարկել սեղանի վրայ դրուած ամենաառողջարար սնունդը: Հինգ տղամարդու տասը ձեռքերի յիսուն մատները միաժամանակ փռուեցին սեղանի վրայ, հէնց այն էր պիտի դիպչէին ուտեստներին, հինգ կանայք միատեղ այնպիսի ահասարսուռ ճիչ արձակեցին, որ բոլոր յիսուն մատները մնացին օդի մէջ կախուած, այնպէս, ինչպէս սառնաշաքարը քարանձաւներում:
«Մրօ ջան, գիտես չէ՞, քոլեստերոլդ ինչքան բարձր է, համբերիր, ես կ՛ասեմ ինչ վերցնես»:
Միւսը թէ. «Կարօ ջան, եթէ չես ուզում էսօր շտապ օգնութիւն կանչենք, թոյլ տուր ափսէդ ես լցնեմ, առանց էդ էլ արեանդ ճնշումը այսօր ահաւոր բարձր էր»:
Յաջորդը. «Համօ, սիրելիս, դա քեզ չի կարելի, ինքդ լաւ գիտես, խնդրում եմ, ես հիւանդ նայելու տրամադրութիւն չունեմ, ինչ որ կը տամ, այն էլ կ՛ուտես: Ոչ մի խմիչք, Նար Տարի ա, մի գաւաթ գինի եւ վեր»ջ:
Չորրորդը. «Սարօ, շաքարդ ստուգիր, նոր վեր կաց, վեր կաց ասում եմ»:
Հինգերորդը. «Օնօ, առանց դրան էլ, լեարդդ շարքից հանել ես, էլ մի շարունակիր, թէ ոչ՝ կը թողնեմ, կը գնամ, դու գիտես…»:
Եւ այսպէս շարունակուեց մինչեւ ժամը տասներկուսը: Դիմաւորեցինք Նոր Տարին: Ժամը տասներկուսն անց բջջայիները մէկը միւսի յետեւից սկսեցին զնգալ, Քալիֆորնիայի ձիւնածածկ լեռներից երիտասարդները իրենց յուզախառն, բարի մաղթանքներով ու հեռաւոր պաչիկներով մեզ ցանկացան նաեւ առողջ ու երկար կեանք:
Բարի գիշերի ժամանակ հիւրերից մէկը զարմացած հարցրեց. «Իսկ ինչո՞ւ չլուսանկարուեցինք»: Պատասխանը եղաւ. «Ջահել էինք լուսանկարւում էինք, որ հիմա ինչ որ բաներ վերյիշէինք, մեր երիտասարդ կեանքը գոնէ լուսանկարներով վերապրէինք, իսկ հիմա լուսանկարուենք, որ ե՞րբ նայենք, ի՞նչ յիշենք…»:
Յաջորդ օրը արթնացայ թէ ոչ, ինձ թուաց նախորդ գիշեր եղել եմ բժշկական երկարատեւ գիտաժողովի: Ամբողջ գիշեր, երազիս մէջ տօնական սեղանին դրուած բոլոր տեսակի ճաշերը դեղորայքի էին վերածուել ու միայն բժիշկների թոյլտուութեամբ ու խորհրդով էի կարող ոչ թէ ուտել, այլ միայն համտես անել: Նաեւ գլխի ընկայ, որ Ամանորի երեկոն, ոչ թէ տօնական խրախճանքի, այլ յայտնութիւնների երեկոյ էր: Առաջին յայտնութիւնը՝ «Մեր կանայք, ի սկզբանէ, եղել են մեր կեանքի սրբագրիչները», երկրորդ՝ «Մեր կանայք, իւրաքանչիւրը մի-մի արհեստավարժ դեղագործ բժիշկուհիներ են. նրանք ոչ միայն տիրապետում են ընդհանուր բժշկական գիտելիքներին, այլեւ փորձառութիւն ունեն բժշկական նեղ մասնագիտութիւնների մէ»ջ:
Ես չգիտեմ այս տարուայ Ամանորեան երեկոն ինչպիսի յայտնութեան տարի կը լինի, ինչպիսին էլ ուզում է թող լինի, միայն յայտնութիւնների ու բացայայտումների տարի լինի:

=====================================

Տոքթ. Մհեր եւ Նինա Պապեան
Փաստաբանուհի Կարինէ Պապեան
Տոքթ. Աւօ Պապեան
Բալիկ Պապեան-Նեկոսեան
եւ Լորի

Կը Մաղթենք, Որ Նոր Տարին Ըլլայ
Հայ Ժողովուրդի Նպատակներուն
Եւ Հայ Դատի Իրականացման Տարի Մը

————————————————————–

ՀՄԸՄի Արեւմտեան Միացեալ Նահանգներու Շրջանային Վարչութիւնը

Կը Շնորհաւորէ Համայն Հայութեան, Շրջանի եւ Աշխարհի տարածքին
Գործող Բոլոր ՀՄԸՄական Քոյր-Եղբայրներուն
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը

Մաղթելով բոլորին Յաջող ու Բարեբեր Տարի Մը

Հաւատարիմ Մնալով «Բարձրացի՛ր, Բարձրացո՛ւր» Կարգախօսին
ՀՄԸՄը Պիտի Շարունակէ Սրբազան իր Առաքելութիւնը,
Պատրաստելով Վաղուան Ազգանուէր Հայը

———————————————————-

Տէր եւ Տիկ. Զարեհ եւ Մելինէ Իսախանեան

Ամանորի Եւ Ս. Ծննդեան
Զոյգ Տօներուն Առիթներով՝
Կը Մաղթենք
Աշխարհին Խաղաղութիւն


Viewing all articles
Browse latest Browse all 1707

Trending Articles